Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ



Ք. ա. 4-րդ դարում Բալկանյան թերակղզում իրենց ազդեցությունն արդեն բավականաչափ կորցրած հունական քաղաք-պետությունների, մասնավորապես` Աթենքի և Սպարտայի փոխարեն աստիճանաբար հզորանում և իր ծավալապաշտական նկրտումներն էր դրսևորում Մակեդոնական թագավորությունը: Այդ նկրտումները լուրջ սպառնալիք դարձան շրջակա երկրների համար Փիլիպոս Բ արքայի օրոք (Ք. ա. 382-336) մակեդոնական բանակում կատարված ռազմական բարեփոխումների հետևանքով: Փիլիպոս արքան ավարտեց մակեդոնական տարածքների միավորումը, ապա գրավեց շրջակա մի շարք երկրներ` Թեսալիան, Թրակիան և այլք, իսկ Ք. ա. 338թ. իր գերիշխանությունը հաստատեց ամբողջ Հունաստանի վրա:

Ուշագրավ է, որ հոր նվաճումներին անթաքույց նախանձով էր հետևում Փիլիպոս արքայի պատանի որդին` ապագա գահակալ Ալեքսանդր Մեծը (Ք. ա. 356-323): Մասնավորապես, Պլուտարքոսի մոտ պահպանված նրա խոսքը` ուղղված իր հասակակիցներին, դրա վառ վկայությունն է. «Տղաներ, հայրս կհասցնի գրավել ամեն ինչ, այնպես որ ինձ ձեզ հետ միասին չի հաջողվի որևէ մեծ և հիասքանչ բան իրագործել»: Շուտով, սակայն, ճակատագիրը պատվախնդիր և փառասեր պատանուն ընձեռեց այդ հնարավորությունը:

Հոր սպանությունից հետո` Ք. ա. 336թ., քսանամյա Ալեքսանդրը բազմեց Մակեդոնիայի գահին: Չնայած երիտասարդ տարիքին` նա պատրաստ էր այդ դժվարին դերն ստանձնելուն. պատանության շրջանից նրա մտավոր և հոգևոր դաստիարակությունը վստահվել էր Արիստոտելին, իսկ ռազմական և պետական գործերում նրա անփոխարինելի ուսուցիչը եղել էր հայրը` Մակեդոնիայի արքան: Նոր տիրակալի համար, որ խելացի էր, օժտված հզոր կամքով ու անսահման քաջությամբ, ահա վրա էր հասել ինչ-որ «մեծ և հիասքանչ բան իրագործելու» ժամանակը: Եվ նա շտապեց օգտվել ընձեռված հնարավորությունից:

Ք. ա. 334թ. մակեդոնական բանակը (30000 հետևազոր, 5000 հեծելազոր, 160 նավ) անցավ Հելլեսպոնտոսը (Դարդանելը) և ներխուժեց Փոքր Ասիա: Աքեմենյան Պարսկաստանի զորքերի հետ առաջին բախումը տեղի ունեցավ Գրանիկոս գետի ափին և ավարտվեց պարսից բանակի ծանր պարտությամբ: Սրան հետևեցին մակեդոնական բանակի նոր հաղթանակները, որոնցից վճռորոշ էր Կիլիկիայի Իսսոսի դաշտում պարսկական բանակի ջախջախումը Ք. ա. 333թ. գարնանը: Ըստ Մովսես Խորենացու` պարսից զորքի կազմում այդ ճակատամարտին մասնակցել է նաև հայկական զորաբանակը` Վահե Հայկազունու գլխավորությամբ, որը, Խորենացու խոսքերով, զոհվել է «նրա (Ալեքսանդրի) ձեռքով»:

Ալեքսանդր Մեծի բանակի մարտավարության առանցքը հեծելազորի և հետևազորի (փաղանգի) հմուտ համագործակցությունն էր, արագ տեղաշարժը, ուժերը գլխավոր հարվածի ուղղությամբ կենտրոնացնելը և հակառակորդին անկասելի հարված հասցնելը:

Ալեքսանդրը գրավեց Փոքր Ասիայի հունական քաղաքները, որոնք գտնվում էին պարսկական տիրապետության տակ, ապա նաև միջերկրածովյան նավահանգիստները` իր գերիշխանությունը հաստատելով նաև ծովում: Ք. ա. 332թ. նա առանց դիմադրության տիրացավ նաև Եգիպտոսին և տեղի քրմերի կողմից հռչակվեց Եգիպտոսի թագավոր:

Ք.ա. 331թ. մակեդոնական բանակը ներխուժեց Միջագետք և Գավգամելայի ճակատամարտում իսպառ ջախջախեց պարսկական բանակը: Այս ճակատամարտին ևս պարսից Դարեհ Գ-ի զորաբանակի կազմում մասնակցել են հայկական զորքերը: Ըստ Արրիանոս Փլավիոսի վկայության` «Աջ թևի առջևում շարված էին հայկական և կապադովկիական հեծելազորները: …Հայերին ղեկավարում էին Օրոնտեսն (Երվանդը) ու Միթրաուստեսը»:

Ճակատամարտի սկզբում Ալեքսանդրը գրոհ ձեռնարկեց պարսից բանակի կենտրոնի վրա, որը գլխավորում էր անձամբ արքան` Դարեհ Գ-ն: Պարսից զորքերը, չդիմանալով մակեդոնական փաղանգների ճնշմանը, նահանջեցին, ինչը շուտով վերածվեց խուճապահար փախուստի: Արքայի փախուստը տեսնելով` մարտադաշտից ճողոպրեցին նաև պարսից բանակի ձախ թևի զորքերը: Ալեքսանդրն սկսեց կրնկակոխ հետապնդել թշնամու զորքերին:

Մինչդեռ աքեմենյան բանակի աջ թևի զորքերը, որոնց կորիզը կազմում էր հայկական զորախումբը, ոչ միայն չլքեցին մարտադաշտը, այլև խիզախ գրոհով ճեղքեցին մակեդոնական զորքի ձախ թևի մարտական դասավորությունը: Վերջինիս հրամանատար Պարմենիոնը հարկադրված օգնություն խնդրեց Ալեքսանդրից, որը դադարեցրեց պարսից զորքերի հետապնդումը և շրջանցում կատարելով` թիկունքից հարձակվեց հայկական զորքերի վրա: Թվում էր, թե աքցանի մեջ առնված հայկական զորքերին անխուսափելի ջախջախում էր սպասում, սակայն հայ հրամանատարները վերախմբավորեցին իրենց ուժերը և «արագ երթով նահանջի» հրաման արձակելով` բարեհաջող դուրս եկան անելանելի թվացող կացությունից: Վերադառնալով հայրենիք` նրանք, օգտվելով Աքեմենյան տերության կործանումից, վերականգնեցին Հայաստանի անկախությունը` Օրոնտես-Երվանդ Գ-ն` Մեծ Հայքում և Միթրաուստեսը` Փոքր Հայքում:

Ք. ա. 330թ. Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»:

Ալեքսանդր Մեծը, շարունակելով իր արշավանքը դեպի արևելք, Ք. ա. 330թ. գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, ապա ներխուժեց Միջին Ասիա: Դրան հետևեց Արևմտյան Հնդկաստանի և Փենջաբի գրավումը: Ք. ա. 324թ. նա վերադարձավ Բաբելոն, որը դարձել էր իր լայնատարած տերության մայրաքաղաքը: Այստեղ էլ Ք. ա. 323թ. Ալեքսանդրը մահացավ դողէրոցքից: Նրա մահից հետո տերությանը տիրանալու համար կատաղի պատերազմ բռնկվեց նրա ժառանգորդների միջև, որն ավարտվեց Ք. ա. 301թ. տերության մասնատումով:

Պատմության մեջ ևս մեկ աշխարհակալական փորձ անփառունակ վախճան ունեցավ: Այսուհանդերձ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների շնորհիվ արևմտյան մշակույթը ներթափանցեց Առաջավոր Ասիա, այդ թվում և իր անկախությունը վերականգնած Հայաստան, սկիզբ դրվեց հելլենիզմի դարաշրջանին:

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Փիլիպոսին ես պարտական եմ նրա համար, որ ապրում եմ, իսկ Արիստոտելին` որ ապրում եմ արժանապատիվ:

Փիլիպոս Բ Մակեդոնացին Ալեքսանդր Մակեդոնացու հայրն էր, իսկ Արիստոտելը` Ալեքսանդրի պատանության տարիների դաստիարակը:

♦♦♦

Հայրս ինձ համար նվաճելու ոչինչ չի թողնի:

Ըստ Պլուտարքոսի, Փիլիպոս Մակեդոնացու հերթական հաղթանակի լուրն առնելով, պատանի Ալեքսանդրը ասել է իր հասակակիցներին. «Տղանե՛ր, հայրս կհասցնի գրավել ամեն ինչ, այնպես որ ինձ ձեզ հետ միասին ոչ մի մեծ և հիասքանչ բան իրագործել չի հաջողվի»:

♦♦♦

Եթե ես Ալեքսանդրը չլինեի, ապա կցանկանայի լինել Դիոգենեսը:

Այսպես է ասել Ալեքսանդրը` դեպի Պարսկաստան ռազմարշավ սկսելուց առաջ հանդիպելով փիլիսոփա Դիոգենեսին:

♦♦♦

– Արքա՛, իսկ ի՞նչ ես քեզ թողնում:

– Հույս:

Այսպես է պատասխանել Ալեքսանդրը իր զորավարներից մեկի հարցին, երբ դեպի Պարսկաստան ռազմարշավից առաջ շռայլորեն ընծաներ էր բաժանում իր մտերիմներին:

♦♦♦

Ես Աքիլլեսին երջանիկ եմ համարում, քանզի կենդանության օրոք նա հավատարիմ ընկեր ուներ, իսկ մահից հետո ունեցավ իր փառքի ավետաբերը:

Այս խոսքերը Ալեքսանդրն ասել է դեպի Պարսկաստան ռազմարշավի ընթացքում, Իլիոնում` Աքիլլեսի գերեզմանի մոտ:

♦♦♦

-Եթե ես Ալեքսանդրը լինեի, ապա կընդունեի այդ պայմանները:

– Ես ևս նույնը կանեի, եթե Պարմենիոնը լինեի:

Այսպես է պատասխանել Ալեքսանդրը իր զորավարներից Պարմենիոնին` պարսից Դարեհ արքայի առաջարկած խաղաղության պայմանների քննարկման ժամանակ:

♦♦♦

Երկնքում չի կարող երկու արև լինել, իսկ երկրի վրա` երկու տիրակալ:

Ըստ Պլուտարքոսի` Ալեքսանդրն այսպես է պատասխանել պարսից Դարեհ արքայի` նախքան Գավգամելայի ճակատամարտն արված առաջարկին` նրա հետ բաժանել իր տերությունը:

♦♦♦

Ես հաղթանակ չեմ գողանում:

Սա Ալեքսանդրի պատասխանն է իր զորավար Պարմենիոնին, որը առաջարկում էր Գավգամելայի ճակատամարտից առաջ գիշերային հարձակում գործել պարսից բանակի վրա:

♦♦♦

Տիեզերքում անհամար աշխարհներ կան, իսկ մենք դեռևս դրանցից ոչ մեկը չենք նվաճել:

Ըստ Պլուտարքոսի` այսպես է արտահայտվել Ալեքսանդրը` դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ` տեղեկանալով, թե որքան շատ աննվաճ երկրներ կան:

♦♦♦

Ռազմիկները կախում ունեն փառքից, և հաճախ այն սուտը, որին հավատացել են, վերածվում է ճշմարտության:

Այս արտահայտությունը Ալեքսանդրն ասել է ի պատասխան այն դժգոհությունների, որ ինքը թույլ է տվել իրեն աստվածացնել:

♦♦♦

Արքաներին վիճակված է կատարել բարի գործեր, սակայն լսել չարամիտ խոսքեր:

Ալեքսանդրի այս ասույթը պահպանվել է Պլուտարքոսի մոտ:

♦♦♦

Ես արթուն եմ մնացել այն բանի համար, որ դուք կարողանաք հանգիստ քնել:

Ըստ Արրիանոս Փլավիոսի` Ալեքսանդրի այս խոսքերն ուղղված էին իր զինվորներին, երբ Ք. ա. 324 թ. նրանք բանակել էին Տիգրիսի ափին:

♦♦♦

Գոյություն չունի ավելի ստրկամիտ բան, քան ճոխությունն ու լիությունը և ավելի արքայավայել բան, քան աշխատանքը:

Ասույթը Պլուտարքոսի «Ալեքսանդր» գրքից է:

♦♦♦

Երևում է` իմ գերեզմանի վրա մեծ պայքար է սկսվելու:

Սա Ալեքսանդրի խոսքերն են` մահից ոչ շատ առաջ:

♦♦♦

Ամենաարժանավորին:

Այսպես է արտահայտվել Ալեքսանդրը մահից առաջ` ի պատասխան այն հարցին, թե ում է թողնում իր թագավորությունը:

ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Պատմության էջերից


06/06/2012