ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ
Ուսումնական փուլի այս շրջանում ավելի շատ ժամանակ է հատկացվում տեսական պարապմունքներին, որոնք անցկացվում են մասնագիտացված լսարաններում։ Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասը նախկինում չուներ կեցության, հանգստի եւ ուսման կազմակերպման համար բավարար պայմաններ։ Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նորակառույց երկհարկանի զորանոցի եւ ճաշարանի բացման եւ շահագործման արարողությունը, որին մասնակցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
-Զորանոցն իր հնարավորություններով առայժմ լիովին բավարարում է զորամասի պահանջները, թեեւ, ինչպես տեսնում եք, դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն բարեկարգման եւ ուսումնական բազայի կատարելագործման համար եւ այդ նպատակով կազմում ենք զարգացման ծրագիր, որը պետք է ներկայացնենք ՀՕՊ զորքերի վարչություն,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Մ. Մհերյանը։
Նոր զորանոցը կառուցված է այսօրվա պահանջներին համապատասխան, ջեռուցվում է նորակառույց կաթսայատան միջոցով, կա մշտական ջուր եւ ջրի պահեստավորման առանձին տարողություն։
-Հին զորանոցները դարձրել ենք ուսումնական լսարաններ, որոնք վերանորոգումից հետո կկահավորվեն, կտեղադրվեն վարժասարքեր, իսկ ավելի ուշ կկառուցվի շենք շտաբի համար, ինչպես նաեւ՝ տիպային բուժկետ,- նշեց գնդապետ Մ. Մհերյանը։
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին եւ զորամասի առջեւ դրված խնդիրներին՝ նա շարունակեց.
-Մենք ՀՕՊ զորամասերի եւ ստորաբաժանումների համար պատրաստում ենք մասնագետներ եւ կրտսեր հրամանատարներ։ Միաժամանակ ՀՕՊ տեխնիկան օգտագործելու համար զորամասի բազայի վրա կազմակերպվում է մեխանիկ-վարորդների վերապատրաստում, անցկացվում են մասնագիտական մրցումներ զորամասերի ստորաբաժանումների միջեւ։ Ինչպես գիտեք, ուսմնական զորամասերի հրամանատարներն անմիջական մասնակցություն են ունենում կուրսանտների ընտրության գործին եւ, հետեւելով զինվորական երդման նախապատրաստական եւ ուսումնական գործընթացին, համոզվում եմ, որ ընտրությունը բավական հաջող է ստացվել։ Կուրսանտներն առանձնանում են ե՛ւ գիտելիքների պաշարով, ե՛ւ ֆիզիկական տվյալներով։ Պարապմունքներն անցկացնում են ստորաբաժանումների հրամանատարները, մասնագետ սպաները, վարչակազմի անդամները։ Իսկ ամսվա ընթացքում երեք օր հսկողական պարապմունքներ են անցկացնում ՀՕՊ վարչության բարձրաստիճան սպաները՝ վարչության պետի տեղակալները, բաժիննների պետերը։ Ասեմ նաեւ, որ նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձը՝ ուղղված ՀՀ ԶՈՒ անձնակազմին, ամբողջությամբ ներկայացվել, քննարկվել է բոլոր ստորաբաժանումներում։ Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վ. Մախսուդյանի հսկողությամբ ընթերցումները, քննարկումները շարունակվում են։ Պաշտպանության նախարարությունից ստացել եւ մարտկոցների հրամանատարներին ենք հանձնել բջջային հեռախոսներ, որոնցով կուրսանտները երեկոյան՝ մեր իսկ սահմանած ժամանակահատվածում զրուցում են ծնողների հետ։ Ամենակարեւորն այն է,- խոսքը եզրափակելով ասաց գնդապետ Մ. Մհերյանը,- որ տեղափոխությունը, պայմանների բարելավումը բարձրացրել է անձնակազմի տրամադրությունը, եւ մարդիկ ծառայում, առաջադրանքները կատարում են կրկնապատկված եռանդով։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
Ավագ լեյտենանտ Արթուր Թադեւոսյանի հրամանատարությամբ գործող դասակը ֆիզպատրաստության պարապմունք էր անցկացնում։ Նախկին ազատամարտիկ, զորամասի ֆիզպատրաստության պետ կապիտան Զարզանդ Ալեքսանյանի ղեկավարությամբ կուրսանտները ձգումներ էին կատարում եւ իրենց ուժերը փորձում հարյուր մետր վազքատարածությունում։
-Ինչպես տեսնում եք, դեռեւս լավ պայմաններ չունենք, բայց հրամանատարը վստահեցնում է, որ մինչեւ գարուն տիպային մարզասրահ կունենանք,- ասաց կապիտանը։
Երբ բոլոր կուրսանտները հանձնարարությունը մեկ անգամ կատարեցին, մեզ նրանց հետ զրուցելու հնարավորություն տրվեց։
-Կուրսանտ Արամ Մկրտչյանն եմ, Արարատի մարզի Տափերական գյուղից։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել եմ Մոսկվա՝ աշխատելու, իսկ երբ եկավ զինվորական պարտքը կատարելու ժամանակը, վերադարձա։
-Ես էլ եմ Ռուսաստանի Դաշնությունից եկել ծառայելու,- ասաց կուրսանտ գյումրեցի Լյովա Գրիգորյանը։ -Յոթ տարի ապրել եմ Ռոստով քաղաքում, ավարտել եմ գիմնազիա, միաժամանակ զբաղվել եմ ծանրամարտով։ Պատանեկան եւ երիտասարդական մրցաշարերում երեք անգամ դարձել եմ ՌԴ չեմպիոն։
-Ես էլ բռնցքամարտից Հայաստանի չեմպիոն եմ, հաղթել եմ նաեւ Վրաստանում անցկացված միջազգային առաջնությունում, բանակ եմ զորակոչվել ագրարային համալսարանի երկրորդ կուրսից,- ներկայանալով՝ ասաց Արսեն Ասատրյանը, որն Արարատի մարզի Արեւշատ գյուղից է։
Ուսումն ընդմիջելով՝ տարբեր բուհերից բանակ էին զորակոչվել նաեւ Լեւոն Մելքոնյանը, Հայկ Հունանյանը, Մուրադ Թերզյանը, Արշավիր Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Հախումյանը։ Վերջինս նշեց, որ ինքը զինվորականի որդի է։ Հայրը՝ կապիտան Արթուր Հախումյանը, ծառայում է կապի ուսումնական զորամասում։
-Սովորում եմ տնտեսագիտական համալսարանում, միաժամանակ զբաղվում եմ սամբո ըմբշամարտով։ Առաջին եւ երկրորդ տեղեր եմ գրավել ՀՀ պատանեկան առաջնությունում, երրորդ տեղ՝ Վրաստանի միջազգային մրցաշարում,- ներկայացավ Տիգրանը։
Կապիտան Զարզանդ Ալեքսանյանը ցույց տվեց նոր զորանոցի սենյակներից մեկը, որը ինքն էր կահավորել մարզագույքով եւ դարձրել մարզասենյակ։
-Այժմ այստեղ մարզվում են ինչպես սպաները, այնպես էլ կուրսանտները,- ասաց կապիտանը։
ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ
Ավագ ենթասպա Վահան Երվանդյանը պարապմունքն անցկացնում էր չափազանց մեծ ոգեւորությամբ։
-Նրա ոճն է, այլ կերպ չի կարող,- պարզաբանեց փոխգնդապետ Վ. Մախսուդյանը։ Տարբեր զորամասերից եկած մեխանիկ-վարորդներն ուշադրությամբ լսում էին, երբեմն հարցեր տալիս։ Նրանք բոլորն էլ զորակոչվել եւ մասնագիտություն են սովորել մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, ապա ծառայության նշանակվելով տարբեր զորամասերում, ընդգրկվել են ՀՕՊ ստորաբաժանումներում եւ հիմա տեխնիկան վարելու հմտություններին են ծանոթանում։
-Ձգտումը մեծ է, եւ կարելի է վստահորեն ասել՝ արդեն հասուն, բանիմաց զինվորներ են եւ դեռ կատարելագործվելու տեղ ունեն։ Մեր ծանր տեխնիկան օգտագործելու համար շատ կարեւոր են անվտանգության կանոնների իմացությունն ու պահպանումը։ Մեքենաները գործարկելու, տեղից շարժելու, մարտկոցները ճիշտ օգտագործելու ձեւերն իրենք շատ լավ գիտեն եւ անհրաժեշտ չափով գործնական պարապմունքներ էլ են անցկացնում։ Մնում է միայն նրբություններին տիրապետեն, որից հետո խոչընդոտներով վարման նախատեսված ծրագիրը ավելի վստահորեն կկատարեն,- մեկնաբանեց ավագ ենթասպա Վ. Երվանդյանը։
-Ես ՀՄՄ-ի մեխանիկ-վարորդ եմ, պետք է սովորեմ հրթիռակիր մեքենաների վարման ու օգտագործման տարբերությունները,- ասաց գնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարքային Վարդան Փիրումյանը։
-Մեզ համար տեսական մասը պարզ է, մնում է վարման անհրաժեշտ փորձ ձեռք բերենք,- ավելացրեց շարքային Գեւորգ Գրիգորյանը։
***
Լսարաններից մեկում կուրսանտների հետ պարապում էր դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Դավթյանը։ Թեման էր. «Կրուգ» համալիրի բնութագիրը եւ ընդհանուր կառուցվածքը»։
-Խելացի, լավ պատրաստված տղաներ են, վստահ եմ՝ ուսումնական փուլի ավարտին արդեն լիովին կտիրապետեն տեխնիկայի առանձնահատկություններին,- ասաց դասակի հրամանատարը։ Կուրսանտներից երեւանցիներ Դավիթ Արիստակեսյանը եւ Արթուր Պողոսյանը միասին սովորել են ինֆորմատիկայի քոլեջում։ Գյումրեցի Արմեն Շուխյանը բանակ է զորակոչվել միջնակարգն ավատելուց հետո, իսկ Արայիկ Մկրտչյանը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող է։
-Իսկ ես էլ ճգնաժամային կառավարման ակադեմիայում եմ սովորում,- ասաց Վահե Պետրոսյանը։
-Ես Բավրայից եմ, տասնհինգ տարի ապրել եմ Ռուսաստանում, Չիտայում, Ադլերում, եկել եմ պարտքս կատարելու համար, որոշել եմ՝ զորացրվելուց հետո էլ հետ չեմ գնա։ Այստեղ կյանքն ավելի դժվար չէ, քան Ռուսաստանում,- ասաց Նորիկ Պետրոսյանը։
***
Լսարանում պարապմունքը վարում էր զենիթահրթիռային համալիրների մարտկոցի հրամանատար մայոր Ա. Զաքարյանը։ Թեման էր «Անվտանգության կանոնների պահպանումը Ս-125 ԶՀՀ հետ աշխատելիս»։
-Ունենք անհրաժեշտ գրականություն, ուսումնական զենք, ցուցապաստառներ եւ մեզ մնում է աշխատել, սովորեցնել եւ ՀՕՊ զորամասերի ու ստորաբաժանումների համար պատրաստել բանիմաց մասնագետներ,- ասաց փորձառու սպա մայոր Ա. Զաքարյանը։
Այստեղ էլ քիչ չէին բուհերից զորակոչված տղաները։ Սիսիանցի Ավետիս Մինասյանն ասաց, որ զորակոչվել է ագրարային համալսարանն ավարտելուց հետո, երեւանցի Հարություն Ազարյանն էլ եվրոպական ակադեմիայի ուսանող է…
***
Ծառայության ընթացքում իրենց բանիմացությամբ հասցրել են զորամասի հրամանատարության ուշադրությունը գրավել կուրսանտներ Վրեժ Արշակյանը, Արամ Գյուրջյանը եւ Արմեն Աշուրյանը։
Վրեժը «Իգլա» համալիրի դասակից է։ Նա ծնունդով Արմավիրից է, միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է հայկական պետական ճարտարագիտական համալսարանի «Համակարգչային դիզայն» ֆակուլտետը։
Արամն ու Արսենը Ս-125 մարտկոցի կուրսանտներ են։ Արամն Արարատի մարզի Նոր ուղի գյուղից է, իսկ Արսենը՝ Բերքանուշից։ Երկուսն էլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են Սեւանի Վազգենյան դպրանոց։
-Զորակոչվել ենք երկրորդ կուրսն ավարտելուց հետո։ Զորացրվելուց հետո կրկին կշարունակեն ուսումը,- ասաց Արսենը։
-Այսպես ավելի ճիշտ է. կկատարենք մեր զինվորական պարտքը, որից հետո էլ խաղաղ պայմաններում կշարունակենք ծառայել մեր ժողովրդին,- ավելացրեց Արամը։
Ի դեպ՝ զորանոցի շահագործման հանդիսավոր արարողության ժամանակ Արամը տպավորիչ ելույթ է ունեցել. եւ նախարար Սեյրան Օհանյանը ժապավենը կտրելու իրավունքը նրան է տվել։
ՃԱՇԱՐԱՆՈՒՄ
Նորակառույց ճաշարանը փայլում էր մաքրությունից։ Պետը՝ ենթասպա Արմեն Կարոյանը, բացում է արտադրամասերի դռները, ցույց է տալիս սարքավորումները։ Բոլոր աշխատակիցներն ունեն աշխատասենյակներ, կա նաեւ դասասենյակ։ Աշխատանքները հնարավորինս մեքենայացված են։ Թարմ հացի որակը շատ բարձր է։
Եփման արտադրամասում զրուցեցինք խոհարար, պայմանագրային զինծառայող շարքային Իգիթ Թումանյանի հետ։ Ժամանակին նա նույնպես ՀՕՊ զորամասում է անցկացրել իր պարտադիր զինծառայությունը։
-Խոհարարություն սովորել եմ Արաբկիր համայնքի վարպետաց տանը։ Աշխատել եմ Երեւանի բարձրակարգ ռեստորաններից մեկում։ Հետագայում վերապատրաստման եմ մեկնել Ուկրաինա եւ աշխատել Կիեւի «Կոսմոս» ռեստորանում։ Այժմ ծառայությանս զուգահեռ սովորում եմ Երեւանի հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ամեն ինչ անում եմ, որ մեր զինվորների ճաշը լինի սննդարար եւ համեղ։ Ամանորին մեր սեղանները քիչ էին տարբերվում տան սեղաններից, կար խորոված, խաշլամա, սուջուխ, բաստուրմա, ձիթապտուղ, քաղցրավենիք, աղանդեր, տարբեր տեսակի հյութեր,- ասաց խոհարար Ի. Թումանյանը։
ԲՈՒԺԿԵՏՈՒՄ
Նորակառույց զորանոցում բուժկետին առանձին տարածք է հատկացված։ Բուժծառայության եւ բուժկետի պետը Գայանե Մխոյանն է։ Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Հինգերորդ կուրսից տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ավարտել է ուսումը եւ ծառայության նշանակվել ՀՕՊ մարտական զորամասում։ Հետագայում սովորել է օրդինատուրայում։ Խոսելով բուժսպասարկման մասին՝ մայոր Մխոյանն ասաց.
-Մեր նոր պայմանները վատը չեն։ Բոլոր նորակոչիկները զորամաս մտնելով, անխտիր եւ բծախնդրորեն ենթարկվում են բուժհետազոտման։ Այնուհետեւ ամեն օր ինքս անձամբ ստուգում եմ բոլորին, միաժամանակ ստուգում եմ զորանոցի, լսարանների, ճաշարանի, սանհանգույցների մաքրությունը։ Նախատեսված բոլոր հաստիքները համալրված են անհրաժեշտ մասնագետներով։ Ապահովված ենք ամեն ինչով։ Բոլոր զինվորների ծնողները կարող են վստահ լինել՝ մենք ամեն ինչ անում ենք, որ իրենց որդիներն առողջ լինեն եւ ծառայեն նվիրումով։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ