Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ



Ավելի քան 20 ամիսների անմնացորդ ծառայություն հայրենիքին, դերասանական ստուդիա, պրոֆեսիոնալ սպորտ, բարձրագույն դիվանագիտական կրթություն` այս ամենն ամփոփված է մեկ զինվորի` սերժանտ Վլադիմիր Նալջյանի մեջ, ում ընկերները մտերմաբար Վլադ են ասում:

6 տարեկանից մասնակցել է կարատեի պարապմունքների: 1 տարի անց` ընդունվել Սոֆի Դևոյանի պարային ստուդիա: 9 տարեկանում կրկին նվիրվել կարատեին` Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ: Այդ սպորտաձևի հանդեպ սերը նրա մեջ ներարկել է տնային տնտեսուհի մայրը: Տիկին Սվետլանան ամեն ինչ արել է, որ օրինակելի քաղաքացիներ լինելուց բացի, զավակները նաև պրոֆեսիոնալ մարզիկներ դառնան:

Վլադի եղբայրը` Էրիկը, չնայած 15 տարեկան է, համարում է, որ հենց բանակում ծառայող եղբոր օրինակն է եղել վարակիչ. 8 տարեկանում դարձել է կարատեի Հայաստանի չեմպիոն: Հաջողությամբ համատեղում է ուսումը, սպորտն ու մշակույթը:

– Առաջին անգամ ես ու եղբայրս մրցումների դուրս եկանք 2005թ.,- պատմում է Վլադի եղբայրը` 2008թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը` Էրիկը, ով առանց բացառության, բոլոր մենամարտերում միայն հաղթել է: – Պետք է 3 մրցակցի հետ մրցեի նախ ես, ապա` Վլադը: Երբ երկուսին հաղթեցի, 3-րդը հրաժարվեց ռինգ դուրս գալ: Քիչ անց Վլադը իր քաշային կարգի 3 մրցակիցներին ևս հաղթեց և նույնպես դարձավ Հայաստանի չեմպիոն: Մեր ուրախությունն անսահման էր, բոլորը շնորհավորում էին մորս, ասում` «երջանիկ ծնող ես, որ նույն օրը 2 զավակներդ դարձան չեմպիոն»:

Վլադի հայրենասիրությունը վառ դրսևորվեց դպրոցում, Վազգեն Սարգսյանի հիշատակի ոգեկոչմանը նվիրված բեմականացման ժամանակ: Նրա խաղացած Սպարապետի դերը հաջողված էր. այն պատանի դպրոցականին ստիպեց լրջորեն մտածել հայրենիքի ազատության և հայոց անպարտ բանակի մասին: 10-րդ դասարանում մասնակցեց Լաս Վեգասում կայացած դուքենդո կարատեի աշխարհի առաջնությանը: Արագաշարժ մեքսիկացուն գետնին տապալելուց հետո Վլադը քաշային կարգով իրենից ծանր ամերիկացի մարզիկի ուժերը ջլատեց, ապա նոկաուտով ռինգում փռեց: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Նալջյանը ԱՄՆ-ում հաղթելով ամերիկացուն, դարձավ աշխարհի չեմպիոն` ծածանելով հայոց եռագույնը:

Ավարտելով համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի 2-րդ կուրսը, ապագա դեսպանը 2010-ի հունիսին զորակոչվեց Հայոց բանակ:

– Ծնվել եմ Երևանում, ավարտել Երևանի Գոգոլի անվան N 7 միջն. դպրոցը,- պատմում է կարատե-դուքենդոյի աշխարհի չեմպիոնը: -Մանկուց լրջորեն զբաղվել եմ այդ մարզաձևով: Հայաստանում և արտերկրում բազմաթիվ հաղթանակներ եմ տարել: Ծառայությունս իրականացնում եմ փոխգնդապետ Գ. Մարգարյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Բանակում շատ բան սովորեցի` սրբորեն կատարել հայրենիքի հանդեպ պարտքս, լավ հարաբերություններ հաստատել ծառայակից ընկերներիս հետ:

Չեմ կարողանում հասկանալ այն տղաներին, ովքեր խուսափում են ծառայել բանակում: Չէի ասի, թե նախքան բանակ զորակոչվելս, չեմ ունեցել հաստատուն բնավորություն: Բայց այստեղ եղածին անպայման ինչ-որ բան ես ավելացնում` նոր և կարևոր: Շատ բան սովորեցի իմ հրամանատարից` փոխգնդապետ Գ.Մարգարյանից, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Կ. Ավանեսյանից, որի համար նրանցից անչափ շնորհակալ եմ:

Բանակն անձամբ ինձ տվել է հայեցի մտածելակերպ, տղամարդկային հատկանիշներ, անելանելի իրավիճակներում շտապ կողմնորոշվելու և դրանցից հեշտությամբ դուրս գալու ընդունակություն:

Բացի իմ առօրյա ծառայությունից, զորամասում ծառայակից ընկերներիս մարզում եմ, սովորեցնում ձեռնամարտի հնարքներ, որոնք անչափ կարևոր են ինքնապաշտպանության համար:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Ազգային բանակ


23/05/2012