ՍԻՐԻԱՅԻՆ ԿՀԱՐՎԱԾԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՄԱԿ-Ը
ՄԱԿ անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում նման եղանակով Սիրիայում ռազմական գործողության իրականացումը, քանի որ իրավիճակի խաղաղ կարգավորումն իրադարձությունների զարգացման ամենաքիչ հավանական տարբերակն է, և կոնֆլիկտը կարող է տարածվել նաև այլ պետություններ:
Անվտանգության խորհրդում ռազմական միջամտության դեմ են միայն Ռուսաստանն ու Չինաստանը: Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը ոչ միայն բավարար չափով չի նպաստում Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլև ընդհակառակը, զենք է մատակարարում սիրիական ընդիմությանը, որը երեկ 48 ժամյա վերջնագիր ներկայացրեց Բաշար Ասադին, սպառնալով դադարեցնել խաղաղ կարգավորման ծրագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչը կհանգեցնի արյունահեղության նոր ալիքի:
Խուլա քաղաքի արյունահեղությունից հետո ռազմական միջամտության գաղափարին են հակվում նաև եվրոպական պետությունները, որոնք, սակայն, պահանջում են լրիվ պահպանել միջազգային իրավունքի բոլոր նորմերը և միաժամանակ պնդում, որ Անանի առաքելությունը լրիվ սպառել է իրեն, ինչին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը:
Սիրիայի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ ընդիմությունը միտումնավոր ձախողում է Անանի ծրագրի իրականացումը, իսկ այսպես կոչված Սիրիական ազատ բանակն այլ պետություններից, մասնավորապես Քաթարից ու Սաուդյան Արաբիայից ֆինանսավորվող վարձկանների կազմավորում է, որը գործում է Սիրիան որպես պետություն ոչնչացնելու արևմտյան և թուրքական ծրագրի շրջանակներում:
Իսկ առայժմ մարտական գործողություններն ընդգրկել են նաև երկրի մայրաքաղաք Դամասկոսի տարածքը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան