ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երբ բերնեբերան մեզ հասավ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդուս՝ Վաչագանի՝ ԼՂՀ կառավարության պարգեւին արժանանալու լուրը, անակնկալ ուրախությունից ու երջանկությունից խենթացած, շտապեցինք նրա մոտ՝ շնորհավորելու։ Զորամասի հրամանատարը բարի գտնվեց եւ մի քանի ժամ մեր որդու հետ անցկացնելու հնարավորություն տվեց, որը, սակայն, մեզ ընդամենը մի քանի ակնթարթ թվաց։ Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն էին… Եվ ես երեք անգամ օրհնեցի այն օրը, որ ես ծնվեցի, աշխարհ եկա։ Առաջին անգամ փառք տվեցի Աստծուն, երբ Վաչագանս ցույց տվեց ԼՂՀ նախագահի հրամանագիրն ու բացեց «Արիության համար» մեդալի տուփը։ Նայեցի, բայց հուզմունքից թրջված աչքերս բան չտեսան։ Միայն մի բան խնդրեցի՝ մեդալը կախի կրծքին, որ լավ տեսնեմ։ Երկրորդ անգամ՝ երբ մայրը որդուն մի կողմ քաշած ուրախ շաղակրատում էր ու հետն էլ համառորեն հետաքրքրվում, թե ինչի համար է այդպիսի բարձր պարգեւի արժանացել, իսկ նա էլ շատ կարճ պատասխաններ էր տալիս՝ «լավ ծառայության համար, մա՛մ, լավ ծառայության»։ Ես լսում էի մոր ու որդու զրույցն ու լռում։ Ով՝ ով, բայց գոնե ես՝ փոխգնդապետի ուսադիրներով սպաս, հրաշալի գիտեմ, որ ժամկետային զինվորին հենց այնպես կառավարական պարգեւի չեն արժանացնում։ Գիտեի, բայց անզոր էի մոր թախանձանքին համառորեն տեղի չտվող, անօգնական որդուս որեւէ բանով օգնել։ Ու նորից սպայի իմ աչքերը թրջվեցին կնոջս միամտության ու որդուս տղամարդկային պահվածքից ու հասունությունից… Երրորդ անգամ՝ երբ հրաժեշտից առաջ ես ու որդիս լուսանկարվեցինք։ Ասաց. «Հայրի՛կ, արի մի հատ էլ ես ու դու միասին նկարվենք»։ Երբ հայր ու որդի կիսագրկված քարացանք ֆոտոխցիկի առաջ, շշուկով ասաց. «Առաջին անգամ եմ փոխգնդապետի հետ նկարվում»։ Նայեցի դեմքին՝ լուրջ էր, ավելի քան լուրջ…
Իսկապես, որ դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն էին։ Այդ օրը ես ավելի շատ սիրեցի կյանքը եւ այն ամենը, ինչն ինձ շրջապատում է։ Ինքս ինձ ասացի՝ Վարուժա՛ն, դու այս արեւի տակ տաքանալու, այս հողի վրա ոտ կոխելու իրավունքն ունես… Եվ իմ կյանքի ամենաերջանիկ այդ վայրկյաններին աչքիս առջեւով անցավ իմ ողջ կյանքը՝ երեխաներիս ծնունդը, դպրոց գնալը, հասունանալը… Հիշեցի՝ ավագ որդիս՝ Արթուրը, որ հիմա այսպես խինդով ու կարոտով գրկում է եղբորը, շուրջը պտտվում, նույնպես լավ ծառայության համար արժանացել է ԼՂՀ պաշտպանության նախարարի պատվոգրին։ Նայեցի, հիացա Վաչագանիս ամրակուռ կազմվածքով ու վերհիշեցի նրա դպրոցական տարիները, երբ առավոտ կանուխ, դպրոցից առաջ արթնանում էր եւ ավազե պարկերը ոտքերից ու ձեռքերից կախ տված՝ վազում էր… Այդ պարկերը (մեզնից թաքուն) հարեւան պառավին էր խնդրել, որ կարի։ Իզուր չէր։ Հիմա նա պաշտպանության բանակի բազկամարտի չեմպիոն է…
…Նայում էի տղաներիս, կնոջս, իմ ընտանիքին ու մտածում, որ հենց նրանք են ինձ տվել իմ այս կյանքով հիանալու, հայրենիքը պաշտպանելու ու սիրելու իրավունքը։
Հ.Գ.
Գրիչ էի վերցրել, որ ծառայող որդուս առաջիկա տոնը՝ Բանակի օրը շնորհավորեմ, բայց մտքերս ինձ, կամքիցս անկախ, բոլորովին այլ ուղղությամբ տարան… Այո՛, մարդ պետք է հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը սիրելու իրավունք վաստակի… Թե չէ հիմա բոլորը սիրում են իրենց հայրենիքը։ Տեսե՞լ եք մեկին, որ հակառակն ասի կամ պնդի, տեսե՞լ եք մեկին, որ չհպարտանա իր ոսկեղենիկ լեզվով, իր ժողովրդի բազմադարյա պատմությամբ, իր ժողովրդի հնամենի, ինքնատիպ մշակույթով։ Այո՛, բոլորս ենք սիրում մեր հայրենիքը, անխտիր։ Ցավոք՝ անխտիր։ Բայց արդյոք վաստակե՞լ ենք այդ իրավունքը, ինքներս արժանի՞ ենք մեր գովերգված հայրենիքին։ Օրը հազար անգամ մայրենի լեզվի վրա բռնացողը, իր զավակներին օտարալեզու կրթության տվողը արդյոք իրավունք ունի՞ ճամարտակելու մայրենի լեզվի ճոխության եւ անաղարտության մասին, փողոցային անպատկառը, օտարամոլը իրավունք ունի՞ խոսելու մեր եզակի ու անկրկնելի մշակույթի մասին, իրավունք ունի՞ հպարտանալու մեր անցյալ փառքերով, հերոսական պատմությամբ, մեր հաղթանակներով եւ դեռ տեղի ու անտեղի հանգերգելու՝ մեր բանակը հզոր է, անպարտ, մեր զինվորը հպարտ է, ուժեղ… Ո՛չ, պարոնայք, ձեր նմանները հայրենիքը սիրել չեն կարող։ Դուք իրավունք չունեք խոսելու հայրենիքի մասին, դուք ձեր շուրթերով պղծում եք այդ նվիրական ու սուրբ հասկացությունները։ Միջնադարում նմանների ոչ միայն լեզուն, այլեւ զինվորի վրա բարձրացող ձեռքն էին կտրում… Ես թերեւս իրավունք չունեմ ձեզ նմաններին զրկելու ձեր քաղաքացիական իրավունքներից, սիրո՞ւմ եք հայրենիքը՝ սիրեք, ինչքան ուզում եք բարձրաձայն արտասանեք Հայրենիք, Մեսրոպ Մաշտոց, Անդրանիկ, Նժդեհ, Նարեկացի, Էջմիածին, Մոնթե… Խնդրե՛մ, բայց ձեր շուրթերով այդ հասկացությունները պղծելու համար պարտավոր եք պետությանը հարկ վճարել. ինչքան խոցելի է ձեր վարքը, այնքան ծանր կլինի վարձքը, ինչքան սուրբ ու նվիրական է անունը, այնքան շատ՝ հարկվելիք տուրքը…
Յուրաքանչյուր ոք պետք է արժանանա հայրենիքը սիրելու իրավունքին։ Ավա՜ղ, այդ երջանկությունը՝ հայրենիքը սիրելու իրավունքը, բոլորին տրված չէ…
Տոնդ շնորհավոր, իմ սիրելի՛ որդի։ Այս տողերը գրելու իրավունքը դո՛ւ ես ինձ տվել, այո, հենց դո՛ւ, քո անբասիր վարքով ու օրինակելի ծառայությամբ, քո քաջ կեցվածքով եւ հայրենիքը սիրելու քո անմնացորդ նվիրվածությամբ։
Մենք բոլորս՝ մայրդ, եղբայրդ, հարազատներդ ու ընկերներդ, անհամբեր սպասում ենք քո տունդարձին։
Համբուրում եմ քեզ՝ քո հայր
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
փոխգնդապետ
Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #03 (868) 26.01.2011- 2.02.2011, Ազգային բանակ