ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ
Ինչպես նշեցինք, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, նախկին ՀՀ զինված ուժերում ծառայած սպաները, այդ թվում նաև Մ.Սիլիկովը, ձերբակալվում և աքսորվում են: 1921թ.սեպտեմբերին Մ.Սիլիկովը ազատ է արձակվում և վերադառնում Երևան և աշխատանքի անցնում «Բալթիկա» բաժնետիրական ընկերությունում՝ որպես հաշվապահ և վաճառող: Ընկերությունը պատկանում էր ոմն Նիկոլսոնի, որը մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի) ունեցել է գյուղատնտեսական գործիքների խանութ:
«Բալթիկա» ընկերությունում Մ.Սիլիկովն աշխատում է 1,5 տարի և հավանաբար 1923թ. ծառայության է անցնում «Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում» կամ Ամերկոմում, որտեղ աշխատում է մինչև 1929 կամ 1930թթ.: Կոմիտեն զգալի դեր է ունենում հայ գաղթականության և հատկապես որբ երեխաների փրկության գործում:
Գեներալ Թ.Նազարբեկյանի անձնական արխիվում պահպանվել են Մ.Սիլիկովի մի քանի նամակներ, ինչպես նաև մեզ չհասած նամակներից արված քաղվածքներ: Թ.Նազարբեկյանը, որը բնակվում էր Թիֆլիսում, նախաձեռնել էր հուշագրություն, որը վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, 1918թ. Մայիսյան հերոսամարտերին: Մի շարք օպերացիաների, դեպքերի և անձերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և ճշտումներ կատարելու համար գեներալը դիմել է Մ.Սիլիկովին` խնդրելով օժանդակել այդ խնդրում: Վերջինս, իր հնարավորությունների սահմաններում օգնել կամ հուշել է, թե ում պետք է դիմել:
Մ.Սիլիկովը դեղամիջոցներով օգնել է նաև առողջական և նյութական ծանր վիճակում գտնվող իր հրամանատարին: Թ.Նազարբեկյանին դեղեր է ուղարկել Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) բնակվող գեներալ Հովհաննես Հախվերդյանը (Հախվերդով): Ե՛վ Հ.Հախվերդյանը, և՛ Մ.Սիլիկովն իրենց նամակներով աշխատում էին ոգևորել և գոտեպնդել ծայրահեղ աղքատության և հոգեկան ծանր վիճակում գտնվող Թ.Նազարբեկյանին, որը մտածում էր ինքնասպանության մասին:
Իր հրամանատարին և մարտական ընկերոջն ուղղված նամակներում Մ.Սիլիկովը պարտադիր հաղորդում էր բարևներ իր կնոջից և որդուց` ընդգծելով ընտանիքի խորին հարգանքը Թ.Նազարբեկովի նկատմամբ:
Մ.Սիլիկովը տեղեկանալով, որ Թ.Նազարբեկյանը քաղվածքներ է կատարում իր նամակներից, պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնելու այդ աշխատանքը, խնդրելով իրեն ուղարկել իր նամակները և նյութերը: Նա հետևյալն է գրում Թ.Նազարբեկովին. «Ես կկազմեմ մանրամասն գրություն և այդ ամենը ողջ նյութի հետ կուղարկեմ Ձեզ` Ձեր գրառումների համար: Շատ ուրախ կլինեմ այդ գործում Ձեզ օգնելու համար»:
1927թ. Մ.Սիլիկովը կրկին ձերբակալվում և աքսորվում է Դոնի Ռոստով, որտեղից Երևան է վերադառնում նոյեմբերին:
1935թ. նոյեմբերի 25-ին Մ.Սիլիկովը կրկին ձերբակալվում է ՆԳԺԿ-ի կողմից: Ձերբակալման և բնակարանի` Սվերդլովի 99, խուզարկության հրամանը ստորագրողների թվում է Անդրֆեդերացիայի ՆԳԺԿ վարչության պետ, տխրահռչակ Խ.Մուղդուսին (Խաչատուր Աստվածատրյան):
Գեներալն ամբաստանվել է միապետական հայացքների և նախկին դաշնակցական Հռիփսիմե Իսրայելյանի հետ կապ ունենալու համար: Մ.Սիլիկովին հարցաքննող քննիչ Իսրայելյանը հայտնել է, որ Հ.Իսրայելյանի ամուսինը ծառայել է նախկին ՀՀ-ի հակահետախուզությունում:
Քննիչը պահանջում է, որ Մ.Սիլիկովը հաստատի, որ «Բալթիկա» ընկերության աշխատակից Գևորգ Քրմոյանն իրեն 1922թ. հայտնել է, որ նախկին ՀՀ կառավարությունն իր իշխանությունը վերականգնելու համար կազմակերպել է Զինվորական խորհուրդ: Մ.Սիլիկովը կտրականապես հերքում է:
1936թ. հունվարի 23-ի հարցաքննության ժամանակ Մ.Սիլիկովը հայտնում է, որ մինչև 1928թ. նամակագրություն է ունեցել Թ.Նազարբեկյանի հետ:
Քննիչի այն հարցին, թե ով է Տյոմա Սիլիկովը, գեներալը պարզաբանում է, որ նա իր հորեղբոր տղան է` Արտյոմը, նախկին ռուսական բանակի Գլխավոր շտաբի սպա: Նա ծառայել է գեներալ Անտոն Դենիկինի (1872-1947թթ.) բանակում և բոլշևիկների կողմից պարտվելուց հետո վտարանդվել է արտասահման:
1936թ. հունվարի 26-ի հարցաքննության ժամանակ Մ.Սիլիկովը կրկին պնդում է, որ իրեն մեղավոր չի համարում:
Փետրվարի 25-ի որոշման մեջ ՆԳԺԿ-ի Քաղաքական գաղտնի բաժնի լիազոր Ջամջյանը գտնում է, որ ուսումնասիրելով Մ.Սիլիկովի դեմ հարուցված թիվ 4061 գործը, եկել է եզրակացության, նրա դեմ հարուցված բոլոր մեղադրանքները հետաքննությունն ապացուցել է: Լիազորը, սակայն, հաշվի առնելով Մ.Սիլիկովի տարիքը` 74 տարեկան, որոշում է նրան ազատել կալանքից` Երևանից չբացակայելու պայմանով, մինչև որ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի Հատուկ խորհրդակցությունն ընդունի համապատասխան որոշում:
1936թ. փետրվարի 29-ին Մ.Սիլիկովը գրում է պարտավորագիր Երևանից չբացակայելու մասին:
Մարտի 16-ին ՀԽՍՀ դատախազի տեղակալ Միքայելյանը, քննելով Մ.Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքները, առանձնացրել է հետևյալները.
Նոր Բայազետում կոմունիստներին հետապնդելը:
1921թ. աքսորից վերադառնալուց հետո «գերմանոֆիլ» Վարազդատ Տերոյանի (1887-1938թթ.) հետ ունեցած մտերիմ հարաբերությունները:
Դաշնակցական ընդհատակյա կազմակերպության Կենտրոնական կոմիտեի անդամ Հ.Մուշեղյանի հետ հանդիպելը:
Քննելով վերը նշված հարցերը` Միքայելյանը եզրակացնում է, որ Մ.Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքներն ապացուցված են և քրեական գործը պետք է հանձնել ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցությանն առանց դատական կարգի:
Ապրիլի 5-ին պետական անվտանգության լեյտենանտ Սարկիսովը, քննելով Մ.Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքները, եզրակացրել է, որ դրանք ապացուցվել են մասնակիորեն, ուստի պետք է գործը կարճել` հանձնել արխիվ և Երևանից չբացակայելու որոշումը համարել անվավեր:
Ցավոք, Մ.Սիլիկովը երկար չմնաց ազատության մեջ: 1937թ. նա ձերբակալվում է չորրորդ անգամ: Նոյեմբերի 16-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակը գեներալին դատապարտում է մահապատժի, որն ի կատար է ածվում նոյեմբերի 22-ին:
Նման անհեթեթ որոշման պատճառը պարզելու համար մեր կողմից ուսումնասիրվել են նախկին ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի արխիվից Հայաստանի ազգային արխիվ բերված և բռնադատվածներին վերաբերող քրեական մի շարք գործեր:
Քրեական գործերից մեկում, որը վերաբերում էր նախկին խորհրդային զինծառայող Սարգիս Գևորգի Ջամոյանին (1891-1938թթ.), մենք գտանք հիշատակություն Մ.Սիլիկյանի մասին:
Ս.Ջանոյանը եղել է ռուսական բանակի ենթասպա, մասնակցել է ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, պարգևատրվել է մարտական շքանշանով: Հետաքննության նյութերից «պարզվում» է, որ Ս.Ջամոյանը, գեներալներ Քրիստափոր Արարատյանը (1876-1937թթ.) և Մ.Սիլիկովը եղել են «հակահեղափոխական սպայական կազմակերպության» անդամներ:
Ըստ ՆԳԺԿ-ի ունեցած «հավաստի» փաստերի` վերը նշված զինվորականները եղել են 1936թ. Բելոռուսական ռազմական օկրուգի հրամանատար Ի.Պ.Ուբորևիչի (1896-1937թթ.) կազմակերպած հակախորհրդային, «սպայական-ֆաշիստական» կազմակերպության անդամներ: ՆԳԺԿ-ի կողմից հորինված այս քրեական գործը հայտնի էր «Տուխաչևսկու գործ» անունով: Նշենք, որ այդ անհեթեթ ամբաստանությունների հիման վրա ձերբակալվել և գնդակահարվել են Խորհրդային Միության մարշալ Մ.Ն.Տուխաչևսկին, Կիևյան ռազմական օկրուգի հրամանատար Ի.Է.Յակիրը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ Ա.Ի.Կորկը և շատ ուրիշներ:
Ս.Ջանոյանի քրեական գործից նյութերի քննությունից երևում է, որ Մ.Սիլիկովը հարցաքննվել է միայն մեկ անգամ` 1937թ. սեպտեմբերի 22-ին: Քննիչին տված ցուցմունքում նա հայտնել է, որ եղել է ցարական բանակի գեներալ մայոր և որպես գեներալ-լեյտենանտ ծառայել է «դաշնակցական» բանակում և վարել է Նոր Բայազետի գեներալ-նահանգապետի պաշտոնը: Մ.Սիլիկովը, այլ ցուցմունքներ չի տվել և վերը նշված «սպայական գաղտնի կազմակերպությանը» պատկանելու վերաբերյալ չի հարցաքննվել: Դա արդեն բավական է եղել, որպեսզի Եռյակն անմիջապես մահապատժի վճիռ ընդունի և գնդակահարության դատապարտի անմեղ մարդկանց: Պատահական չէ այն, որ քրեական գործի վրա կար հետևյալ մակագրությունը ԿՍՐՈրՍՈ ցփպՑՈ -ոօՉՔՌպ ս՚ՊՌ (նախկին մարդիկ):
Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկովի բարի անունը վերականգվեց միայն 1987թ. նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՀԽՍՀ ՆԳԽԿ-ի Եռյակի որոշումը:
Այս վճռի պատճառը եղել է Մ.Սիլիկովի որդու` Գեորգիի դիմումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ.Մ.Չեբրիկովին (1923-1999թթ.): Միաժամանակ Գ.Սիլիկովը խնդրել է հայտնել հոր մահվան տարեթիվը, վայրը և հանգամանքները:
1988թ. հունվարի 14-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը (1924-1993թթ.) դիմում է ՀԽՍՀ արդարադատության նախարար Ա.Ս.Դադայանին` խնդրելով հրահանգել, որ Երևանի Սպանդարյան շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳԲ) գրանցվի Մ.Սիլիկովի մահը, որը տեղի է ունեցել 1937թ. նոյեմբերի 22-ին:
Հունվարի 25-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի X բաժնի պետ, փոխգնդապետ Ե.Աթթարյանը դիմում է Ադրբեջանի ԽՍՀ գործընկերոջը` փոխգնդապետ Բ.Ա.Ջամբարովին, խնդրելով, որ Բաքու քաղաքի բնակիչ Գեորգի Սիլիկովին տեղեկացնի, որ հայրը 1937թ. նոյեմբերի 16-ին դատապարտվել է պատժի առավելագույն չափի` գնդակահարության: Գ.Սիլիկովը հոր մահվան վկայականը կարող է ստանալ Երևանի Սպանդարյան շրջանի ՔԿԱԳԲ-ից:
Փետրվարի 10-ին փոխգնդապետ Բ.Ա.Ջամբարովը հայտնում է, որ Գ.Սիլիկովը հրավիրվել է ՊԱԿ, և նրան բանավոր տեղեկացվել է հոր մահվան հանգամանքների և մահվան վերաբերյալ տեղեկանք ստանալու հնարավորության մասին:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկովը կիսեց ռուսական և ազգային բանակներում ծառայած տասնյակ հազարավոր սպաների դժբախտ ճակատագիրը: Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ ճիշտ է, բավականին ուշ, այնուամենայնիվ պատմական ճշմարտությունը հաղթեց: Հայ ժողովուրդը բարձր գնահատեց Մ.Սիլիկովի ծառայությունը: Այսօր գեներալի անունն է կրում Երևանի թաղամասերից մեկը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է զորավարի անունը կրող մեդալ:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ. գիտ. թեկնածու