Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ



Երկրապահի օրը, Շուշիի ազատագրման տարելիցը միշտ էլ առանձնահատուկ տոն է այն սպաների համար, ովքեր անցնելով պատերազմի միջով, շարունակում են իրենց ջանքերը ներդնել բանակի զարգացմանն ու հզորացմանը։ Այդ մարդիկ՝ սպաները, առանձնանում են իրենց համեստությամբ, և նույնիսկ իրենց ենթակա զինվորները հաճախ չեն էլ իմանում, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ փորձություններ են հաղթահարել նրանք։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Արմեն Ավագյանը ծնվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Նրա հայրը՝ Արթուր Ավագյանը, 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Ամեն օր ընտանիքի անդամներին նստեցնում էր մեքենան ու գնում Ստեփանակերտ՝ միտինգի։ Երբ իրավիճակը սրվեց, խորհրդային զորքի ուղեկցությամբ Արցախում հայտնվեցին ադրբեջանական օմոնականները։ Սկսվեց բռնությունների շրջանը։ Մարդկանց տանում էին Շուշիի բանտը և տանջում։ Բադարայից ձերբակալեցին տասնհինգ մարդու։ Արթուր Ավագյանի հետևից էլ եկան։

-Հայրս օրինապահ մարդ էր ու ուզում էր հանձնվել, բայց ես նրան զոռով տարա այգու վերջը և թաքցրի։ Մայրս էլ օմոնականներին խաբեց, ասաց, որ արդեն տարել են։ Այդ ժամանակ մենք Աստված էինք կանչում, որ խորհրդային բանակի զինվորները հեռանան, ու ադրբեջանցիների հարցերը լուծենք,- հիշում է Արմենը։

Դպրոցական, անչափահաս տղաներին կամավորական ջոկատների հրամանատարները հեռու էին պահում մարտական գործողություններից։ Այդպես արեց Ժիրայր Սեֆելյանը 1991-ի դեկտեմբերի 23-ին Լեսնոյի ազատագրման ժամանակ։ Արմենը մնաց երկրորդ գծում, այսպես ասած, պահեստային ուժերի շարքում։ Միշտ այդպես էր վարվում Բադարայի ջոկատի հրամանատար Կարեն Արզումանյանը։

-Մենք փամփուշտ էինք մատակարարում, պայթուցիկներ սարքում և հսկում գերիներին։ Շատ պայթուցիկներ պատրաստեցինք գյուղի լիմոնադի արտադրամասի նյութերից։ 1992-ի աշնանը արդեն ջոկատի լիարժեք անդամ էի։ Այսպիսով, տասնյոթ տարեկանից Արմեն Ավագյանն սկսում է զինվորական ծառայությունը։

1995-ին նրան նշանակում են վաշտի հրամանատար: Մի քանի տարի անց՝ ինժեներական ծառայության պետ, ապա սովորում է ՌԴ ակադեմիայում, վերադառնալով նշանակվում է ծառայության պետ։ 2011-ից՝ զորամասի շտաբի պետ։

Փոխգնդապետ Արմեն Ավագյանը պարգևատրվել է «Արիության», ԼՂՀ «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական, ԵԿՄ մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով։ Նա ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ, որդուն անվանակոչել է Արարատ և նրա հետ առանձնահատուկ հույսեր է կապում։

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Ազգային բանակ


23/05/2012