«ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ»
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 21-ին կազմակերպվեց հանդիպում «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանի եւ ԱLԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՐԵՊԻՆԻ հետ: Վերջինիս շուրջ էին համախմբվել ֆիլմի հերոս Դիմա Մոտրիչը եւ նրա երկու ընկերները` Իլյա Կուլիկն ու Միրոն` Մյասնիկ Գասպարյանը, եւ Արցախյան պատերազմի ընթացքում իրականացրել բազմաթիվ ռազմագործողություններ, կռվել ամենաթեժ կետերում, ռազմական գործ սովորեցրել, օգնել հայ կամավորներին: Աննան սաներին շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ եւ պատմեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը երախտիքի խոսք հայտնեց իր գործով մեր ժողովրդին զորակցած Ալեքսանդր Կուրեպինին եւ նշեց, որ նա հակառակորդի 69 միավոր տեխնիկա է վնասազերծել, իսկ 7-ը` առգրավել: Թե՛ սպայական կազմը, թե՛ սաները կլանված լսում էին իրադարձությունների անմիջական մասնակցի պատմությունները այդ օրերի դեպքերի եւ ճակատագրական անցքերի մասին:
ԻՆՉՈՒ ԵԿԱ ԱՐՑԱԽ
«Ինչու եկա Արցախ կռվելու. այս հարցի շուրջ մտածել եմ ամբողջ պատերազմի ընթացքում, բայց միայն հիմա կարող եմ պատասխանել, պետք է անկեղծ ասեմ` հուսահատությունից: Խորհրդային Միությունը փլուզվեց, բանակը` եւս, ընտանիք չունեի, ոչ էլ հեռանկարներ: Ինչո՞ւ կռվի բռնվեցի ադրբեջանական զորքերի դեմ, չէ՞ որ ի տարբերություն Ադրբեջանի` հայերը կամավորներին չէին վճարում: Պատասխանեմ. ես համոզված էի, որ արդարությունը հայերի կողմն է, իսկ առանց դրա՝ ճակատամարտի գնալ չես կարող:Որոշում կայացրի եւ գնացի Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն: 1992թ. հուլիսի 18-ին արդեն Զվարթնոց օդանավակայանում էի: Նույն օրը պաշտպանության նախարարությունում կարճատեւ զրույց ունեցա եւ Էրեբունի օդանավակայանից ուղղաթիռով ուղեւորվեցի Լեռնային Ղարաբաղ: Ներկայացա ԼՂՀ բանակի հրամանատար Սերժ Սարգսյանին, եւ ինձ ուղարկեցին Մարտունու շրջան, որտեղ հրամանատարն էր լեգենդար Ավոն` Մոնթե Մելքոնյանը: 10-15 օր անց Սերժ Սարգսյանի հրամանով սկսեցի ձեւավորել տանկեր ոչնչացնող խումբ, որը զինված էր հակատանկային կառավարելի հրթիռների արձակման կայանքներով: Իմ ենթակայությամբ էին գործում ութ ռուս կամավորներ: Նրանցից երկուսը` Դմիտրի Մոտրիչն ու Իլյա Կուլիկը, կադրային սպաներ էին: Խմբում ընդգրկված էր նաեւ տեղացի երեք վարորդ: Մեզ տրամադրեցին երեք ՀՄՄ-1: Չորս օրվա ընթացքում մենք դրանք փոխակերպեցինք եւ դարձրինք մարտական հակատանկային մեքենաներ` աշտարակներին ամրացնելով «ԾՈս՚ՑՍՈ» հրթիռների ուղղորդիչները»:
ՃԱՐՏԱՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
«1992թ. նոյեմբերին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մերձակայքում էինք, տղաները «ապստամբեցին»: Ինձանից բացի ոչ ոք չէր կարողանում կառավարել «Малютка »-ն: Հասցրել էինք ադրբեջանցիներին լուրջ վնաս պատճառել, եւ տղաները պատրաստ էին նոր գործողության: Նրանք ինձ մեղադրում էին` ասելով. «Դու ադրբեջանցիների տեխնիկան ոչնչացնում ես, իսկ մենք, բացի հրթիռ մատակարարելուց, ոչնչի պիտանի չենք: Կա՛մ մեզ առաջադրանք տուր, կա՛մ մենք հեռանում ենք քեզնից»: Մոտակայքում ադրբեջանական դիրքն էր, որը գիշերը հսկում էր ընդամենը մեկ ստորաբաժանում: Դիրքերից այն կողմ էլ ՀՄՄ և «Շիլկա» կար, տղաները արդեն չորս օր է` հետեւում էին: Առաջարկում էին գիշերը ոչնչացնել դիրքապահներին ու առգրավել տեխնիկան: Հանուն թիմի ամբողջականության` զիջեցի: Հասկանում էի նրանց զգացմունքները, հատկապես Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու եկած ազգությամբ սերբ կամավոր Դիմա Մոտրիչին, որ ծառայել էր Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Գերազանց պատրաստված դիվերսանտ-պայթեցնող Դիման Շուշիի գումարտակում էր, բայց երբ իմացավ «ռուսական խմբի» գոյության մասին, միացավ մեզ: Դիման իմ տեղակալն էր եւ, լինելով ակտիվ խառնվածքի տեր, նա ձանձրացավ` «իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով»: Հնարավոր անհաջողությունից խուսափելու համար եւս երկու օր հետեւեցի թշնամու դիրքի անցուդարձին: Իսկապես, գիշերը այնտեղ 7-10 մարդ էր մնում: Ավոն եւս տվեց իր համաձայնությունը: Մինչ հարձակումը «Малютка »-ով խփեցի դիրքից ոչ հեռու կանգնած Ուրալը, որպեսզի գիշերը կարողանանք մալուխի հետքերով գնալ: Սկսեցինք նախապատրաստվել, մեկ էլ տղաները թե` «դու ո՞ւր ես գալիս, եթե քեզ մի բան պատահի, ով է «Малютка »-ից գլուխ հանելու»: Ավոյի հրամանով ստիպված մնացի մեր դիրքերում: Վեց հոգով էին` հինգ ռուս եւ մեկ հայ` վարորդ Միրոն: Նա պետք է տեղ հասցներ ՀՄՄ-ն, որը մենք պատրաստվում էինք առգրավել, «Շիլկայի» ճարը պետք է տեսներ Դմիտրին: Տղաները իրենց հետ ռադիոկայան վերցրին, բայց մոռացել էին մարտկոցները փորձարկել: Նրանց ճանապարհվելուց կես ժամ անց կապը վերջնականապես ընդհատվեց: Ժամը իննին լսվեցին կրակահերթեր, նռնակների պայթյուն, այնուհետեւ անդորր տիրեց: Տասնհինգ րոպե անց մեքենաներ տեսա, որոնք դիրքից 400 մ հեռավորության վրա կանգ առան, եւ լսվեցին ավելի ինտենսիվ կրակահերթեր: Առավոտյան ժամը հինգին տղաներից երեքը վերադարձան եւ պատմեցին կատարվածը:
Պարզվեց` ադրբեջանցիները երեք անգամ ավելի էին, քան մտածում էինք: Ավելի ուշ տեղեկացանք, որ նրանք հարձակում էին պատրաստում Ճարտար գյուղի ուղղությամբ եւ մութն ընկնելուն պես ամրացրել էին դիրքերը: Տղաները, հասկանալով իրավիճակը, չեն ընկրկել եւ որոշել են հարձակվել: Առաջինը հարվածել է Իլյան, գործի է դրել նռնակները, այնուհետեւ Օլեգն է վրա հասել ու խրամատի երկայնքով գնդացրային կրակահերթ արձակել: Ամեն ինչ կարծես հանգիստ էր, եւ Օլեգը, Միրոն ու Իլյան խրամատ են մտել, իսկ մյուս Օլեգը, Անդրեյն ու Դիման սկսել են զոհվածների փաստաթղթերը հավաքել: Դիման կանչել է Իլյային, երբ հանկարծ երեք հարյուր մետրի վրա ընկած վիրավոր ադրբեջանցին ձեռքի գնդացրից կրակ է բացել. Անդրեյը տեղում նրան ոչնչացրել է, բայց Դիման ստացած վերքից մահացել է: Այդ պահին տղաները նկատել են մեքենաների լույսը եւ մոտեցող հետեւակը: Պարզ էր` տեխնիկայի մասին պետք էր մոռանալ եւ հեռանալ: Իլյան ու Միրոն ապահովում էին տղաների անվտանգ նահանջը, մնացածները փորձում էին մարտադաշտից հանել Դիմայի դին: Տղաները մոլորվել էին խաղողի այգում: Դիմկայի մարմինը չէին կարող տեղափոխել, նա հաղթանդամ տղա էր: Թաքցրել են նույն այգում, որպեսզի հաջորդ գիշերը վերադառնան: Սպասել են Միրոյին եւ Իլյային, իսկ երբ կրակահերթերը դադարել են, մտածել են, որ այլ ճանապարհով են դուրս եկել: Մի քանի ժամ անց տղաները վերադարձան, հաջորդ օրն էլ ադրբեջանցիները առաջարկեցին փոխանակել մեր երեք տղաների մարմինները` յուրաքանչյուրի դիմաց պահանջելով տասնհինգ ադրբեջանցու դիակ: Որպեսզի նման թիվ ապահովեինք, ստիպված էինք հարձակվել ադրբեջանական շինարարական գումարտակի վրա: Մասնակցում էին նաեւ Ավոն, նրա շտաբի եւ հրետանու պետերը, նաեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրետանու պետը, 7 հետախույզ եւ երկու տանկ: Մենք ոչնչացրինք շուրջ 60 ադրբեջանցու, եւ փոխանակումը կատարվեց: Ադրբեջանցիները պատմեցին, որ Միրոն եւ Իլյան մինչեւ վերջին փամփուշտը կռվել են, իսկ այնուհետեւ նռնակով պայթեցրել են իրենց: Քանի որ տղաների մասին քիչ բան էր հայտնի, չգիտեինք, ինչպես եւ ում տեղեկացնել նրանց մահվան մասին: Իլյային եւ Դիմային հուղարկավորեցինք Ալեքսանդր Պրոնինի գերեզմանի մոտ` Շուշիից Ստեփանակերտ ընկած ճանապարհի մի գեղատեսիլ բարձունքի վրա. Ալեքսանդրն էլ էր մեր ընկերը եւ զոհվել էր մեկ ամիս առաջ: Դիմայի հայրը` սուզանավի նախկին հրամանատար Անատոլի Մոտրիչը, որդու զոհվելուց հետո եկավ եւ ինքն էլ մասնակցեց Արցախյան ազատամարտին:
Այնքան հուզվեցի, երբ իմացա, որ Մոնթեի անունով ռազմամարզական վարժարան է գործում: Ավոն իսկական լեգենդ էր, նրա մասին երգեր էին հյուսում, առասպելներ պատմում: Ավոն Մարտունու աստվածն էր: Մոնթե Մելքոնյանը ինձ հայտնի ամենաազնիվ մարդն էր, նա ապշեցնում էր թե՛ իր քաջությամբ, թե՛ ազնվությամբ, թե՛ մարդկանց հետ շփվելու ունակությամբ: Մոնթեն զորավար է, որից անընդհատ պետք է սովորել»:
ԳԵՐԱՆԲՈՅԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ
«1992թ. խմբից մնացել էինք երկուսս` Անդրեյ Սառիչևն ու ես: Մեզ հրավիրեցին Շահեն Մեղրյանի ջոկատ` կռվելու Շահումյանի շրջանի համար: Այդպես ինձ բախտ վիճակվեց կռվել երկու լեգենդար հրամանատարների ղեկավարությամբ: 1992թ. դեկտեմբերից 1994թ. մարտ ամիսը ես հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի սպառազինության գծով տեղակալն էի, սակայն իրականում հարկ էր լինում կատարել հակատանկային հաշվարկի հրամանատարի գործառույթներ:
1993թ. փետրվարին ջոկատը առաջ պետք է ընթանար Սարսանգի ջրամբարի հարավային ափից: Ավարտվում էր Մարտակերտի շրջանի ազատագրումը: Մեղրյանին հանձնարարված էր ադրբեջանցիներին դուրս շպրտել Հաթերք եւ Ումուդլու գյուղերից: Հետախույզներ ուղարկեցինք: Երկու օր անց տղաները վերադարձան, զեկուցեցին` ադրբեջանցիներն ունեն Դ-30 մարտկոց, 5-6 զրահապատ մեքենա, բազմաթիվ մեքենաներ եւ 400 մարդ: Մենք ընդամենը 25 հոգով էինք: Շահենը նյարդայնացավ, բայց հրամանը հրաման է: Սկսեցինք մտածել` ինչպես գործել: Որոշեցինք հատել ճանապարհը, որը մարտավարական նշանակություն ուներ` կապում էր Գերանբոյի, Մարտակերտի եւ Քարվաճառի շրջանները: Հիշում եմ մեր առաջին ճանապարհ դուրս գալը. ամբողջ գումարտակը պահուստային զինամթերքը տեղափոխում էր մարտադաշտի մերձակայք: 36 կիլոմետրը հաղթահարեցինք 40 ժամում: Քայլում էինք լեռներով` մինչեւ գոտկատեղ ձյան մեջ մխրճված: Վերադարձանք հաջորդ խմբաքանակի համար, այս անգամ ճանապարհը հաղթահարեցինք 12 ժամվա ընթացքում: Երրորդ անգամ` 10 ժամում: Գիշերը հանգստացանք: Առավոտյան երկու հակատանկային ականներ տեղադրեցինք: Հողը այնքան էր սառել, որ դա անհնարին էր: Անդրեյը առաջարկեց քողարկել դրանք սպիտակ վերնաշապիկով` ինչպես ձյան ծածկույթ: Շուտով «Զիլ-131»-ի տակ ականը պայթեց, վարորդը գերի ընկավ: Երկրորդ մեքենան «բռնացրի» «Малютка »-ով: Երեկոյան ադրբեջանցիները Ումուդլու ուղարկեցին հետեւակայինների եւ սակրավորների: Այնուհետեւ հիմնական ջոկատը իջավ մարտադաշտ, մենք տեղակայվել էինք բլրի վրա` ընդամենը 15 հոգի: Կրակ բացեցինք: Ադրբեջանցիները 70 զոհ տվեցին: Հետո իմացանք, որ զոհվածները Ադրբեջանի ազգային բանակի Գերանբոյի գումարտակի զինյալներն էին: Ամբողջ գիշերը անցկացրինք մեր դիրքերում: Սարսանգի ջրամբարի հակառակ կողմից ադրբեջանցիները հրետակոծում էին: Առավոտյան կասկածելի լռություն էր տիրում: Տարօրինակ էր` ընդամենը 6 կմ էր հակառակորդի եւ մեր միջեւ ընկած տարածությունը: Ամբողջ օրը հետեւեցինք, կյանքի ոչ մի նշույլ: Հետախուզական գործողություններ իրականացրինք եւ պարզվեց, որ ադրբեջանցիները տեխնիկան թողել եւ փախուստի են դիմել: Մենք կապ հաստատեցինք Մարտակերտի շրջանի հետ եւ տեղեկացրինք, որ գյուղերն ազատագրված են: Մտածեցին` կատակում ենք:
Պարզվեց նաեւ` գործողությունների ամբողջ ընթացքը նկարահանում էր Ալեքսանդր Նեւզորովը: Նա գտնվում էր ադրբեջանական կողմում: Նրա «Геранбойский батальон » վերնագրված ռեպորտաժում նույնիսկ արձանագրվել է, թե ինչպես եմ «Малютка »-ով հարվածում ՀՄՄ-ին:
1994թ. ապրիլի 17-ին վիրավորվել եմ գլխից, վնասվել են ձեռքերս ու ոտքերս, կրծքավանդակս ու մարմնիս այլ մասերը: Սակայն գիտակցությունս չէի կորցրել: Առաջին օգնությունը ցուցաբերեց իմ ենթականերից Ռուշանը` փրկելով կյանքս: Այնուհետեւ դաշտային հոսպիտալում մարմնիցս 113 բեկոր հանեցին: Ուշքի եկա ինն օր անց՝ Երեւանում: Մինչեւ 1995թ. մայիս հիվանդանոցների մահճակալներին էի օրս մաշում: Հիվանդանոցները զուրկ էին անհրաժեշտ դեղամիջոցներից, սակայն իմ ընկեր Գարիկը հոգում էր ամեն ինչ, թեպետ ինքն էլ մեծ ընտանիք ուներ:
Տարիներ անց ես նորից այստեղ եմ: Մասնակցեցի մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացված հզոր զորահանդեսին: Ի դեպ, ինձ «զգուշացրել» էին, որ Ստեփանակերտը անճանաչելի է դարձել, ես էլ քմծիծաղ էի տվել: Բայց եկա, տեսա եւ զարմանքից ընդարմացել – քարացել էի: Ես վստահ եմ, որ դուք՝ վարժարանի սաներդ, կպաշտպանեք մեր հայրենիքը: Ինչու մեր, որովհետեւ ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր էլ ունեմ»:
Հ.Գ.- Հանդիպման ավարտին Ալեքսանդր Կուրեպինին հանձնվեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատվոգիր ու «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-ամյակ» հուշամեդալ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտimg