Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Բ. ՀԱՅՈՑ ԳՐԵՐԸ



Ի՞նչ են հայոց գրերը, ե՞րբ են ստեղծվել, ի՞նչ ակունքներ են ունեցել։

Նախքան այս հարցերին պատասխանելը փորձենք պարզել, թե ինչ է գիրն ընդհանրապես։ Լեզվագիտությունը տվել է դրա սահմանումը՝ գիրը որևէ գաղափար, հասկացություն կամ խոսքի հնչյունական (արտասանական) միավոր արտահայտող գծագիր պատկերների, պայմանական նշանների, տառերի համակարգ է։ Ըստ այդմ, զանազանում են չորս հիմնական գրատեսակ՝ պատկերագրություն, գաղափարագրություն, վանկագրություն և հնչյունաբանություն։

Պատկերագրությունն ամենահին գրատեսակն է, որի միջոցով, ինչպես հուշում է բառն ինքը, մարդիկ միմյանց հետ գրավոր հաղորդակցվել են առանց նախադասություն կազմելու, պարզապես առարկաների գծագիր պատկերներով, որոնք արտահայտել են որոշակի միտք, իմաստ։ Որպես գրավոր խոսքի (գրի) նախնական տեսակ` այն օգտագործել են հին եգիպտացիները, չինացիները, Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդներ, ամերիկյան հնդկացիական ցեղերը, էսկիմոսները, Հայաստանի նախաբնիկները։

Գաղափարագրությունն ըստ էության նույն պատկերագրությունն է՝ միայն թե ավելի մշակված ու կատարելագործված։ Այս գրատեսակի գործածության դեպքում էլ որպես գրավոր խոսքի միավոր հանդես են եկել պատկերները, գծագիր նշանները, որոնց միջոցով մարդիկ արտահայտել են որոշակի հասկացություններ (առարկաներ, երևույթներ և այլն) ու այդ ձևով գրավոր հաղորդակցվել միմյանց հետ։

Գրի զարգացման նոր փուլ նշանավորեց վանկագրությունը, երբ բանավոր խոսքը պայմանական նշաններով գրավոր արտահայտվում էր առանձին վանկերով, որոնք որոշակի բառիմաստ էին նշանակում։

Հնչյունագրությունը բարձր զարգացած գրատեսակ է, որի երևան գալը պայմանավորվեց տառ-հնչյունային այբուբենների ստեղծմամբ, այսինքն՝ երբ պայմանական նշաններով (տառերով) սկսեցին գրավոր արտահայտել բանավոր կամ արտասանական խոսքի առանձին հնչյունները։ Բոլոր տառագիր այբուբեններն ունեն սեմական ծագում, սերում են փյունիկեցիներից, որոնցից էլ անցել են հույներին, հույներից՝ հռոմեացիներին, ըստ էության՝ նաև հայերին։

Հիշյալ գրատեսակներն անցել են զարգացման երկար ճանապարհ և դրանց միջև, անշուշտ, հազարամյակներ են ընկած։ Լեզվագիտությունը պարզել է գրերի ստեղծման այսպիսի հերթագրություն. ժամանակային առումով ամենահինը եգիպտական գիրն է (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ), այնուհետև գալիս են շումերականը (մոտավորապես նույն ժամանակաշրջանը), էլամականը, նախահնդկականը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), կրետականը, չինականը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և այլն։

Խոսքը կիսատ կմնա, եթե չասենք, թե հնագույն ժողովուրդներն ինչի վրա են գրել։ Դա էլ է պարզված՝ որպես գրանյութ օգտագործվել են պապիրուսը (բազմամյա խոտաբույս), կավե սալիկները, արմավենու տերևները, մետաղե կամ փայտե մակերեսները, մագաղաթը (հորթի մշակված կաշի) և այլն։ Այնուհետև երևան է եկել թուղթը, որի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը (Չինաստան, 2-րդ դար)։ Հայերը, որոնք գլխավորապես գրել են մագաղաթի վրա, թուղթը որպես գրանյութ օգտագործել են երկրորդ դարից սկսած։ Եվրոպայում այն իր կիրառումն է ունեցել միայն 9-12-րդ դարերում։

Անցնենք բուն հայկական գրին։

Հայկական գիրը կամ հայոց գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405թ.։ Կոչվում է նաև Մեսրոպյան կամ Մաշտոցյան գիր, որի ծագումն ուսումնասիրելու համար, բարեբախտաբար, բավականաչափ հարուստ նյութ կա։ Դրանք են հայոց ոսկեդարի՝ 5-րդ դարի պատմիչների երկերը, մասնավորապես՝ Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունները, հայագիր հնագույն մատյանները կամ դրանց պահպանված պատառիկները և այլ գրություններ, ավանդություններ։

Իհարկե, ասվածը չի նշանակում, թե մինչև Մաշտոցը հայ ազգն իր հետագա սերունդների հետ գրոց լեզվով խոսելու, նրանց գրավոր հիշատակություններ թողնելու ցանկություն չի ունեցել։ Դրա վառ ապացույցները պատմական Հայաստանի ողջ տարածքում սփռված ժայռապատկերներն են, վերծանելի և ցավոք նաև անվերծանելի զանազան նշանագրերը, որոնք պատկերագրության և գաղափարագրության խոսուն նմուշներ են։

Հետագա դարերում Արարատյան կամ Վանի պետականության ժամանակ հայոց թագավորները ազգային գիր չունենալով օգտագործում էին ասուրական և խուռիական սեպագրերը՝ գալիք սերունդներին գրություններ թողնելով իրենց հայրենաշեն գործերի, ռազմական հաղթանակների մասին։ Կգա հաջորդ պատմաշրջանը, և հայոց թագավորները կդիմեն արամերեն, պահլավերեն, լատիներեն և հունարեն գրերին՝ ժայռերին, քարակոթողներին, շինությունների որմերին դաջելով իրենց կյանքն ու հերոսություններն անմահացնող արձանագրություններ։

Չկար հայկական գիրը, և հայոց արքա Արտավազդ Բ-ն հույն մեծ մտածող Պլուտարքոսի վկայությամբ, մ.թ.ա 1-ին դարի կեսերին պատմություններ, ողբերգություններ էր գրում հունաց լեզվով։ Նրա որդի Արտավազդ Գ-ն դրամ էր հատում «Մեծ արքա Արտավազդ» հունարեն մակագրությամբ։ Հայոց եկեղեցում քարոզներ էին կարդում հունարեն և ասորերեն, որոնք անհասկանալի էին ժողովրդին։ Շնորհաշատ հայորդիները գնում, կրթություն էին ստանում օտար երկրներում, ծառայում օտար մշակույթներին՝ այդպես էլ անհաղորդ մնալով հարազատ ժողովրդին։ Հայը կորցնում էր իր ինքնությունը…

Եվ հենց այս բախտորոշ, պատմական միջոցին է, որ փայլատակեց Մաշտոցի հանճարը, և հայն ունեցավ իր գիրը, որն իր գոյության ամենամեծ փաստի՝ հայոց լեզվի, ուրեմն և հայոց ազգի հավերժության ամենաստույգ վկայությունն է, նրա հոգևոր հարստության ամենամեծ գանձարանը։ Հայոց գրով հային տրվեց ինքնապաշտպանության և ինքնապահպանության մի ամրակուռ վահան, որի անխորտակ զրահին ի չիք էին դառնալու ոչ միայն թշնամական սրի, այլև ամենակուլ ժամանակի հարվածները։

Մեր խնդիրը չէ մանրամասն անդրադառնալ հայոց գրի ստեղծման նախապատմությանը, ուստի կանգ առնենք մի քանի կարևոր հանգամանքի վրա, որոնք կարող են առավելագույնս բնութագրել և՛ Մաշտոցին, և՛ նրա կատարած գործը, և՛ հայոց գրերի առանձնահատկությունը։

Նախևառաջ աչքի է զարնում այն մեծածավալ լեզվաբանական-հետազոտական աշխատանքը, որ կատարեց Մաշտոցը՝ ուսումնասիրելով ժամանակի հայտնի այբուբենները (հունական, ասորական, պարսկական, արամեական), այսինքն՝ յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջությունը։ Մաշտոցի նպատակն էր պարզել, թե հիշյալ այբուբենները որքանով են օգտագործելի հայերենի հնչյունական համակարգի համար։ Երկար պրպտումներից հետո նա, ի վերջո, եկավ այն հաստատ համոզման, որ հայերենի հնչյունական կազմն այնքան է հարուստ և ինքնատիպ, որ եղած այբուբեններով այն լիովին արտահայտել հնարավոր չէ։ Եվ ինչպե՞ս հնարավոր լիներ, եթե փյունիկյան այբուբենը, օրինակ, ուներ 22 տառ (ձայնավորների համար տառեր պարզապես չկային), հին հունարենը՝ 24 տառ (արդեն ձայնավորների համար տառերով հանդերձ), լատիներենը՝ 23 տառ (միայն միջնադարից հետո դարձավ 24), իսկ հայերենը, ահա, ինչպես հանճարեղորեն հայտնագործեց Մաշտոցը, պետք է ունենար 36 տառ՝ իր հնչյունական կազմին համապատասխան։

Այստեղ է, ահա, որ երևաց Մաշտոցի մեծությունը՝ պետք էր ստեղծել բոլորովին նոր, ինքնուրույն, ազգային այբուբեն՝ մյուսներից զանազանվող, միայն իրեն հատուկ տառաձևերով։ Այլ խոսքով՝ Մաշտոցը լուծում էր ոչ միայն լեզվական-գեղագրական, այլև ազգային-մշակութային ինքնատիպության և ինքնուրույնության հարց, ինչը, բնականաբար, ստանում էր քաղաքական նշանակություն. հայկականությանը սպառնացող հույներին, պարսիկներին, ասորիներին դիմադարձ կանգնելու համար պետք էր նախևառաջ տարբերվել նրանցից, առանձնանալ ոչ միայն սեփական հավատով, այլև սեփական գրով և նույնիսկ գրատեսակով՝ տառաձևերով, այլ խոսքով՝ ունենալ ինքնահատուկ ազգային դիմագիծ։ Արժե ուշադրություն դարձնել մի հետաքրքիր իրողության վրա. եվրոպական լեզուները, որպես կանոն, գործածում են լատինական գրատեսակներ, խորհրդային ժամանակ և այսօր էլ դրանցից օգտվում են նաև էստոնացիները և լատվիացիները։ Իսկ ահա ԽՍՀՄ-ի մեջ մտնող մյուս ժողովուրդները գործածում էին (և այսօր էլ այդպես է) ռուսական կամ սլավոնական գրատեսակներ, բացի հայերից և վրացիներից, որոնք ունեն դարերից եկող սեփական գրատեսակներ։ Տեղին է ավելացնել, որ, ըստ պատմական աղբյուրների, վրացական գիրն էլ ստեղծվել է Մաշտոցի ամենաանմիջական մասնակցությամբ (ինչպես, ի դեպ, աղվանական գիրը, որը երկար դարեր մոռացվել է և հայտնաբերվել է միայն 1937թ. Էջմիածնի ձեռագրատանը, 12-րդ դարին պատկանող մի մատյանում)։

Մաշտոցն ստեղծեց կատարյալ հայոց գրեր և այբուբեն (հնում ասում էին՝ «սքանչելի», ինչը տեսան ու գնահատեցին ժամանակակից աշխարհի շատ մեծանուն լեզվաբաններ։ Ամենաարժեքավորը հենց այն սկզբունքն էր, որ որդեգրեց Մաշտոցը՝ «Ամեն մեկ հնչյունին՝ մեկ տառ, և մեկ տառ՝ ամեն մեկ հնչյունի համար)։ Սրանով Մաշտոցը լավագույն ընտրությունը կատարեց իրեն ծանոթ այբուբենների ստեծման սկզբունքների մեջ, որով հայոց այբուբենը զերծ էր մնում մյուս ազգերի այբուբենների էական թերությունից, երբ հաճախ միևնույն տառերը տարբեր պայմաններում արտահայտում էին տարբեր հնչյուններ (ի դեպ, այս դժվարությանն այսօր էլ հանդիպում են նրանք, ովքեր որոշում են սովորել, ասենք, անգլերեն կամ ֆրանսերեն)։ Մաշտոցը ստեղծեց մի այբուբեն, որը լիովին արտացոլում էր հայրենի բոլոր հնչյունները մեկ տառով։ Դա է պատճառը, որ հետագա դարերում նրա ստեղծած այբուբենն ըստ էության փոփոխություն չկրեց, և եթե ժամանակին (11-12-րդ դարեր) դրան ավելացվեցին և, օ, ֆ տառերը (ոչ, իհարկե, Մաշտոցի «սխալը» ուղղելու համար), ապա միմիայն հայոց լեզու մուտք գործած նոր փոխառյալ օտար բառերի ճիշտ արտասանությունից բխող անհրաժեշտությամբ։

Մաշտոցի լավագույն ընտրությունն էր նաև հայերենի աջընթաց գրության (ձախից աջ) սկզբունքի ընդունումը՝ ի տարբերություն ձախընթաց (աջից ձախ) և վայրընթաց (վերից վար) ուղղության գրությունների։ Աջընթաց գրությունը գրի զարգացման ամենաբարձր աստիճանն է։

Կանգ առնենք ևս մեկ հանգամանքի վրա. Մաշտոցի ստեղծած այբուբենի 36 տառերը հնում օգտագործվել են թվեր արտահայտելու համար։ Դրանք բաղկացած են եղել չորս շարքից։ Առաջին շարքում ընդգրկված են Ա-Թ տառերը, որոնցով արտահայտվել են միավոր թվերը (1-9), երկրորդում՝ Ժ-Ղ տառերը, որոնցով արտահայտվել են տասնավորները (10-90), երրորդում եղել են հարյուրավորները (Ճ-Ջ, այսինքն՝ 100-900), չորրորդում՝ հազարավորները (Ռ-Ք, այսինքն՝ 1000-9000)։ Այնպես որ՝ եթե հին գրություններում հանդիպեք, ասենք «ԺԴ դար» արտահայտությանը, ապա պետք է իմանաք, որ այն նշանակում է «14-րդ դար»։ Ծերենցը մի վեպ ունի «Երկունք Թ դարու»։ Եթե Թ-ն վերածենք թվի, ապա վեպի վերնագիրը պետք է կարդալ՝ «Երկունք 9-րդ դարի»։

Անշուշտ, դժվար է մեկ լրագրային հրապարակման մեջ ընդգրկել այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հայոց գրերին և այբուբենին. դրանք բավականաչափ ընդգրկուն են, խիստ մասնագիտական, հաճախ՝ վիճահարույց։ Բանավեճի առարկա են դարձել, օրինակ, այսպիսի հարցեր՝ արդյո՞ք Մաշտոցը հայոց գրերն ստեղծել է 405 թվականին, թե՞ ավելի վաղ կամ ուշ, և ընդհանրապես՝ արդյո՞ք չի եղել նախամաշտոցյան հայոց գիր և գրականություն։

Հենվելով ոչ թե վարկածների, այլ կոնկրետ փաստերի վրա՝ հայագիտությունը տվել է այս և այլ հարցերի համոզիչ պատասխանները, և հիմա մենք լիիրավ ենք հաստատելու և վերահաստատելու՝ Մաշտոցի մեծ գյուտով հայ ժողովուրդը կնքեց իր ինքնությունն ու ինքնուրույնությունը, պահպանեց իր ազգային դիմագիծը, և ահա արդեն շուրջ 1600 տարի հայոց գրերը հավատարիմ զինվորների պես ծառայում են այդ նվիրական նպատակին։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Հոգևոր-մշակութային


23/05/2012