ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ
1992-ի ապրիլի 26-ին նորաստեղծ ինժեներական ծառայության ղեկավարումը վստահվեց 7-րդ բանակի Երեւանի դիվիզիայի ինժեներական ծառայության նախկին պետ, ռազմաինժեներական ակադեմիայի շրջանավարտ, պահեստի գնդապետ Աշոտ Մարդանյանին: Գնդապետը 91-ի մայիսին ընդգրկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պաշտպանության կոմիտեի կազմում, Տավուշում եւ Իջեւանում ինքնաշեն ականների արտադրություն կազմակերպել, իսկ 91-ին, չունենալով նորմալ ականորսիչներ, ականազերծել Իջեւանում հենակետերի վերածված Բարխուդարլու եւ Սայֆալլու գյուղերի տարածքները, որտեղ շուրջ հարյուր պլաստմասայե իրանով ականների գրագետ դասավորությունը հուշում էր դրանց վարձկան սպաների ձեռքով տեղադրված լինելու մասին:
Աշոտ Մարդանյանը տակավին մեկ ամիս անց բացված Լաչինի միջանցքում իրապես ինժեներական աշխատանք կատարած առաջին մասնագետն էր: Ճանապարհի բացումից անմիջապես հետո աշխատում էր Մալխալափ-Գյուլիբերդ հատվածում՝ իրականացնելով զբաղեցրած բնագծերի ականապատումը: 7-րդ գվարդիական բանակի գույքն ու սպառազինությունն ամիսներ հետո էին հանձնվելու Հայաստանին, եւ գնդապետն իր խնդիրը կատարում էր այլեւայլ եղանակներով ձեռք բերված եւ կամ Հայաստանի գործարաններում արտադրված ինքնահնար ականապայթուցիկային միջոցներով:
Ամբողջ ծառայությունում, որը հետո վերաճելու էր վարչության, առաջին սպան Սանասար Շահբազյանն էր, որը Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի զինվորական ամբիոնում Մարդանյանի ուսանողն էր եղել եւ ինքն էլ եկել-գտել էր իր դասախոսին: Իսկ սկզբում պաշտպանության նախարարության երկու սենյակներում երկու ծառայություններ էին տեղավորված, ու լրատվականի պետ Գեղամ Հարությունյանն իր աշխատասեղանին մոտենալու համար նոր ստեղծվող բանակի դեռեւս միակ ինժեների աշխատասենյակով էր անցնում…
«Ե՛վ վարչության, եւ՛ զորամասերի ստորաբաժանումների անձնակազմերի համալրումը շատ դժվար էր: Ինժեները հազվագյուտ մասնագիտություն է, ինչի որակավորում ունեցողները, իրենց իսկ մասնագիտության վտանգավորությունը իմանալով, ստեղծվող հայկական բանակ չէին գալիս` խուսափելով պատերազմից: Հայաստանում միայն երկու հոգի էինք ԽՍՀՄ ռազմաինժեներական ակադեմիա ավարտողներս, եւ երկրորդ շրջանավարտը հրաժարվեց միանալ մեզ,-պատմում է գնդապետ Մարդանյանը:- Չունենալով մասնագետներ՝ ստիպված էինք զուգակցել զորատեսակի կազմավորման աշխատանքներն ու մարտական գործողությունների ինժեներական ապահովումը:
Արդեն իսկ սկսվել էր ազգային բանակը առաջին զինվորներով համալրելու հոսքը, եւ շուրջ 4-5 ամիս էլ անհրաժեշտ էր նրանց մասնագետ դարձնելու համար:
Բենիկ Նազինյանին ու Բարսեղ Մայիլյանին դեռեւս Հայաստանում տեղակայված 7-րդ գվարդիական բանակից գիտեի եւ երբ երկուսին էլ հրավիրեցի համագործակցել (երկուսն էլ պատկառելի տարիք ունեին), իսկույն եկան: Նախարարությունում ապշեցին, թե՝ «60-անց մարդկանց ինչպե՞ս ընդունենք զինվորական ծառայության», բայց իրավիճակը ներկայացնելուց հետո Նորատ Տեր-Գրիգորյանցը նրանց դիմումները մակագրեց. «Նկատի առնելով հանրապետությունում սակրավորների խիստ պակասը, բացառության կարգով ընդունել»: Մայիլյանը նշանակվեց վարչության շտաբի, իսկ Նազինյանը՝ սպառազինության բաժնի պետ: Շուտով մի քանի երիտասարդ սպաներ էլ եկան: Այդպես սկսվեց ինժեներական զորքերի կազմավորումը»:
Գնդապետներ Աշոտ Մարդանյան, Բարսեղ Մայիլյան, Բենիկ Նազինյան եւ ինժեներական զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սերգեյ Ադյան: Մարդիկ, որոնց անվան հետ է կապվում Հայաստանի Հանրապետության ինժեներական զորքերի ստեղծումը: Իսկ սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ ինժեներական սպառազինություն, ո՛չ սակրավորներ… Սպաները գրեթե բոլորը կա՛մ շինարարական զինվորական ուսումնարանի, կա՛մ պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ էին: Որոշ ջոկատներում ինժեներական գործից քիչ թե շատ հասկացող կամավորներ կային: Նրանք էլ հենց փորձում էին տեղերում ինչ-որ բան անել, թեեւ երբեմն ճիշտ հակառակն էր ստացվում. դեսից-դենից ձեռք գցած ականապայթուցիկային միջոցները տեղադրելուց հետո հեռանում էին, մինչդեռ մյուս ջոկատը գալիս ու տեղադրության վայրերը չիմանալով՝…
Պահեստազորից զինծառայության անցած վարչության պետը նաեւ զորքերում միակ գործող սակրավորն էր ու ջոկատների հետ սահմանի մե՛րթ այս, մե՛րթ այն հատվածում էր: Թշնամին հասել էր Ասկերանի մատույցներին, եւ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, վարչությունների պետերին վտանգված վայրեր ուղարկելուց առաջ, շտապ հրահանգավորում էր անցկացրել: Եվ երբ գնդապետը խնդրել էր զոքանչի հուղարկավորությունից հետո ճակատ մեկնել, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քիչ լռելուց հետո տխուր ասել էր. «Մարդանյա՛ն, ապրողների մասին պիտի մտածել»:
Սահմաններում վիճակը փոքր-ինչ թեթեւացավ, երբ շարք եկան Հենրիկ Աբաջյանն ու Ֆելիքս Բագրատյանը՝ եռանդուն, նվիրված ու համարձակ մասնագետներ: Գնդապետ Մարդանյանի պնդմամբ, դիրքերի ինժեներական կահավորման մասին խոսելը վաղ էր, քանի որ կամավորները դրան «փոս փորել» էին ասում: Ինժեներական գրագիտություն բացարձակապես չկար, ինչն այդ ժամանակի համար բնական էր: «Որչափ դժվար էր դիրքերում, նույնչափ էլ՝ վարչությունում, որտեղ էլ, սաստկացող պատերազմին զուգընթաց, գնդապետներ Մայիլյանի ու Նազինյան հետ երեքով ինժեներական զորքերի կառուցվածքն էինք մշակում: Մեզ օգնող ուղղակի չկար: Մարդկային ռեսուրսները չէին բավականացնում, եւ ստիպված էինք Հայաստանի դժվար պայմաններում առավել քան իրատես լինելով՝ հրաժարվել ինժեներական ստորաբաժանման խորհրդային դասական կառուցվածքից ու նորը մշակել: Մասնագետներ չկային, ու 7-րդ գվարդիական բանակի՝ Վանաձորում տեղակայված բրիգադը Սանասար Շահբազյանի հետ երկուսով ընդունեցինք: Իսկ երկու օր անց ինձ վերստին ուղարկեցին մարտական գործողությունների գոտի,-հիշում է Աշոտ Մարդանյանը: Կազմավորվում էին մեր բանակի առաջին կանոնավոր զորամասերը, որոնք արդեն ինժեներական ծառայություն եւ ստորաբաժանում ունեին: Դրանք ղեկավարում էին այսօր գնդապետներ Վալերի Աղաբեկյանը, Համլետ Հարությունյանը, Արմեն Առուշանյանը, Ռուբեն Լալայանը, Մուշեղ Նավոյանը, Գեւորգ Գուրոյանը, Ռաֆայել Հակոբյանը, Կամո Նահապետյանը… Եվ 7-րդ գվարդիական բանակից ընդունվող սպառազինությունը բաշխվում էր այս ստորաբաժանումների միջեւ: Նաեւ՝ եղած մասնագիտական ձեռնարկները, որոնք ձեռքով արտագրվում էին, մեքենագրվում, պատճենահանվում…
…Օգոստոսի 20-ին Լաչինում վիրավորվեց Հայաստանի առաջին սակրավորներից, ներկայիս գնդապետ Հենրիկ Աբաջյանը: Ապա «Տիգիկների» ճանապարհին խափանարար խմբի կրակահերթից զոհվեց Հայկ անունով սակրավորը: Նա խորհրդային բանակում ծառայությունը կիսատ թողած զինվորներից էր, որոնք զորակոչվել էին Հայաստանի Հանրապետության Հատուկ գունդ:
Հյուսիսային Արցախում մեր զորքերը նահանջում էին, Լաչինի միջանցքն աստիճանաբար նեղանում էր, Սյունիքի, Տավուշի ու Գեղարքունիքի աննահանջ կռվող շեներն ավերվում էին, բայց տեղերում արդեն ուսումնանյութական բազա էր ստեղծվում, եւ մարտական գործողությունների վարմանը զուգընթաց նաեւ ողջ ծավալով մարտական ուսուցում էր իրականացվում… Այսպես ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները…»:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ