ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 1914-1918ԹԹ.
ՆԺԴԵՀ
(Գարեգին Տեր-Հարությունյան, 1888-1955, Բալխաշ լճի մոտ, աքսորավայր)
Ծնվել է 1888թ. հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։ 1907թ. ավարտել է Սոֆիայի զինվորական ուսումնարանը։ 1908թ., որպես հեղափոխական ուժերի սպա, մասնակցում է իրանական հեղափոխությանը։ 1909թ. ձերբակալվում է և երեք տարվա բանտարկությունից հետո անցնում է Բուլղարիա։ 1912թ. մասնակցում է Բալկանյան 1-ին պատերազմին, որպես բուլղարական բանակի կազմում մարտնչող հայկական վաշտի սպայակույտի (շտաբի) պետ։ Հրամանատարն Անդրանիկն էր։
1914թ. Գարեգին Նժդեհը կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանի տեղակալն էր։ Ռուս գեներալներ Կալիտինի, Տրուխինի և Կուլեբյակինի միահամուռ վկայությամբ, նա իրեն դրսևորել է որպես բանիմաց ու խիզախ սպա։ 1918թ. Նժդեհն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Ղարաքիլիսայի ճակատամարտի կազմակերպմանը, իսկ հետագայում՝ Զանգեզուրի պաշտպանությանը թուրքական ու թուրքամետ զավթիչներից։
ՆԺԴԵՀԻ ԵՐԳԸ
Արազի ափին ծնված դու ընկեր,
Էն Արազին մենք մատաղ,
Մութ բանտերում տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ։
Ուռռա, ուռռա, ուռռա,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։
Ցարը վախեցավ, քեզ աքսորեց
Իր աշխարհեն շատ հեռուն,
Մեզ մոտ եկար, բարով եկար,
Նոր իդեալներ մեզ բերիր։
Ուռռա, ուռռա, ուռռա,
Գարեգինի սուրը շողշողա։
Արյան դաշտում, կռվի դաշտում,
Սուրդ շողա, քաջ Նժդեհ,
Ուռռա, առաջ, դու գոռացիր,
Կուրծքդ խաչով զարդարեցիր։
Ուռռա, ուռռա, ուռռա,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա…
ԻՆՔՆԱՎԱՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՅԼԵՐԳԸ
Մեր սարեր անառիկ ու հպարտ,
Մեր որդիք կորովի և անպարտ,
Խոր ձորեր Սյունիքի ահավոր,
Շիրիմ են թշնամու դարավոր։
Թշնամին հազարով միշտ մեր դեմ,
Կուրծք կրծքի մենք կանգնած նրա դեմ,
Չենք դողում, չենք սարսում մենք մահից,
Մեր մահը՝ թեթև թիթեռի թևից։
Ինքնավար Սյունիքին ցանկանք,
Միշտ լինել թշնամու սպառնանք,
Շատ ապրի մեզ համար այսուհետ,
Շատ հերոս Նժդեհ սպարապետ։
-Ուժն է ծնում իրավունք։ Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ… Ուզո՞ւմ ես փրկվել. եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում։ Իսկ ուժիդ ապացույցը տալու համար ցույց տո՛ւր երկու բան. առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն, իմաստալի մահով, երկրորդ, որ գիտես մեռցնել… Այսպես պիտի մտածի և ուժ հավաքի մեր սերունդը, մեր ցեղը այսօր, վաղը, հուր-հավիտյան, քանի կա մարդագայլը, քանի ՎՐԵԺԻ ցասումը չի հանդարտվել և չպիտի հանդարտվի…ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ
Ցեղակրոնությունը,
Լոզանում և Լոզանից հետո՝ անասելիորեն վիրավորված, անարգանքի փոշիների մեջ գցված, իր խորքի մեջ ապտակված, ցնցված հայ հոգու ծնունդն է։
Ապրել առանց սեփական իրավունքի, արժեքի և արժանիքի գիտակցության, առանց ներքին հպարտության, առանց սեփական կյանքի – չի կարելի այլևս, նորահաս սերունդն այդպես չպետք է ապրի։
Անցեղաճանաչ, անզոր ու նվաստ է հինը։
Մեզ պետք է նո՛ր հայը, որին սպասում ենք ցեղակրոնությունից։
Մեզ պետք է ցեղակրոն հայը, որ զորեր դիմանալ մերօրյա քաղաքական աշխարհին։
Ցեղակրոնությունը ցեղի ճանաչումն է, ճանաչումը մի գերբնական ուժի, էության։
Երկրորդ՝ այդ ուժ-էությունից ծնված լինելու գիտակցությունն է։
Ապա՝ այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու ուխտն է։
Ա.
Ես ցեղակրոն եմ։
Երդվո՛ւմ եմ ահա Վահագնի աջի վրա, երբեք չմեղանչել ուխտիս դեմ – ապրե՛լ, գործե՛լ ու մեռնե՛լ որպես ցեղամարդ։
Բ.
Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը – դա հնազանդվելն է ցեղիս։
Գ.
Ես ցեղաճանաչ եմ, և ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության, գիտեմ, թե ինչի է ընդունակ իմ ցեղը։
Դ.
Ես ցեղահավատ եմ, և ահա պաշտում եմ մեկ այլ աստվածություն – ցեղիս արյունը, որի անարատության մեջ է ցեղիս ապագան։
Ե.
Ես ցեղահաղորդ եմ, և ահա զգում եմ, որ իմ անձն ավելի իր գերագույն ծնողին՝ իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին։
Զ.
Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականություն ունեմ ես, և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը։
ԶԻՆՅԱԼ ՄԱՐԳԱՐԵՆ
Գարեգին Նժդեհին
Մենք ուրացյալ նրա հավատամքը խորին,
Եվ կուրացյալ ստի մշուշներում պատիր,
Որպես ամբոխ մի հեղգ, որ մատնել է սրբին,
Վտարեցինք նրան մեր ոգեղեն երթից…
Եվ սին հույսի կարմիր առագաստը պարզյալ
Առանց նրա ելանք նավարկության մի նոր,
Եվ խեղդվեցինք մեր իսկ հայրենիքում կիսյալ,
Յոթնապատիկ անդեմ մեղավոր ու մոլոր…
Եվ մոռացյալ վարքը Արիների՝ ցեղի
Հանուն չեղյալ գոյի սպանեցինք զմեզ,
Եվ զառանցանք է արդ ցեղակրոն ոգին,
Եվ ուղեղի ցավ է հայրենիքը մեր մեծ։
Բայց սրբազան լույսից հիշատակաց մերո,
Երբ դավերի գուժկան մութ է գալիքն հիմա
Երբ խլել են մեզնից մեր անցյալն ու ներկան,
Բարձրանում է նորից մեր մարգարեն զինյալ…
Մոտենում է խոցյալ, խորհրդավոր, խորին,
Որպես ցեղի զինվոր, որպես Հայր ու Որդի,
Եվ օրհնելով փառքը արյունի ու սրի
Մեզ տանում է մի նոր ցեղակրոն ուխտի…
ՎԱԶԳԵՆ ԴԱՂԲԱՇՅԱՆ
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Կամավորական 2-րդ ջոկատի 1-ին վաշտի մարտիկներն են։ Կենտրոնում՝ Գարեգին Նժդեհն է, ջոկատի հրամանատարի տեղակալը։
Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Պատմության էջերից