ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ
1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի Ռազմական հեղափոխական կոմիտեին, որը գլխավորում էր Սարգիս Կասյանը:
Սակայն բոլշևիկները, խախտելով դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, սկսում են բռնություններ: Ձերբակալվում են ՀՀ նախկին կառավարության անդամներ, սոցիալիստական կուսակցության անդամներ և բարձրաստիճան զինվորականներ, ուրիշներ:
Զինվորականների ձերբակալությունները սկսվում են 1920թ. դեկտեմբերին և հունվարին: Նրանց ստիպում են Երևանից ոտքով անցնել 170 կմ ճանապարհ և չեն ապահովում սննդով, ուստի եւ նրանք հարկադրված են լինում սեփական միջոցներով հայթայթել իրենց սնունդը:
Ձերբակալվածների թվում էր տոհմիկ ազնվական, զինվորական, Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մոիսեյ Բաբայի Սիլիկովը (Մովսես Սիլիկյան, 1862թ. սեպտեմբերի 12 – 1937թ. նոյեմբերի 22):
Ներկա հոդվածում մենք կպարզաբանենք գեներալի գործունեության այն ժամանակաշրջանը, որը համեմատաբար քիչ է լուսաբանված կամ էլ հայտնի չէ գիտական հասարակությանը: Ուստի մենք չենք անդրադառնա Մ.Սիլիկովի կյանքի առավել հայտնի դրվագին` 1918թ. մայիսի Սարդարապատի հերոսամարտին, որի մասին հայ պատմաբանները հրատարակել են ուսումնասիրություններ, և գրվել են բազմաթիվ հոդվածներ:
Այս հոդվածով առաջին հերթին ցանկանում ենք պարզաբանել գեներալի ազգությունը: Պատմագիտական գրականության մեջ հիմնականում նշվում է, որ Մ.Սիլիկովն ազգությամբ եղել է հայ: Շատ քչերին է հայտնի, որ նա ազգությամբ ուտի է: Գեներալը ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի Վարդաշեն գյուղում և դավանանքով եղել է Հայ առաքելական: Նրա կինը Նատալյա Ալեքսանդրովնան էր, իսկ որդին` Գեորգին, մասնագիտությամբ ինժեներ էր:
1882թ. օգոստոսի 28-ին Մ.Սիլիկովն ընդունվել է Մոսկովյան 2-րդ զինվորական գիմնազիա, որն ավարտել է 1884թ. օգոստոսի 14-ին` ենթապորուչիկի կոչումով: Ապա ավարտել է Ալեքսանդրովյան 3-րդ զինվորական ուսումնարանը և սպայական շինարարական դպրոցը, որից հետո նշանակում է ստացել Կարսում տեղակայված Կուբանյան 155-րդ գնդում: 1905թ. փետրվարի 26-ին նրան շնորհվել է գնդապետի աստիճան:
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատի մարտական գործողություններին: Եղել է Կովկասյան 6-րդ հրաձգային գնդի հրամանատար, որը գործել է գեներալ Թովմաս Նազարբեկյանի (Ֆոմա Նազարբեկով, 1855-1931թթ.) Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի կազմում: 1915թ. նոյեմբերին բրիգադը վերակազմավորվում է հրաձգային դիվիզիայի:
Ռուս-թուրքական ռազմաճակատում Մ.Սիլիկովի մղած մարտերի մասին մեր ունեցած տեղեկությունները սակավ են: Հիմնական տեղեկությունները պահպանվել են գեներալ Թ.Նազարբեկյանի հուշերում և Մ.Սիլիկովի` նրան ուղղված նամակներում:
Վեցերորդ հրաձգային գնդի վերաբերյալ մեր ունեցած առաջին տեղեկությունը վերաբերում է 1915թ. դեկտեմբերին: Այդ ժամանակ Կովկասյան 1-ին բանակի հրամանատար Նիկոլայ Ն.Յուդենիչը (1862-1933թթ.) սկսել էր Էրզրումի (Կարին) գրավման նշանավոր օպերացիան: Թ.Նազարբեկովի դիվիզիան և նրա կազմում գործող 6-րդ հրաձգային գնդի առջև դրված էր մարտական առաջադրանք` ապահովել օպերացիայի գաղտնիությունը և մատակարարման հաղորդակցության ուղիները թուրք-քրդական հարձակումներից: Ձմեռային ծանր պայմաններում զինվորները հարկադրված էին իրականացնել պարեկապահակային ծառայություն, որին խանգարում են անընդհատ տեղացող ձյունը և սառնամանիքները:
1916թ. հունվարի 5-ին գնդապետ Մ.Սիլիկովը Թ.Նազարբեկյանին ուղղված զեկուցագրում հայտնում է, որ գունդը հասել է Դայար և զբաղեցրել դիրքեր: Որոշ ժամանակ անց Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Պյոտր Պ.Կալիտինի (1853-1927թթ.) հրամանով 6-րդ գունդը արագացված երթով Ալաշկերտի հովտից շարժվում է Էրզրում` մասնակցելու նրա գրավման օպերացիային: Հունվարի 24-ին գունդը տեղակայվում է Հասան Կալեում` որպես բանակային պահեստազոր:
Էրզրումի գրավման օրը` 1916թ. փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, 6-րդ գունդը մտնում է քաղաք: Գնդապետ Մ.Սիլիկովը նշանակվում է Էրզրումի զինվորական պարետ:
Քաղաք մտնելուց անմիջապես հետո գնդի անձնակազմը ձեռնամուխ է լինում դասալիքների և կողոպտիչների հայտնաբերմանն ու ձերբակալմանը, ինչպես եւ՝ հրդեհների մարման և հրետանային ու համբարակային պահեստները հսկողության տակ վերցնելու, պարեկապահակային ծառայության գործին:
Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատարի առաջին հրամաններից մեկը Մ.Սիլիկովին լինում է այն, որ նա արգելի հայերի մուտքը Էրզրում: Գեներալի նման վերաբերմունքը բացատրվում է հայերի նկատմամբ ունեցած անբարյացակամությամբ: Կարծում ենք, որ դա էլ իր դերն է խաղացել, սակայն կային նաև այլ հիմնավոր պատճառներ: Այս դեպքում, հավանաբար, կորպուսի հրամանատարին հետաքրքրել էր Էրզրումի Ս.Աստվածածին եկեղեցում երիտթուրքական իշխանությունների` հայերից կողոպտած գույքը, որի զգալի մասը նրանք չէին հասցրել դուրս բերել: Դրա ապացույցը կարելի է համարել նաև հետևյալ օրինակը: Առաջինն այդ մասին տեղեկանում է գնդապետ Սիլիկովը, որը շտապում է հեռագրել Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանին (Խատիսով, 1874-1945թթ.), խնդրելով ուղարկել մի վստահելի անձ, որը կտնօրինի հայերին պատկանող գույքը: Կարծում ենք՝ այդ հեռագիրն է եղել պատճառը, որ Մ.Սիլիկովը և նրա գունդը կարճ ժամանակ անց ուղարկվել են ռազմաճակատ:
1916թ. մարտի վերջին Մ.Սիլիկովի գունդը տեղակայվում է Բիթլիսում (Բաղեշ), իսկ ապրիլի սկզբին հրաման է ստանում քաղաքում թողնել երկու գումարտակ և մեկ գումարտակով ու չորս լեռնային թնդանոթով շարժվել Մուշ, քանի որ վերջինիս ուղղությամբ շարժվում էին թուրքական Դարդանելյան 7-րդ և 8-րդ դիվիզիաները: Մ.Սիլիկովը կովկասյան հրաձգային դիվիզիայի զորամասերի հետ պետք է պաշտպաներ Մուշը թուրքական հարձակումից:
Մ.Սիլիկովը նշանակվում է Մուշի կայազորի պետ: Մուշ են գալիս Կովկասի հայոց բարեգործական ընկերության աշխատակիցներ Կարո (1888-1977թթ.) և Արմեն Սասունիներն ու Հմայակ Մանուկյանը` ողջ մնացած բնակչության օգնությունը կազմակերպելու և քրդական գերությունից հայերին ազատելու համար:
Կ.Սասունին առաջարկում է ռուսական հրամանատարությանը` գեներալ Զախարի Ա.Մդիվանիին (1867-1933թթ.) թույլատրել Խնուսում հայերից կազմակերպել աշխարհազորային-ինքնապաշտպանական խմբեր` միլիցիա: Նրանք ոչ միայն կպաշտպանեին բնակչությանը քրդական հարձակումներից, այլև կիրականացնեին ռուսական բանակի հաղորդակցության ուղիների հսկումը և կհետախուզեին հակառակորդի դիրքերը: Սակայն գեներալ Զ.Ա.Մդիվանին թույլատրում է զբաղվել զուտ գաղթականության գործերով: Ի բարեբախտություն, Մուշի կայազորի պետը գնդապետ Մ.Սիլիկովն էր, որի խորհրդով Կ.Սասունին դիմում է 66-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Իպոլիտ Վ.Սավիցկուն (1863-1941թթ.): Նրա անմիջական օգնությամբ Կ.Սասունին ստանում է զենք, զինամթերք, հագուստ և պարեն:
1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Մ.Սիլիկովը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար: Ջոկատը կազմված էր երեք շարային գնդից: Ապա նա նշանակվում է բրիգադի հրամանատար: Օգոստոսի 22-ին Մ.Սիլիկովին շնորհվում է գեներալ-մայորի կոչում:
1918թ. հունվարին գեներալ Թ.Նազարբեկյանի հրամանով գեներալ Մ.Սիլիկովը ձեռնամուխ է լինում Հայկական բանակային կորպուսի ձևավորմանը:
Քանի որ հայ պատմագրությունը մանրամասն լուսաբանել է 1918թ. Մայիսյան ճակատամարտերը և հատկապես Սարդարապատի հերոսամարտի ժամանակ Մ.Սիլիկովի դերակատարումը, ուստի ձեռնպահ կմնանք լուսաբանելու նշված մարտական գործողությունը:
1919թ. դեկտեմբերի կեսերին սկսվում է վրաց-հայկական պատերազմը, որին մասնակցում է գեներալ Մ.Սիլիկովի հրամանատարության ներքո գտնվող հրաձգային դիվիզիան` իր կազմում ունենալով երկու գունդ: Նրան հանձնարարված էր գործել Փամբակի շրջանում և հսկողության տակ վերցնել մինչև Խրամ գետը տանող շրջանը: Գետը լինելու էր հայ-վրացական սահմանը:
1920թ. ապրիլին Մ.Սիլիկովը նշանակվում է Նոր Բայազետ և Դարալագյազ գավառների գեներալ-նահանգապետ: Նա միաժամանակ վարել է Նոր Բայազետ գավառում տեղակայված զորքերի շտաբի պետի պաշտոնը: Ինչպես պարզաբանել է Մ.Սիլիկովը 1935թ. նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) քննիչ Իսրայելյանին, իր նշանակման բուն նպատակն էր աջակցել Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ գործող ջոկատին, անցնել Լեռնային Ղարաբաղ՝ ապստամբություն բարձրացնելու Ադրբեջանի դեմ և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միացնել:
Նոր Բայազետում զգալի էր բոլշևիկյան ազդեցությունը, բացի այդ, տեղի բնակիչները պարբերաբար ենթարկվում էին թաթար ավազակախմբերի հարձակումներին: Մ.Սիլիկովի նշանակումը նպատակ ուներ նաև պաշտպանելու բնակչությանը ելուզակների հարձակումներից:
ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր դրությունը դժգոհություն էր առաջացրել Նոր Բայազետում և գավառում: Այս հանգամանքից օգտվում են բոլշևիկները, որոնք ակտիվ հակակառավարական քարոզչություն են տանում բնակչության և հատկապես զինվորների շրջանում: Կարելի է ենթադրել, որ բոլշևիկները, տեղեկանալով հրամանատարության ծրագրի մասին` զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, փորձում են զանազան միջոցներով խանգարել այդ գործողությանը, ինչպես օրինակ՝ բանակում հակակառավարական քարոզչություն ծավալելով, քանի որ օրակարգի հարց էր դարձել Ադրբեջանի խորհրդայնացումը:
Մ.Սիլիկովից և նրա շտաբից աննկատ է մնում բոլշևիկների ակտիվությունը: Գեներալը տեղեկանալով, որ բոլշևիկ Հովհաննես Սարուխանյանը (1882-1920թթ.) հակակառավարական լայն քարոզչություն է ծավալել` արտաքսում է նրան գավառից: Սակայն, 1920թ. մայիսի 7-ին Հ.Սարուխանյանը, չնայած արգելքին, վերադառնում է Նոր Բայազետ: Պատմաբան Համլետ Հարությունյանը, վկայակոչելով բոլշևիկյան մամուլը և արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Հ.Սարուխանյանը, արհամարհելով «գեներալի (Մ.Սիլիկովի – Ռ.Ս.) սպառնալիքները և խոստումները», հայտարարել է հետևյալը. «Կոմունիստները երբեք չեն նահանջում իրենց գաղափարներից և ոչ մի դեպքում չեն կատարում թշնամու թելադրանքը»:
Մայիսի 10-ին Մ.Սիլիկովը Ղարանլուղ (Մարտունի) գյուղում հանդիպում է Հ.Սարուխանյանին, որը հակապետական քարոզչություն էր ծավալել բնակավայրում տեղակայված հայ զինվորների շրջանում: Կարելի է եզրակացնել, որ Մ.Սիլիկովը փորձել է օգտագործել ցանկացած հնարավորություն` գավառում կարգուկանոնը պահպանելու և գործը արյունահեղության չհասցնելու համար: Եվ դա այն դեպքում, երբ նա, որպես գեներալ-նահանգապետ, ուներ բոլոր հնարավորությունները բոլշևիկ քարոզչին ձերբակալելու համար:
Գեներալը, սակայն, չի դիմում կտրուկ միջոցների, որը հնարավորություն է տալիս Հ.Սարուխանյանին 300 զինվորների գլուխն անցած, մայիսի 12-ին մտնել Ղարանլուղ և ձերբակալել մի քանի սպաների, որոնց թվում նաև Մ.Սիլիկովին: Վերջինիս կալանումը կատարվում է Հ.Սարուխանյանի անմիջական մասնակցությամբ: «Աշխատավոր» թերթը գրում էր. Մ.Սիլիկովի այն հարցին, թե՝ «Դուք չէ՞ որ ինձ ազնիվ խոսք տվեցիք բանակին ձեռք չտալ, պ.Սարուխանյան»: Վերջինս պատասխանել է՝ «Ես այն ժամանակ ձեզ ստեցի, ընկեր Սիլիկյան»:
Մայիսի 19-ի կեսօրին կառավարական զորքը մտնում է Նոր Բայազետ և բանտից ազատում է կալանված սպաներին, որոնց թվում էր նաև Մ.Սիլիկովը:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ. գիտ. թեկնածու