ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ
Կործանիչ ինքնաթիռները, որպես մարտական մեքենաներ, օդային ռազմական բաղադրիչի ամենակարևոր օղակն են, քանի որ օդային պայքարի հիմնական միջոցներն են, ինչի շնորհիվ է հիմնականում ապահովվում օդային ցանկացած գերազանցություն, առանց որի անհաջողության են դատապարտված թռչող այլ սարքերի մարտական գործողությունները: Կործանիչների մակարդակով են դատում ցանկացած երկրի ռազմարդյունաբերության և ռազմաօդային ուժերի հզորության մասին:
Կործանիչները` ըստ դասակարգման, բաժանված են հինգ սերնդի: Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան և խորհրդային կործանիչները` ըստ իրենց մարտավարատեխնիկական տվյալների, սկսեցին բաժանվել սերունդների: Հինգերորդ սերունդն էականորեն տարբերվում է նախորդներից, որի ստեղծման մասին մասնագետները սկսել են մտածել դեռևս 70-ական թթ. ԱՄՆ-ում և ԽՍՀՄ-ում, երբ չորրորդ սերունդը դեռ նոր էր ընդգրկվում սպառազինության մեջ: 2011թ տվյալներով՝ սպառազինությունում գտնվող միակ հինգերորդ սերնդի կործանիչը ամերիկյան «F-22 Raptor»-ն է: Միևնույն ժամանակ, փորձարկման տարբեր փուլերում է գտնվում հինգերորդ սերնդի երեք այլ կործանիչ` ամերիկյան «F-35», ռուսական «T-50» և չինական «J-20»:Հինգերորդ սերնդի կործանիչներին առաջադրված են նոր պահանջներ: Դրանք պետք է քիչ տեսանելի լինեն ՌՏԿ (ռադիոտեղորոշման կայան) տեսադաշտում, լինեն բազմաֆունկցիոնալ, այսինքն` բարձր արդյունավետությամբ խոցեն օդային և վերգետնյա թիրախները, ունենան գերձայնային հիմնական (կրեյսերական) արագություն, նոր` առավել հզոր շարժիչներ, թռիչքատակտիկական բարձր ունակություններ, սպառազինության ներքնադիր խցիկներ (այսինքն` հրթիռները և այլ մարտական միջոցները գտնվում են կործանիչի ներսում, այլ ոչ դրսում` թևերին ամրացված):
2005թ. ԱՄՆ ռազմաօդային ուժերը համալրեց նոր՝ հինգերորդ սերնդի կործանիչ «F-22»-ը: Կարծիքներ կան, որ այն չի համապատասխանում հինգերորդ սերնդի չափանիշներին: Սակայն այդպես չէ: Կործանիչն ունակ է առանց ֆորսաժի զարգացնել 1850կմ/ժ արագություն, որը գերազանցում է ձայնի արագությունը, իսկ առավելագույն արագությունը կազմում է 2500կմ/ժ: Կործանիչի հիմնական քաշը` (19700կգ) սպառազինության և 100% վառելիքի (9367կգ) առկայությամբ չի գերազանցում 30տ, իսկ շարժիչների ուժը ավելին է և անգամ այս դեպքում գերազանցում է ինքնաթիռի ընդհանուր քաշը: «F-22»-ի վրա տեղադրված են նոր` երկու տուրբոռեակտիվ երկկոնտուրային «Pratt and Whitney F119-PW-100» շարժիչներ, որոնք ունեն թվային կառավարում և իրենց տեսակի մեջ ամենահզորն են: «F-22»-ում լայնորեն կիրառված է Stealth տեխնոլոգիան, ինչի շնորհիվ այն քիչ նկատելի է ՌՏԿ-ների համար: Կործանիչի արդյունավետ անդրադարձման մակերեսը կազմում է 0.3 մ2, այսինքն` այն համարյա անտեսանելի է:Կործանիչը ստեղծվել է «Թռչող թև» գծագրով, ինչն ընձեռում է հիանալի թռիչքամարտավարական հնարավորություններ: Օժտված է խուսավարելու (մանևրելու) փայլուն ունակությամբ (այդ թվում նաև գերձայնային արագություն զարգացնելու) և դրսեւորում է մեծ արդյունավետություն օդային մերձամարտում, առանձնակի հնարավորություններ` հեռակա օդային մարտում: Ցածր նկատելիության և նոր` ակտիվ մոդուլային ռադիոտեղորոշման համակարգի (ալեհավաքային փուլային ցանցի) շնորհիվ ինքնաթիռը գործում է «Առաջինը տեսար, առաջինը խոցեցիր» սկզբունքով, ինչը յուրահատուկ է դարձնում կործանիչը: Հզոր ռադիոլոկացիոն համակարգի շնորհիվ այն կարող է միևնույն ժամանակ ղեկավարման կետ լինել նաև այլ կործանիչների համար: Հատկանշական է այն փաստը, որ «F-22»-ը նախորդ սերնդի ամերիկյան «F-15», «F-16», «F-18» կործանիչների հետ օդային մարտերում արձանագրել է հաղթանակներ 144:0 հարաբերակցությամբ: Ընդ որում, օդային մարտերն ընթացել են 1:4 հարաբերությամբ` հօգուտ վերջիններիս, իսկ հաղթանակները հիմնականում արձանագրվել են հեռահար մարտում: Խառը մարտակարգով օդային մարտերում «F-22»-ը հաղթել է 241:2 հարաբերակցությամբ: Երկու պարտություն «F-22»-ների կողմից կրել են ղեկավարվող «F-15»-ները, որոնց օդաչուները համեմատաբար անփորձ էին: Նման ահռելի գերազանցությունը նախորդ սերնդի կործանիչների հանդեպ (վերջիններս դասվում են չորրորդ սերնդի լավագույն կործանիչների շարքը) ապացուցում է, որ «F-22 Raptor» -ը լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ է:
Միջազգային բազմաթիվ փորձագետների հավաստմամբ, այն մինչ օրս համարվում է բոլոր ժամանակների ամենաահեղ կործանիչը աշխարհում: Նշենք նաև այն հանգամանքը, որ «F-22»-ը ընդգրկված է միայն ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ: Բազմաթիվ երկրներ (անգամ կարևոր ռազմավարական դաշնակիցները) փորձել են ԱՄՆ-ից գնել «F-22»-ը, սակայն մերժում են ստացել:Հինգերորդ սերնդի մեկ այլ կործանիչ` «F-35»-ը դեռ փորձարկման փուլում է (շուտով կընդգրկվի սպառազինություն), սակայն բազմաթիվ երկրներ արդեն պատվիրել են, որոնց թվում են Հնդկաստանը, Իսրայելը, Թուրքիան, Ճապոնիան և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Նշենք նաև, որ այդ երկրներից Իսրայելը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ իրավունք են ստացել արտադրելու «F-35»-ի որոշ մասեր:
Հնդկաստանը ևս ցանկանում էր նման կարգավիճակ ձեռք բերել, սակայն մերժվեց: Որոշ մասնագետներ փոքր-ինչ այլ կերպ են ընկալել Հնդկաստանի պատվերը: Հայտնի է, որ Հնդկաստանը նոր կործանիչ գնելու հարցում բավականին բարդ խնդրի առաջ էր կանգնել, քանի որ ընտրություն պետք է կատարեր ֆրանսիական «Rafale», եվրոպական «Eurofighter Typhoon», ռուսական «ԾՌչ-35» և ամերիկյան «F-16», «F-18» կործանիչների միջև: Իսկ ԱՄՆ-ը, ինչ-ինչ աշխատանքներից հետո (աշխատանքներ էին կատարվում կործանիչը որոշ փոփոխությունների ենթարկելու և Հնդկաստանի պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ) ներկայացրեց նաև «F-35»-ը: Առայժմ հայտնի չէ, թե որ կործանիչին նախապատվություն կտա Հնդկաստանը: Այստեղ կարևոր է նշել այն փաստը, որ «F-22» գնելու մերժում ստանալուց հետո, հինգերորդ սերնդի ծանր կործանիչ ձեռք բերելու համար Հնդկաստանը խոշոր ներդրումներ է կատարել ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ կԸԽՂԸ «T-50» ծրագրում: Իսկ թեթև կործանիչի հարցում հավանաբար դեմ չի լինի հինգերորդ սերնդակից ունենալ: Եվ բացառված չէ, որ ամերիկյան առաջարկը ուղղված է հենց ռուսական կողմի հետ համագործակցության դեմ:
«F-35»-ն այսօր արդեն համարվում է մեծ հեռանկարի կործանիչ: Այն հինգերորդ սերնդի միակ կործանիչն է, որ ունի ուղղահայաց վերելքի և վայրէջքի հնարավորություն (և այդ ամենը մեկ շարժիչի օգնությամբ):
Չինական «J-20» կործանիչի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Գաղտնի կատարված նկարներից կարելի է վստահորեն ասել, որ այն ամերիկյան «F-22»-ի հակառակորդ «F-23»-ի պատճենն է (ԱՄՆ սպառազինության շարքերը համալրելու հարցում իրար դեմ պայքարում էին երկու` «F-22» և «F-23» կործանիչներ, արդյունքում՝ հաղթեց «F-22»-ը): Թե ինչ հաջողություն կունենա չինական կործանիչը, առայժմ դժվար է ասել, սակայն հարկ է նշել, որ ավիաշինության հսկաների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի շարքում Չինաստանը ևս սեփական նախագծով է հանդես գալիս:Ռուսաստանում կԸԽՂԸ ծրագրի շրջանակում ստեղծվող հինգերորդ սերնդի կործանիչը «T-50» ինքնաթիռն է: Ներկայումս «T-50»-ի մի քանի օրինակ դեռեւս գտնվում է փորձարկման տարբեր փուլերում: Ռուս մասնագետների խոսքով, «T-50»-ը կգերազանցի «F-22»-ին: Անկասկած կարելի է նշել, որ կործանիչը բավականին ճկուն է: Այն ևս ստեղծվել է «Թռչող թև» գծագրով: «T-50»-ի ճկունությանը նպաստում է ուղղահայաց հարթությունների պտույտը, ինչը, սակայն, նվազեցնում է ինքնաթիռի քիչ տեսանելիության գործակիցը: Ռադիոէլեկտրոնային սարքավորումների մասին դեռ շատ քիչ բան է հայտնի: Բազմաթիվ փորձագետներ արդեն իսկ համեմատում են «T-50»-ը «F-22»-ի հետ` փորձելով նշել առավելություններն ու թերությունները: Դրանցից մեկը դեռ լիակատար մարտական կիրառում չի ունեցել, իսկ մյուսն էլ գտնվում է փորձարկման փուլում: Այնպես որ՝ այս երկու կործանիչները իրար հետ համեմատելը դեռ շատ վաղ է: Առավել ևս՝ «T-50»-ը սպառազինություն է ընդունվելու 2015թ` «F-22»-ից ուղիղ 10 տարի անց: Կարող է կրկնվել 4-րդ սերնդի պատմությունը. խորհրդային 4-րդ սերնդի կործանիչները ասպարեզ դուրս եկան ամերիկյան կործանիչներից տասը տարի անց և կարող էին օգտագործել այդ ժամանակահատվածում ձեռք բերված գիտական առավելությունները, մինչդեռ եղավ հակառակը` ժամանակի ընթացքում զիջեցին վերջիններիս:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական