Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Ամեն տարի անցկացվում են գավաթային մի շարք մրցաշարեր, որոնց մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային թիմերը։ Այսօր առանց այդ մրցումների անհնար է պատկերացնել Հին աշխարհամասի սպորտային կյանքը, սակայն նման մրցումներ կազմակերպելը, հատկապես սկզբնական շրջանում, չափազանց բարդ գործ է։

Եվրոպական ֆուտբոլային մրցաշար ունենալու մասին միտքը երկար ժամանակ թևածում էր օդում եւ նախաձեռնող մեկին էր փնտրում, որ իրականություն դառնար։ Այդ բարդ գործն ստանձնեց Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, հայտնի սպորտային լրագրող ու, ինչպես պատմությունը ցույց տվեց, նաեւ տաղանդավոր կազմակերպիչ Գաբրիել Անոն։

Համաեվրոպական ակումբային մրցաշար ունենալու գաղափարն սկսեց ակտիվորեն քննարկվել այն դեպքից հետո, երբ 1954թ. մոսկովյան «Սպարտակն» արտագնա հանդիպում անցկացրեց անգլիական «Վուլվերհեմփթոն» ակումբի հետ եւ պարտվեց 0։4 հաշվով։ Այդ հաղթանակը մեծ ցնծություն առաջացրեց ֆուտբոլի հայրենիքում, իսկ երբ անգլիացիները հաղթեցին նաեւ Բուդապեշտի «Հոնվեդին», բրիտանական թերթերը «Վուլվերհեմփթոնին» վաղաժամ հռչակեցին Եվրոպայի ակումբային չեմպիոն։ Ի պատասխան նրանց հայտարարությունների` Գաբրիել Անոն «Էկիպ» թերթում առաջարկեց սպասել պատասխան հանդիպումներին։ Իր հոդվածում նա նշել էր, որ միայն երկարատեւ մրցաշրջանը` բաղկացած տնային եւ արտագնա հանդիպումներից, թույլ կտա արդարացիորեն որոշել ուժեղագույնին։ Անոն առաջարկում էր եվրոպական ակումբային առաջնություն կազմակերպել։ Այդ միտքը, հավանաբար, վաղուց էր տանջում նրան, քանի որ հենց հաջորդ օրը նա հրապարակեց նման մրցաշար անցկացնելու իր նախագիծը։

Անոյի առաջարկը հավանության արժանացավ Եվրոպայի առաջատար ակումբների շրջանում։ Արդեն 1955թ. «Էկիպի» խմբագրությունը եվրոպական ակումբներին ու ֆուտբոլային ասոցիացիաներին ուղարկեց մրցաշարի անցկացման կանոնները, որոնք ինչ-ինչ փոփոխություններով կիրառվեցին մինչեւ 90-ականների սկիզբը։ 1955թ. ապրիլի 2-ին Փարիզում հավաքվեցին եվրոպական ֆուտբոլային ակումբների տասնվեց ներկայացուցիչները եւ փաստաթուղթ ստորագրեցին նոր մրցաշարի` Եվրոպական չեմպիոնների գավաթի ստեղծման մասին։

Գավաթի առաջին խաղարկությանը մասնակցեցին տասնվեց երկրների չեմպիոն թիմեր, որոնք կազմակերպիչների հայեցողությամբ բաժանվեցին ութ զույգերի (հետագայում մտցվեց վիճակահանության մեթոդը)։ Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1955թ. սեպտեմբերի 4-ին, Լիսաբոնում։ Նոր մրցաշարի բացումն արեցին տեղի «Սպորտինգը» եւ Բելգրադի «Պարտիզանը»։

Առաջին հինգ տարիներին աշխարհամասի լավագույն ակումբի տիտղոսն անընդմեջ նվաճեց Մադրիդի «Ռեալը», որը յուրօրինակ հավաքական էր, քանի որ համալրված էր հարավամերիկյան ու եվրոպական լավագույն ֆուտբոլային աստղերով։

Այսպես ծնվեց միջազգային կապերն ամրացնող եւ նոր հեռանկարներ ստեղծող եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը։

«Ռեալ», 1956թ.

Եվրոպական չեմպիոնների գավաթի համբավը տարեցտարի աճում էր, եւ շուտով հին աշխարհամասում ստեղծվեց եւս երկու մրցաշար` Եվրոպայի գավաթակիրների գավաթը եւ Տոնավաճառների գավաթը (հետագայում ՈՒԵՖԱ-ի գավաթ)։ Ավելի ուշ այս երկու մրցաշարերը միավորվեցին, իսկ 2009թ. մրցաշարը վերանվանվեց` ՈՒԵՖԱ-ի գավաթը դարձավ Եվրոպայի լիգա:

Գաբրիել Անոյի նախաձեռնությամբ հիմնադրվեց նաեւ «Ֆրանս ֆուտբոլ» ամսագիրը եւ «Ոսկե գնդակ» մրցանակը, որը տրվում է աշխարհամասի լավագույն խաղացողին։

1993թ. Եվրոպական չեմպիոնների գավաթը վերանվանվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգա եւ փոխեց իր ձեւաչափը` օլիմպիական համակարգից անցնելով խմբային մրցաշարի։ Ներկայումս ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների չեմպիոն թիմերը եւ ըստ երկրների ֆուտբոլային վարկանիշի` տարբեր երկրներից տարբեր քանակությամբ թիմեր (մինչեւ 4 թիմ), օրինակ՝ Իսպանիայից մասնակցում են երկրի առաջնությունում առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ Հայաստանից` միայն չեմպիոնը:

«Չելսի», 2012թ.

Մրցաշարը բաղկացած է երեք փուլից. ընտրական փուլ, խմբային փուլ` 4-ական թիմ պարունակող 8 խումբ, որոնցից հաջորդ փուլ են դուրս գալիս առաջին երկու թիմերը, իսկ երրորդ տեղը գրաված թիմը մասնակցում է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչին, 1/8-ից սկսած կիրառվում է «փլեյ-օֆ» համակարգը, որում հաղթողը որոշվում է տնային ու արտագնա հանդիպումների արդյունքում, եւ այդ ամենն ավարտվում է մեկ հանդիպումից բաղկացած եզրափակիչով, որն անցկացվում է չեզոք դաշտում։

Մայիսի 19-ին Չեմպիոնների լիգայի 2011-2012թթ. մրցաշրջանի հաղթող դարձավ անգլիական «Չելսին», որը եզրափակիչում հաղթեց գերմանական «Բավարիային»: Իսկ ընդհանրապես հաջող հանդես եկած թիմերի ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը 9 հաղթանակ է տարել։ Երկրորդ տեղում «Միլանն» է` 7 հաղթանակ, այնուհետեւ 5 հաղթանակով «Լիվերպուլն» է, 4-ով` «Բավարիան», «Բարսելոնան» եւ «Այաքսը»։

Եզրափակիչ հանդիպումների մասնակցելու քանակով առաջատարը նույնպես «Ռեալն» է` 12 անգամ, որին հաջորդում են «Միլանը»՝ 11 անգամ եւ 9 անգամ մասնակցած «Բավարիան»։

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Մարզաշխարհ


30/05/2012