Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԼՈՒՐՋ» ԱՌԻԹ…



Պատերազմ սկսելու համար, պարզվում է, պարտադիր չէ լուրջ պատճառ ունենալ: Ընդհանրապես, պատերազմների պատճառներն ավելի խորն են. ստորեւ բերվածները մանր-մունր առիթներ են ընդամենը: Թաշկինակը չէր պատճառը, որ Օթելլոն խեղդեց Դեզդեմոնային. այն միայն առիթ էր: Օթելլոն, միեւնույն է, խեղդելու էր Դեզդեմոնային՝ թաշկինակ լիներ, թե մեկ այլ առիթ: Այնուամենայնիվ□ Ներկայացնում ենք պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ պատերազմների անհեթեթ պատճառները:

Բրիտանացիները իսպանացիների ու պորտուգալացիների հետ չէին կիսել հողը: Պատերազմելու համար կարծես թե սովորական պատճառ է: Սակայն… Չորսուկես տարի անգլիացիները պաշարված ամրոցից հետ էին մղում պորտուգալացիների գրոհները, իսկ վերջում պարզվեց, որ այն կղզին, որի համար մղվում էին այդ մարտերը, այնքան փոքր էր, որ կտեղավորվեր այդ ամրոցի տարածքում: Սխալվել էր կղզու մասին տեղեկություն հաղորդողը. նա ճիշտ չէր նշել քարտեզի մասշտաբը:

♦♦♦

Աֆրիկայում պատերազմ սկսելու համար չնչին առիթն էլ բավական է: 1834թ. մի գյուղական տանուտեր վիճել էր մյուսի հետ կովի պատճառով, որն իրականում խեղդվել էր ճահճում, սակայն գյուղի կախարդն ասել էր, որ այն գողացել է մյուս ցեղի ներկայացուցիչը: Մի խոսքով, սկսված պատերազմի ժամանակ երկու ցեղերն իրար ամբողջովին կոտորեցին:

♦♦♦

Իսկ այս պատերազմը տեղի է ունեցել համեմատաբար վերջերս: Այն ստացել է «ֆուտբոլային պատերազմ» անունը: Սալվադորի եւ Հոնդուրասի միջեւ լարված հարաբերություններ էին: Եվ ահա 1969թ. հուլիսին այդ երկրների ֆուտբոլային հավաքականների միջեւ կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը հուլիսի 14-21-ի պատերազմի պատճառ դարձավ: Մարտական գործողությունների, ինչպես նաեւ հետագայում Սալվադորում ապրող հոնդուրասցիներին հետապնդելու հետեւանքով զոհվեց ավելի քան երեք հազար մարդ:

♦♦♦

Նիդերլանդների թագավորության եւ Սիլլի կղզեխմբի (գտնվում է Անգլիայի հարավում, Իռլանդական ծովում) հակամարտությունը տեւել է 335 տարի՝ առանց մարդկային կորուստների: Անհեթեթ, անիրական, լճացած այս պատերազմը սկսվեց 1651թ., երբ Անգլիական երկրորդ քաղաքացիական պատերազմից հետո (որում հակամարտում էին խորհրդարանականներն ու միապետականները) մահապատժի ենթարկված թագավորի զորքի «փշուրները» նահանջեցին Սիլլի կղզի:

Հոլանդական նավատորմը, ծանր կորուստներ կրելով թագավորական նավատորմից, մոտեցավ Սիլլիի ափերին եւ ռեւանշ պահանջեց միապետականներից։ Վերջիններս հրաժարվեցին, ու 1651թ. մարտին պատերազմ հայտարարվեց։ 1651թ. հունիսին միապետականների նավատորմը հանձնվեց, եւ պատերազմը փաստացի ավարտվեց։ Սակայն հոլանդացիները Սիլլի կղզու հետ հաշտեցման համաձայնագիր չստորագրեցին։ Այնպես որ, նրանք «պատերազմում էին» մինչեւ 1985թ., երբ այդ փաստը ջրի երես դուրս եկավ։ Խաղաղություն հայտարարվեց միայն 1986թ. ապրիլի 17-ին։

♦♦♦

1859թ. ամերիկացիներն ու անգլիացիները վիճեցին Վանկուվերի մոտակայքում գտնվող Սան Խուան կղզիների համար: Այն ժամանակ դրանք ոչ մեկին չէին պատկանում: Հունիսի 15-ին վիճելի կղզիների բնակիչ, ամերիկացի Լայման Քաթլարը իր բանջարանոցում սպանեց մի խոշոր սեւ խոզ, որն ուտում էր իր կարտոֆիլը: Պարզվեց, որ խոզի տերը իռլանդացի Գրիֆինն է, որն իր հողը ստացել էր անգլիացիներից: Քաթլարի առաջարկած 10 դոլարը միջադեպը չհարթեց. խոզի տերը պահանջում էր 100 դոլար: Վեճի ընթացքում անգլիացիները փորձեցին ձերբակալել Քաթլարին: Դրան ամերիկացիները պատասխանեցին իրենց ոճով` օգնության կանչելով բանակը: Լուրը հասավ ԱՄՆ նախագահին, որը «չեզոք հողում» հանդիպեց նահանգապետի հետ, եւ գործը կոծկվեց, իսկ վիճելի հողատարածքներն այդպես էլ մնացին «անտեր»: Եվ միայն 12 տարի անց այդ կղզիներն իրար մեջ կիսեցին ԱՄՆ-ն ու հզորացող Կանադան:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Պատմության էջերից


23/05/2012