Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼԻՆԻ



Մայիսի 16-ին կայացավ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի 10-րդ կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեց 2010թ. մինչև 2012թ. մայիս կատարված աշխատանքների հաշվետվությունը: Մինչեւ օրակարգով նախատեսված զեկույցներին անդրադառնալը, ընթերցվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր.

«Հայրենական Մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ է, որ մեր ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Դուք էիք, որ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում օրինակ էիք մեզ համար: Ձեր սխրանքն էր, որ ոգեշնչում եւ գոտեպնդում էր մեզ պատերազմի ծանր տարիներին, եւ Արցախում տարած հաղթանակը իրավամբ նաեւ ձեր հաղթանակն է»: Նախարարն իր ուղերձում հույս էր հայտնում, որ հավաքական նույն կամքով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով վետերանները դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ:

ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ գնդապետ Պ. Պետրոսյանը, անդրադառնալով երկու տարիների ընթացքում կատարված բազմաբնույթ աշխատանքին, նշեց, որ իրենք չեն սահմանափակվել միայն վետերաններին հուզող հարցերով, մեծ աշխատանք են կատարել երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում.

«Համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, եւ կոմիտեի նիստերում քննարկել ու մշակվել է երիտասարդական կազմակերպությունների հետ անցկացվող` Հաղթանակի 65-66-րդ տարեդարձերի, Պաշտպանության կոմիտեի, Հայաստանի անկախության, Հայոց բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակներին նվիրված միջոցառումների հատուկ պլան»: Կոմիտեն «Ապագա» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել զորակոչի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, իսկ «Ժայռ» համահայկական երիտասարդական հ/կ-ի օգնությամբ ստեղծել է ինտերնետային կայք, որում զետեղված են բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ. «Տարբեր երկրների ընթերցողներից մեր էլեկտրոնային փոստով դրական արձագանքներ ենք ստացել եւ առաջարկներ` գրքերը թարգմանել անգլերեն եւ ռուսերեն»: Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կոմիտեին տրամադրվել է ինտերնետ կապ, համակարգիչ եւ տպիչ:

Կարեւորվեցին կոմիտեի կատարած որոնողական աշխատանքները Հյուսիսային Օսիայի, Մոսկվայի Լոտոշինոյի, Բրյանսկի, Նովգորոդի մարզերում, նաեւ Ֆրանսիայի տարածքում զոհված հայ մարտիկների հարազատների որոնման ուղղությամբ. «Մեր ջանքերով հաջողվել է հայտնաբերել անհետ կորած համարվող տասնյակ մարտիկների հարազատների: Նրանցից շատերն այժմ գիտեն, թե որտեղ են իրենց հարազատների գերեզմանները»,-նշեց Պետրոս Պետրոսյանը:

Կոմիտեն հետեւողական է նաեւ վետերանների սոցիալական հարցերը դրականորեն լուծելու, նրանց իրավունքները եւ արտոնությունները վերականգնելու գործում, «սակայն ոչ միշտ է գոհացուցիչ արդյունքի հասնում». «2011թ. Սոցիալական ապահովության նախարարը անձամբ խոստացավ 200-300 վետերանի տրամադրել առողջարանների ուղեգրեր, սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել: 2012թ. փետրվարի 24-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ենթադրվում է վետերաններին վերաբերող օրենսդրությունը աստիճանաբար համապատասխանեցնել ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին: Հարց է առաջանում` ի՞նչ է նշանակում աստիճանաբար, մի՞թե կարելի է մոռանալ, որ ամենաերիտասարդ վետերանը 87 տարեկան է, ինչ-որ հնարավոր է հիմա պետք է արվի, հետո արդեն ուշ կլինի»,-նշեց կոմիտեի նախագահը:

Լսելով եւ քննարկելով Վետերանների կոմիտեի նախագահի հաշվետու զեկուցումը` կոմիտեն աշխատանքները համարեց բավարար, հաստատեց հաշվետվությունը, այնուհետեւ ներկայացվեցին հետագա անելիքները: Դրանց թվում են` համագործակցել դպրոցների, բուհերի, զորամասերի, զինակոչիկների, հասարակական կազմակերպությունների, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների հետ, արծարծել հանրապետության նախագահի, կառավարության կամ Ազգային ժողովի աշխատակազմում երաշխավորված ներկայացուցիչ ունենալու հարցը, հետեւողական աշխատանք տանել վետերանների սոցիալ-տնտեսական, կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ, հետևողականորեն հասնել այն բանին, որ կատարվեն վետերաններին վերաբերող` կառավարության ընդունած միջպետական համաձայնագրերի պահանջները, նախապատրաստական աշխատանքներ տանել Ստալինգրադի ճակատամարտի 70, մարշալ Բաղրամյանի ծննդյան 115-ամյակները, ինչպես նաեւ 2013թ. Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակը բարձր մակարդակով նշելու համար, զբաղվել թիկունքայինների եւ զոհված վետերանների այրիների ավանդների վերադարձման հարցով եւ այլն:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Բանակ և հասարակություն


30/05/2012