Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵՆ… ԲԵՌ ՉԴԱՌՆԱՆ



Ոլորապտույտ ճանապարհը անցնում է ծառաշատ այգիների միջով, ու միտքս ոչ մի կերպ չի կենտրոնանում գալիք հարցազրույցի վրա։

-Տան տեղը գիտե՞ս,- հարցնում է Հայկը։

-Ասաց՝ Էջմիածնում ում էլ հարցնեք Ճուտ Արսենենց տունը, ցույց կտան։

-Հո՞ պատգամավոր չի,- զարմանում է Արեգը։

-Ազատամարտիկ է,- տղաներին ծանոթացնում եմ ապագա ակնարկիս հերոսին,- գրոհային գումարտակի հրամանատար է եղել, 1000 հոգանոց անձնակազմ է տարել մարտի։ Ասում են՝ կենդանի լեգենդ է…

-Պատգամավորը փոքր մարդ է ազատամարտիկի համեմատ,- մեր զրույցը փակում է Հայկն ու առաջին պատահած կնոջ մոտ արգելակում մեքենան։

-Ճուտ Արսենենց տո՞ւնը,- կինը լայնաշուրթ ժպտում է,- իհարկե գիտեմ…

…Գետնահարկի բակում քարեր են թափված։ 6-7 տղամարդ շինարարություն են անում։ Նրանցից մեկը, մեզ նկատելով, առանձնանում է խմբից ու մոտենում.

-Բարով եք եկել, Արսենը ես եմ,- նիհար, փոքրամարմին տղամարդ է, փոշու-ավազի մեջ կորած։

-Էս էլ կենդանի լեգենդը,- ականջիս տակ լսում եմ Հայկի ձայնը ու հազիվ եմ զսպում ժպիտս։

-Ա՛յ ախպեր, փող չես տալիս, գոնե կոֆե տուր,- շրջվում ենք ձայնի կողմը, ջրով լի դույլերը ձեռքին՝ հաղթանդամ տղամարդ է «բողոքողը»՝ Արսենի հակապատկերը։ Բոլորը բարձրաձայն ծիծաղում են։

-Մարտական ընկերներս են,- բացատրում է Արսենը,- ինձ համար տուն են կառուցում։

Հյուրասենյակում Արսենի կինը չորս երեխաների հետ հյուրերին (մեզ) ընդունելու պատրաստություն էր տեսնում։ Երեք տղա, մի աղջիկ ունեմ՝ պատմում է Արսենը։ Տղաներիս զոհված ընկերներիս անունով եմ կոչել… Ինքս ինձ խաբում եմ… Երբ ընկերներիս անունն եմ տալիս, թվում է՝ ողջ են, թվում է` ապրում են տղաներիս մեջ…

Արսենը արագ-արագ ծխախոտ է վառում։

-Այսքան տարի է անցել,- մխիթարում եմ։

-Էս ցավը միշտ կմնա՝ քանի տարի էլ անցնի։

Ես փորձում եմ շրջանցել ցավի թեման։

-Ծնողներիդ հե՞տ ես ապրում։

-Ծնողներ չունեմ… Մայրս հաստատ ավելի երկար կապրեր, եթե չլիներ պատերազմը։ Մայրս շատ տանջվեց… Որ ճիշտն ասեմ, փոքր ժամանակ էլ մի բան չէի, ամեն օր վեճ, ծեծկռտուք… Բայց մեծերի հարգը գիտեի։ Իմ մանկության տարիներին ավագության օրենքը կար։ Քեզնից մեկ-երկու տարով մեծ տղան կարող էր հանձնարարություն տալ քեզ, ու պիտի վազեիր հոժարակամ։ Գյուղում հեղինակություններ կային, հարգված մարդիկ։ Նրանց ամեն խոսքը խրատ էր, դաս էր։ Ես սիրում էի կանգնել մեծերի կողքին, լսել նրանց զրույցները։ Սիրում էի, երբ բանակից եկած տղաները պատմում էին ծառայական կյանքի մասին…

-Գլուխ էին գովում…,- ոնց որ զրույցը կպավ, թե չէ՝ տխուր սկսեցինք…

-Նաև գլուխ էին գովում, բայց էդ գլուխ գովելն էլ իր բովանդակությունն ուներ… Պատմում էին, թե ոնց են կանգնել ընկերոջ թիկունքին, ոնց են իրար օգնել դժվարության պահին, ոնց են դիմակայել դժվարություններին… Քաջության, ուժի, բարության, ընկերասիրության դասեր էին։

-Բանակում պետք եկան այդ դասերը…

Արսենը ժպտալով օրորում է գլուխը…

-Բանակի մասին մի հարցրու… Տանկիստ էի, Ուկրաինայում էի ծառայում։ Ղարաբաղյան շարժման օրերին էր։ Հայաստանի սահմաններին կռիվ էր։ Ինձ զորամասից զորամաս ուղեկցող ադրբեջանցի մայորին ծեծեցի, փախա Հայաստան և ուղիղ գնացի Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին զինվորագրված եղբորս մոտ։

Արսենը արդեն ոգևորվել է.

-Ես զենք եմ սիրում, մտածում էի՝ թուրքին դաս տալու ժամը եկել է…

-Ինչպե՞ս է ծնվում պատերազմ գնալու որոշումը։

Արսենը տարակուսած ժպտում է.

-Հարցը չհասկացա…

-Պատերազմ գնալ, նշանակում է գնալ ստույգ մահվան…

-Պատերազմ գնալ, նշանակում է գնալ պաշտպանելու կյանքը։ Նա, ով մտածում է ապրել-մեռնելու մասին, կռիվ չի գնում։ Նա, ով կասկածում է, որ կմեռնի, մնում է տանը։

-Չեմ հասկանում…

-Մենք բոլորս վստահ էինք, որ մեզ գնդակ չի դիպչելու։

-Պատմեք պատերազմի մասին…

Արեգը լուսանկարում է տարբեր կողմերից։ Արսենը նայում է շփոթված։

-Ի՞նչ պատմեմ… պատմելու բան չկա։ Թշնամին կրակում էր… մենք կրակում էինք։ Տղաները զոհվում էին…

-Ինչպե՞ս եղավ, որ մենք հաղթեցինք, թուրքերը պարտվեցին։

-Թուրքերը շուտ են կոտրվում, շուտ են հուսահատվում… Երբ հասկանում են, որ հաղթելու շանս չկա, զիջում են, նահանջում են… Մենք մինչև վերջին շունչը հավատում ենք հաղթանակին… Երբ այլևս ոչ մի սպասելիք չունենք, հրաշքի ենք սպասում ու կռվում ենք մինչև վերջին փամփուշտը, պայքարում ենք մինչև սրտի վերջին զարկը…

-Բա ասում ես՝ պատերազմի մասին պատմելու բան չունեմ…,- ուզում եմ ոգևորել, բայց Արսենը մտքերով ուրիշ տեղ է։

-Պատերազմի ժամանակ հեշտ էր, թշնամու դեմ հեշտ էր… Հիմա չգիտես ոնց կռվես, ի՞նչ զենքով…

-Ո՞ւմ դեմ…

-Ովքեր այս հողի ու ջրի ծնունդն են, բայց անտարբեր են այս երկրի ճակատագրի հանդեպ։ Ովքեր պատերազմի ժամանակ չգիտես որտե՞ղ էին, ո՞վ էին… Բայց էսօր վայելում են մեր ընկերների արյան գնով ձեռք բերած խաղաղությունն ու իրենց անսահման հարստությունից բաժին չեն հանում զոհվածի երեխային, մորը, կնոջը…

-Դուք ինչպե՞ս եք ապրում։

-Ես ողջ եմ մնացել, հաշմանդամ չեմ, կաշխատեմ, կարող եմ պահել ընտանիքս ու պարտք ունեմ զոհված ընկերներիս զավակների առաջ… Ես օգնության կարիք չունեմ… Թեև մեր նախարարն ինձ օգնեց։ Իմացավ, որ տուն եմ կառուցում չորս երեխաներիս համար, ու ախպերավարի կանգնեց թիկունքիս։

-Ո՞ր նախարարը…

-Մեր… պաշտպանության… Մի անգամ կռվի դաշտում հանդիպել ենք իրար։ 10 օր միասին ենք եղել… հիշեց ինձ։ Անկեղծ ասած, մենակ չէի կարող… Մարտական ընկերներս միշտ կողքիս են, մենք միասին ենք… Ես չեմ ուզում մարդկանց բաժանել կռվածների ու չկռվածների, բայց սա բոլորովին ուրիշ աշխարհ է, պատերազմի աշխարհը։ Օր չկա, որ չհիշենք, չպատմենք…

…Գուցե հենց անցյալից չկտրվելու համար էր, որ պատերազմի ավարտից հետո էլ ազատամարտիկների մի մասը չիջան սահմանից, մնացին լեռների վրա, որտեղ «իրենց սիրտն էր», հիշողություններն էին, զոհված ընկերների ձայները… Նրանց կողքին լինելու պատրանքը։ Արսենն ասես կարդում է մտքերս…

-Երբ կրակոցները լռեցին, երբ վերադարձանք… ու մայրաքաղաքն իր սովորական ռիթմով դիմավորեց մեզ, սկսեցինք ընկալել-հասկանալ, թե ինչ ենք թողել հետևում, սկսեցինք տեսնել այն դատարկությունը…

Արսենը նորից ծխախոտ է վառում։ Արեգը փորձում է լուսանկարչական ժապավենի վրա «անմահացնել» նրա աչքերի մուգ տխրությունը, որ երբեք արցունք չի դառնում։

-Այդ դատարկությունից վախենալո՞վ՝ պատերազմի ավարտից հետո երեք տարի մնացինք սահմանին։

-18-20 տարեկան զինվորների կողքին փորձառու ռազմիկներ էին պետք՝ կռված տղերք…

-Հերոս տղերք…

-Ես իմ երեխաներին այդպես չեմ բացատրում… Ես ասում եմ՝ հայրենիքի սահմաններն ու ժողովրդին պաշտպանելը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է։ Ես չեմ ուզում, որ նրանք պարտականությունը հերոսություն համարեն։ Ես ասում եմ՝ եթե տղամարդ ես՝ ուրեմն պաշտպան ես՝ հայրենիքիդ, ընտանիքիդ, թույլի, ազնվության, արդարության, ճշտի… Հերոսություն մի ասեք… Բոլորը պարտավոր չեն հերոս լինել, բայց բոլորն էլ պարտավոր են պաշտպանել հայրենիքի սահմանները։

Ես գլխով եմ անում. իբր համոզեցիր, էլ չեմ ասի, իսկ Արսենը շարունակում է.

-Ուզում եմ տղաներս կարգին մարդ մեծանան, էս երկրին, էս հողին տեր, իրենց պատվի գինն իմացող… Տաք սիրտ ունենան, ամուր հոգի… Բեռ չդառնան, նեցուկ լինեն…

Հավատում եմ, որ վաղվա Հայաստանն ավելի լավն է լինելու… Կռված տղերքին եմ հավատում… Էն պաշտոնյաներին, ովքեր սահմանին արյուն են թափել, ովքեր հայրենի հողը կիլոմետրերով չեն չափում, այլ կորուստների ցավով ու զոհված ընկերոջ կյանքի թանկությամբ…

…Տանը միայն մենք ենք, մյուսները դրսում են, այգում, պտղած ծառերի տակ, լուսանկարվում են…

-Դու էլ պիտի լուսանկարվես,- հիշեցնում եմ Արսենին։

-Տղաներին նկարեք…

-Հոդվածը քո մասին է…

-Նրանցից յուրաքանչյուրի մասին է…

…Տղամարդիկ փորձում են իրենց կարգի բերել նկարվելուց առաջ, թափ են տալիս շորերի փոշին, մազերը ձեռքով հարթում են ու ժպտադեմ նայում Արեգի ապարատին…

Չգիտես ինչու՝ ես ուզում եմ մտապահել նրանց դեմքերը, բայց… նրանք ձուլվում են իրար՝ դառնում մի դեմք, մի մարմին, մի պատկեր, մի կերպար՝ հզոր, զենքն ուսած, բարձր լեռներում, թշնամու դեմ…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ճակատագրեր


30/05/2012