Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՐԱՏԻ ՓԵՇԻՆ ԱՊՐԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ



երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոհերը հայոց բանակի 19-ամյակի առթիվ

Մաղթանք կոչենք սա, թե հայաշունչ սրտի խոսք` երգի պես ինքնաբուխ, զգոնության պատգամ, թե խոհերի ու մտահոգությունների հորձանք, իշխողը անկեղծությունն է, սրտացավ մարդու գորովը, սրատես հայացքը եւ զուլալ ձայնը` սրտի խորքից բխած:

Ինձ համար մեծ պատիվ է գիտակցելը, որ արդեն հասուն, 19-ամյա երիտասարդ է մեր բանակը։ Մեկը, որ իր աչքով է տեսել մեր բանակի ստեղծման դժվար ու հերոսական օրերը, եղել հենց ակունքներում, բանակի հասակ առնելը, հզորանալը ցնծությամբ, անձնական ուրախության պես պիտի ընդունի, իսկ թերությունները` սրտի ցավով: Դա իմ անձնական հպարտությունն է: Եվ իմ անձնական ցավը: Բանակի մերօրյա ամեն մի ձեռքբերում` նոր զորամաս եւ այլն, ինձ համար համարժեք է ազատագրված հողի մի պատառիկի, որի վրա ծիլ եմ նշմարում… Դա էլ հաղթանակ է, որովհետեւ եթե ճակատագրի բերումով ծնվել ես այս հողակտորի, այս լեռնակղզու վրա ու շրջապատված ես կոնկրետ այս հարեւաններով, ուրեմն երկրիդ բանակը կատարյալ պիտի լինի, որովհետեւ հաղթելուց հետո (իսկ այդ իրավունքը մենք արդեն նվաճել ենք) իրավունք չունես մի ակնթարթ անգամ թուլանալու։ Հաղթանակը ոչ միայն շահել, այլեւ պահել է պետք։ Իսկ 19-ամյա մեր բանակը այդ հաղթանակը սնուցող կարեւորագույն երակն է, որին յուրաքանչյուրս մեր բաժին, մեր կաթիլ արյունն ենք պարտք… Մեր բաժին ոգին, կամքի մեր պոռթկումը, ուժի մեր բազուկը… Մեր բաժին հպարտությունը:
Հպարտություն ապրեցի, երբ Սպարապետը Արարատի մարզում ցույց տվեց այն զորամասը, որը հետագայում կոչվեց նրա անունով: «Նայի՛ր, նայիր՝ ինչ զորամաս ունենք»,- ոգեւորված ասաց Վազգենը։ Կամ նախագահը` Սերժ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, եւ երբ առաքելության զինվորների համար երգելու ծրագիրն էինք կազմում, ինչպես էր ասում, որ անպայման գնանք այս զորամասը, այն զորամասը. «Անպայման կգնաս, կտեսնես, թե տղերքը 5 տարում ինչ զորամաս են սարքել»։ Երանի ազգովի կարողանայինք մեր հպարտության մեջ համակամ լինել, հպարտ լինել միասին նույն հպարտությամբ: Հպարտ լինեինք մեր գործով, որ այդ գործը ազգային հպարտության մի մասը լիներ անպայման: Ամեն մեկն ունի այսօր իր գործն ու իր հպարտությունը: Իմ հպարտությունն ու գործի մի մասը այսօր դիրքեր ունեցող զորամասերում երգելն է:
Ես կույր լավատես չեմ, ամեն ինչ տեսնում եմ, եւ գիտեմ շատ-շատ բաներ, բայց նաեւ գիտեմ, որ աշխարհի բոլոր բանակներում կան խնդիրներ, եւ դա ունի իր օբյեկտիվ բացատրությունը։ Բանակ են զորակոչվում տարբեր ընտանիքներից, հասարակության տարբեր խավերից, տարբեր մտամակարդակի տեր տղաներ, որոնք, լինելով մեր ազգից, իրար լեզու չեն հասկանում… Ինչո՞ւ, ասեմ՝ իմ կարծիքով՝ ով թերի է մտամակարդակով, փորձում է իր ուժով ինքնահաստատվել, իսկ բարձր մտամակարդակի տեր մեկը ուժի չի դիմում, բայց ստիպված պիտի պաշտպանվի… Կարծում եմ` յուրաքանչյուր հայ ծնող (ես էլ երկու որդի ունեմ: Ե՛վ Գրիգորս, ե՛ւ Գագիկս միանշանակ պիտի ծառայեն եւ, հաստատ, ոչ թիկունքային զորամասում), բանակը քննադատելուց առաջ իր երեխայի դաստիարակությամբ պիտի զբաղվի, բանակին լավ զինվոր տա` անկախ սոցիալական վիճակից ու մտամակարդակից,որովհետեւ ոգին մտքից ու հացից բարձր մի գոյություն է, որը մարդու միտքն ու սիրտը անառիկ է պահում եւ ոչ միայն բանակում: Բանակն ընդամենը մեծ կյանքի դուռն է: Մեր զավակներին նաեւ պետք է սովորեցնենք, որ բոլորը չեն կարող գեներալներ լինել. այս երկրին նաեւ զինվորներ են պետք։ Համախմբված զինվորներ: Ջահել, բայց գիտակից զինվորներ: Տղաներ, որ իրար մեջ աքլորակռիվներ անելու փոխարեն հասկանան. մեր առաջ հակառակորդն է, նրանք են, ովքեր փորձում են Եվրախորհուրդ մտնել, մարդասիրությունից են խոսում բարձր-բարձր ամբիոններից եւ իրենց բանակի զինվորին` դիպուկահարին, աստղ են շնորհում` հայ սպանելու-խփելու համար, ընդ որում՝ կապ չունի՝ թիրախը զինվո՞ր է, թե սովորական գյուղացի, որը դաշտում իր համար խաղաղ հող է մշակում։ Դա էլ է ճակատագիր, այդպիսի հարեւան ունենալու ճակատագիր։ Այդպիսի հարեւան ունեցողի զգոնության դասը տանը պիտի սկսվի` օրորոցից, ապա շարունակվի ու ամրանա բանակում: Եվ երբ այդ զգոն հայացքով նայեցի թիկունք, ասացի՝ Աստված իմ, էս ջահել երեխեքը, էս կանաչ, պուճուր, անպատեհ աքլորացողները, փոխանակ կռիվ տան դրսի հետ, կռիվ են տալիս իրար հետ:
Հետո մտորում եմ՝ եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, էս էրեխե՞քն են մեզ պաշտպանելու։ Այսպես եմ ասում, որովհետեւ իմ սերնդի չափանիշը 1988-ն է։ Մեր կողքին կանգնած տղերքից ամեն մեկը մի արծիվ էր, ամեն մեկը` մի առյուծ, եւ այդ տղերքը գնացին, ու եկավ հաղթանակը, ու հաղթ կանգնեց հպարտությունը մեր թիկունքին ու մեր մեջ:
Մտածում էի՝ Աստված իմ, կլինե՞ն նման տղաներ…
Եվ այս տարի ես հասկացա, որ այդ տղերքը կան եւ հաղթ կանգնած են այնտեղ, որտեղ պետք են: Ու հասկացա…երգով։ Խումբը, որով շրջագայում էինք, տարբեր ոճերի երաժշտություն էր սփռում։ Հայրենասիրականը, որը հիմնականում երգում ենք ես եւ Մրոն, պարտադիր է: Եվ երբ հնչում էին հայկական ծաղկաքաղ շարաններ, հրապարակը տղաների պարից ճաք էր տալիս` իմ, Հասմիկի, Մրոյի կատարմամբ հնչող երգերի հետ… Հատկապես այս տարի: Երբ հայտարարում էին, որ ես պետք է կատարեմ այսինչ երգը, նրանք հետս երգում էին հայրենասիրական այդ երգերը:
Պետականություն չենք ունեցել դարեր շարունակ, ոչինչ չենք ունեցել։ Երբ կարդում ես Դաշտենցի փառահեղ գիրքը («Ռանչպարների կանչը») եւ տեսնում ես, թե մի 20-30 հոգով ինչպես էին ծովից ծով Հայաստանի կռիվը տալիս, այսինքն՝ եղել են այդ մարդիկ, եղել է այդ ոգին։ Իսկ այսօր մենք ունենք անկախ պետություն, մենք ունենք բանակ, որը 19 տարեկան է, մեզ ոչինչ պետք չէ, բացի ոգուց: Դա որ պահենք, ապագան մերն է։
Զինվորը սպասում է այդ ոգուն: Զինվորը սպասում է երգին, սրտի խոսքի է սպասում: Պիտի շատացնել, պետական դարձնել այս ծրագիրը, մտավորականների հանդիպումները շատ պիտի լինեն զինվորների հետ։ Արտիստին, մտավորականին տեսնելով` զինվորի պատասխանատվությունը, պատվախնդրությունն է՛լ ավելի են բարձրանում. պիտի պաշտպանես այս երգչուհուն, այս պարուհուն, այս աղջնակին, որը հրաշալի ասմունքում է… Սա ոգի թրծելու, կամք ու պատասխանատվություն դաստիարակելու մի հրաշալի ծրագիր է, որ հավատավորներ է փնտրում: Եվ ամեն անգամ իմ առաջնային պայմանը իդեալական ձայնային սփռումն է եղել, որ անգամ թշնամին լսի մեր երգը։ Այո՛, պիտի լսեն մեր երգը, մեր հաղթանակած բանակի երգը, մեր ոգեղեն երգը, եւ, ամենակարեւորը, դա պետք է լսի մեր զինվորը։ Լսի սրտով ու երգի սրտանց:
Ես երբեք չեմ աղմկել. ես պարզապես բանակի հետ եմ, եւ շատ լավ գիտակցում եմ, թե դա ինչ է, եւ գիտակցում եմ, որ այս երկրում, երբ սահմանից հայացքդ թիկունք ես դարձնում, տեսնում ես կանանց քաղքենիական այն շերտը, որոնց ուզում ես ասել, որ եթե ուզում եք ապրել այս երկրում, ամերիկաներ չգնալ, ձեր երեխան պետք է կրթված լինի բանակի առումով, գիտակից` անկախ նրանից՝ ազատե՞լ եք բանակից, թե՞ չէ։ Իսկ առհասարակ այս երկրում պետք է ապրեն մարդիկ, ովքեր սիրում են այս երկիրը. գլխաքանակ պետք չէ, այսօր որակ է պետք…
Երբ սահմանամերձ զորամասերում երգում էի «Երազ իմ երկիր, Հայրենի» երգը, բոլոր զինվորները ձեռքները սրտներին դրած էին ձայնակցում։ Ունեմ այդ տեսագրությունը՝ ոնց են երգում։ Թիկունքում ծառայողների եւ սահմանում ծառայողների երգերի ձայնակցումի մեջ ահռելի տարբերություն կա։ Սահմանային բոլոր զորամասերում նույնն է:
Այնտեղ զորամասում կարգին տղաներ են ծառայում, նրանք գիտակցում են իրենց գործի կարեւորությունը… Նրանք ինձ հետ խոսում են տիրոջ լեզվով, նրանք քո Տերն են։ Նրանք Տեր են: Սահմանային զորամասերի մեջ կա նաեւ ամենաառաջին գիծ հասկացությունը։ Այդ ամենաառաջինը ամենաիդեալական զորամասերն են՝ զինվորի պատրաստվածությամբ, զգոնությամբ…
Թող ամեն հայի բախտ վիճակվի ապրել հայոց սահմանը պահող հայ զինվորին տեսնելու հպարտությունը… Մի օր վաղ առավոտյան հերթափոխ էր՝ զինվորները իջնում էին դիրքերից, մյուսները բարձրանում էին` փոխարինելու, եւ մենք երգում էինք` ես, Ավետը, Մրոն, Մարկը` հայ զինվորի համար, հայ զինվորի հետ: Թող ամեն հայի բախտ վիճակվի ապրել հայ զինվորի հետ երգելու հուզմունքն ու երջանկությունը, որը, հավատացեք, անհամեմատելի զգացողություն է: Պետք չէ հայրենասիրական կեցվածքով այստեղ կամ արտասահմաններում կուրծք ծեծել. պետք է գործ անել։ Ամեն մեկը` իր բաժին գործը:
Ես գիտեմ, որ Մակիչն է երգում, Դավիթ Ամալյանն է երգում։ Գնում, երգում են տղաների համար, ես շատ եմ սիրում նրանց եւ շատ շնորհակալ եմ, ոչ թե որպես կոլեգա, ես ուղղակի շնորհակալ եմ որպես հայ կին, որն ունի երկու տղա` ապագա զինվոր։
Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհավորել պարոն Օհանյանին. այսօր ինքն է նավապետը, ինքն է ղեկի մոտ այս մեծ նավի, որը կոչվում է Հայոց բանակ, եւ ուզում եմ, որ այս 19-ամյակից հետո էլ չունենանք ոչ մի զոհ, ոչ մի ցավալի միջադեպ, եւ լինեն միայն բազում առիթներ` մեր տղերքով հպարտանալու։ Խաղաղ երկինք եմ ցանկանում նախ մեր նախարարին, որովհետեւ պատասխանատվությունն իր վրա է, եւ խաղաղ երկինք մեր հրամանատարներին, որովհետեւ մեր բազմաթիվ երիտասարդների կյանքի ապահովությունը նրանց է վստահված։ Խաղաղ երկինք մեր զինվորներին, որովհետեւ իրենց մայրերն ու հայրերը իրենց են սպասում։ Խաղաղություն մեր երկրին՝ հոգնել ենք արդեն, ուզում ենք մի քիչ ապրել, մեր հողը հերկել, շենացնել մեր տունը, մեր բերրի հողերը մշակել…
Սա է իմ անկեղծ ցանկությունը՝ այնուամենայնիվ, երբեք չմոռանալով մեր աշխարհագրական դիրքը, պատմական ժառանգությունը, հայ ոգու ֆենոմենը եւ Արարատի փեշին ապրելու հպարտությունը…

Պատրաստեց գնդապետ
ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (868) 26.01.2011- 2.02.2011, Բանակ և հասարակություն


04/02/2011