ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ ՄՈԳԵՐԸ
Վերջերս լույս է տեսել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի պարահոգեբանական ուսումնասիրությունների մասին պատմող սենսացիոն գիրքը: ԱՄՆ-ում գաղտնազերծել են անցած դարի ռազմական ոլորտի խորհրդավոր ծրագրերից մեկը: Մոտ 20 տարի կենտրոնական հետախուզական վարչությունը եւ պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը` ՌՈՒՄՕ-ն, ուսումնասիրություններ էին կատարում ռազմական պարահոգեբանության ոլորտում: Միաժամանակ նմանատիպ աշխատանք էր կատարվում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարությունում: Դրանք նույնպես հույժ գաղտնի էին:
«ԱՍՏՂԱՅԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐ»
«Պարահոգեբանություն» հասկացության շուրջ վեճերն արդեն տասնամյակներ շարունակ գոյություն ունեն: Ի՞նչ է այն` իրակա՞ն երևույթ, երևակայության արգասի՞ք, թե միստիկ երևույթների հանրագումար: Ամեն դեպքում դեռևս հին ժամանակներից էքստրասենսները ծառայության են անցել տարբեր երկրների ուժային կառույցներում: Այս բնագավառի վերաբերյալ առավել գիտական և կառուցողական հետազոտություններ են կատարվել ԱՄՆ-ում: Իսկ առավել տարածված` ԽՍՀՄ- ում և Ռուսաստանում: Ընդ որում, այստեղ պարահոգեբանները ոչ միայն ուսումնասիրության օբյեկտ են եղել, այլև գործնականորեն օգտագործել են իրենց հմտությունները Հյուսիսային Կովկասում տարվող մարտական գործողությունների ընթացքում: Այժմ պարահոգեբանության ուսումնասիրության գործընթացը ռազմական հետաքրքրության շրջանակում կասեցված է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Ուսադիրներով մոգերը» թոշակի անցան, ինչն էլ պատճառ դարձավ, որ նախկին թշնամիները հանդիպեն միևնույն գրասեղանի շուրջ: Ամերիկացի և ռուս մասնագետների միջև ստեղծագործական համագործակցության կազմակերպիչն էր միջուկային ֆիզիկայի ասպարեզում ամերիկացի հայտնի գիտնական դոկտոր Էդվին Մեյը:
Հավանաբար շատերն են դիտել ֆանտաստիկ ժանրով նկարահանված «Աստղային դարպասներ» սերիալը, սակայն քչերը գիտեն, որ ԱՄՆ-ում երկար ժամանակ գոյություն ուներ հույժ գաղտնի նույնանուն գիտական ծրագիր: Տասը տարի շարունակ այդ ծրագիրը ղեկավարել է հենց գիտնական Մեյը: 70-ականների վերջին ամերիկացի զինվորականները որոշեցին վերջնականապես պարզել մարդկային պարահոգեբանական հնարավորությունների առեղծվածը և այն, թե ինչպե՞ս կարելի է ծառայեցնել դրանք իրենց նպատակներին: Եվ հենց այդ պատճառով էլ ստեղծվեց ռազմագիտական «Սթար հեյթս» ծրագիրը:
Հետազոտության կենտրոնում էր, այսպես կոչված, հեռատեսությունը կամ տարածատեսությունը, որին համապատասխանում է մեզ ավելի հայտնի «պայծառատեսություն» երևույթը: Ամերիկացիներն ուսումնասիրեցին իրենց սուզանավերի հնարավոր կապը էքստրասենսային (բառացի` գերզգայական) հնարավորությունների հետ: Փորձ էր կատարվում պայծառատեսության միջոցով կռահել սովետական միջուկային հրթիռակիրների` օվկիանոսում գտնվելու կոնկրետ վայրը:
«Աստղային դարպասներ»-ի մասնագետները ներգրավվում էին վտանգավոր հանցագործներին ձերբակալելու, անհայտ կորած (ընդ որում՝ ահաբեկիչների կողմից առևանգված) անձանց գտնելու աշխատանքներում: Ծրագրի շրջանակում հավաքված խումբը բաղկացած էր արհեստավարժ անձանցից. Որոնց մեջ կային նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Երբեմն ամերիկյան պայծառատեսները կարողանում էին հասնել զարմանահրաշ արդյունքների:
«Աստղային դարպասներ»-ում էր աշխատում նաև ԱՄՆ-ի ամենահայտնի էքստրասենսներից մեկը համարվող Ջոզեֆ Մակմոնիգլը, որը 1979-ին «տեսավ» Սեվերոդվինսկում կառուցված յուրօրինակ նավի ուրվագիծը, որը տարբերվում էր իր առանձնահատուկ չափերով և կառուցվածքով:
Դրա վերաբերյալ հաշվետվություն է կազմվում, որը նույնիսկ քննարկվում է ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի նիստում: Սակայն ռազմական պարահոգեբաններին ոչ ոք չհավատաց: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում կարողացել էին խնամքով թաքցնել «ՁՈռՒցվ» ռազմավարական ծրագրի հետ կապված բոլոր աշխատանքները: Ծրագրի շրջանակներում կառուցվել էին հսկա հրթիռակիր «ԸՍցսՈ» սուզանավերը, որոնց մասին չգիտեին ԱՄՆ-ի ո՛չ տիեզերական, ո՛չ գործակալական, ո՛չ էլ ռադիոտեխնիկական հետախուզական ծառայությունները: Միացյալ Նահանգների վերին օղակները չէին էլ կարող ենթադրել, որ էքստրասենս-պայծառատեսները նկատեին այն, ինչը վրիպել էր դասական հետախուզական ծառայությունների աչքից:
Այնուամենայնիվ, «Սթար հեյթս»-ի ռազմական պարահոգեբանները շարունակում էին պնդել, որ ԽՍՀՄ-ում պատրաստվում են ջրարկել հսկայական սուզանավեր:
Մակմոնիգլը նույնիսկ իր զարմանալի գիտակցության շնորհիվ կարողացավ կռահել սուզանավերի դուրս բերման ամսաթիվը: Իսկ խորհրդային նավաշինարարները հաշվարկել եւ հատուկ էին ընտրել այդ օրը, երբ ոչ մի ամերիկյան հետախուզական արբանյակ Սեվերոդվինսկում չկար և հենց դրա շնորհիվ էլ նավերի` ջրի երես դուրս գալը ամերիկացիները չէին կարող արձանագրել:
Վերջիվերջո, գուշակների պնդումներին անսաց ռազմածովային հետախուզության սպա Ջեյկ Ստյուարտը, որն ուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի հրամայեր շրջել արբանյակներից մեկի ուղեծիրը Սեվերոդվինսկի այն հատվածի ուղղությամբ, որը նրան էր մատնանշել Մակմոնիգլը: ԽՍՀՄ-ում այս մասին ոչինչ չգիտեին: Նրանք համոզված էին, որ այդ ժամանակահատվածում տիեզերքում ոչ մի օտար արբանյակ չկա, և «ԸՍցսՈ»-ն դուրս են բերում գործարանից: Ամերիկացիները ստանում են հիրավի սենսացիոն լուսանկարներ: Այս դեպքը դառնում է «Սթար հեյթս»-ի հաջողության գագաթնակետը: Ազգային անվտանգության ծառայությունը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունները և ԱՄՆ հետախուզական մնացյալ կենտրոնները ի մի են բերում իրենց բոլոր հնարավորությունները` սուզանավի և սովետական այս ծրագրի մասին տեղեկություններ հավաքելու համար: Եվ շատ շուտով ԱՄՆ-ում «ՁՈռՒցվ»-ի մասին իմանում են գրեթե բոլորը:
Կարելի է եզրակացնել, թե Պենտագոնը հասկացավ, որ միջուկային հզորության այդ խորհրդային ռազմավարական ծրագիրը 20-րդ դարավերջին ամենաարդյունավետն էր: ԱՄՆ-ն դրան համարժեք ոչինչ չէր կարող ներկայացնել: Այդ իսկ պատճառով էլ շատ հավանական է, որ հենց ամերիկացիները ջանքեր գործադրեցին, որպեսզի «ՁՈռՒցվ» ծրագիրն այդպես էլ վերջնականապես չիրագործվի: Այն, ինչ արդեն հասցրել էին կառուցել, ֆիզիկապես սկսեց ոչնչացվել դեռևս Մ.Գորբաչովի օրոք, իսկ վերջնականապես ոչնչացվեց Բ. Ելցինի կառավարման ժամանակ:
«Աստղային դարպաս»-ի էքստրասենսները օգնեցին նաև գտնել կենտրոնական Աֆրիկայի ջունգլիներում վթարի ենթարկված խորհրդային գաղտնի հետախուզական ինքնաթիռի բեկորները: Այս ինքնաթիռը, մասնավորապես՝ նրա մեջ եղած տեխնիկան, Ամերիկայի հետախուզական ծառայությունների համար շատ արժեքավոր էին: Փնտրտուքները, որոնք իրականացվում էին ինքնաթիռների և ուղղաթիռների միջոցով, ոչ մի արդյունք չէին տալիս, երբ հենց այդ ժամանակ որոնողական աշխատանքներին լծվեցին ռազմական էքստրասենսները, որոնք էլ կարողացան գտնել վթարի վայրը` կիլոմետրերի ճշգրտությամբ: Եվ այսպիսով ամերիկյան տեխնիկական մասնագետները կարողացան ձեռք բերել ամենաժամանակակից գաղտնի սարքավորումները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այդ ժամանակ էքստրասենսորիկայով չէր զբաղվում:
Ըստ Էդվին Մեյի` «Սթար հեյթս»-ի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքները հետաքրքիր էին, և հետազոտությունը պետք էր շարունակել, սակայն այս ծրագիրը 1995թ. դադարեցվեց: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ: Իսկ Պենտագոնը որոշեց, որ այս պարագայում «Աստղային դարպասներ»-ի անհրաժեշտություն այլևս չկա:
Էդվին Մեյն առաջին անգամ Ռուսաստան այցելեց 1990-ականների կեսերին: Եվ հենց այս այցելության ընթացքում նա հանդիպեց գեներալ Ալեքսեյ Սավինի հետ, որը ռուսական ռազմական էքստրասենսորիկայի առաջատար մասնագետն էր: Պենտագոնի թույլտվությամբ նրանք քննարկում էին միջազգային ահաբեկչության պայքարի դեմ հնարավոր միասնական ծրագիր ստեղծելու հարցը: Կարծես թե ամեն ինչ տանում էր նրան, որ նախկին թշնամիները համախմբվեն` աշխարհին սպառնացող նոր վտանգի դեմ պայքարելու համար: Սակայն, երբ միասնական աշխատանքի ծրագիրն արդեն պատրաստ էր, և՛ Մեյը, և՛ Սավինը չընդունեցին այն: Իսկ թե ինչու, չգիտեն նույնիսկ էքստրասենսները:
«ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԸ»
ԽՍՀՄ հատուկ ծառայությունները պարահոգեբաններով և մարդկային գերհնարավորություններով սկսել են հետաքրքրվել քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո: Սակայն առաջին անգամ ոլորտում կատարած հետազոտությունները հնարավոր եղավ ի մի բերել միայն 1980-ականների վերջին, ինչը հաջողվեց հենց Ալեքսեյ Սավինի միջոցով, որն այդ ժամանակ ծառայում էր գլխավոր շտաբում և կրում էր I ռանգի կապիտանի կոչում: Այդ ժամանակահատվածում գլխավոր շտաբի պետն էր գեներալ Միխայիլ Մոիսեևը, ում կարգադրությամբ ստեղծվեց տասը ծառայողից բաղկացած N10003 զորամասը` Սավինի ղեկավարությամբ: Զորամասի գործունեությունը այնքան խիստ էր գաղտնի պահվում, որ նույնիսկ գլխավոր շտաբը դրա գոյության մասին իմացավ միայն 1990-ականների վերջին: Այս զորամասը նույնիսկ կատակով անվանում էին «հազար ու երեք գիշեր»` նկատի ունենալով, որ այնտեղ ծավալվում է հեքիաթային և անիրական գործունեություն:
N10003 զորամասը ֆինանսավորվում էր յուրահատուկ կերպով, ինչը նույնպես գաղտնի էր պահվում: Ֆինանսավորման ծրագիրը մշակել էր անձամբ ԽՍՀՄ ֆինանսների նախարարը, այնուհետև` վարչապետ Վալենտին Պավլովը: Այս բնագավառի գիտական հետազոտությունների համար տարեկան հատկացվող բյուջեն կազմում էր 4 մլն ԱՄՆ դոլար: Իսկ մարդկանց թիվը, որոնք Սավինի հետ զբաղված էին այս ուսումնասիրություններով, ավելին էր, քան ամերիկյան «Աստղային դարպասներ» ծրագրի մեջ ընդգրկվածներինը:
Բացի գիտական աշխատանքներից` լուծվում էին նաև գործնական բնույթի խնդիրներ: Մասնավորապես, 1990-ականների սկզբին, Սավինի խոսքով, իրենց էքստրասենսները հայտնում են Գլազգոյում միջուկային օբյեկտի հնարավոր պայթյունի մասին: «Դա կարող է լինել և՛ էներգետիկ սարքավորում, և՛ միջուկային մարտագլխիկ»,-հայտնում են նրանք: Այս տեղեկությունը խորամանկորեն հաղորդում են անգլիացիներին: Նրանք, ի զարմանս բոլորի, հավատում են դրան, ստուգում են և իսկապես գրեթե վերջին պահին կարողանում են կանխարգելել և՛ իրենց, և՛ ամբողջ Արևմտյան Եվրոպայի համար վտանգ ներկայացնող տեխնոգեն և էկոլոգիական աղետը: Էքստրասենսները կարողացան կանխատեսել նաև 1991թ. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը:
Սավինին հաջողվեց ստեղծել հատուկ մեթոդ և ներդնել բանակում, այն է` էքստրասենսների պատրաստում: Ոչ մի այլ տեղ այսպիսի մասնագետների նախապատրաստման աշխատանքներով չէին զբաղվում: Բոլորին է հայտնի, որ մարդկային գերհնարավորությունները հասու են միայն ընտրյալներին: Միաժամանակ Ալեքսեյ Յուրևիչին հաջողվեց տեսականորեն հաստատել և գործնականում ապացուցել, որ յուրաքանչյուր նորմալ մարդ բնությունից օժտված է էքստրասենսորային հնարավորություններով, որոնք պետք է միայն բացահայտել և զարգացնել: Հենց այս պատճառով էլ ռազմական բուհերում ներմուծեցին հատուկ դասաժամեր, որոնց ընթացքում պատրաստվեցին հարյուրավոր պարահոգեբանական հնարավորություններով օժտված սպաներ: Սակայն այս դասընթացները կարճ ժամանակ անց դադարեցվեցին: Այնուհետև սկսվեց Չեչնիայի պատերազմը: Սավինի մասնագետները միանգամից հայտարարեցին, թե ստեղծված տարաձայնությունը կարելի է կասեցնել սաղմնային վիճակում և այդ նպատակով առաջարկեցին կովկասյան ճգնաժամը հաղթահարելու իրենց տարբերակը: Սակայն Բորիս Ելցինը նրանց առաջարկը չընդունեց:
1995թ. սկզբին գեներալ-մայոր Սավինը իր խմբի հետ ժամանեց Չեչնիա: Ռազմական էքստրասենսները այստեղ զբաղվում էին հետախուզությամբ, ներկա և ապագա հնարավոր իրադրությունների գնահատմամբ և գերի վերցված ահաբեկիչների հարցաքննությամբ: Հյուսիսային Կովկասում նրանք աշխատեցին մոտ երկու տարի:
Հիշարժան է այստեղ տեղի ունեցած մի դեպք: Պարահոգեբանները պարզել էին, որ գյուղերից մեկի դպրոցում կենտրոնացած է դուդաևականների խոշոր շտաբ. որոշում կայացվեց դպրոցը ռմբակոծել: Իսկ երբ փոշուց մաքրված տարածք մուտք գործեցին հատուկ ծառայության աշխատակիցները, նրանք դպրոցի մերձակայքում հայտնաբերեցին կանանց և երեխաների դիակներ: Սավինը ցնցում ապրեց: Սկսեցին իրականացնել հատուկ հետախուզություն, ինչի արդյունքում պարզվեց, որ ահաբեկիչները ինչ- որ կերպ տեղեկացել էին նախապատրաստվող օդային հարվածի մասին, իսկ բնակիչները մահացել էին ոչ թե ռմբակոծության հետևանքով, այլ գնդակահարվել էին: Ահաբեկիչները կանանց և երեխաներին սպանել էին հարևան գյուղերից մեկում, այնուհետև նրանց դիակները տեղափոխել էին դպրոցի բակ, իսկ իրենք` հեռացել: Իչկերիայում միանգամից սկսեցին շշուկներ պտտվել «դաշնային գազանների» մասին, որոնք ռմբակոծել էին դպրոցականներին և նրանց ծնողներին:
1997թ. «հեքիաթային զորամասը», որը համարվում էր գլխավոր շտաբի մի մասնիկը, վերափոխում են` դարձնելով հատուկ նշանակության, այսինքն` զորամասի լիազորությունները ընդլայնվում են: Այս ընթացքում ընդլայնվում են նաև Սավինի լիազորությունները, քանի որ նա ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում: Իրենց կատարած ուսումնասիրություններում Սավինի ենթակաները հասնում են այնպիսի արդյունքների, որոնք դուրս են մարդկային գիտակցության ընկալման սահմաններից:
Հյուսիսային Կովկասում, բացի գեներալ Սավինի զորամասի անդամներից, իսկական էքստրասենսային պատերազմ էր մղում նաև Հետախուզության գլխավոր վարչությունը: Ստեղծվել էր գերօժտված ռազմական հետախույզների հատուկ մի խումբ` գնդապետ Սերգեյ Վիշնևեցկու գլխավորությամբ: Խումբը մխրճվեց 1990-ականներին և 2000-ականների սկզբին Չեչնիայում մղվող պարահոգեբանական պատերազմի հորձանուտը: Վիշնեւեցկու սաները արագ սովորեցին առանց հակառակորդին հպվելու ձեռնամարտի գաղտնիքները, որոնց տիրապետում են միայն Շաոլինի վանականները: Այս մարտարվեստի գաղտնիքներին ծանոթ անձը կարող էր փամփուշտի թռիչքը օդում տեսնել: Վիշնևեցկու սաները կարողանում էին հանգիստ գետնին տապալել կարատեին տիրապետող տասնյակ զինվորների, ինչպես նաև հաղթահարել սվիններով և ատրճանակով զինված բանակայիններին` նույնիսկ առանց նրանց դիպչելու: Երբեմն բավական էր ակնդետ մի հայացք հարձակվողի վրա, որպեսզի նա գիտակցությունը կորցներ: Այս խմբում կար մի մարդ, որն իր կապույտ աչքերի և կամքի ուժի գործադրմամբ հասարակ ջուրը վերածում էր թթվային լուծույթի: Նրան ստուգման էին ենթարկել Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, բայց խիստ թերահավատորեն տրամադրված մասնագետները այդպես էլ ջուրը թթվի վերածելու երեւույթին ոչ մի գիտական բացատրություն չկարողացան տալ:
Այս հետախույզները կարողանում էին «ԾՈՍՈՐՏՉ» տեսակի ատրճանակից միանգամից կրակել բոլոր 8 փամփուշտները: Եվ բոլոր փամփուշտներն էլ դիպչում էին թիրախին: Թրծված դիպուկահարները կարող էին բացարձակ մթության մեջ, առանց ինֆրակարմիր լույսի, կրակել թշնամու դեմքին` մի ակնթարթ հայտնվող կրակայրիչի կայծի կամ ծխախոտի կրակի շնորհիվ: Վիշնևեցկու ղեկավարած խումբը Չեչնիայում ոչնչացրեց Իչկերիայի բազմաթիվ ահաբեկիչների և հանցագործների` ոչ պակաս վտանգավոր, քան Բասաևը:
Կարելի է հավատալ կամ էլ պարզապես ծիծաղել, սակայն Հետախուզության գլխավոր վարչության անդամները համոզված են, որ երկար ժամանակ կովկասյան անջատողականներին ակտիվորեն աջակցել են Մերձավոր և Միջին Արևելքի «սև մոգեր»-ը: Իսկ վերը հիշատակված Շամիլ Բասաևը ուներ էներգետիկ հզոր պաշտպանությամբ «վահան»:
Բասաևի «պաշտպանված» լինելու ապացույցները շատ են: Մի անգամ ՀԳՎ-ի աշխատակիցները հետապնդում էին վիրավոր Բասաևին, որին կրունկի անդամահատումից հետո ձիով էին տեղափոխում: Թիրախին հետևում էր ուղղաթիռը, որից էլ արձակված հրթիռը վրիպել էր և դիպել ձիուն: Վերջինս ծվեն-ծվեն էր եղել, իսկ Բասաևը թեթև կոնտուզիա և մի քանի քերծվածք էր ստացել: Ենթադրվում է, որ միայն այն բանից հետո, երբ հաջողվեց կոտրել Բասաևի, ինպես նաև Գելաևի բիոէներգետիկ դաշտը, հնարավոր եղավ նրանց ոչնչացնել նաև ֆիզիկապես:
Իրադրությունը փոխվում է 2000թ.: Ռուսաստանում նշանակվում է նոր նախագահ, իսկ պաշտպանության նախարարությունում հայտնվում է նոր նախարար, այնուհետև նաև` նոր գլխավոր շտաբի պետ: 2003թ. վերջին Յուրի Բալուևսկիի հրամանով Սավինի զորամասը փակում են, իսկ արդեն 2004թ. Ալեքսեյ Յուրևիչը թոշակի է անցնում: Իսկ գաղտնի հետախուզական խումբը, որին նեցուկ էր հարկավոր, թիվ 10003 զորամասի հետ միաժամանակ վերացրին: Խմբի ղեկավար գնդապետ Սերգեյ Վիշնևեցկին հազվագյուտ հիվանդությունից շատ շուտով մահացավ: Շրջապատի անձանց կարծիքով, նրա մահը կապված էր հենց նրա դեմ պատերազմող խորհրդավոր «Արևելքի մոգերի» սև էներգետիկայի հետ:
Գեներալ Սավինը թոշակի անցնելուց հետո որոշեց գիրք գրել: Գրքի համահեղինակների կարծիքով, հասարակությունը իրավունք ուներ իմանալու, թե ինչով էին զբաղվում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ռազմական պարահոգեբաններն իրենց փորձասենյակներում: Նամանավանդ, երբ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնապես գաղտնազերծել էր «Աստղային դարպասներ» ծրագիրը: Մասամբ գաղտնազերծվել էին նաև Ռուսաստանում կատարված նմանատիպ աշխատանքները: Մեյը գրքի ստեղծման աշխատանքներում ընդգրկեց նաև նախկին հետախույզ-պայծառատես Ջոզեֆ Մակմոնիգլին, իսկ Սավինը, որպես համահեղինակ, հրավիրեց գեներալ Բորիս Ռատնիկովին, որը էքստրասենսորիկայով էր զբաղվում Անվտանգության դաշնային ծառայությունում: Այս յուրօրինակ միջազգային ծրագրի համակարգողն էր դոկտոր Վիկտոր Ռուբելը` հոգեբանության և սոցիոլոգիայի բնագավառի մասնագետ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ: Նա հրաշալի տիրապետում էր և՛ անգլերենին, և՛ ռուսերենին: Ձեռագրի վերջնական տարբերակը, որն ունի հինգ համահեղինակ, հանձնվեց տպագրության: Այն անվանեցին «Պատերազմի շները. Արևմուտք և Արևելք»:
ՍԵՐԳԵՅ ՊՏԻՉԿԻՆ
«Столетие», 2009թ. նոյեմբերի 11
Ռուսերենից թարգմանեց
ՄԻԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ