ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ` ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Լիբիական պատերազմում ՆԱՏՕ-ի կողմից կիրառված օդուժի մասին Անատոլի Ցիգանոկի «Ինչ սովորեցրեց ՆԱՏՕ-ին լիբիական երկինքը» հոդվածը («Հայ զինվոր», թիվ 15, 2012, էջ 10) հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ է ռուսական փորձագիտական շրջանակներում վերլուծվում այդ պատերազմը, որն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Այդ պատերազմի` ոչ ավանդական լուծումներով աչքի ընկնող մարտական գործողությունները շատ ուսանելի են ռազմական գործով հետաքրքրվողների համար: Այդուհանդերձ, չնայած ներկայացված հետաքրքիր փաստերին` հեղինակի եզրակացությունները հիմնականում թռուցիկ են ու մասնակի բնույթ են կրում:
Այո՛, այս պատերազմում արդեն սովորության համաձայն` Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը առաջին անգամ կիրառեցին շատ զինատեսակներ և համակարգեր: Դրանցից շատերը ինտենսիվորեն կատարելագործվում են մարտական յուրաքանչյուր գործողությունից հետո: Այո՛, թևավոր հրթիռները և ռադիոէլեկտրոնային պայքարի «EA-18 G» ինքնաթիռները բացառիկ նմուշներ էին, որոնք փորձարկվեցին այս պատերազմում (դա է վկայում դրանց սահմանափակ կիրառությունը) և ապացուցեցին իրենց արդյունավետությունը: Այդ միջոցների հետագա կիրառությունը արդեն թանկ հաճույք էր, իսկ լիբիական բանակի դիմադրությունը կարելի էր կոտրել ավելի էժան միջոցներով: Նույնը վերաբերում է նաև ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներին: Դրանք կատարեցին միայն մի քանի թռիչք, ստուգեցին ինչ-ինչ նոր համակարգեր, լուծեցին ինչ-ինչ խնդիրներ և վերջ:
Սակայն հոդվածի հեղինակը Լիբիայում կիրառված նորագույն զինատեսակների թվում զարմանալիորեն չի նշել այն նավերը, որոնք զինված էին այդքան աղմուկ հանած հակահրթիռային «Aegis» համակարգով և մասնավորապես դրա ամենահզոր բաղադրիչով` «SM-3» զենիթահրթիռային հեռահար համալիրներով: Այդ նավերը մարտական հերթապահություն էին կատարում Միջերկրական ծովում` մարտական գործողությունների ընդհանուր ապահովման համար: Հոդվածագրի կողմից անուշադրության մատնված նորագույն զինտեխնիկայի աչքի ընկնող նմուշներ էին, մասնավորապես` այս պատերազմում առաջին անգամ կիրառված ֆրանսիական «Dassault Rafale» կործանիչը, մարտավարական թևավոր հրթիռների ֆրանսիական տարբերակները և այլ նորագույն համակարգեր: Այս ամենը «մոռանալ» չէր կարելի, եթե հաշվի առնենք, որ օդային հարվածների զգալի մասը իրենց վրա էին վերցրել հենց ֆրանսիական ՌՕՈւ-երը: Ի դեպ, Լիբիական պատերազմում հենց ֆրանսիական այս կործանիչն էր, որ կատարելով բազմանպատակ մարտական առաջադրանք, 2011թ. մարտի 24-ին խոցեց այս պատերազմում լիբիական միակ` «G-2 Galeb» մարտական ինքնաթիռը (այն արդեն վայրէջք էր կատարել, սակայն օդ-օդ դասի հրթիռը չվրիպեց):
Թերի են նաև Ա.Ցիգանոկի եզրակացությունները: Այսպես, ներկայացնելով թռիչքների ընդհանուր քանակը և դրանց հարաբերակցությունը` հեղինակը մի կողմից փաստում է, որ մարտական հարվածների արդյունավետությունը բարձր է եղել` շնորհիվ գերճշգրիտ սպառազինության (մինչև 85 տոկոս), մյուս կողմից նշում է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չէին: Այս դրույթի հակասականության պատճառը հետևյալն է:
Նախ` ՆԱՏՕ-ի օդուժի կատարած մոտ 9000 մարտական թռիչքը օրականի վերածելով` տպավորություն է ստեղծվում, թե դրանց քանակը մեծ է եղել: Սակայն ինչպես ցույց են տալիս օդուժի կիրառության վերջին փորձերը, անգամ օրական 150 մարտական թռիչքը բավական քիչ է: Սովորաբար ՌՕՈւ-երի հաջող կիրառության փորձը, որը պատկանում է հիմնականում սահմանափակ թվով երկրների, իրագործվում է նորագույն և հզորագույն միջոցների գերլարմամբ և մեծ ծախսերի գնով: ՆԱՏՕ-ն պիտի կատարեր օրական առավելագույնը ոչ թե 100-150, այլ 1000 թռիչք, ինչպես նախկինում: Որպես համեմատություն` կարելի է հիշել կոալիցիոն ուժերի գործողություններն Իրաքում և Հարավսլավիայում, որտեղ օրական հազարավոր թռիչքներ էին կատարվում: Իսկ մարտական թռիչքների ընդհանուր քանակը կազմում էր 22.000-40.000: Ընդ որում, գործողությունները տևում էին ոչ ավելի, քան մեկ ամիս:
Երկրորդ` հակաքադաֆիական ուժերի օդային ու ցամաքային բաղադրիչները միմյանց հետ գրեթե ոչ մի կապ չունեին: Իհարկե, դրանք հնարավորինս համագործակցում էին, գոնե այդպես էր ներկայացվում: Սակայն իրադրությունը իրականում այսպիսին էր. ՆԱՏՕ-ն հարվածում էր այն ամենին, ինչ համարում էր կարևոր, երբեմն հաջորդ հարվածների համար տվյալներ ստանում էր նաև ապստամբներից, սակայն դրանց նշանակությունը երկրորդային էր: Օդային հարվածները, իհարկե, օգնում էին ապստամբներին, սակայն նրանք վարում էին իրենց գրեթե առանձին պատերազմը:
Երրորդ` սովորաբար ցամաքային գործողություններին աջակցում է ոչ թե մարտավարական, այլ բանակային ավիացիան` ուղղաթիռները, գրոհիչները և այլն: Իսկ Լիբիական պատերազմի դեպքում հանդես եկավ զուտ մարտավարական օդուժը, այսինքն` գերազանցապես կիրառվում էին մարտավարական բազմանպատակ կործանիչներ: Դրանց կիրառության դրոշակակիրը մինչ այդ եղած պատերազմներում ամերիկյան ՌՕՈւ-երն էին` իրենց ամենակատարյալ բազմանպատակ «F-16»-ով: Այս անգամ հիմնական բեռը դրվել էր եվրոպացի գործընկերների վրա, սակայն նրանք առանց ամերիկյան աջակցության գործը գլուխ չէին բերի: Խոսքը մասնավորապես վերաբերում է հետախուզությանն ու ղեկավարմանը: Այդ ոլորտների ինքնաբավությունը ՆԱՏՕ-ն առանց ԱՄՆ-ի չի կարողանում ապահովել և մնում է մեծ կախվածության մեջ: Կարևոր է նաև նշելը, որ մարտական ԱԹՍ-երը մեծ դեր խաղացին, և առաջին անգամ դրանց տեսակարար կշիռը գրեթե հասցվեց մարտական ավիացիայի հարվածներին: Սակայն ԱԹՍ-երը, ինչ-որ առումով կատարելով գրոհիչ ինքնաթիռների դեր, միևնույն ժամանակ ցամաքային ուժերի համար մշտական և անխափան աջակցություն չէին ապահովում:
ՆԱՏՕ-ն, փաստորեն, երկրորդ անգամ իր պատմության մեջ ամեն ինչ արեց օդից, իսկ ցամաքային պատերազմը իրականացրեց ուրիշի (տվյալ դեպքում՝ լիբիացի ապստամբների) արյան գնով:
Լիբիական պատերազմի առանձնահատկություններից էր նաև այն, որ ապստամբները արևմտյան հրահանգիչների շնորհիվ պատերազմելու հիմնական եղանակ էին ընտրել արագաշարժ և լավ սպառազինված խմբերի մարտավարությունը: Նրանք գրեթե լիովին հրաժարվելով ծանր զրահատեխնիկայից` շատ քիչ էին օգտագործում նաև հրետանին, քանի որ որպես այդպիսին ունեին հենց ՆԱՏՕ-ի օդուժը: Նման արագաշարժ խմբերը կարողանում էին արագ և անակնկալ հարվածներ հասցնել և հեռանալ: Նրանց այդ հնարավորությունը տալիս էին ՆԱՏՕ-ի օդային աջակցությունը, հետախուզական տվյալների տրամադրումը, տափաստանային տեղանքը, հատուկ ընտրված տեխնիկական միջոցները և խորհրդային ավանդական, դանդաղաշարժ պատերազմի պատրաստված հակառակորդը:
Ա.Ցիգանոկը պնդում է, որ Լիբիական պատերազմը, իբր, ապացուցեց, որ համենայնդեպս առաջիկա մի քանի տարվա ընթացքում ռազմաօդային ուժերի այսօրինակ հաջողությունները վճռորոշ չեն լինի: Սակայն նկատենք` երբ օդուժի միայն մեկ, թեկուզ և հիմնական բաղադրիչն է գործի դրված, երբ ուրիշի արյան գնով պատերազմ է վարվում, որտեղ մարտական խնդիրը դրվում է` ելնելով քաղաքականության շահերից, խոսել օդուժի վճռորոշ դերի մասին այնքան էլ ճիշտ չէ: Արևմուտքում օդաչուն շտապում է մարտական խնդիր կատարել նաև այն պատճառով, որ ծովային հետևակի զինվորը կենդանի մնա, իսկ այստեղ նման առաջադրանք չէր դրվում:
Ա. Ցիգանոկի հավաստմամբ, Արևմուտքը «հ-75», «հ-125», «հ-200», «ԽՉՈՊՐՈՑ» համալիրների խոցման մեծ փորձ ունի: Այս եզրակացությունը մակերեսային է, քանի որ խոցման կարողությունը վերաբերում է ոչ այնքան համալիրներին, որքան զուտ զենիթահրթիռային համալիրների վրա հիմնված ՀՕՊ համակարգին ընդհանրապես, որում կործանիչների դերը նվազագույն է, իսկ հետախուզական հիմնական միջոցը ռադիոալիքների հիման վրա աշխատող ցամաքային միջոցներն են: Լիբիական ՀՕՊ-ը ընդհանրապես չեզոքացված էր, իսկ միջոցները միայն վերը նշված համալիրները չէին: Նախ` անգործության էին մատնված կործանիչները (խորհրդային և ֆրանսիական արտադրության): Հետո, չգիտես ինչու, մոռանում են, որ ՀՕՊ-ի կազմում կար նաև սովորական զենիթային հրետանի, որին հեշտ չէ միանգամից չեզոքացնելը: Իհարկե, կարելի է առարկել, որ ՆԱՏՕ-ի մարտավարական օդուժը գործում էր ավելի մեծ բարձրության վրա, քան զենիթային հրետանու գործողության «առաստաղն է»: Սակայն, նախ, ՆԱՏՕ-ի օդուժը երբեմն իջնում էր ցածր բարձրության վրա, երկրորդ` թեկուզ քիչ, սակայն կիրառվել են նաև ուղղաթիռներ, որոնց կարելի էր խոցել զենիթային հրետանիով: Այլ կերպ ասած` խնդիրը միայն այդ համալիրների թերությունները չէին, այլ ամբողջ համակարգը և ոչ թե հենց Լիբիական ՀՕՊ-ի համակարգը, այլ առհասարակ նմանատիպ համակարգերը, ինչպիսին էին Իրաքինը, Հարավսլավիայինը և այլն: Իսկ վերը նշված համալիրները ամերիկյան օդուժը չեզոքացնում էր դեռ 1986-ից:
Այս պատերազմում որպես բազմանպատակ և ինքնաբավ ՌՕՈւ-երի ներկայացուցիչներ` փայլեցին մասնավորապես եվրոպական «Eurofighter Typhoon» և վերը նշված «Dassault Rafale» կործանիչները: Դրանք չորրորդ սերնդի առաջին ոչ ամերիկյան կործանիչներն էին աշխարհում, որոնք անցան լայն մարտական կիրառություն: Պատահական չէ նաև, որ այս պատերազմից հետո հնդկական ՌՕՈւ-երը իրենց սպառազինության համար ընտրեցին ֆրանսիական կործանիչը, չնայած դրա թանկությանը: Ահա և լիբիական պատերազմից հնդիկների քաղած դասը:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ