ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱ
Ծնվել է 1960թ.: Խաղացել է «Արգենտինիոս ունիորս», «Բոկա ունիորս», «Նյուելլզ Օլդ Բոյզ», իսպանական «Բարսելոնա», «Սևիլիա» և իտալական «Նապոլի» ակումբներում: 1977-94թթ. Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 խաղ:
Մարադոնայի հայրը հասարակ բանվոր էր: Նրանց ընտանիքն ապրում էր Բուենոս-Այրեսի շրջաններից մեկում, որտեղ ֆուտբոլով զբաղվող պատանիները շատ էին, սակայն Դիեգոն մանկուց գերազանցում էր բոլորին և՛ տեխնիկապես, և՛ ձախ ոտքով կատարած դիպուկ հարվածներով: Նրանք խաղում էին փողոցներում, բակերում, սակայն շուտով Մարադոնան հայտնվեց «Լոս Սեբոլինտաս» («Փոքրիկ չարաճճիներ») մանկական թիմում: Դիեգոյի գալուց հետո «Չարաճճիները» սկսեցին իրենց շրջանում բոլորին հաղթել, ինչն աննկատ չմնաց, և «Արգենտինիոս ունիորս» ակումբն իր հովանու տակ վերցրեց ամբողջ թիմը: Դիեգոն դեռ 16 տարեկան չկար, երբ «Արգենտինիոս ունիորսի» հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ: Նրա տաղանդն այնքան ակնառու էր, որ 1977թ. փետրվարին հրավիրվեց ազգային հավաքական: Սակայն հավաքականի մարզիչ Լուիս Մենոտտին 1978թ. աշխարհի առաջնության նախաշեմին Մարադոնայի անունը հանեց հավաքականի ցուցակից: Արգենտինայում անցկացվող այդ առաջնությունում Արգենտինան նվաճեց հաղթողի կոչումը: Այնուամենայնիվ, 1979թ. Ճապոնիայում Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Մարադոնան նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը` ճանաչվելով առաջնության լավագույն խաղացող: Նույն, ինչպես նաև հաջորդ` 1980 թվականին ճանաչվեց նաև Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:
21 տարեկան Դիեգոյին վաճառեցին «Բոկա ունիորսին», որտեղ հենց առաջին մրցաշրջանում Մարադոնան նվաճեց Արգենտինայի չեմպիոնի կոչումը:
Իսպանիայի` 1982թ. աշխարհի առաջնությունում Մարադոնայի աստեղային ժամը դեռ չէր հասել, այստեղ նա ավելի շատ հիշվում է Բրազիլիայի հավաքականի դեմ խաղից, երբ հեռացվեց դաշտից:
Նույն տարում նա տեղափոխվեց Եվրոպա: Սկզբում խաղաց «Բարսելոնայում», որտեղ չարդարացրեց կատալոնացիների սպասելիքները: Ավելին, նա փչացրեց հարաբերությունները լրագրողների և ակումբի ղեկավարների հետ: Այնուամենայնիվ, 1982-83թթ. մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նվաճեց Իսպանիայի գավաթը:
1984թ. Դիեգոն տեղափոխվեց «Նապոլի», որտեղ նրան մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Մարադոնան խաղադաշտ դուրս եկավ 10 համարի մարզաշապիկով, իսկ 60 հազար հանդիսականները նրա պատվին երգեցին ակումբի օրհներգը: 1986-87թթ. «Նապոլին» իր պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն հռչակվեց` նվաճելով նաև Իտալիայի գավաթը:
Մինչ այդ` 1986թ. Մեքսիկայի աշխարհի առաջնությունում, Մարադոնան համեմատվեց Պելեի հետ: Նրա փայլուն խաղը նման էր առասպելի: Սակայն քառորդ եզրափակիչում` Անգլիայի հավաքականի հետ խաղում, նա խայտառակեց իրեն: Անգլիացիների տուգանային հրապարակում փորձեց բարձր ցատկով հասնել գնդակին, բայց չհասնելով` հրեց դարպասապահ Փիթեր Շիլթոնին և ձեռքի հարվածով գրավեց դարպասը: Զարմանալի էր, որ մրցավարը դարպասի գրավում արձանագրեց: Սակայն այդ խաղում Մարադոնան մեկ ուրիշ գոլ էլ խփեց` շրջանցելով վեց խաղացողների և դարպասապահին: Այդ գոլը ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկն է համարվում: Կիսաեզրափակիչում հաղթելով Բելգիայի (2:0), իսկ եզրափակիչում` Գերմանիայի (3:2) հավաքականներին` Արգենտինայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Նեապոլում Մարադոնային դիմավորեցին այնպես, կարծես նա հաղթանակ էր պարգևել Իտալիայի հավաքականին:
1989թ. «Նապոլին» առաջին անգամ հաջողության հասավ Եվրոպայում` նվաճելով ՈՒԵՖԱ-ի գավաթը: 1989-90թթ. «Նապոլին» կրկին դարձավ Իտալիայի չեմպոն` նվաճելով նաև Իտալիայի սուպերգավաթը:
Մարադոնայի հանդեպ նեապոլցիների սերը արագ մարեց, երբ 1990թ. Իտալիայի աշխարհի առաջնության ժամանակ ճակատագրի հեգնանքով կիսաեզրափակիչ Արգենտինա-Իտալիա հանդիպումը տեղի ունեցավ հենց Նեապոլում: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: 11 մետրանոցները ավելի դիպուկ իրացրին արգենտինացիները և դուրս եկան եզրափակիչ: Եզրափակիչում նեապոլցիները արդեն երկրպագում էին Գերմանիայի հավաքականին, որն էլ չեմպիոն դարձավ` հաղթելով 1:0 հաշվով:
1991թ. մարտի 11-ին Մարադոնային տասնհինգ ամսով որակազրկեցին` օրգանիզմում հայտնաբերված թմրանյութի պատճառով: Եվ այսպես սկսվեց նրա կարիերայի մայրամուտը: Որակազրկման ժամկետի ավարտից հետո նա հայտնվեց իսպանական «Սևիլիայում», որտեղ աչքի չընկավ, իսկ 1993թ. թիմը հրաժարվեց նրա ծառայությունից: Մարադոնան վերադարձավ Արգենտինա և մեկ մրցաշրջան հանդես եկավ «Նյուելլզ Օլդ Բոյզ» ակումբում, որտեղից հեռացվեց մարզումներին չմասնակցելու պատճառով:
Աղմկահարույց էր 1994թ. ԱՄՆ-ի աշխարհի առաջնությունում Մարադոնայի վերադարձը Արգենտինայի հավաքական: Նա կրկին խաղում էր նախկին փայլով ու եռանդով: Սակայն երկրորդ խաղից հետո տասնհինգ ամսով որակազրկվեց` կրկին չարաբաստիկ թմրանյութերի պատճառով: Այս որակազրկումից հետո մեկ մրցաշրջան խաղաց «Բոկա ունիորսում» և ավարտեց իր մարզական գործունեությունը, որից հետո նրա անունը լրագրերում հայտնվում էր միայն սկանդալային խորագրերի ներքո: Օրինակ` կրակել է լրագրողների վրա, հայտնվել է հոգեբուժարանում, թողարկում է ձայներիզ և այլն:
Հետագայում, տարիքն առնելով, Մարադոնան փոխեց իր ոչ օրինակելի ապրելակերպը և ներկայումս զբաղվում է մարզչական գործունեությամբ: 2010թ. աշխարհի առաջնության ժամանակ նրան վստահվեց Արգենտինայի հավաքականի ղեկը, սակայն արգենտինացիները հաջողության չհասան, և, ընդհանրապես, Մարադոնայի մարզչական հաջողությունները շատ հեռու են այն հաջողություններից ու փառքից, ինչին հասել է ինքը՝ իբրեւ ֆուտբոլիստ:
Մարադոնան համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ բազմաթիվ երկրպագուների կարծիքով` լավագույնը:
ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
ավագ լեյտենանտ