Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՆԱ «ԹԹՎԵԼ» Է



Ցավոք, գրեթե բոլոր սիրահար զույգերը ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ ու վեճեր են ունենում, և դա օրինաչափ է։ Իսկ հոգեբաններն անգամ հաստատում են, որ եթե կինն ու տղամարդը վիճում են, նշանակում է նրանք միմյանց պետք են։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ զույգերի դեպքում վեճերի հիմնական «մեղավորները» տղաներն են։ Ուրեմն ի՞նչ անել, երբ նեղացնում ես սիրածդ աղջկան. առաջին հերթին պետք է ուժ գտնել և ներողություն խնդրել։

Եվ այսպես. նա նեղացել է, իսկ դուք նույնիսկ չեք կռահում, թե ինչու։ Նախ պետք է հասկանալ, թե հատկապես ինչից է նեղացել աղջիկը։ Եթե, օրինակ, նա նեղացել է ձեր կողմից համապատասխան ուշադրության չարժանանալու պատճառով, ուրեմն սպասեք համարժեք հակազդեցության։ Նա կարող է ընդունել նեղացածի կեցվածք, լինել կիտած հոնքերով, «թթված» դեմքով։ Այդ դեպքում ավելի լավ է մանրամասն հարցուփորձ անել` պարզելու, թե ինչու փոխվեց նրա տրամադրությունը և անպայման ականջալուր լինել նրա դժգոհություններին։ Պետք է միշտ հիշել, որ աղջկա համար առաջնայինը իր հանդեպ ուշադրությունն է։ Եթե դուք իրոք վատ եք վարվել, ավելի լավ է անմիջապես խոստովանեք և ուղղեք ձեր սխալը։ Իսկ հետագայի համար հետևություններ արեք. ավելի լավ է ուշադի՞ր լինել, թե՞ հետո խոստովանել անուշադրությունը։

♦♦♦

Իհարկե, ավելի վատ վիճակում կհայտնվեք այն դեպքում, երբ օրերով չեք զանգահարել աղջկան կամ նույնիսկ հաղորդագրություն չեք ուղարկել, նրան մոռացել եք։ Այս դեպքում պահանջվում է հիմնավոր բացատրություն։ Եթե ձեր սիրելին չի լռում և գոնե ինչ-որ բան պատասխանում է, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ։ Հարկավոր է գրագետ և հնարավորինս ճշգրիտ հիմնավորել այդ արարքը։ Անհրաժեշտ է, որ ձեր խոսքերը դատարկ չլինեն. կարող եք նվիրել նրա սիրելի ծաղիկները կամ կոնֆետի տուփ։ Այս ամենը հիմնականում օգնում է։

♦♦♦

Գործերն ավելի վատ են, եթե վիրավորել եք աղջկան։ Դուք ոտնահարել եք նրա ինքնասիրությունը։ Այս դեպքում սովորական «կներես»-ը խնդիրը չի լուծի, եթե անգամ կրկնեք շաբաթներով։ Այս դեպքում կոնֆետն ու ծաղիկը ևս չեն փրկի։ Ստիպված կլինեք ձեռնարկել ավելի լուրջ քայլեր։ Եթե նա ծանոթ է ձեր ընկերներին, կարող եք դիմել նաև նրանց օգնությանը։ Օրինակ՝ հաճախ բավական է լինում ընդամենը դիմել ընկերներին՝ խնդրելով ձեր սիրելիի հեռախոսին ուղարկել հետևյալ հաղորդագրությունը. «Ների՛ր նրան»։ Նման դեպքերում գրեթե ամեն աղջիկ ուղղակի հալվում է և պատրաստ է ներել անգամ լուրջ վիրավորանքը։

Եթե այս ձևերից ոչ մեկն արդյունք չի տալիս, փորձեք անել բոլորը միասին։ Զինվեք համբերությամբ, ինչը ձեզ պետք կգա։ Ձեր սիրելիին «գրոհեք» սիրո խոստովանություններով և նրա գեղեցկության ու մյուս արժանիքների մասին հիացական խոսքերով։ Հաճոյախոսեք հաճախ, եղեք ավելի ուշադիր, ավելի մեղմ։ Այդ դեպքում, միգուցե, սիրած էակից ներողություն խնդրելն ավելի հեշտ լինի։ Կարևոր է ամեն ինչ անել ճիշտ ժամանակին և համապատասխան միջավայրում։ Եվ ամենակարևորը՝ մի՛ նեղացրեք ձեր սիրելիներին։

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ենթասպա

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Բանակ և հասարակություն


23/05/2012