Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է, համազգային մաքառման, պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի` մայիսյան երեք գոյամարտեր, որ հիրավի բախտորոշ եղան մեր ժողովրդի համար:

Ավելի քան ինը տասնամյակ առաջ Արարատյան դաշտավայրի սրտում` Երևանից ոչ հեռու, մեր ժողովրդի` ցեղասպանությունից մազապուրծ բեկորները կենաց-մահու գոտեմարտ մղեցին եղեռնագործ թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի ազատության, հանուն ազգի գոյատևության:

Սարդարապատը մեր ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի և անսպառ զորության հաղթանակն էր: Կարեվեր, գրեթե հոգեվարք ապրող ժողովուրդը օրհասական պահին կարողացավ ժողովել իր վերջին ուժերը և մի բռունցք դարձած վճռական ճակատամարտում անկասելի հարվածով ջախջախեց դարավոր թշնամու բազմահազարանոց բանակը:

Սարդարապատը մեր ժողովրդի միաբանության հաղթանակն էր, բանակի և հասարակության բոլոր խավերի` զինվորի և շինականի, գյուղացու, մտավորականի ու հոգևորականի համերաշխության հաղթանակը: Հերոսամարտի ողջ ընթացքում ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին. հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին:

Սարդարապատի փառահեղ հաղթանակը կռեց մեր ողջ ժողովուրդը` հայ զինվորի հաղթական ոգու և բազկի զորությամբ: Հայ զինվորը հաղթեց` իր հաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի` ազատ ապրելու, անկախ պետություն ունենալու իրավունքը: Մայիսյան այդ հերոսամարտից 600-ամյա ընդմիջումից հետո վերածնվեց հայոց անկախ պետականությունը` 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը: Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային հաղթանակի խորհրդանիշ է, ազատության խորհրդանիշ: Այս դաշտում հնչած խրոխտ մարտակոչի արձագանքն էր, որ հատելով ժամանակային անջրպետը` 1988-ին թևածում էր Արցախի լեռներում` համայն հայությանը ոտքի հանելով նոր հաղթական ազատամարտի: Սարդարապատը մեր գալիք հաղթանակների, մեր ժողովրդի ազատության ու հարատևության գրավականն է:

1917 թվականին Ռուսաստանում կատարված դարակազմիկ իրադարձությունները, որոնք ըստ էության հանգեցրին Ռուսական հզոր կայսրության փլուզմանը, բախտորոշ նշանակություն ունեցան նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Երկրի ներսում կատարվող հեղափոխական խմորումների ալիքը արագորեն հասնում էր ճակատ, խարխլում բանակի կարգապահությունը, խիստ նվազեցնում զորքերի մարտունակությունը: Կովկասյան թատերաբեմի ճակատային գիծը, որը 1917թ. աշնանը ձգվում էր Տրապիզոնից Երզնկա, ապա Մուշ և Վանա լճի հարավային շրջանով հասնում մինչև Ռևանդուզ, հուրախություն թշնամու` սկսեց արագորեն քայքայվել: Ռուս զինվորն այլևս չէր ցանկանում կռվել օտար երկրում, չէր ենթարկվում հրամաններին և ձգտում էր օր առաջ լքել հազարավոր զինվորների արյան գնով գրաված դիրքերը և բռնել տունդարձի ճանապարհը:

Ճակատային գծում տիրող անմխիթար իրավիճակը կարգավորելու համար օրախնդիր էր դարձել ազգային զորամասերի շուտափույթ կազմավորումը և նրանցով ճակատային գիծը զանգվածաբար լքող ռուսական զորամասերի փոխարինումը: 1917թ. վերջին սկսվեց Հայկական բանակային կորպուսի կազմավորումը: Կորպուսի հրամանատար նշանակվեց ռուսական բանակի փորձառու զորահրամանատար գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը, զինվորական կոմիսար` Դրաստամատ Կանայանը` Դրոն: Կորպուսի անձնակազմը համալրելու համար Հայոց ազգային խորհուրդը կոչ հղեց հայ ժողովրդին. «Այս պատմական օրերին մեզ վիճակվում է մի համազգային առաքելություն: Ծանր է այս առաքելությունը, թերևս վեր է մեր թույլ ուժերից, բայց անխուսափելի է: Ազգային խորհուրդը կոչ է անում համայն հայությանը` ուժերը լարված գործի անցնելու: Այս օրհասական վայրկյանին ամեն հայ, որ խուսափում է իր քաղաքացիական և ազգային պարտքը կատարել, հայրենիքի դավաճան է և իբրև դասալիք` արժանի է խստագույն պատժի»:

1918թ. փետրվարի 10-ին թուրքական զորքերը, խախտելով 1917թ. դեկտեմբերին կնքված Երզնկայի զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման և գրեթե առանց դիմադրության հանդիպելու` արագորեն հասան Անդրկովկասի սահմաններին: Դեպի Անդրկովկաս թուրքերի առաջխաղացման համար իրավական խթանիչ դարձավ մարտին ստորագրված Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը, ըստ որի` Խորհրդային Ռուսաստանը, արհամարհելով հայ ժողովրդի իրավունքները, Թուրքիային զիջեց ոչ միայն Արևմտահայաստանի ազատագրված տարածքները, այլև կայսրության մաս կազմող Կարսի մարզը` դրանով իսկ թուրքական զորքերի առջև բացելով Անդրկովկասի դարպասները: Հայ ժողովրդի գլխին կախվեց լիակատար բնաջնջման իրական սպառնալիքը:

Առանձին հայկական կորպուսը պաշտպանական դիրքեր գրավեց Կովկասյան ռազմաճակատի առավել ծանր` Օլթի, Սարիղամիշ, Բայազետ, Նախիջևան հատվածում: Անդրկովկասի մահմեդականները հրաժարվեցին կռվել իրենց թուրք հավատակիցների դեմ, իսկ Վրացական կորպուսը, որը դիրքավորվել էր Օլթի-Բաթում հատվածում, գրեթե առանց կռվի հանձնեց Բաթումը: Ըստ էության, երեք տարի մղվող ռուս-թուրքական պատերազմը 1918թ. գարնանը ինքնաբերաբար վերածվեց հայ-թուրքական պատերազմի: Հայ ժողովուրդը մնաց միայնակ թուրքական զորքերի դեմ:

«Ամեն ոք,- այդ օրերին գրել է Արամ Մանուկյանը,- իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Ապրիլի վերջին, Անդրկովկասյան կառավարության կարգադրությամբ, Կարսը առանց կռվի հանձնվեց թուրքերին: Կարսի անկումն այնքան անակնկալ էր, և այնպիսի խուճապ առաջացրեց թե՛ նահանջող զորքերի և թե՛ ընդհանրապես ժողովրդի մեջ, որ չհաջողվեց լուրջ դիմադրություն կազմակերպել առաջ մղվող թշնամու դեմ:

Կարսի գրավումից հետո թուրքական հրամանատարությունը կատարեց ուժերի նոր խմբավորում: 6-րդ և 1-ին բանակային կորպուսներից և մի շարք այլ զորամասերից կազմավորվեց, այսպես կոչված, «Կարս» խմբավորումը` Յաղուբ Շևքի փաշայի հրամանատարությամբ: Խմբավորման հիմնական նպատակն էր գրավել ամբողջ Արևելյան Հայաստանը, ապա Թիֆլիսը և ապահովել արշավը դեպի Բաքու և Անդրկասպյան երկրներ: Յաղուբ Շևքի փաշան իր խմբավորումը բաժանեց չորս զորախմբի, որոնք Ալեքսանդրապոլից պետք է շարժվեին համապատասխանաբար դեպի Վորոցովկա, Ղարաքիլիսա, Ապարան և Սարդարապատ:

«Ալեքսանդրապոլ-Վորոցովկա, Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ- Ապարան, Ալեքսանդրապոլ- Սարդարապատ չորս ուղղություններն էլ իրարից բաժանված են լեռներով, հետևաբար դիվիզիաները պետք է հարձակվեին մեկը մյուսից անկախ: Այն ժամանակվա կապի միջոցների պայմաններում հիշյալ զորախմբերի գործողությունների կոորդինացիան վերին աստիճանի դժվարին գործ էր: Սա հենց թուրքերի հարձակման թույլ կողմն էր: Հայերը հնարավորություն ունեին թուրքերին ջախջախել առանձին-առանձին» (Ա. Հարությունյան):

♦♦♦

Թուրքական զորքերի առաջխաղացումը շարունակվում էր: Մայիսի 15-ին ընկավ Ալեքսանդրապոլը: Բացվեց դեպի Արևելահայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր տանող ճանապարհը: Այլևս նահանջի տեղ չկար. թիկունքում ամենայն հայոց սրբավայրն էր` Էջմիածինը, ապա Երևանը և մի բուռ անպաշտպան ժողովուրդ, որը նահանջի դեպքում դատապարտված էր անխուսափելի կործանման: Արարատյան դաշտում արդեն զգալի էր ժանտ հրեշի մահաբեր շունչը, որ երախը բաց սողում էր առաջ` կուլ տալու մեր բիբլիական երկրի վերջին թիզ հողակտորը: Եվ մարդկության բնօրրանում անհիշելի ժամանակներից ապրող ու արարող ժողովրդի համար 1918-ի մայիսյան զարթոնքը կդառնար վերջինը:

Երևանում, համատարած հուսալքության պայմաններում, գերիշխում էր քաղաքը թողնելու և դեպի Սևանի ավազան նահանջելու մտայնությունը: Բարեբախտաբար ոչ բոլորն էին համակված այդպիսի խուճապային, պարտվողական տրամադրություններով: Շարունակական նահանջի ախտի դեմ առաջինը կտրական ընդվզեց Գևորգ Ե կաթողիկոսը, որը մերժեց Ս. Էջնիածինը թողնելու և Սևանա կղզում ապաստանելու առաջարկը. «Ասացեք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Ս. Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, և թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս. Իջման սրբավայրում»:

Այդ բախտորոշ ժամանակահատվածում Երևանի Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երևանը թողնելու, Սևանի ավազան նահանջելու և այնտեղից դիմադրություն կազմակերպելու մասին: «Արամն ուժգնորեն հարվածեց սեղանին և նշեց. «Երևանը չենք դատարկի և պետք է կռվենք, դիմադրենք թշնամուն մինչև վերջին մեր կաթիլ արյունը, մինչև վերջին գնդակը»: (Ա. Ասրյան):

Ճակատամարտի նախօրեին գեներալ Մ. Սիլիկյանը և Դրոն այցելեցին Արամին և իրենց համերաշխությունը հայտնեցին հակառակորդին վճռական հակահարված տալու հարցում:

Այսպես կազմավորվեց այն եռյակը, որը վճռորոշ դեր պետք է խաղար հետագա իրադարձություններում:

Այդ օրհասական պահին հրաշք էր պետք, և հրաշքը կատարվեց. հայության մեջ կրկին արթնացավ Հայկյան ազատատենչ ոգին: Ազատություն կամ մահ. այլ ելք չկար: Եվ դեռ երեկ հուսալքված ու ջլատված ժողովուրդը հուսավառված ու կորովի ելավ պայքարի այն գիտակցությամբ, որ սա թերևս հայության վերջին, վճռորոշ կռիվն է: Մայր տաճարի զանգերը այդ օրերին անընդմեջ ղողանջում էին, և այդ ղողանջը, իբրև մարտակոչ, տարածվում էր Արարատյան դաշտավայրի բոլոր անկյուններում:

«Երևանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել: Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպեսզի նրանք գան և կամավորական խմբերի գլուխն անցած ընդառաջեն թշնամուն: Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երևանի Ազգային Խորհուրդ հենց այսօրվանից:

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ

21 մայիսի, 1918թ., Երևան»:

Հասարակության բոլոր գործուն ուժերը, մտավորականությունը, կուսակցությունները, հոգևորականությունը` Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ, մասնակից դարձան համազգային պայքարին: Արագորեն համալրվում էր կորպուսի զորամասերի անձնակազմը: Միաժամանակ սկսվեց աշխարհազորայինների հավաքագրումը: Զինվորագրվեցին և Սարդարապատի ճակատամարտին մասնակից դարձան հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները` հոգևորական ու գրող, գիտնական ու հասարակ գյուղացի. Գ. եպիսկոպոս Հովսեփյանը, ապագա մարշալ Հ.Բաղրամյանը, ապագա գեներալներ Ա. Վարդանյանը, Գ. Չայլախյանը, գրող Ա. Բակունցը, հայագետներ Ա. Ղարիբյանը, Գր. Ղափանցյանը և այլք:

Ճակատամարտի նախօրեին լիովին անճանաչելի էր նաև հայ զինվորը. այլևս ոչինչ չէր հիշեցնում նախկին հուսաբեկ, պարտության մտքին համակերպված, առանց կռվի մարտադաշտը լքող ու նահանջող զինվորին: Հայ զինվորը Սարդարապատ հասավ արդեն հաղթանակած. նա հաղթել էր ինքն իրեն, հաղթահարել սեփական թուլությունն ու վեհերոտությունը և մարտի ելավ իր ոգու զորությամբ թշնամու կամքը ջլատելու, վերջնական հաղթանակ տանելու վճռականությամբ: Նա պարտավոր էր հաղթել, և նա հաղթեց` վրեժխնդիր լինելով անհամար զոհերի, ավերված երկրի, ծով տառապանքի համար: Նա հաղթեց` իր հաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը:

Այսպիսով, ձևավորվեց մի պատկառելի զինական ուժ` Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ, որը, Սարդարապատի ճակատամարտին մասնակից մարշալ Հովհ. Բաղրամյանի վկայությամբ, «այն ժամանակվա բոլոր հայ գեներալներից ամենաշնորհալի զորավարն էր»:

♦♦♦

Դեպի Սարդարապատ շարժվող թուրքական զորախմբի կորիզը կազմում էր 36-րդ հետևակային «Գելիբոլու» (Դարդանելյան) դիվիզիան, որը, ըստ Սարդարապատի ճակատամարտի մասնակից մարշալ Բաղրամյանի, թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերից էր: Զորախումբը բաղկացած էր երեք հետևակային, մեկ հրետանային գնդից, հարվածային և սակրավորների գումարտակներից, հեծյալ գնդից, քրդական 1500-անոց հեծելազորից, հրետանային մարտկոցից, որն ուներ 40 թնդանոթ:

Թշնամուն պետք է դիմակայեր գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը, որը կազմված էր 2-րդ հրաձգային դիվիզիայից, 3-րդ հետևակային բրիգադից (Վանի 1-ին և 2-րդ գնդերից և Մակուի հետևակային գումարտակից), 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գնդից և մի քանի առանձին զորամասերից: Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին Զեյթունի հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտ և Իգդիրի աշխարհազորայինները:

«Տարբեր տվյալներով 5500-7000 զինվորներ ունեցող հայկական զորքը Սարդարապատում պետք է հաղթահարեր 6000-9000 կանոնավոր զինվորներ և 1500-3000 քուրդ հեծյալներ ունեցող և լավ սպառազինված հակառակորդի դիմակայությունը: Թուրքերն ունեին ռազմամթերքի պաշարներ, օգնական ուժեր ստանալու հնարավորություններ` գումարած թաթարների աջակցությունը: Հայկական զորքը զուրկ էր օգնության որևէ հույսից» (Ա. Ասրյան):

Մայիսի 20-ին, ներխուժելով Արարատյան դաշտավայր, թուրքական զորքերը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, գրավեցին Արաքս և Ղարաբուրուն կայարանները: Հաջորդ օրը` մայիսի 21-ին, առաջանալով ևս 10 կմ, նրանք գրավեցին Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Գեչրլուն (այժմ` Մրգաշատ): Հայկական զորքերը հետ քաշվեցին Քյուրաքյանլու- Քյորփալու (այժմ` Արշալույս)- Հայի Զեյվա գծով:

Թշնամին սպառնում էր գրավել Էջմիածինը, ապա Երևանը և միավորվելով Բաշ-Ապարան-Աշտարակ ուղղությամբ շարժվող 9-րդ դիվիզիայի հետ, առաջանալ Սևան-Դիլիջան-Ղազախ ուղղությամբ:

Այլևս նահանջի տեղ չկար: Հայկական զորքերի հրամանատարությունը մշակեց թշնամու առաջխաղացումը կասեցնելու և ետ շպրտելու հստակ ծրագիր, որը գործի դրվեց անհապաղ. հապաղելը մահվան էր հավասար:

♦♦♦

Մայիսի 22-ի առավոտյան` հրետանային նախապատրաստական կրակից հետո, թուրքական զորքերը Սարդարապատի արձակ դաշտով հարձակման անցան Քյորփալու (այժմ` Արշալույս) և Ղուրդուղուլի (այժմ` Արմավիր) գյուղերի բնագծում դիրքավորված հայկական ուժերի վրա և հասան Ղամըշլու (այժմ` Եղեգնուտ): Թշնամին առաջանում էր այն ամբարտավան ինքնավստահությամբ, որ հեշտությամբ կճնշի հայկական փոքրաթիվ զորքերի դիմադրությունը և արագորեն կգրավի Էջմիածինը, ապա նաև Երևանը:

Սակայն երբ ասկյարների հոծ շարքերը գրեթե ամբողջությամբ ծածկել էին դաշտը, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանով միաժամանակ որոտացին հայկական ուժերի հրետանային մարտկոցները` կրակե հեղեղ թափելով թուրքական զորքերի գլխին: Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր. Արարատյանը` Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական նախարարը, դիպուկ կրակ էր վարում թշնամու թե՛ գրոհող հետևազորի և թե՛ հրետանային ու գնդացրային կրակակետերի վրա:

Ի դեպ, հետագայում թուրքերը Սարդարապատում իրենց պարտությունը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայությամբ: Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանոթների դիմաց հայկական զորքերն ունեին ընդամենը 18 հրանոթ: Պարզապես Արարատյանի հմուտ մարտավարության շնորհիվ հրանոթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխվում էին մի դիրքից մյուսը և տարբեր կրակակետերից ռմբահարում թշնամուն` այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տեսլականը:

Դիպուկ հրետակոծության հետևանքով թշնամու շարքերում խուճապ առաջացավ, զորաշարքերը խառնվեցին իրար: Գլուխները կորցրած ասկյարները սկսեցին արձակ դաշտում մահաբեր կրակից պատսպարվելու տեղ փնտրել և չգտնելով` ինքնաբերաբար մղվեցին ետ` դեպի ելման դիրքերը:

Պահը հասունացել էր, և գնդապետ Դ. Բեկ-Փիրումյանի հրամանով հայկական զորքերը անցան հարձակման: Գնդապետ Պ.Բեկ-Փիրումյանի ղեկավարած 5-րդ` «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի և պարտիզանական հետևակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը աշխարհազորային ջոկատների աջակցությամբ նետվեցին գրոհի, հուժկու հարված հասցրին թշնամուն և փախուստի մատնեցին նրան:

Ճնշելով թուրքական զորքերի հոծ պաշտպանությունը և արագորեն առաջանալով` հայկական զորքերը թշնամուն 15-20 կմ ետ շպրտեցին Սարդարապատ գյուղի և կայարանի դիրքերից և ազատագրեցին Գեչըրլուն և Մոլլա-Բայազեթը: Ճակատի հյուսիսային հատվածում մեր զորքերը ազատագրեցին Կոշը և Ուջանը:

Այսուհանդերձ, գնդապետ Դ.Բեկ-Փիրումյանը վճռեց չշարունակել թշնամու կրնկակոխ հետապնդումը և չկտրվել ելման դիրքերից` զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ և հակահարձակման անցնելով` ի չիք դարձնել ձեռք բերված հաջողությունը: Օգտվելով այդ հանգամանքից` խուճապահար նահանջող թուրքական զորքերը կարողացան համախմբել իրենց ուժերը և ամրանալ Արաքս կայարանում և մերձակա Չիմնի-ղըռ և Թյուլքի-թափա բարձունքների շրջանում:

Առաջին իսկ մարտերում հայ զինվորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպանված և վիրավոր) պատճառեցին թշնամուն: 36-րդ հետևակային դիվիզիային փոխօգնության հասնելու և անձնակազմը համալրելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը փորձեցին Սուրմալուից գետանցել Արաքսը և հարվածել մեր զորքերի թիկունքին: Սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները հաջողությամբ կասեցրին թուրքերի բոլոր գրոհները:

Հայ զինվորների առաջին հաղթական մարտերը բուռն ոգևորություն առաջացրին ազգաբնակչության շրջանում: Անմիջապես սկսեց ստվարանալ զինվորագրվողների թվաքանակը, անգամ դասալիքները սկսեցին շարք վերադառնալ: Բոլորը հուսավառվել էին վերջնական հաղթանակի հավատով և ցանկանում էին օժանդակել համազգային պայքարին` ռազմաճակատի կարիքների համար զոհաբերելով ամեն ինչ:

Մայիսի 24-ին գեներալ Մ. Սիլիկյանը կոչով դիմեց ժողովրդին.

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար…

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ Ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց…

Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության: Ոտքի կանգնեցեք: Դեպի գործ, դեպի սրբազան պատերազմ…

Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյան»:

♦♦♦

Առաջին հաղթական մարտերից հետո հայկական զորքերը դիրքավորվեցին Սարդարապատի մերձակայքում: Աջ կողմից` կայարանի մոտ, 5-րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զեյթունի գունդը, հատուկ հեծյալ գնդից մեկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մեկ վաշտ: Երկաթուղագծից հարավ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, հատուկ հեծյալ գունդը, նաև երկրորդ մարտկոցի չորս հրանոթ: Պահեստային ուժերն էին` 5-րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի և Խնուսի գնդերը:

Մայիսի 25-ին գեներալ Սիլիկյանի հրամանով վերախմբավորելով իրենց ուժերը` հայկական զորամասերը վեց վերստ ձգվող ճակատով դիրքեր գրավեցին թուրքական զորքերին զուգահեռ` 800 քայլ հեռավորության վրա` ճակատով դեպի հյուսիս:

Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձևավորված զորասյունը հարձակում գործեց Արաքս-Ներքին Թալին-Մաստարա ուղղությամբ: Առաջնահերթ խնդիրը Թյուլքի-թափա լեռան գրավումն էր և այնտեղ ամրացած թշնամուն ետ շպրտելը: Սակայն, չնայած հայ ռազմիկների խիզախությանն ու անձնազոհությանը, թուրքական դիրքերը մնացին անառիկ: Հաջողություն չունեցան նաև Արաքս կայարանի շրջանում ամրացած թշնամուն իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար ձեռնարկված ճակատային գրոհները: Հայկական զորքերի ճակատային գրոհները որևէ արդյունքի չհանգեցրին նաև հաջորդ օրը:

«Հարձակումը դանդաղեց: Թուրքերը, հասցնելով հարմար խրամատավորվել, ամուր պահում էին սարերը… Ծանր իրավիճակ էր ստեղծվել: Սարդարապատի խումբը հայտնվել էր կիսաօղակի մեջ, պահեստային ուժեր չկային: Թուրքերը գրավել էին բարձունքները, մենք` նրանց ներքևում էինք»,- վերհիշում է Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շնեուրը:

♦♦♦

Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար հայկական ուժերի հրամանատարությունը` գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, մշակեց հնարամիտ ծրագիր, ըստ որի` հայկական զորքերի մի մասը պետք է թևանցում կատարեր և թիկունքից հարվածեր թշնամուն: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայանի գլխավորությամբ ձևավորվեց առանձին հարվածային զորախումբ` Խզնաուզի ջոկատը, որը կազմված էր Երզնկայի հետևակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից:

Մայիսի 27-ի լուսաբացին հարվածային զորախումբը, թևանցում կատարելով Խզնաուզ (այժմ` Արագած) և Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս եկավ Արաքս կայարանի մատույցները և թիկունքից անակնկալ գրոհ ձեռնարկեց թշնամու վրա: Թշնամու թիկունքին Թալինի կողմից հարված հասցրեց նաև մշեցիների ջոկատը` Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորությամբ:

Առավոտյան Ժամը 9-ին սկսվեց հարձակման հրետանային նախապատրաստությունը: Ժամը 14-ին տեղեկություն ստացվեց, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թևը: Թուրքերի դիմահար կրակի հետևանքով փոքր-ինչ դանդաղեց Մակուի գումարտակի թևանցումը Ներքին Կալակուտ գյուղի մերձակայքում, սակայն իսկույն փոխօգնության եկած Երզնկայի գնդի երկու վաշտերը շտկեցին իրավիճակը:

Երզնկայի գունդը, կտրուկ թեքվելով հարավ, դուրս եկավ ամրացված բարձունքների թիկունքը և անմիջապես հարձակման անցավ: Միաժամանակ Սարդարապատի կողմից ճակատային գրոհի նետվեցին հայկական մյուս զորախմբերը: Թշնամին փորձեց դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմացավ և ծանր կորուստներ կրելով` լքեց իր դիրքերն ու խուճապահար նահանջեց:

«Թուրքերը խուճապահար փախչում են Կարա-Բուրուն լեռան ուղղությամբ` դեն նետելով հանդերձանքը: Մեր փոքրաթիվ հեծելազորը հետապնդում է նրանց: Ձախ զորասյունը հետապնդելով թուրքերին երկաթգծի երկայնքով` գրավում է Արաքս կայարանը, իսկ երեկոյան նաև Մաստարա կիսակայարանը: Աջ զորասյունը, որի կազմում էր նաև Երզնկայի գունդը, երեկոյան մոտենում է Մաստարա գյուղին: Պանդուխտի հեծյալները շարունակում են հետապնդել թշնամուն Կրիզլուի և Գյոզլուի վրայով, մայիսի 28-ին հասնում են Սողութլու: Թուրքերը խուճապի մեջ են: Նրանց գումարտակներն անցնում են Արփաչայի արևմտյան ափը» (Ա. Շնեուր):

Հաջորդ օրը, զարգացնելով հարձակումը, հայկական զորքերը ազատագրեցին Արագած և Ղարաբուրուն կայարանները, Ներքին և Վերին Թալինը ու Մաստարան: Թուրքական զորքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Հաղթանակը կատարյալ էր. թուրքական 36-րդ դիվիզիան ջախջախվեց ու ետ շպրտվեց: Ճակատամարտում թուրքական զորքերը կորցրին ավելի քան 3500 զինվոր: Մեր կորուստները անհամեմատ քիչ էին:

Սարդարապատի ճակատամարտի հաղթական ավարտի ավետիսը համաժողովրդական ցնծության ալիք բարձրացրեց Երևանում:

ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Պատմության էջերից


30/05/2012