Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՅՈՒՑԱԶՆԱՄԱՏՅԱՆԸ ԿԱԶՄԵՑԻՆ…



Խիստ էր ու ձյունառատ այս ձմեռը, իսկ լեռնային բնակավայրերում, երբ քամի էր սկսվում, բուքը փակում էր ճանապարհներն ու անցուղիները։ Այդպես էր նաև Վարդենիս գյուղում (Ապարանի շրջան), սակայն դպրոցում դասերը ոչ մի անգամ չընդհատվեցին։ Դասասենյակները տաքացվում էին վառարաններով, և քամին հաճախ էր ծխնելույզներից ծուխը հետ բերում։ Երեխաները հետները բարձ էին բերում, որ դնեն սառը նստարաններին, մինչ դասասենյակների ջերմանալը։ Եվ այդ սառն ու բքառատ օրերին 10-րդ դասարանի 7 աշակերտ տնետուն ընկած բախում էին գյուղացիների դռները։ Նրանց ներս էին հրավիրում համագյուղացիները և երբ իմանում էին այցելության նպատակը, թերահավատությունը տեղի էր տալիս զարմանքի` ինչպե՞ս, մեզ հիշե՞լ են: Հետո սկսվում էր զրույցը՝ ջերմ, մտերմիկ…

Մի օր դասղեկ Սուսաննա Եղիազարյանը (նա անգլերեն է դասավանդում դպրոցում, մի քանի անգամ միջոցառումներ է կազմակերպել՝ նվիրված գյուղի վաստակաշատ մարդկանց) հուզված ներս մտավ դասասենյակ ու դիմեց իր աշակերտներին.

-Էրեխեք ջան (խոստովանում է, որ իր աշակերտներին սիրում է ինչպես իր երեխաներին), մեր գյուղից Արցախյան պատերազմում զոհեր չեն եղել, բայց պատերազմական վերքերից, հիվանդություններից մահացան Վարդգես Մանուկյանն ու Մանվել Ղազարյանը։ Ու պատկերացնո՞ւմ եք, մենք ոչ մի անգամ չհասցրինք գոնե ասել` շնորհակալ ենք, տղաներ, որ գնացել էիք մեր հողը, մեր գյուղը, մեր հայրենիքը պաշտպանելու։ Ու նրանք ինչպես լուռ գնացել էին հայրենի սահմանները պաշտպանելու, այդպես էլ լուռ հեռացան…

Աշակերտները հուզվել էին։

-Շուտով գարուն է գալու, մեր հաղթանակների մայիսը, մենք պետք է մեծարենք մեր գյուղի Արցախյան ազատամարտի հերոս մասնակիցներին։ Նրանք 23-ն են։ Հետագայում կանդրադառնանք նաև այլ բնակավայրերից պատերազմ մեկնած մեր գյուղացիներին, ինչպես նաև թիկունքի աշխատողներին։ Սակայն կարևորը այս գործն է, առաջինը։ Մենք ամեն օր հանդիպում ենք նրանց ու չգիտենք, չենք ճանաչում մեր հերոսներին…

Այդ օրից սկսվեց Վարդենիս գյուղի Արցախյան հերոսապատումի ճանապարհը։ Աշակերտները տուն առ տուն հանդիպում էին ազատամարտիկներին, գրում նրանց կենսագրականները, մարտական ուղին և լուսանկարների հետ ամբողջացնում։ Եվ ահա մայիսի 9-ի տոներին ընդառաջ պատրաստ էր «Վարդենիս-Արցախ» հուշալբոմը, որը անցնում է ձեռքից ձեռք և ժպիտ, վաստակած հպարտություն պարգևում տղաներին։ Լուսանկարներ, հերոսական կենսագրություններ, հուշեր, որոնք գրված են մարգարտաշար հայերենով։

Համառոտ ներկայացնենք մի հատված գիրք-ալբոմից։

Ռաֆիկ Մարգարյան։ Ունի երեք զավակ։ Մասնակցել է Աղդամի ազատագրման կռիվներին։ Պարգևատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից», «Վարդան Մամիկոնյան» մեդալներով և Ազատամարտի վետերանների միության կրծքանշանով։ Հետաքրքիր հիշողություններ ունի Մոնթե Մելքոնյանի մասին։

Արմեն Վարդանյան։ Նորաստեղծ հայոց բանակի առաջին զինվորներից է և մասնակցել է մարտական գործողություններին։ Ունի երկու զավակ։

Վրեժ Գրիգորյան։ Ունի երեք զավակ։ Մասնակցել է եռամսյա հավաքների։

Կամո Մակարյան։ 1993թ. ՀՀ ՆԳ նախարարության գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է վաշտի հրամանատար։

Լյովա Գրիգորյան։ Ազատված էր զինվորական ծառայությունից, քանի որ նրա երկու ավագ եղբայրները ծառայել էին։ Սակայն Լյովան ինքնակամ մեկնեց Արցախ։

Մերուժան Արմենակյան։ 1992-94թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին։ Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Վարդան Մամիկոնյան», ԵԿՄ մեդալներով, Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Ռոբերտ Ասատրյան։ Պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» մեդալով։ Ունի չորս զավակ։

Ներսես Աղաբաբյան։ 1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին։ Եղել է վաշտի հրամանատար։ Վիրավորվել է, սակայն շարունակել է կռվել։ Անձամբ Վ. Սարգսյանի կողմից ստացել է «Մարտական գործողությունների մասնակից» մեդալ։

Եվ այսպես 23 անուն՝ Վաչագան Ասատրյան, Ժորա Ավագյան, Սամվել Արմենակյան, Մարգար Խանոյան, Վահան Ղազարյան, Անդրանիկ Նահապետյան, Ռոբերտ Սաֆարյան, Գևորգ Սիմոնյան, Կարեն Ղարիբյան, Հենրիկ Մանուկյան, Նելսոն Մարգարյան։ Իսկ Վարդգես Մանուկյանի և Մանվել Ղազարյանի կենսագրականներում կային այսպիսի տողեր. «Ցավոք, այս ազատամարտիկները վաղաժամ հեռացան կյանքից. հիշենք նրանց և լռությամբ հարգենք նրանց հիշատակը։ Ցավում ենք, որ կենդանության օրոք չհասցրինք ասել Ձեզ՝ «Դուք հերոսներ եք, շնորհակալ ենք, որ դեպի մեզ սուրացող գնդակներն ընդունել եք Ձեզ վրա»։

…2012թ. մայիսի 10. Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցում միջոցառում է՝ նվիրված հայոց եռատոնին՝ Մեծ հայրենականի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ծննդյան օրվան։ Հավաքվել է գյուղի հասարակությունը, եկել են հյուրեր, զինկոմիսարիատի աշխատակիցներ։

Աշակերտները ներկայացնում են դրվագներ հայոց պատմությունից, մեր նորօրյա հաղթանակներից։ Տարեգրությունը, հիշատակումները համեմված են ազգային երգ-երաժշտությամբ ինչպես երգացանկի, այնպես էլ կատարման բարձր մակարդակով։

Խրոխտ երաժշտության հնչյունները տարածվել էին ողջ գյուղով մեկ։ Գնում-հասնում էին Ծաղկունյաց լեռներ, կարոտով ու բացճակատ փարվում Արագած սարի փեշին ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տաղանդի ուժով արտացոլված Եռամիասնությանը. Մեծ եղեռնի զոհերին, Բաշ-Ապարանի հերոսամարտին և Մեծ հայրենականին նվիրված կոթողներին, ապա բարձրանում էին Արագած սարի գագաթն ի վեր։ Մայիսյան պարզ ու հրաշալի օր է։ Եվ Արագածի գագաթից պարզ երևում է ալեհեր Արարատը, որտեղից տեսանելի է Արարատյան երկիրը, հայ ժողովուրդը՝ ուժեղ, պայծառ, հզոր ու ստեղծագործ, պայքարող ու ապրող…

-Երազ իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Արծվաբույն երկիր…

Երգը թևածում է…

Միջոցառումն այնքան բնական է, որ դահլիճում նստած ազատամարտիկների հարազատները, մայրերը, քույրերը, երեխաները հուզվել են։ Եվ հուզմունքը փոխվում է հպարտության, երբ դահլիճում լսում են իրենց հարազատների անունները։ Իսկ երեխաները հերթով բեմ են հրավիրում ազատամարտիկներին, նվիրում ծաղիկներ և լսելով նրանց պատմությունները, իրենք են սկսում հարցեր տալ.

-Ինչպե՞ս եղավ, որ գնացիք Արցախ մարտնչելու։

Մերուժան Արմենակյան. «Դա արյան կանչ էր, հոգու թելադրանք»։

-Ռազմի դաշտում ինչի՞ մասին էիք մտածում։

Հենրիկ Մանուկյան. «Մտածում էինք մեր օջախի, մեր երկրի, մեր գյուղի, մեր երեխաների այսօրվա մասին»։

-Ի՞նչ զենքով էիք կռվում։

Կարեն Ղարիբյան (դպրոցի զինղեկ). «Ամեն տեսակի զենքերով։ Իմացեք, երեխաներ ջան, զենքին տիրապետելը անչափ կարևոր է։ Մեր ռազմագիտության ժամերը դրա համար են այդպես հագեցած»։

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք ձեր կռիվներից։

Ներսես Աղաբաբյան (Ռեմբո). «Աղդամի մոտ մի քանի ժամ միայնակ կռվել եմ բազմաթիվ ադրբեջանցիների դեմ, մինչև օգնությունը տեղ հասավ»։

Լյովա Գրիգորյան. «Խրամատ էինք փորում։ Ես ամենափոքրն էի։ Տղաները սիգարետ չունեին։ Ասացի` որ սիգարետ բերեմ, ինձ կազատե՞ք աշխատանքից»։

Պայման կապեցինք, ու ես ձեռքս օդում թափահարելով. «Քարդաշ, գյալ բուրա» կանչելով գնացի դեպի թշնամու դիրքերը։ Մեկ էլ նրանցից մեկը, թե՝ «Հայերեն ասա, հասկանում ենք»։ Պարզվեց՝ Մասիսի ադրբեջանցիներից էր։ Եկավ փոխանակեցինք, և սիգարետ հասցրի տղաներին»։

-Չէի՞ք վախենում։

Անդրանիկ Նահապետյան. «Վախը բնական է, բայց մի երկու օր հետո այն անցնում է։ Հիմա էլ, եթե հարկ լինի, մենք նորից Արցախում կլինենք»։

-Ի՞նչ կցանկանայիք առաջնագծում ծառայող մեր գյուղի և ընդհանրապես հայ զինվորներին։

Սամվել Արմենակյան. «Նրանցից ամեն մեկը մի Նժդեհ է, մի Անդրանիկ, մի Թաթուլ ու Ֆեդյա։ Ցանկանում եմ, որ խաղաղ լինի երկինքը, իսկ թե հարկ լինի՝ նորից ապացուցեն, թե ինչ ոգի ունի մեր ժողովուրդը։ Թող լինի անփորձանք ծառայություն և բարի վերադարձ»։

Միջոցառման ավարտին Ապարանի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ կապիտան Վոլոդյա Պետրոսյանն ու կազմզորահավաքային բաժանմունքի սպա, ավագ լեյտենանտ Արարատ Քոչարյանը Մեծ հայրենականի հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ Վարդենիսի ազատամարտիկ-վետերաններին պարգևատրեցին շնորհակալագրերով, որտեղ գրված էր. «Պաշտպանության բանակի հրամկազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ փառավոր եռատոնի՝ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա՝ Մայիսի 9-ի առթիվ։

Մաղթում եմ խաղաղություն, ամուր առողջություն և անսպառ եռանդ և երջանկություն ձեր անձնական կյանքում։ Վստահ եմ, որ վտանգի դեպքում դուք կրկին կհամալրեք փառավոր մարտական ուղի անցած պաշտպանության բանակի շարքերը և ձեր հարուստ ռազմական գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյան»:

…Երջանկությունը ամեն պահ անցնում է մեր կողքով, ու չենք նկատում։ Այս խոսքերի հեղինակի անունը չեմ հիշում, սակայն Վարդենիս գյուղի այս միջոցառումը պարտադրում է, որ ես հիշեմ անուններ, որոնք շատ շատերին ի խորոց սրտի պարգևեցին երջանկության, հպարտության պահեր՝ գյուղապետ Կամո Պետրոսյան, դպրոցի տնօրեն Ավետիս Ավետիսյան, 10-րդ դասարանի դասղեկ Սուսաննա Եղիազարյան և իր հրաշալի 7 սաները՝ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 2011-12 ուստարվա 10-րդ դասարանցիները՝ Շուշանիկ Ասատրյան, Թամարա Գրիգորյան, Ծովինար Գրիգորյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Պետրոսյան, Լիլիթ Վահանյան, Գուրգեն Վարդանյան… Նրանք դեռ հանդես կգան նոր նախաձեռնություններով։ Վստահ եմ, որովհետև ազատամարտիկների հպարտությունը ես տեսա և տեսա նրանց հարազատների երջանիկ դեմքերը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/05/2012