ԵՐԿՆՔԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Թեև հայ ժողովուրդը վիթխարի ներդրում ունեցավ Խորհրդային Միության գիտության, պաշտպանության, մշակույթի և տնտեսության զարգացման բոլոր ճյուղերում, բայցևայնպես այդ երկիրն իր գոյության յոթանասուն տարիների ընթացքում վարեց ադրբեջանամետ, ավելի ճիշտ՝ թուրքամետ քաղաքականություն։ Այդ քաղաքականությունն առավել ակնհայտ երևան եկավ արցախյան պահանջատիրության ընթացքում, երբ Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարների ջանքերով Սումգայիթում և Բաքվում բորբոքվեցին հակահայկական տրամադրություններ, կազմակերպվեցին ցեղասպանությանը բնորոշ կոտորածներ։ Չհասնելով իրենց նպատակին, չկարողանալով ընկճել հայի ազատատենչ ոգին, նրանք կատարեցին նոր հանցանք՝ ադրբեջանցիներին հանձնեցին Անդրկովկասի ամենահզոր՝ 4-րդ բանակի ռազմական տեխնիկան և սպառազինությունը՝ հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ… Սկսվեց Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու քաղաքների անարգել հրետակոծությունը։ 1991-1992թթ. գրեթե ամեն օր օդային հարձակման էր ենթարկվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք չունեինք ռազմական ավիացիային դիմակայող հակաօդային պաշտպանության լուրջ միջոցներ և թշնամու օդուժի դեմ պայքարում էինք եղած մի քանի դյուրակիր «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիրներով, սովորական հրաձգային տեխնիկայով ու երբեմն էլ հաջողության հասնում։ Հակառակորդի յուրաքանչյուր թռչող օբյեկտի ոչնչացումը ոգևորում ու գոտեպնդում էր ոչ միայն ազատամարտիկներին, այլ նաև ամբողջ ժողովրդին։
Իրավիճակը հիմնովին փոխվեց, երբ 1991թ. դեկտեմբերին ազդարարվեց ԽՍՀՄ-ի «մահը», և կամաց-կամաց տարածաշրջանից հեռացան խորհրդային զորքերը։ Նոր-նոր կազմավորվող հայկական բանակի սակավաթիվ ՀՕՊ մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին` թալանված դիվիզիոնները վերականգնելու, մարտական վիճակի բերելու համար։ Գործընթացն ավելի արագ զարգացավ ԼՂՀ-ում, ուր զորատեսակը համալրեցին շնորհալի ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները։ Շատ չանցած` Արցախի երկնքում Ադրբեջանի օդուժի ունեցած գերիշխանության վերջը տրվեց։ Կորցնելով մոտ երեք տասնյակ ուղղաթիռ և ինքնաթիռ, 1994թ. գարնանը Ադրբեջանի իշխանավորները հասկացան, որ ռազմական ճանապարհով այլևս չեն կարող հասնել Արցախին կրկին տիրելու իրենց նպատակին և հրադադարի պայմանագիրն ստորագրելով, բռնեցին քաղաքական խարդավանքի ուղին։
Հետպատերազմյան տասնութ տարիների ընթացքում ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակում, այնպես էլ ՀՀ ազգային բանակում վիթխարի աշխատանք է տարվել աներեր հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Միաժամանակ, ՀՀ ՀՕՊ զորքերը համագործակցում են ԱՊՀ անդամ մի շարք երկրների ԶՈՒ-ի ՀՕՊ զորքերի հետ` միմյանց օդային սահմանները համատեղ ուժերով պաշտպանելու համար։
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի մարտունակությունը պարբերաբար ստուգվում է զինակիցների հետ անցկացվող զորավարժությունների ընթացքում, որոնցից վերջինը տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերին ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկի զորավարժարանում, որտեղ մեր ստորաբաժանումներն արժանացան ամենաբարձր գնահատականին։
Զորատեսակի օրվա առթիվ այցելեցինք 2011թ. արդյունքներով լավագույնը ճանաչված և պատվո դրոշի արժանացած` գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկը։ Դիվիզիոնի շտաբի պետ մայոր Ա. Պետրոսյանն ասաց, որ դիվիզիոնը ոչ մի խնդիր չունի և միշտ պատրաստ է կատարելու հնարավոր մարտական խնդիրները.
-Պարբերաբար ընդունում ենք զորամասի կողմից տարվող մարտական հերթապահությունը։ Այդ ժամանակահատվածում պատասխանատվությունը հասնում է գագաթնակետին։ Մարտական հերթապահությունը փոխանցելով մեկ այլ դիվիզիոնի` մենք շարունակում ենք մնալ հերթապահության մեջ, բայց արդեն պասիվ վիճակում։ Այսինքն, միշտ տեղում ենք, հետևում ենք օդային իրադրությանը, ուղեկցում ենք տարածաշրջանով անցնող բոլոր ինքնաթիռները։ Դիվիզիոնում ամբողջությամբ իրականացվում են մարտական պատրաստության ծրագրի պահանջները, ուսուցանվում են ինչպես մասնագիտական, այնպես էլ համազորային բոլոր առարկաները։ Պարբերաբար ստուգվում են մարտկոցների անձնակազմերը, իսկ ամսվա վերջին զորամասի հրամանատարն անձամբ է ստուգում ամբողջ դիվիզիոնի անձնակազմին։ Նա շատ է կարևորում և մեծ ուշադրություն է դարձնում սպաների մասնագիտական պատրաստվածությանը։ Դիվիզիոնում շատ բարձր է կարգապահությունը և, իրավամբ, լավագույններից մեկն է զորամասի կազմում։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ
Երբ դիվիզիոնի հրամանատարի տեղակալ մայոր Զ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ մոտեցանք հրամանատարական կետին, այստեղ տարվող հերթափոխի պետ կապիտան Տ. Հարությունյանը հստակորեն զեկուցեց հերթապահության ընթացքի մասին։ Աշխատանքային մթնոլորտ էր։ Իրենց տեղում էին կապավորը, պլանշետավարը, գրառողը…
-Մեր երիտասարդ, բանիմաց ու վստահելի սպաներից է,- այսպես ներկայացրեց կապիտան Տ. Հարությունյանին հրամանատարի տեղակալը։
-Ես ծնունդով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանից եմ, ինչպես ընդունված է ասել՝ Զոդից։ Արցախյան պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում ադրբեջանցիները Նախիջևանից կրակում էին մեր տարածքների, գյուղերի վրա։ Այդ ժամանակ էլ որոշեցի, որ պիտի զինվորական դառնամ։ Ավարտեցի դպրոցը և նույն տարում էլ ընդունվեցի ՌԴ օդատիեզերային պաշտպանության ակադեմիա։ 2007-ին ավարտեցի ուսումս, վերադարձա ու սահմանամերձ զորամասում նշանակվեցի «ՕՍԱ-ԱԿ»-ի դասակի հրամանատար։ Այժմ մարտկոցի հրամանատարի տեղակալ եմ։ Ծառայությունը, մարտական հերթապահության կազմակերպումը, կատարվում են հավուր պատշճի։ Մանավանդ հերթապահությունից առաջ կարևորում ենք զինվորների հանգիստը։ Հոգնած, գիշերը լավ չքնած զինվորին մարտական հերթապահության մեջ ընդգրկելը վտանգավոր է։
♦♦♦
Կապավորը շարքային պայմանագրային զինծառայող Գրիգոր Հովհաննիսյանն էր, պլանշետավարը՝ շարքային Օգսեն Միրզոյանը։ Այստեղ էր նաև էլեկտրամեխանիկ, նույնպես շարքային-պայմանագրային Բագրատ Բաղդասարյանը։
-Դիվիզիոնը համալրված է և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային ծառայության զինվորներով,- ասաց մայոր Զ. Հովհաննիսյանը։
ՄԱՐՏԿՈՑԸ
Մարտկոցի հրամանատարը կապիտան Ա. Հարությունյանն է։ Նա նույնպես ՌԴ օդատիեզերային պաշտպանության ակադեմիայի շրջանավարտ է։ Արթիկցի տղան ութերորդ դասարանից ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որն ավարտելուց հետո էլ ընտրել է ՀՕՊ մասնագիտությունը։ Ավարտելով ակադեմիան, վերադարձել է հայրենիք ու ծառայության անցել։
-Լավ է, որ սպան նույն համակարգում տարբեր ծառայություններ է կատարում։ Այդ ձևով նա ամբողջ համալիրի աշխատանքին է տիրապետում։ Ես գոհ եմ իմ ողջ անձնակազմից։ Նրանք բոլորն էլ ամբողջությամբ տիրապետում են իրենց մասնագիտությանը, կարգապահ են ու ընկերասեր։ Վստահ եմ, եթե հարկ լինի, մարտկոցն իր առաջադրանքը կկատարի ամենաբարձր մակարդակով։
♦♦♦
Ավագ լեյտենանտ Ն. Առստամյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Տեղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՌԴ օդատիեզերային պաշտպանության ակադեմիան։ Վերադառնալով, նա ծառայության է անցել ՀՀ ազգային բանակում։ Զորամասի հրամանատարությունը վստահ է, որ նա իրեն շատ լավ կդրսևորի։
♦♦♦
Մարտկոցի հրամանատարը գովեստի խոսքեր ասաց շարքային Ասլան Սարգսյանի մասին.
-Այն տղաներից է, որոնք առանց վարանելու ընդունում և հաջողությամբ տանում են մարտական հերթապահության պատասխանատվությունը։
Ասլանը Մեղրիից է։ Նա սովորել է Քաջարանի N 1 միջնակարգ դպրոցում, որից հետո, 2007թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ 2011-ին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ։
♦♦♦
Մարտկոցի մարտական ղեկավարման բաժանմունքի ավագ օպերատոր շարքային Մհեր Գրիգորյանը նույնպես աշխատանքի ծանրության հիմնական կրողներից է։ Նա էլ կապանցի է, տասնինը տարեկան։ Դպրոցից հետո ընդունվել է հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը և մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել բանակ։
♦♦♦
Դիվիզիոնի երիտասարդ սպաներից առանձնանում է նաև լեյտենանտ Արմեն Վիրաբյանը։ Նա հաշվարկի պետն է։ Արմենը հրազդանցի է, զինվորականի որդի։ 2006թ. ընդունվել, 2010-ին ավարտել է ճարտարապետաշինարարական համալսարանը։ Զորակոչվելով պարտադիր ժամկետային ծառայության, նա սովորել է ուսումնական զորամասում, ստացել ավագի կոչում, իսկ հետագայում արդեն այստեղ՝ մարտական դիվիզիոնում, ընդունել է ծառայությունը որպես սպա շարունակելու առաջարկը և ստացել սպայական կոչում։
ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԱՐԿՏՈՑԸ
Կապիտան Ս. Աղաջանյանը` մարտկոցի հրամանատարը, նույնպես ՌԴ օդատիեզերային պաշտպանության ակադեմիայի շրջանավարտ է։ Նա ստեփանավանցի է, տեղի Ստեփան Շահումյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ։ Ակադեմիան ավարտելուց հետո ծառայել է զորամասի տարբեր դիվիզիոններում։ 2011թ. սեպտեմբերին Աշուլուկի զորավարժության ժամանակ նա հայկական անձնակազմի տեխնիկական ապահովման խմբում էր։
Ըստ կապիտան Ս.Աղաջանյանի, մարզումները, փորձերը ցույց են տալիս, որ մեկնարկային մարտկոցն ի զորու է նորմատիվային լավագույն ժամանակահատվածում տեխնիկան նախապատրաստել մարտական կրակի։
-Իմ ղեկավարած մարտկոցում էլ են ծառայում գրագետ, կիրթ ու նվիրված զինվորներ, նրանցից են արձակման համալիրի հրամանատարներ, դասակի հրամանատարի տեղակալներ կրտսեր սերժանտներ Գագիկ Հարությունյանը, Հայկ Նավասարդյանը, շարքայիններ, հաշվարկի համարներ Սամվել Սուքիասյանը, Խաչիկ Սվարյանը և ուրիշներ։
Հետո զրույցի ընթացքում պարզվեց, որ Գագիկը հրազդանցի է, 2008-ին ընդունվել է պետական տնտեսագիտական համալսարանը, երկրորդ կուրսից եկել է բանակ։ Նրա ծառայությունը մոտենում է ավարտին։ Հայկը Տավուշի Բերդ ավանից է։ Նա 2004-2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Սովորելու տարիներին Հայկն զբաղվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով։
♦♦♦
Դիվիզիոնի օդային դիտորդը դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ջոկի հրամանատար, ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի շրջանավարտ շարքային Վազգեն Հովհաննիսյանն էր։ Նրանից ոչ շատ հեռու ԴԶՀՀ մարտական հերթապահություն էր կատարում շարքային Գառնիկ Ասատրյանը։
Երկինքը խաղաղ էր:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան