ՊԱԿԻՍՏԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Պակիստանում հաջողությամբ է ավարտվել միջուկային մարտագլխիկ կրելու ունակ, անտեսանելիության «սթելս» տեխնոլոգիաներով կառուցված օդային բազավորման «Hatf-VIII» հրթիռի փորձարկումը: Նոր հրթիռը կարող է խոցել 350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:
Պակիստանի պաշտպանության նախարարությունը ակնարկելով Հնդկաստանին հայտարարել է, որ «Hatf-VIII» հաջող փորձարկումն արագ արձագանք էր փոքր տարածությունների վրա ծագող սպառնալիքներին: Իսկ ապրիլի վերջին դարձյալ հաջողությամբ էին ավարտվել համապատասխանաբար գործողության 60 և 180 կիլոմետր շառավիղ և խոցման բարձր ճշգրտություն ունեցող «Hatf-IX» ու «Hatf-II» հրթիռների փորձարկումները: Վերջինս նույնպես կարող է կրել միջուկային մարտագլխիկ:
Ժամանակ առ ժամանակ գրեթե պատերազմական վիճակում հայտնվող Պակիստանն ու Հնդկաստանը փոխադարձաբար դիմում են ուժի ցուցադրման: Մասնավորապես, 1998 թվականին, երբ Հնդկաստանն իրականացրեց միջուկային փորձարկում, Իսլամաբադը դրան պատասխանեց փորձարկումների մի ողջ շարքով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական