Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ



Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներին 2002թ. աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան խոշոր պարգեւավճար էր խոստացել: Բայցեւայնպես, ոչ բոլոր ֆուտբոլիստները հավատացին իրենց հաղթանակին եւ հարստանալու այլ միջոցներ փնտրեցին: Օրինակ` Սենեգալի հավաքականի կիսապաշտպան Խալիլու Ֆադիգային կորեական ոստիկանությունը մեղադրեց ոսկերչական խանութից ոսկե շղթա գողանալու համար: Ֆադիգան գողությունը կատարեց Ֆրանսիայի հետ խաղից առաջ, բայց կորեական իշխանությունները քրեական գործ չհարուցեցին, քանի որ գողոնը մեծարժեք չէր:

♦♦♦

20-րդ դարի 50-ականներին արեւմտագերմանական գավառական երկու թիմերի հանդիպումը մոտենում էր ավարտին, իսկ հաշիվը 3:3 էր: Հանկարծ հյուրերի հարձակվողներից մեկը, ստանալով գնդակը, շրջանցեց երկու պաշտպանի ու դարպասապահին եւ գնդակը հանգիստ ուղարկեց դեպի անպաշտպան դարպասը: Մարզադաշտը քարացավ: Իրեն չկորցրեց միայն մեկ երկրպագու: Նա նետվեց խաղադաշտ եւ վերջին ճիգով շեղեց գնդակի ուղղությունը: Հաշիվը մնաց անփոփոխ: Հանդիպման արձանագրության մեջ մրցավարը գրեց հետեւյալը. «Խաղն ավարտվեց ոչ-ոքի` հանդիսատեսի միջամտության պատճառով»:

♦♦♦

Իտալացի դարպասապահ Գրոսսոն խաղի ընթացքում մրցավարին խորհուրդ տվեց ակնոց կրել, ինչի համար հեռացվեց խաղադաշտից: Գրոսսոն օպտիկական ակնոցների խանութի ղեկավար էր, իսկ մրցավարը, իրոք, վատ տեսողություն ուներ: Դարպասապահին ներեցին, իսկ մրցավարը նրա խանութից ակնոց գնեց:

♦♦♦

«Նապոլիի» երկրպագու Ջիովանի Մունինիին չհաջողվեց «Նապոլի»-«Ռոմա» հանդիպման տոմսեր ձեռք բերել: Մինչ խաղի սկիզբը մնացել էր մի քանի րոպե, իսկ վիճակն անհուսալի էր: Ջիովանին իմանալով, որ բուժկետը գտնվում է տրիբունաների տակ, ձեւացրեց, թե սրտի նոպա ունի: Շտապօգնություն կանչեցին, որն էլ նրան տարավ մարզադաշտի տարածք: Երբ բժիշկները բացեցին մեքենայի դռները, նա ցատկեց պատգարակից եւ անհետացավ հանդիսականների բազմության մեջ:

♦♦♦

50-ականների վերջին իտալական Սիենա քաղաքում մրցավարները որոշեցին ֆուտբոլ խաղալ: Ամեն ինչ հարթ էր ընթանում այնքան ժամանակ, մինչեւ որ թիմերից մեկի դարպասը վիճելի գոլ խփվեց: Կանոնների հմուտ գիտակներից յուրաքանչյուրն սկսեց իր իրավացիությունն ապացուցել: Վեճն այնքան բորբոքվեց, որ ստիպված միջամտեցին ոստիկանները:

♦♦♦

1967թ. թունիսյան մարզադաշտից հեռացված ֆուտբոլիստը խաղը լքեց անթաքույց ուրախությամբ: Այս ֆուտբոլիստը մանուկ հասակից զրկված էր խոսելու եւ լսելու ունակությունից: Խաղի ժամանակ, երբ ծայրաստիճան վրդովվել էր մրցավարի որոշումից, վերջինիս խոսելու ունակությունը հանկարծակի վերականգնվել էր, եւ սկսել էր մրցավարին հայհոյել, ինչի համար էլ հեռացվել էր խաղադաշտից:

♦♦♦

Բացառիկ դեպք տեղի ունեցավ Իսպանիայի 2-րդ լիգայում: Խաղավարտից երեք րոպե առաջ թիմերի ֆուտբոլիստները, գոհ չլինելով մրցավարից, շրջապատեցին նրան: Այդ նյարդային իրավիճակում մրցավարը, պահպանելով հանգստությունը, բոլոր 22 խաղացողներին էլ կարմիր քարտ ցույց տվեց:

Էջը՝ ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Մարզաշխարհ


30/05/2012