Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԲԱԼԱ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիասթափված է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետի երկարացման հարցում Ադրբեջանի ղեկավարության որդեգրած ոչ կառուցողական մոտեցումից:

Դեռ մարտի սկզբին լրատվամիջոցները հայտնեցին, որ, որպես վարձակալության գին, նախկին 7-ի փոխարեն Ադրբեջանը առանց որևէ բացատրության, տարեկան պահանջում է 300 միլիոն ԱՄՆ դոլար, ինչով կարելի է Ռուսաստանում երկու նույնանման կայան կառուցել, առավել ևս որ Գաբալայի ՌԼԿ-ն հիմնովին արդիականացման կարիք ունի, ինչը ևս մեծագումար ծախսեր է պահանջում:

ՌԴ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը, հայտնելով այս մասին, միաժամանակ մատնացույց է անում այն հանգամանքը, որ Բաքվի դիրքորոշումը հակասում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությանը Գաբալայի ՌԼԿ-ում ռուսական ներկայության պահպանման մասին, ուստի ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար միակ ելքը Գաբալայից հեռանալն է:

Ռուսաստանը ձգտում է նոր պայմանագրով վարձակալման ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականը, իսկ ժամանակը հունիսին սպառվում է, քանի որ, համաձայն պայմանագրի, նոր պայմանագիրը պետք է կնքվի նախորդի ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:

Բաքվի նման կարծր ու որևէ կերպ չպատճառաբանվող դիրքրոշումը ռուսաստանյան մի շարք փորձագետների հիմք է տալիս կարծելու, որ Բաքուն Իրանի դեմ ամերիկաիսրայելյան հարձակումից առաջ Գաբալայից ուղղակի դուրս է անում ռուսներին, գործողությանը մասնակցելով իր բաժինը ստանալու համար: Առավել ևս, որ Բաքուն խորհրդարանական մակարդակով էլ հավակնություններ ունի Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ, որոնք անվանում է «Հարավային Ադրբեջան», իսկ Թել-Ավիվի հետ հարաբերությունները բավական ջերմացել են, կապված իսրայելական արտադրության նորագույն սպառազինության գնման մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքների հետ: Բացի այդ, ամերիկյան մամուլում երբեմն հայտնվում են տեղեկություններ Իրանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանի ռազմական օդանավակայանները Իսրայելի օդուժին տրամադրելու պայմանների շուրջ ընթացող գաղտնի բանակցությունների մասին:

Ադրբեջանաիրանական հարաբերությունները վերջին շրջանում այնքան վատացան, որ Բաքվում Իրանի դեսպանը ետ կանչվեց Թեհրան…

Պատրաստեց փոխգնդապետ Տ. Դեվրիկյանը

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


29/05/2012