ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԶՈՐԱԽԱՂԵՐ
Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի նախագահի որոշմանը, որով այլ պետությունների, այդ թվում նաև Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին թոււյլատրվում է Ուկրաինայի տարածքում կազմակերպել միջազգային զորախաղեր:
Մինչ այժմ, Ուկրաինայի օրենսդրությամբ արգելվում էր երկրի տարածքում օրենքով չնախատեսված զինված կազմավորումների գործունեությունը:
Ըստ այդմ, միայն այս տարվա ընթացքում Ուկրաինան, որը չի անդամակցում որևէ ռազմաքաղաքական դաշինքի, իր տարածքում երկու համատեղ զորավարժություններ կանցկացնի Միացյալ Նահանգների, մեկը Ռուսաստանի, ու ևս մեկը՝ Բելառուսի ու Ռուսաստանի հետ:
Ուկրաինայի օրենսդիր մարմնի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անատոլի Գրիցենկոն այս առնչությամբ հայտարարել է, որ «երկրի տարածքում համատեղ զորախաղերի անցկացումն ուկրաինական բանակի մարտունակության բարձրացման միակ ճանապարհն է»:
Բոլոր այս զորախաղերի անցկացման համար պետբյուջեից կհատկացվի 5 միլիոն գրիվնա այն դեպքում, երբ մասնակից մյուս պետությունները զորախաղերին տրամադրում են յոթ անգամ ավելի շատ գումար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական