Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ` ԱՐՑՈՒՆՔԻՑ ՈՒ ԺՊԻՏԻՑ



Փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը ծնվել է 1955թ. Էջմիածնում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Այստեղ էլ սովորել է ականանետորդի մասնագիտությունը։

Բանակից վերադարձավ, անցավ աշխատանքի, ու մտքի ամենահեռավոր ծայրով իսկ չէր անցնում, որ երբևիցե բանակում ձեռք բերած մասնագիտությունը պետք կգա։

1988թ. Հայաստան աշխարհը խառնվեց, փոթորկվեց։ Սահմանային գոտիներում, Արցախում իրավիճակը կտրուկ սրվեց, ու պահեստի նախկին սպան (1981թ. սպայական կոչում էր ստացել), այն ժամանակ չորս երեխաների հայրը (հինգերորդը ծնվեց 1995-ին) կամավորագրվեց ազգային պայքարին։ 1992թ. նոյեմբերին արդեն N զորամասի ականանետային մարտկոցի ավագ սպա էր, 1993թ.` զորամասի ականանետային մարտկոցի հրամանատար առաջին հրաձգային գումարտակում, 1995թ.՝ նույն գումարտակի շտաբի պետ։ Փոխգնդապետն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ հարավարևելյան սահմանների՝ Խնձորեսկի, Շուռնուխի, Լաչինի պաշտպանությանը, ինչպես նաև Կուբաթլուի ազատագրմանը, որից հետո Զանգելան, Ջաբրայիլ…

…Թշնամու հակատանկային մի հրանոթ մերոնց չափազանց նեղություն էր պատճառում։ Տիգրան Ազիզյանը խորհրդային բանակից սովորած մասնագիտության շնորհիվ հրանոթը շարքից հանեց, ու հենց այդ պահին լսվեց ադրբեջանցիների վայնասունը՝ «շեյթան, շեյթան», ու այդ օրվանից տղերքը Տիգրանին կնքեցին Շեյթան մականունով։

-Սկզբում նեղվում էի, բայց երբ լսեցի, թե իմ զինվորներից մեկը մյուսին քաջալերելու համար ասում է՝ «ինչի՞ ես վախենում, մեր հրամանատարը Շեյթանն է», ի՞նչ արած, հաշտվեցի թրքահունչ անվանս հետ,- ժպիտով հիշում է Ազիզյանը։

Խուդափերինի ազատագրման ժամանակ Տիգրանը վիրավորվեց, հասցրին հոսպիտալ, սակայն այդտեղից հացի մեքենայով փախել, եկել-հասել էր դիրքեր. ջահել տղաներ էին, մենակ չէր կարող թողնել (տղերքը շատ էին զարմացել, ուրախացել ու ոգևորվել) ու այդպես վիրավոր կռվել էր մինչև մարտական գործողության հաջող ավարտը։

-Հիմա ուրիշ ժամանակներ են, ուրիշ հարաբերություններ, մարդիկ ավելի եսակենտրոն են դարձել, շահը հաղթում է մարդկային ամեն ինչի։ Իսկ պատերազմի ժամանակ ուրիշ էր՝ ամեն մեկը ընկերոջ կյանքն ավելի բարձր էր գնահատում։ Ավագներս հատկապես կրտսերների համար դողում էինք՝ 18-20 տարեկան տղերք էին՝ կյանքը կարգին չտեսած, կյանքը չվայելած, կյանքի կարոտ…

1994թ. հունվարն էր, թեժ կռիվներից մեկի ժամանակ։ Ուսումնական բրիգադի զինվորները չէին հասցրել մի կարգին նախապատրաստվել, նրանց համար պատերազմը երևի կռիվ-կռիվ կինո էր։, Հակառակորդն անընդմեջ կրակում էր։ Տղաներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, անհամբեր գլուխը վեր բարձրացրեց, ու գնդակը խոցեց աչք-քունքային հատվածը։ Վիրավոր, սարսափած, արյան մեջ կորած ու ցավից գոռալով վազում էր թշնամու ուղղությամբ։ Հասա տղայի հետևից, գետնեցի, մարմնովս ծածկեցի նրան ու մխիթարանքի բառեր չէի գտնում։ Անզորությունից լաց էի լինում…

Ու հիմա էլ, այսքան տարիներ անց, թշնամու ահուսարսափ Շեյթանը հուզվել էր երեխայի պես։

-Գիտեմ,- ասում է,- ողջ է այդ տղան, հիմա Ռուսաստանում է։

Երկար լռում է, ապա շարունակում. «Ասում են՝ կյանքն արցունքից ու ժպիտից է բաղկացած։ Պատերազմը կյանքիս արցունքի չափաբաժինը հարյուրապատկեց»:

Պատերազմի ցավ ու դառնություն տեսած սիրտը մի քիչ խաղաղվեց, մխիթարվեց, երբ գումարտակի հրամանատար կապիտան Ղազարյանի գլխավորությամբ գումարտակի տարածքում 1995թ. հուշարձան-կոթող տեղադրվեց՝ առաջին գումարտակի զոհված զինվորների հիշատակին, ու բոլոր զոհվածների ծնողներին, հարազատներին կանչեցին… Ամեն երեկո այցելում էր, հիշում զավակի չափ հարազատ դարձած իր զինվորներին…

♦♦♦

1997-98թթ. Տիգրան Ազիզյանը ՌԴ «Վիստրել» դասընթացը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նշանակվեց ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, 2001թ. նույն զորամասի 2-րդ ՄՀԳմ-ի հրամանատար։ 2002-2006թթ. զորամասի հրամանատարի տեղակալն էր սպառազինության գծով։

♦♦♦

Մարտական թոհուբոհով անցած, պատերազմի ողջ դառնությունը ճաշակած զինվորականը 2008-ից ռազմագիտություն է դասավանդում Ա.Խանջյանի անվան N 53 դպրոցում։ Երիտասարդ սերնդին փոխանցում է թե՛ իր մարտական փորձը, թե՛ անսպառ զինվորական գիտելիքները։

-Մեր դպրոցի նախկին տնօրեն Սիրանուշ Բերբերյանն ամեն ինչ արել է, որ առարկան դպրոցում բարձր հիմքերի վրա լինի, հարուստ ուսումնանյութական բազա ունենք, բակում փոքրիկ զորամաս ենք ստեղծել։ Ռազմահայրենասիրական միջոցառումները հաճախակի են դպրոցում, մասնակցում ենք ռազմագիտության օլիմպիադաների։

Ի դեպ, վերջերս Տիգրան Ազիզյանի մեդալներին ավելացավ ևս մեկը՝ «Դրաստամատ Կանայան», մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության գործում ունեցած ներդրման համար նա ճանաչվեց Կենտրոն համայնքի լավագույն զինղեկ։

-Աշակերտներին հայրենասիրական բարձրագոչ ճառերով հայրենասեր չես դարձնի։ Երբ պետք է դպրոցի շրջակայքը մաքրել, բարեկարգել, դպրոցի գույքը նորոգել կամ ներկել, աշակերտներին անպայման մասնակից ենք դարձնում. իր ջանքը դրածի, իր ուժերով նորոգածի կամ մաքրածի հանդեպ ավելի սրտացավ է լինում, տիրոջ պես վերաբերվում։ Վաղն էլ իր պաշտպանած հողին տիրոջ սրտացավությամբ կվերաբերվի։

Փոխգնդապետի հետ դեռ երկար-երկար զրուցում ենք։ Զգացվում էր նրա մտահոգությունն իր երկրի, իր հողուջրի հանդեպ։

-Ամեն ոք իրավունք չունի զինվորական համազգեստ կրելու, բանակը միայն նվիրյալների տեղն է, ով անտարբեր չէ, ով իսկապես ապրում է բանակի հոգսերով։ Շատ եմ ուզում, որ մեր բանակն է՛լ ավելի հզորանա, ու մարդիկ զինվորականներին նայեն ակնածանքով, հպարտությամբ, սիրով։ Այն նույն սիրով, ինչպես տարիներ առաջ էր…

Տիգրան Ազիզյանը հինգ զավակ ունի՝ 3 աղջիկ, 2 տղա։ Արժանավոր ու հրաշալի զավակներ են։ Ավագ որդին՝ Աշոտը, արդեն ծառայել է, այժմ Ենոք որդին է ծառայում։ Տիգրան Ազիզյանը վերջերս պապիկ է դարձել, ու Տիգրան պապը հավատում է, որ իր թոռնիկը վաղը ծառայելու է և՛ ոգով, և՛ զենքով հզոր հայկական բանակում։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ճակատագրեր


30/05/2012