Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ



Ինչո՞ւ է Հաղորդության խորհուրդը Պատարագ կոչվում

– Պատարագ բառն այլեւայլ իմաստներ ունի. նշանակում է զոհ, նվեր, ընծա եւ այլն։ Իսկ այստեղ նշանակում է Քրիստոսի ինքնազոհաբերությունը մեր փրկության համար։ Քրիստոսն Իրեն հաշտության պատարագ (զոհ) է մատուցում Աստծուն՝ ազատելու մարդկանց չարի կապանքներից։ Սուրբ Սեղանի վրա խորհրդաբար պատարագվում է Քրիստոսը՝ Անմահ Գառը՝ Իր սուրբ Մարմինն ու Արյունը բաշխելով մեզ ի քավություն եւ ի թողություն մեղքերի։
Այս խորհուրդը կատարող քահանան կոչվում է պատարագիչ, ինչպես որ Մկրտության խորհուրդը կատարողը կոչվում է մկրտիչ։

Բոլոր մարդիկ անխտիր կարո՞ղ են հաղորդվել, երբ կամենան

– Նրանք, ովքեր մկրտված չեն, չեն կարող հաղորդվել։ Հաղորդվողը պետք է լինի հավատացյալ, իր Եկեղեցու դավանանքին եւ կարգուկանոնին հավատարիմ քրիստոնյա։
Հնում, Պատարագի երկրորդ մասի ընթացքում, երբ սարկավագը ազդարարում էր՝ «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս», չմկրտվածներին (երախա), թերահավատներին, ապաշխարողներին, անմաքուրներին հանում էին եկեղեցու գավիթ։
Սրանից հետեւում է, որ չի կարելի աստվածային խորհուրդին մոտենալ առանց պատրաստվելու եւ առանց լրացնելու կանոնական պայմանները։

Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հաղորդությանը

Արդեն ասվեց, որ ինքնաքննությունը, զղջումը, ապաշխարությունը, խոստովանությունը անհրաժեշտ պայմաններն են. դրանց հետեւում է նաեւ բարեգործությունը, որովհետեւ մեղք գործող մարդն անպատճառ որեւէ չարիք կամ վնաս հասցրած կլինի իր նմաններին. այն պետք է հատուցել եւ դարմանել բարեգործությամբ։ Եվ վերջապես, հաղորդվելուց առաջ պետք է պաս եւ ծոմ պահել՝ ըստ մեր նախնիների բարեպաշտ ավանդության, որ շատ նպաստավոր է հոգեւոր կյանքի համար։

Պատարագից առաջ պատարագիչը նույնպե՞ս պարտավոր է պատրաստվել

– Այո՛, եւ ավելի ուշադրությամբ ու խստությամբ։ Պատարագիչների պատրաստության համար մեր Եկեղեցին շատ հին եւ ընդհանրացած սովորույթ ունի. այսպես՝ նրանք Պատարագի նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից հետո, պետք է մնան եկեղեցու խցերում, ծոմապահությամբ, աղոթքներով եւ հոգեւոր ընթերցանությամբ հսկեն գիշերը, անպայման մասնակցեն առավոտյան ժամերգությանը, ապա մեծ խորհուրդը կատարելու համար սուրբ Սեղան ելնեն մաքուր մարմնով եւ սրբասուն խղճմտանքով։

Ո՞րն է Շնորհալի հայրապետի պատվերը պատարագիչ քահանաներին

– Աստվածային խորհուրդին սպասավորեցեք մաքուր հոգով, սուրբ սրտով, անարատ հավատքով, մեծ հույսով, պարզ մտքով, կատարյալ սիրով, ահ ու դողով։

Ինչպե՞ս է մատուցվում Պատարագը մեր Եկեղեցում

– Լավ մտածված կարգավորությամբ եւ շատ վայելուչ ու խորհրդավոր հանդիսավորությամբ. հոգենորոգ սաղմոսներ եւ աղոթքներ, հոգեզմայլ երգեր, պարտ ու պատշաճ զգեստավորում, ջահավառություն, խնկարկություն եւ հավատացյալների սրտագին ու երկյուղած մասնակցություն արարողությանը՝ տեղին համեմատ լուռ կամ ձայնավոր հետեւողությամբ։ Մեր Եկեղեցու Պատարագի արարողությունն իր մեծ վայելչությամբ խորը տպավորություն է թողնում նույնիսկ օտարազգի քրիստոնյաների վրա։

Որո՞նք են Պատարագի արարողության էական պայմանները

– Քրիստոնեական Եկեղեցում հաստատված վաղեմի կանոնների եւ սո
վորության համաձայն՝ Պատարագ կատարելու համար անհրաժեշտ են երեք էական պայմաններ. ա) ձեռնադրված եւ օծված պաշտոնյա, բ) հաց ու գինի, գ) աղոթք։
Պատարագիչը պետք է լինի Ձեռնադրությամբ եւ օծումով առնվազն քահանայական աստիճան ունեցող եկեղեցական։
Պատարագը պետք է կատարվի զուտ եւ մաքուր ցորենի ալյուրից թխված թարմ բաղարջ (անխմոր) հացով եւ անապակ (մաքուր, ջուր չխառնած) գինով։
Պատարագչի կողմից հավատքով եւ երկյուղածությամբ պետք է ասվեն օրհնության եւ սրբագործության քահանայական աղոթքներ։
Պատարագի արարողության մյուս մասերը հիմնված են այս երեք պայմանների վրա եւ նպաստում են խորհուրդի կատարումը վայելուչ եւ արտահայտությունը զգալի դարձնելուն։

Ե՞րբ է հաստատվել Պատարագի այս ծիսակարգը մեր Եկեղեցում

– Սկզբում Պատարագի արարողության կերպը շատ պարզ էր, բայց հետզհետե ճոխացավ, մանավանդ՝ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի օրերին (+1173, օգոստոսի 16) եւ նրա ձեռքով։ Մեր Եկեղեցու Պատարագում մեծ տեղ ունեն սուրբ Հովհաննես Ոսկեբերանի (347-407) եւ սուրբ Գրիգոր Նարեկացու (950-1010) աղոթքները։ Իսկ ավելի ուշ, 14-րդ դարից սկսած, երգվում է երաժիշտ Խաչատուր Տարոնացի վարդապետի կողմից մի հանդիսավոր առիթով ստեղծված «Խորհուրդ խորին»-ը։

Ո՞րն է հավատացյալ ժողովրդի պարտքը եկեղեցում սուրբ Պատարագի ժամանակ։

– Սուրբ Պատարագը պետք է մատուցվի հավատացյալների պատկառանքով եւ երկյուղածությամբ լի մթնոլորտում։ Ոչ մի շշուկ եւ փսփսուք, ոչ մի երթեւեկ, վերջապես՝ ոչ մի ավելորդ շարժում ու ձայն, բացի արարողությունը կատարողների ձայնից ու շարժումից։ Աշխարհական թե հոգեւորական՝ բոլոր հավատացյալներն իրենց ուշադրությունը պետք է սեւեռեն աստվածային խորհուրդի վրա եւ առանց շեղվելու հետեւեն աղոթքներին եւ երգերին։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #03 (868) 26.01.2011- 2.02.2011, Հոգևոր-մշակութային


04/02/2011