ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԿՍԵԼ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄԸ
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմպսին հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստ է սկսել Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի մշակումը: Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ այդ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրակցությունը պետք է դիմեն դիվանագիտական ու տնտեսական միջոցների:
Գեներալը նշել է, որ իր խնդիրը ռազմական միջամտության պլանի մշակումն է և ոչ թե քաղաքական խնդիրների լուծումը, և ինքը կապահովի զինված միջամտության տարբեր սցենարների ներկայացումը ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ հազիվ 10 օր առաջ ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ իրենք չեն ծրագրում Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնել:
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց մայիսի 25-ին Խուլա քաղաքում իրականացված զանգվածային սպանություններից հետո: Ֆրանսիան, Բուլղարիան ու Միացյալ Նահանգները Դամասկոսից ետ կանչեցին իրենց դեսպաններին, իսկ Գերմանիան ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ պահանջեց: Վիճակը փորձում է մեղմել միայն Ռուսաստանը. Սերգեյ Լավրովը պահանջում է ՄԱԿ հովանու ներքո անաչառ հետաքննություն անցկացնել, պնդելով՝ չի բացառում կազմակերպված սադրանքի հնարավորությունը:
Սիրիայի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են ապստամբ իսլամականներին, պնդելով, որ քաղաքի մերձակայքում տանկեր չեն եղել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական