Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ



ԵվրոՀՀՊ. Մոսկվան կարող է վերանայել իր մոտեցումները

ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաներկայացուցչական` 50 պետությունների ղեկավարների, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գումարված Չիկագոյի գագաթնաժողովի անպտուղ լինելու հարցում համամիտ են ռուսաստանյան բոլոր փորձագետները: Ըստ այդմ, և՜ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի, և՜ աֆղանական խնդրի կարգավորման ասպարեզներում Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի հղած հարցերը դեռեւս մնում են օրակարգում: Ավելին, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը գագաթնաժողովի ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է վերախմբագրել ՆԱՏՕ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցումները, և Մոսկվան այժմ մանրամասն վերլուծում է Չիկագոյի գագաթնաժողովի արդյունքները, որպեսզի պարզի, թե Դաշինքի ղեկավարությունն ինչ խորությամբ է ըմբռնում իր որդեգրած ուղեգծի հետևանքները ռազմավարական կայունության պահպանման հեռանկարում:

Չիկագոյում ընդամենը վերահաստատվեց միջազգային զորախումբը մինչև 2014 թվականը Աֆղանստանից դուրս բերելու` նախկինում ընդունված որոշումը, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը «հանդիսավոր պայմաններում» հայտարարեց ԵվրոՀՀՊ կազմավորման առաջին փուլի ավարտի մասին, ինչը հատկապես անհանգստացնում է Մոսկվային՝ համակարգը Ռուսաստանի դեմ չուղղելու վերաբերյալ ռազմատեխնիկական բնույթի գրավոր երաշխիքներ պահանջելով, ինչպես նաև ձգտում է ստեղծվող համակարգի ուժերն ու միջոցներն այնքան հեռացնել ՌԴ սահմաններից, որ անգամ տեսականորեն բացառվի հրթիռների մուտքը Ռուսաստանի տարածք:

Սակայն, ինչպես և սպասվում էր, Չիկագոյում Ռուսաստանին ներկայացվեցին միայն քաղաքական բնույթի երաշխիքներ և արվեցին ընդհանուր հայտարարություններ այն մասին, որ ԵվրոՀՀՊ-ն չի խախտի գլոբալ կայունությունը:

Ռուս փորձագետները մատնացույց են անում այն հանգամանքը, որ միմյանց նկատմամբ հիմնարար վստահության բացակայության պայմաններում խոսքերին ոչ ոք չի հավատում, իսկ իրավական երաշխիքների շրջանցման եղանակներ միշտ էլ կարելի է գտնել և կամ չեղյալ հայտարարել ցանկացած համաձայնագիր:

Ո՜չ Մոսկովյան կոնֆերանսում, և ո՜չ էլ Չիկագոյի համաժողովում դիրքորոշումների մերձեցում չարձանագրվեց, և վերջնականապես պարզ դարձավ, որ մինչև ԱՄՆ նոր նախագահական ընտրությունները ԵվրոՀՀՊ-ի խնդրում որևէ տեղաշարժ չի արձանագրվի, քանի որ դա կարող են անել միայն երկու գերտերությունների նախագահները, եթե դրսեւորեն այնպիսի քաղաքական կամք, ինչպիսին Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման ցուցաբերեցին Հարձակողական ռազմավարական սպառազինության կրճատման երրորդ համաձայնագրի ստորագրման ժամանակ: Համաձայնության գալու որոշ հնարավորություններ կան միայն Օբամայի վերընտրվելու դեպքում, սակայն, միևնույն է, հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է Միացյալ Նահանգները Ռուսաստանին թույլ տան ներթափանցել իրենց ռազմավարական շահերի ոլորտ:

Բացի այդ, դեռևս հարկ է հստակեցնել երկու պետությունների համար ընդհանուր սպառնալիքների ցանկը, որի շուրջ Մոսկվան ու Վաշինգտոնը տարակածիք են:

Այս համապատկերին բավական հետաքրքիր դիտարկում է կատարել Լեհաստանի նախկին փոխարտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, պնդելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարող երաշխավորել մինչև 2018 թվականը Լեհաստանում ԵվրոՀՀՊ բաղադրիչների տեղակայումը, քանի որ նա իրականում դուրս է եկել այս նախագծից. նրա պաշտոնավարության ժամկետը նոյեմբերին լրանում է, իսկ նոր նախագահը, անկախ նրանից՝ Օբաման կլինի, թե ուրիշը, Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերություններում ԵվրոՀՀՊ-ն դարձնելով մանրադրամ, բանակցությունները կսկսի նոր կետից:
Առայժմ կողմերը հերթապահ տոնով հավաստիացնում են, որ Չիկագոյից վերադառնալուն պես հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալման ճակատագրի շուրջ երկխոսությունն անկասկած կշարունակվի…

Իսկ ահա սպառազինությունների մրցավազքի նոր փուլ դեռևս չի սկսվի, քանի որ մինչ այդ խնդրի լուծումները կորոնվեն տարբեր` աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմատեխնիկական հարթություններում:

Աֆղանստանի ճակատագիրը 2014-ից հետո

Նույնքան անորոշ է պատկերանում նաև Աֆղանստանի հետագա ճակատագիրը մինչև 2014 թվականի ավարտը միջազգային խաղաղապահ ուժերի երկրից դուրսբերելուց հետո: ՆԱՏՕ-ի ղեկավարությունն ու Ամերիկան խոսում են միայն Աֆղանստանին ցուցաբերվելիք տնտեսական օգնության անհրաժեշտության մասին, իսկ մնացածն այնքան էլ պարզ չէ, և այս հարցում հստակության հասնելու համար բավական կարևոր է Ռուսաստանի որդեգրելիք դիրքորոշումը, քանի որ այժմ Վաշինգտոնն ու Իսլամաբադը բանակցում են Աֆղանստան բեռների փոխադրման հարավային երթուղու բացման շուրջ:

Նման պայմաններում բեռնափոխադրման հյուսիսային երթուղին, որն առաջարկում է Ռուսաստանը, թեև դառնում է երկրորդական, սակայն առանց Ռուսաստանի ո՜չ ՆԱՏՕ-ն և ո՜չ էլ Միացյալ Նահանգները չեն կարող 2014 թվականից հետո, երբ երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը կհանձնվի այս երկրի իշխանություններին՝ ապահովելու կայունությունը Աֆղանստանում:

Մի շարք ռուս փորձագետների պնդմամբ, ԱՄՆ-ը շատ է ցանկանում հեռանալ Աֆղանստանից, բայց չի կարողանում գտնել դա պարտության չվերածելու եղանակը, հատկապես, երբ իր զորախումբը ժամկետից շուտ ետ կանչելու Ֆրանսիայի որոշումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել Դաշինքի անդամ պետություններում ու Միացյալ Նահանգներին միայնակ թողնել Աֆղանստանում:

Փորձագետների մի մասի կարծիքով, ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանում մնալը համընկնում է Ռուսաստանի շահերին, սակայն, միևնույն է, ԱՄՆ-ն ու դաշնակիցները ստիպված են իրենց իսկ նշած ժամկետներում հեռանալ:

Իսկ ահա ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության նախկին պետ, պահեստի գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի համոզմամբ, Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին պետք է աջակցի Աֆղանստանից սահմանված ժամկետներում հեռանալու հարցում, քանի որ միջազգային զորախմբի ներկայությունը ոչ միայն անվտանգության որևէ նոր երաշխիք չստեղծեց, այլև, ընդհակառակը, երկրում մեծացավ թմրանյութերի արտադրությունը. «Իսկ ահաբեկչության վտանգը մեծանում է ոչ թե ԱՄՆ-ի հեռանալու, այլ նրանց պահվածքի պատճառով, երբ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ոչ միայն միջամտելու տարբեր պետությունների գործերին, այլեւ տեղերում վարչակարգեր փոխելու»:

Ըստ Իվաշովի, Ռուսաստանը Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների հետ միասին ի զորու է միջազգային խաղաղարար զորախմբի հեռանալուց հետո ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, իսկ ահա Չինաստանի հետ պետք է համարժեք պատասխան մշակի ԵվրոՀՀՊ-ի ծավալման նկատմամբ:

Պատրաստեց Տ. Դեվրիկյանը

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/05/2012