ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս 20 տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել հայ-հնդկական կապերը զարգացնելու ուղղությամբ, ինչը, իհարկե, արվել է մեր երկու երկրների միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունների հիմքի վրա:
Հայերենը և սանսկրիտը (որի պարզեցված տարբերակն է հինդին` Հնդկաստանի պաշտոնական լեզուն) պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Կարելի է շատ հինդի բառեր լսել, որոնք հայերենում նույնն են: Օրինակ, հա – այո, դաս – 10, հազար – 1000, դադի (հորական տատ)- տատի, նանի (մորական տատ), մարդ, մոմ, ջան, ֆիդայի, թանդուր, նազ, գոռգոռ – գոռալ, որոտալ, մուրաբա, թավա, վարս, պանիր, դհոլ, զնդան, գազար – գաջըր, ճակնդեղ – ճուկանդըր, մռնա – մեռնել, թուքնա – թքել և այլն:
Կան նաև հատուկ անուններ. Սեթ, Գոհար, Քոչար, Քալանթար, Վարդան, Նաիր, Արամ, Արման, Զորավար, Անանիա (որի վերջին «ա»-ն, եթե երկար է, ապա կանացի անուն է, եթե կարճ, ապա տղամարդու):
Նման են նաև աստվածների անունները. արարիչ աստված Ար և Բրահմա, կրակի աստված Վահագն և Ագնի, Միհր – Միտրա, Արամ – Ռամա և այլն:
Կա մի հետաքրքիր տեղեկություն այն մասին, որ պատմական Հայաստանում ավելի քան հինգ դար գոյություն է ունեցել հնդկական համայնք: 4-րդ դարի ասորի պատմիչ Զենոբ Գլակը գրում է, որ հինդու իշխաններ Գիսանեն և Դեմետրեն (սրանք իշխանների հունականացած անուններն են, հավանաբար` Կրիշնա և Գանեշ) դավադրություն են կազմակերպում Կանաուջի արքայի դեմ: Սակայն դավադրությունը բացահայտվում է, և նրանք ստիպված են լինում հեռանալ երկրից` իրենց հետ տանելով մերձավորներին: Մ.թ.ա. 149թ. նրանք գալիս են Հայաստան և ապաստան խնդրում Վաղարշակ թագավորից: Թագավորը իշխաններին գրկաբաց է ընդունում և Տարոնի մարզում հողատարածք հատկացնում: Այստեղ Գիսանեն ու Դեմետրեն մի քաղաք են կառուցում, անունը դնում Վիշապ կամ Օձ (նշենք, որ իշխանները Տակշակ ընտանիքից էին, ինչը հինդի լեզվով նշանակում է վիշապ օձ) և այստեղ հսկայական օձի արձան կանգնեցնում: Ժամանակի ընթացքում նրանք ևս 20 բնակավայր են կառուցում, կառուցում են նաև իրենց տաճարները, որտեղ երկրպագում էին սեփական աստվածներին:
Սակայն հայերի և հնդիկների համատեղ երջանիկ կյանքն ավարտվում է 301թ.: Քրիստոնեության տարածման հետ ավերվում են հնդկական ու հայկական տաճարները, սպանվում են քրմերը, նրանց հետևորդները: Մի վարկած եւս կա, ըստ որի` հայերի ու հնդիկների խմբերը, իրենց քրմերի գլխավորությամբ, հեռանում են Հայաստանից և գալիս Հնդկաստան: Հայերը հիմնականում բնակություն են հաստատում Հայաստանի կլիմային մոտ Հնդկաստանի հյուսիսային Քաշմիր և Փենջաբ նահանգներում: Ես ինքս կարող եմ վկայել, որ փենջաբցիներն ու քաշմիրցիները շատ նման են հայերին թե՛ արտաքնապես, թե՛ սովորույթներով:
Հայերը Հնդկաստանի հետ կապ են ունեցել դեռևս հնագույն ժամանակներում: Շատ աղբյուրներում նկարագրվում են, թե ինչ հարգանք ու պատիվ են վայելել հայ վաճառականները տեղի բնակչության և տիրակալների շրջանում, և որ նրանց թույլատրվել է մուտք գործել այն շուկաները, երկրի այն շրջանները, որտեղ օտարերկրացիներին արգելվում էր ոտք դնել: Հայտնի է այն փաստը, որ այս մասին իմանալով, եվրոպացի վաճառականներն ու քարոզիչները հագնում էին հայ վաճառականի հագուստ` այդ շրջաններն անարգել մուտք գործելու նպատակով: Սակայն հայերը միայն հայտնի վաճառականներ չէին: Նրանք հայտնի են եղել Հնդկաստանի ներքին կյանքի այլ ոլորտներում:
Հնդկաստանի հայկական գաղութը եղել է աշխարհի մյուս հայկական գաղութների մեջ ամենաակտիվներից և հարուստներից մեկը: Հնդկաստանում է տպագրվել առաջին հայկական պարբերականը 1794-ին, այստեղ է գրվել առաջին սահմանադրությունը, կառուցվել են դպրոցներ, հայկական պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ: Մինչև 20-րդ դարը հայերը հիմնականում կենտրոնացած էին գլխավոր առևտրային քաղաքներում. Կալկաթա (այժմ` Կոլկատա), Մադրաս (այժմ` Չեննայ), Բոմբեյ (այժմ` Մումբայ), Դելի, Սուրաթ, Լահոր, Դհակայ:
Եղել են հայեր, որոնք կարևոր գործ են կատարել ոչ միայն իրենց հայրենակիցների, այլև հյուրընկալ երկրի համար: Նշենք մի քանիսի անունները:
Մեծ մոնղոլների դինաստիայի հզոր կայսր Ակբարը (1556-1605) հայերին շատ լավ էր վերաբերվում նրանց աշխատասիրության ու վաճառականական ձիրքի համար և ցանկանում էր լավացնել իր երկրի առևտուրը նրանց օգնությամբ: Շատ հայեր են եղել նրա արքունիքում. Ակբարի քրիստոնյա կինը` Մարիամ Զամանի Բեգումը, գլխավոր դատախազը` Միր Ադլ Աբդուլ Հայը, հարեմի բժշկուհին` լեդի Ջուլիանան` Աբդուլ Հայի դուստրը, պորտուգալերենի թարգմանիչը` Դոմինգո Պիրեսը (որ պորտուգալական անուն էր կրում): Ակբարը Ջուլիանային ամուսնացնում է Ֆրանսիայի արքայական տան ներկայացուցչի հետ, և Ագրայի միսիոներական արխիվներում կարելի է գտնել հետևյալ տողերը. «Ագրայի եկեղեցին կառուցել են Ժան Ֆիլիպ դը Բուրբոն Նավարացին և նրա կինը` հայուհի Ջուլիանան, որը կայսեր հարեմի բժշկուհին էր»:
Աբդուլ Հայի մյուս դստերը և հալեպահայ վաճառական Ալեքսանդրի որդուն Ակբարը որդեգրում է և դաստիարակության տալիս իր քրիստոնյա կնոջը, որից երեխա չուներ: Այս տղան մեծանում է արքունական պալատում ապագա թագավորներ Ջահանգիրի և Շահ Ջահանի հետ միասին և Հնդկաստանի պատմության մեջ հայտնի է Միրզա Զուլ-Կարնայն անունով: Նա պոետ և երգիչ էր, գրում էր հինդիերեն ու պարսկերեն եւ մեծ փառքի ու համբավի է արժանանում: Նրա լավագույն ստեղծագործությունները տեղ են գտել Ռագմալայում` Հնդկաստանի ամենասիրված ու հայտնի երգերի ընտրանիում:
17-րդ դարի հնդկահայ պոետ Սարմադի անունը հաճախ դրվում է Ֆիրդուսիի, Սաադիի, Հաֆեզի և Խայամի կողքին: Նա գիտնական էր, փիլիսոփա և սուրբ, ուներ գերբնական ունակություններ: Թոմաս Վիլյամ Բիեյլի Արևելյան կենսագրական բառարանում նշված է, որ Սարմադը Պարսկաստանից եկած մի հայ վաճառականի գրական անունն է: Որոշ ժամանակ Հնդկաստանում ապրելով` հնդկական փիլիսոփայության, ինչպես նաև սուֆիզմի ազդեցության տակ թողնում է առևտուրը և ողջ կյանքը նվիրում Ճշմարտությունը գտնելու գործին: Սարմադի 400 քառյակների ձեռագրերը պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում:
Եղել են նաև հայ պոետ-կանայք: Նրանցից մեկը` Մալիկա Ջանը, ապրել է 19-րդ դարի երկրորդ կեսին, ուրդու լեզվով բանաստեղծություններ ու երգեր է գրել: Իսկ նրա դուստրը` Գոհար Ջանը, երգում էր հնդկական 20 բարբառներով դասական գործեր, գազելներ: Նա Հնդկաստանի առաջին երգչուհին է, որը 20-րդ դարի սկզբին գրամոֆոնային ձայնասկավառակ է ձայնագրել:
Լինելով խելացի և հմուտ վարպետներ` Հնդկաստանի հայերը հաջողության են հասնում շինարարության, զինագործական արվեստում: Նրանց մեջ կար Գրիգոր անունով մի հայ, որին կոչում էին Մեծ վարպետ` կառուցող: Հնդկահայ գրող Մեսրոպ Սեթը կարծում է, որ այս Գրիգորը հայ վարպետների իր խմբի հետ մասնակցել է աշխարհի 8-րդ հրաշալիք Թաջ Մահալի և Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցման գործին:
Հայտնի զինագործ է եղել Շահ Նազար Խանը (մահացել է 1784թ.), որը ձուլել է Զամզամա կոչված հայտնի հրանոթը (բառացի նշանակում է հարվածող, նաև` առյուծի մռնչյուն): Սիկհերն այն համարում էին հաջողության թալիսման, գերազանցության խորհրդանիշ:
18-րդ դարի երկրորդ կեսին Բենգալի ազգային-ազատագրական շարժման ժամանակ թնդում էր Գորգին Խանի անունը: Անգլիացի պատմաբան Մարշմանը գրում է, որ Բենգալի նավաբ (տիրակալ) Միր Քասիմը բրիտանացիների նկատմամբ տարած իր հաղթանակների համար լիովին պարտական էր իր նախարար, գլխավոր զորահրամանատար, Սպահանում ծնված Խոջա Գրիգոր անունով մի հայի, որն ավելի հայտնի է իր արևելականացված անվամբ` Գորգին Խան: Երեք տարուց էլ քիչ ժամանակում նա ստեղծում է 15 հազարանոց հեծելազոր և 25 հազարանոց հետևակ` խիստ կարգուկանոնով, կազմակերպում հրացանների արտադրություն, որոնք գերազանցում էին բրիտանական մուշկետներին, կառուցում է հրանոթների ձուլման գործարան, վարժեցնում հրաձիգների ջոկատներ: Բացի Գորգին Խանից, Միր Քասիմի բանակում կար ութ բարձրաստիճան հայ զինվորական, շուրջ 100 զինծառայող:
Հայ զինվորականների դերը շատ բարձր են գնահատել հնդիկները: Արժանահիշատակ է այն փաստը, որ բրիտանացիների դեմ տարած ամեն հաղթանակից հետո հնդկական դրոշի հետ բարձրացվել է նաև հայկական դրոշը:
Մեկ դարից ավելի Հնդկաստանում հայտնի անուն էր Աբգարների ընտանիքը: Վաճառական Հարություն Աբգարյանը գալիս է Հնդկաստան Իրանից՝ 1795թ.: Նրա ֆինանսական աջակցությամբ կառուցվում են դպրոցներ, վերանորոգվում հայկական եկեղեցիները: Նրա որդին` Սեթ Աբգարը եղել է Կալկաթայի առաջին շերիֆը: Մյուս որդին` Ալեքսանդր Աբգարը, եղել է Սիամի (այժմ` Թայլանդ) հյուպատոսը մինչև 1895թ.: Ալեքսանդրի որդին եղել է Բենգալի ակումբի և Բենգալի առևտրի պալատի նախագահը, իսկ հոր մահից հետո` Սիամի հյուպատոսը: Աբգարներից մեկի հետ է ամուսնանում Ճապոնիայում Հայաստանի 1-ին Հանրապետության դեսպան Դիանա Աբգարը (նաև առաջին հայ կին դեսպանն է):
Հնդկահայ բժիշկներից նշենք միայն 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած Սարգիս Ավետումին: Նա Թադևոս Ավետումի որդին էր, որը հայտնի գիտնական էր, պոետ, Կալկաթայի Արարատյան ընկերության հիմնադիրներից և «Ազգասեր» թերթի գլխավոր խմբագիրը: Թադևոս Ավետումի քեռին` իշխան Սարգիս Մանուկը, պաշտոնատար անձ է եղել Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում և 1826թ. միջնորդի դեր կատարել բրիտանացիների ու բիրմացիների միջև բանակցություններում: Մայորի աստիճանի հասած վիրաբույժ Սարգիսը դիզիենտերիայի դեմ դեղամիջոց է հայտնաբերել, որը ճանաչվել է հնդկական կառավարության կողմից:
Իրենց վարքով ու վերաբերմունքով Հնդկաստանի հայերը ցույց են տվել, որ անտարբեր չեն Հնդկաստանի ճակատագրի նկատմամբ և ուժերի ներածին չափով օգնել են իրենց գրկաբաց ընդունած երկրին…
Ցավոք, այժմ մի քանի տասնյակի հասնող հնդկահայ համայնքը կարող է միայն անցյալով հպարտանալ…
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից