Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՏԼԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ



Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 67-րդ տարին, սակայն մինչեւ հիմա այդպես էլ հայտնի չէ` Հիտլերը 1945-ին ինքնասպա՞ն է եղել, թե՞ ոչ:

Պաշտոնական վարկածը հետևյալն է. ֆյուրերը և նրա կինը` Եվա Բրաունը, ինքնասպան են եղել 1945թ. ապրիլի 30-ին, ժ. 15:30-ին, Բեռլինում` Կայսերական գրասենյակի բակում կառուցված ստորգետնյա կացարանում: Սա հաստատել են Հիտլերի մերձավոր շրջապատի մարդիկ, ինչպես նաեւ դիակների ինքնությունը որոշող մասնագետները:

Սակայն կա նաև այլ վարկած. Հիտլերը բոլորովին էլ ինքնասպան չի եղել, այլ Եվայի հետ գրավված Բեռլինից փախել է Հարավային Ամերիկա և մահացել այնտեղ 1964թ.` 75 տարեկան հասակում: Ի դեպ, այս վարկածի օգտին են խոսում բավականին վկայություններ ու փաստեր:

Ամերիկացի պատմաբան և գրող Ուիլյամ Շիրերը 1960թ. մի հսկայածավալ աշխատություն է տպագրել` «Երրորդ ռայխի թռիչքն ու անկումը» վերնագրով, որում պնդում է, որ Հիտլերի ու Եվայի դիակները երբեք էլ չեն գտնվել, քանի որ դրանք ոչնչացել են ռուսների արձակած ականների պայթյուններից:

Այս երկուսի ճակատագրի երկարամյա հետազոտությամբ է զբաղվել նաև արգենտինացի պատմաբան և գրող-վավերագիր Աբել Բաստը, որը 2006թ. գիրք է հրատարակել «Հիտլերն Արգենտինայում» վերնագրով:

Բազմաթիվ փաստաթղթերի ու վկաների պատմածների հիման վրա հեղինակը պնդում է, որ Ադոլֆ Հիտլերի ու Եվա Բրաունի ինքնասպանությունը և դիակների հետագա այրումը կեղծված է եղել: Իրականում նրանց հաջողվել է փախչել: Իսկ որո՞նք են այդ փաստաթղթերն ու վկայությունները:

Ավիաինժեներ Հանս Բաուերը տեղեկացրել է, որ 1945թ. ապրիլի 30-ին, ժ. 16:30, այսինքն` հայտարարված ինքնասպանությունից մեկ ժամ անց, նա ֆյուրերին տեսել է բաց մոխրագույն կոստյումով, Բեռլինի կենտրոնում` «Յունկերս-52» ինքնաթիռի մոտ:

Մեկ այլ փաստաթղթի համաձայն` ապրիլի 25-ին Հիտլերի բունկերում տեղի է ունեցել նրա տարհանման մասին գաղտնի խորհրդակցություն, որին մասնակցել են անվանի կին-օդաչու Հաննա Ռայչը, աս-օդաչու Հանս Ուլրիխ Ռուդելը և ֆյուրերի անձնական օդաչու Հանս Բաուերը: Իսկ դրանից 5 օր առաջ արդեն հաստատված էր Բեռլինից Բարսելոն թռչող ուղևորների ցուցակը: Ի դեպ, Գեբելսի, նրա կնոջ ու երեխաների անունները ցուցակից հանված էին:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Հիտլերն իր ողջ շքախմբով ապրիլի 30-ին մեկնել է Իսպանիա, իսկ այնտեղից էլ հասել Արգենտինա երեք սուզանավերով, որոնք այնուհետև ջրասույզ են արվել:

Այս ստորջրյա ուղերթի իրականությունը հաստատվում է նրանով, որ Արգենտինայի ափերի մոտ, 30մ խորության վրա, ջրասուզակները ավազածածկ խոշոր օբյեկտներ են հայտնաբերել, որոնք երևում են նաև ամերիկացիների` տիեզերքից արված լուսանկարներում:

Այն, որ սուզանավերը պատկանել են նացիստներին, հաստատում են ականատեսների վկայությունները, որոնք 1945-ի ամռանը տեսել են, թե ինչպես են սվաստիկայի նշանով երեք սուզանավ մտնում Արգենտինայի Ռիո-Նեգրո շրջանում գտնվող Կալետա-դե-լոս-Լորոս ծովախորշ:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվում պահված է Արգենտինայում ամերիկյան գործակալի զեկույցը, որը գերմանացի հարուստ հողատերերի` Էյխհորն ամուսինների պարտիզպանն էր: Նա հաղորդել է, որ տանտերերը հունիսից կալվածքը նախապատրաստում են Հիտլերի ժամանմանը: Գաղտանզերծվել է նաև վկայությունն այն մասին, որ երեք արգենտինացի նախարարներ դիմավորել են այն սուզանավը, որով ժամանել է Հիտլերը:

Պահպանվել է նաև նացիստական գեներալ Զեյդլիցի 1956թ. նամակը, որում նա տեղեկացնում է, որ պատրաստվում է ներկա գտնվել Արգենտինայում Հիտլերի և խորվաթ ազգայնականների ղեկավար Անտե Պաբելիչի հանդիպմանը:

Իսկ ի՞նչ բացատրություն տալ Հիտլերի դիակը հողին հանձնող մարդկանց վկայություններին:

Պարզվում է, որ չկա մեկը, որ անձամբ տեսած լինի, թե ինչպես է Հիտլերը կծել թույնով սրվակը և կրակել իր գլխին: Շատ հնարավոր է, որ այս պատմությունը հորինել է ֆյուրերի շրջապատը` հետքերը թաքցնելու համար:

Ուսումնասիրելով Հիտլերի մահվան ականատեսների վկայությունները, կարելի է գտնել մի շարք հակասություններ: Սկզբում ասվում է, որ նա ինքն իրեն թունավորել է, հետո ասվում է` ո՛չ, նա իր քունքին է կրակել: Կամ էլ` սկզբում թույն է խմել, հետո` կրակել քունքին: Այնինչ, հայտնի է, որ ցիանական կալիումը ջղաձգություններ և ակնթարթային մահ է առաջացնում, ուստի անհնարին է, որ այն ընդունելուց հետո մարդն ի վիճակի լինի ձգանը քաշել:

Վկաներից մեկը` նացիստական սպա Հայնց Լինգեն, պնդում է, որ Հիտլերը կրակել է իր ձախ քունքին «Վալտեր» ատրճանակով, որից ցրիվ է եկել նրա գանգի կեսը, իսկ մեկ այլ էսէսական` Օտտո Գյունշեն, որ դուրս է տարել ֆյուրերի մարմինը, ասել է, թե Ադոլֆը կրակել է աջ քունքին, իսկ դեմքը բոլորովին չի վնասվել:

Հետաքրքիրն այն է, որ 10-ը տարի անց Գյունշեն փոխել է իր ցուցմունքները, ասելով, թե Հիտլերը ձախ քունքին է կրակել: Սկզբում նա ցուցմունք էր տվել, որ երբ սենյակ է մտել, դիակները բազմոցի վրա են եղել, սակայն 10 տարի անց հայտարարել է, թե դրանք բազմոցի տարբեր ծայրերում են եղել:

Խորհրդային բժիշկ, փոխգնդապետ Շկարևսկին, որ մասնակցել է դիահերձմանը, վկայում է, որ նրանց վրա հրազենային վերքերի հետքեր չեն եղել, այլ միայն` բերանում ցիանական կալիումի սրվակի մնացորդներ:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ «ականատեսները» երբեք մեռած Հիտլերին չեն տեսել: Նրանց ուղղակի նախապես հրաման է տրվել պնդելու, որ ֆյուրերը մեռած է, սակայն դերերի սերտումն այնքան էլ լավ չի կատարվել:

Հիտլերի մահը կասկածի տակ են առել նաև Ստալինը և Ժուկովը:

ՊԱԿ-ի` այժմ արդեն գաղտնազերծված արխիվային փաստաթղթերից հայտնի է դառնում, որ խորհրդային հետախուզությունը պատերազմից հետո ֆյուրերին է փնտրել Հարավային Ամերիկայի միանգամից մի քանի երկրներում:

1945թ. հունիսին օտարերկրյա լրագրողների համար կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ մարշալ Ժուկովը հայտարարել է, որ ֆյուրերը և Եվա Բրաունը գաղտնի թռել են Համբուրգ, իսկ այնտեղից էլ հեռացել սուզանավով:

Հայտնի է նաև Ստալինի երեք խոսակցությունների սղագրությունների մասին (դրանցից մեկը` ԱՄՆ պետքարտուղար Բըրնսի հետ), որոնցում ԽՍՀՄ ղեկավարն ասում է, որ ֆյուրերին հաջողվել է թաքնվել:

Ասում են, որ Հիտլերն իր մահվան պաշտոնական ամսաթվից հետո դեռ 20 տարի էլ Եվայի հետ ապրել է Արգենտինայում` միանգամայն առողջ ու երջանիկ: Սակայն 1945թ. մարտ-ապրիլ ամիսներին Հիտլերի մասին ասում էին, թե նա շատ հիվանդ է, կիսակույր, ֆիզիկապես տանջահար: Սա էլ է իրականություն: Չէ՞ որ Հիտլերը մի քանի կրկնակ ուներ, ուստի վերջին ամիսներին մարդկանց առաջ կրկնակներն էին ելույթ ունենում, և շատ հավանական է, որ հենց կրկնակն էլ մինչև վերջ մնացել է բունկերում և ընդունել ցիանական կալիումը:

Իսկ ինչպիսի՞ն է եղել Հիտլերի կյանքը Արգենտինայում:

Նրան տեսնողներն ասում էին, որ Ադոլֆը բավականին առողջ տեսք ուներ, թեեւ մի փոքր դժվարությամբ էր քայլում` հենվելով ձեռնափայտին: Երևի 1944թ. նրա վրա կատարված մահափորձից ստացած կոնտուզիայի հետևանքն էր: Նա այդպես էլ իսպաներեն լավ խոսել չսովորեց: Իր հայտնի բեղիկը այլևս չկար, իսկ արդեն սպիտակած մազերը շատ կարճ էին կտրած:

Գալով Արգենտինա, Հիտլերը երկար ժամանակ ապրել է Էյխհորն ամուսինների հյուրանոցում, շատ է եղել խոշոր գործարար Խորխե Անտոնիոյի (նա երկրի նախագահ Խուան Պերոնի մոտ ընկերն էր) շքեղ ամառանոցում, այցելել է նաև լեռնային Բարիլոչե հանգստավայրը, որտեղ բնակվում էին նրա օդաչու Հանս-Ուլրիխ Ռուդելը, հաուպտշտուրմֆյուրեր Էրիխ Պրիբկեն և Օսվենցիմի բժիշկ Յոզեֆ Մենգելեն:

Բարիլոչեն Ադոլֆին ու Եվային շատ էր դուր գալիս, և նրանք այնտեղ մի քանի տարի ապրել են: Եվա Բրաունը (ծնվ. 1912թ.) Հիտլերից փոքր էր 23 տարով: Հավանական է, որ Արգենտինայում նրանք երեխա են ունեցել:

Հարկ է նշել նաև, որ Հիտլերը և նրա զինակիցները Արգենտինա են տեղափոխել հսկայական ֆինանսական միջոցներ: Խոսվում է 4կգ ադամանդի և մի քանի տոննա ոսկու և պլատինիումի մասին:

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության` 1996թ. գաղտնազերծված զեկույցը վկայում է, որ պատերազմից հետո Արգենտինայի նախագահ Խուան Պերոնը նացիստների վերահսկողության տակ գտնվող Շվեյցարիայի բանկերի գաղտնի հաշիվներից ստացել է 7մլն դոլար, երևի թե իբրեւ լռության դիմաց վարձ:

Հայտնի է Պերոնի արտահայտությունն այս կապակցությամբ. «Սա մեզ համար հաջողություն է: Գերմանացիները հսկայական գումարներ են ներդրել մեր տնտեսության մեջ, կառուցել ֆաբրիկաներ ու գործարաններ, ոսկով միլիարդներ են դրել մեր բանկերում: Ի՞նչ է, սա շահավետ ձեռքբերում չէ՞»:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Պատմության էջերից


23/05/2012