ԿՅԱՆՔԸ՝ ՍԱՀՄԱՆԻՑ
Հարցազրույց «Հայկական լեգեոն» հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ ԱՂԱՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-«Լինելով անաշխատունակ մոր միակ խնամակալը, ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից։ Սակայն մեկ տարի անց կամավոր մեկնում է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները»… ահա այս արժանահիշատակ դրվագից էլ կարող էինք սկսել մեր զրույցը, բայց ես պիտի խնդրեմ մի փոքրիկ նախաբան պատմեք Ձեր ընտանիքի մասին։ Հայկական ընտանիքը՝ իր ինքնատիպությամբ, ավանդույթներով, կոլորիտով, միշտ էլ հետաքրքիր և արժանահիշատակ նկարագիր ունի։
-Ծնվել եմ Արարատի մարզի Արարատ գյուղում։ Ինչպես Սպարապետը կասեր՝ դավալեցի եմ։ Իմ ընտանիքը շատ յուրօրինակ էր։ Երկու տատիկներս ու պապիկներս ապրում էին ծնողներիս հետ։ Ես ընտանիքիս միակ երեխան էի և կատարելապես վայելում էի նրանց սերը, ջերմությունն ու հոգատարությունը։ Իմ ընտանիքում «գոյակցում էին» երկու միանգամայն տարբեր քաղաքակրթություններ։ Հայրս Կոստանդնուպոլսից էր։ Նրա ընտանիքը գաղթել էր Ֆրանսիա, ապա եկել Հայաստան։ «Ֆրանսիացի» տատս իր ազնվակերտ պահվածքով, բարոյախոսական խրատներով և, մանավանդ, պատմական Հայաստանի մասին սրտառուչ զրույցներով մեծ ազդեցություն է գործել ինձ վրա։ Ինքնատիպ կերպար էր հորական տատս։ Նա ավելի պրագմատիկ և գործնական դաստիարակության ջատագով էր և իր վրա էր վերցրել ինձ դարձի բերելու դժվարին (ինչպես հետագայում պարզվեց՝ անհնար) առաքելությունը։
-Ներեցեք, իսկ որտեղի՞ց պիտի «դարձի բերեին»։
-Ես սարսափելի կերպար էի։ Պապս կասեր՝ «շայկան հավաքած»` փորձանք էի փնտրում։ Պապս… միակ մարդն էր, որին ընդունում էի անվերապահորեն ու ակնածում էի (ես նրա անունն եմ կրում)։ Պատերազմով անցած, պատկառելի, փառահեղ մի մարդ, որը իմ հպարտության աղբյուրն էր և երազանքի առարկան՝ պատերազմի հերոսի իր կերպարով, բազմաթիվ շքանշաններով, Հայրենական կռվից մնացած ասքանման հուշերով…
-Շատ լավ պատկերացնում եմ… որովհետև ես տեսել եմ Ձեր լուսանկարը՝ վերձիգ հայացքով, հպարտ, կուրծքը զարդարված բազմաթիվ մեդալներով։ Մտածեցի՝ այս երիտասարդ տղամարդը ե՞րբ և ինչպե՞ս է վաստակել այս փառքը։
-Երազում էի զինվորական դառնալ։ Բայց մայրս այլ ճանապարհ էր նախընտրել ինձ համար, և ես հայտնվեցի երաժշտական գիշերօթիկ դպրոցում։ Իմ առաջին շփումը զենքի հետ շատ ջերմ էր, անմոռաց և… ցավալի։ Ռազմագիտության ուսուցչիս հանձնարարությամբ գնացի մեր ուսումնական ավտոմատը բերելու։ Երբ զենքը ձեռքս առա, հետս անբացատրելի բան կատարվեց… Զենքը հետ տանելու համար իմ և համադասարանցուս միջև վեճը վերածվեց ծեծկռտուքի… բանը հասավ մարմնական վնասվածքի, ու ինձ հեռացրին դպրոցից։ Ես ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
-Հենց այդ ժամանակ էլ սկսվեց պատերազմը։
-Երբ ասացի մորս, որ պատրաստվում եմ մեկնել ռազմաճակատ, նա ասես քարացավ։ Որոշ ժամանակ լռելուց հետո, ասաց. «Դու իմ միակ երեխան ես։ Եթե քեզ մի բան պատահի, ես չեմ ապրի»։ Գիտեմ՝ ասացի։ Ու խոսակցությունն ավարտվեց։ Ինձ ռազմաճակատ ճանապարհելիս մայրս խաղաղ էր, անվրդով, անարցունք, ասես… անկյանք։ Հետագայում, երբ վերադարձա ու ասացի, որ այլևս չեմ գնալու սահման, նա սկսեց անզուսպ հեկեկալ, ասես թափեց ներսում պահած բոլոր արցունքները, լացեց տարիներով զսպած լացը…
Ես Ղարաբաղ մեկնեցի Վահրամ անունով մի ազատամարտիկի հետ։ Երբ տեղ հասանք, մթնել էր։ Մտանք մի կիսախոնավ սենյակ, որտեղ բազմաթիվ ռազմիկներ էին հավաքված։ Վահրամն ասաց՝ էս մեր ախպերը Երևանից է, եկել է, որ կռվի մեզ համար։ Ոչ ոք չարձագանքեց։ Հետո նրանցից մեկը 5.45 տրամաչափի փամփուշտը ձեռքին մոտեցավ ինձ ու ասաց. «Էս դիր ճակատիդ ու թափով խփի… Եթե ներս չգնաց, ուրեմն՝ գլուխդ պինդ է, կարաս կռվես»։
-Դա Ձեր ռազմական մկրտությունն էր…
-Առաջին մկրտությունն ավելի ուշ էր, առաջին մարտի ժամանակ։ Մենք ազատագրում էինք բարձունքը։ Թշնամին նահանջեց։ Սկսեցինք առաջ շարժվել։ Տղաները (որպես անփորձի) ինձ հետևում էին թողել։ Հանկարծ նկատեցի, որ շենքում մարդ կա։ Ավտոմատով նշան բռնեցի և հրամայեցի հանձնվել։ Ադրբեջանցին ձեռքերը վեր բարձրացրած դուրս եկավ շենքից և սկսեց մոտենալ ինձ։ Երբեք չեմ մոռանա այդ պահը, ես չգիտեի անելիքս… Ես աննկարագրելի վախենում էի։
-Դուք՝ ավտոմատով, քիչ առաջ ազատագրած տարածքում, Ձեր ընկերների հարևանությամբ վախենում էիք ձեռքերը վեր պարզած, պարտված ադրբեջանցո՞ւց…
-Ես հասկացա, որ պիտի սպանեմ նրան։ Այդ միտքը շանթահարեց ինձ։ Երբ մի քանի մետր էր բաժանում ինձ ու թշնամուն, կրակեցի… Ես դատարկեցի ամբողջ պահունակը։ Նա ընկավ։
-Իսկ ինչո՞ւ ամբողջ պահունակը, երբ մեկ կրակոցն էլ բավական էր…
-Ես կորցրել էի ինձ… Երբ հասկացա, որ պիտի սպանեմ նրան… Այս մարդուն, որը ողջ է, քայլում է, նայում է ինձ, ինչ-որ բան է ասում իր մայրենի լեզվով… սովորական մարդ է, ինձ նման… ու վայրկյաններ անց չի լինելու։ Սարսափելի էր։ Ես մինչև հիմա նրան տեսնում եմ երազում։
-Իսկ մյուսներին չե՞ք տեսնում։
-Ո՛չ։ Որովհետև այդ օրը ես դարձա պատերազմի զինվոր… Ես սկսեցի ապրել մահի հետ կողք կողքի… Մի անգամ փորձեցի միանալ ընկերներիս ավելի կարճ ճանապարհով։ Ադրբեջանցիները նկատեցին և սկսեցին կրակել։ Մեկ էլ՝ դիմահար կրակոցներ լսվեցին։ Մերոնք էին կրակում ինձ վրա։ Հետո, երբ տղաների զարմացած հայացքների տակ մոտեցա մեր դիրքերին, պարզվեց՝ ականապատված դաշտ եմ մտել։ Մերոնք մտածել են՝ մոլորված ադրբեջանցի եմ։ Փաստորեն՝ քայլում էի ականապատված դաշտով ադրբեջանցիների ու յուրայինների նշանառության տակ… Սա չի կարող չփոխել մարդուն… Մահվան հետ այս «մտերմությունը» հակաբնական է, անմարդկային…
-Ձեզ մի գաղտնիք ասեմ… Ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար ներկայացնել ազատամարտիկներին մեր թերթի էջերում… բայց միշտ ինչ-որ ներքին տագնապով եմ շփվում նրանց հետ։ Մտածում եմ՝ ռազմի դաշտում նրանք կորցրել են զգալու, գթալու, ցավելու ունակությունը։ Վիշտը կարծրացնում է մարդու հոգին։
-Ճիշտ չէ։ Մի անգամ հարմար չէի նստել և ընկա ընթացող մեքենայի թափքից։ Ֆելիքս Պողոսյանին (ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալին) թվաց` խփվեցի… Ասում են՝ արցունքներ թափվեցին աչքերից։ Ձեր ասածը ճիշտ չէ… Ընդհակառակը՝ պատերազմը ստիպում է, որ դու ավելի շատ սիրես կյանքը։ Գնահատես քո ապրած ժամանակը… Հիմա ես շատ ավելի մեծ ցավով եմ ընդունում մեր թերությունները, անկատարությունը։ Որովհետև ես գիտեմ այս խաղաղության գինը։
-Դժվա՞ր էր վերադարձը խաղաղ կյանքի…
-Պատերազմ տեսած մարդը երբեք չի «վերադառնում» խաղաղ կյանքի։ Նա շարունակում է աշխարհը չափել պատերազմի օրենքներով ու տրամաբանությամբ… Ես փորձեցի դուրս գալ ռազմիկի կերպարից գոնե առերևույթ։ Գուցե զարմանալի թվա, բայց ես ուզում եմ, որ մենք մոռանանք պատերազմը և ապրենք խաղաղ օրերի ռիթմով…
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույցի ժամանակ ասաց, որ մեզ խաղաղ օրերի հերոսներ են պետք։ Եվ մենք պետք է դադարենք հերոսությունը չափել միմիայն պատերազմական սխրանքներով։
-Մենք պիտի պատերազմը պատմություն դարձնենք՝ փառահեղ, հերոսական, արժևորված պատմություն… Ու պիտի սերտենք այդ պատմության դասերը։ Հասկանանք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս հաղթեցինք։
-Ինչո՞ւ և ինչպե՞ս հաղթեցինք։
-Հաղթեցինք, որովհետև կարողացանք թոթափել ներքին պառակտումները, որովհետև միակամ ու համախումբ էինք հայրենիքի ազատագրության գաղափարի շուրջը։ Որովհետև ունեինք ներքին ամրություն ու կեսճանապարհին չմնալու հոգեկան կորով։ Որովհետև մեր թիկունքն ամուր էր, որովհետև թիկունքում փոխըմբռնում, միաբանություն ու աջակցություն կար։ Որովհետև վստահ էինք, որ ավելի ամուր, արդար, հզոր պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան ենք կառուցելու։
-Դուք ստեղծել եք մի հասարակական կազմակերպություն, որը անվանել եք «Հայկական լեգեոն»։ Ստեղծել եք այն ժամանակահատվածում, երբ կարծես թե հասարակական կազմակերպությունների պակաս չունեինք։
-Միանգամից ասեմ, որ մեր հասարակական կազմակերպությունը զորամասեր չի այցելում և չի զբաղվում զինվորի իրավունքների պաշտպանությամբ։ Այո՛, կային բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում էին բանակին և երկրի պաշտպանունակությանը, սակայն, մեր դիտարկմամբ, կար բաց` նախազորակոչային դաստիարակության և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների բարոյահոգեբանական աջակցության դաշտում։ Բանակի բարոյականությունն սկսվում է ընտանիքից և հանրակրթության ամենավաղ տարիքից։ Համագործակցելով դպրոցների հետ, փորձում ենք սերտացնել երիտասարդ սերնդի ու պատերազմով անցած ավագների միջև հոգևոր կապը։ Նրանց փոխշփումը հոգեբանական վերելքի խթան է երկուստեք և հասարակության բարոյականությունը մաքրելու նախադրյալ։
Ծրագիր ունենք աշխատելու սփյուռքի հետ։ Մի քանի հայկական գաղթօջախներում արդեն իսկ ունենք մեր կազմակերպության մասնաճյուղերը։ Ցանկանում ենք աջակցել հայապահպանությանը արտերկրում։
-Կարծեմ, Ձեր որդին զորակոչային տարիքի է։
-Ցանկանում եմ, որ նա զինվորական դառնա։ Վերջերս տղայիս հետ մի միջոցառման ժամանակ հանդիպեցինք մեր պաշտպանության նախարարին։ Պարոն Օհանյանին խնդրեցի լուսանկարվել որդուս՝ Սամվելի հետ. թող հպարտանա, որ կանգնել է պատերազմ հաղթած զորավարի կողքին։
-Պաշտպանության նախարարի հետ լուսանկարվել բոլորն են ցանկանում։
-Իմ տղան՝ Սամվելը, Արցախում կծառայի։ Իսկական զինվորը պետք է դիրք տեսնի, զենք կրի, սահման պահի։ Ես ուզում եմ, որ իմ տղան իսկական զինվոր դառնա։ Ուզում եմ՝ նրա տղամարդկային կյանքը սկսվի սահմանից։ Դա ամենաճիշտ ու երաշխավորված սկիզբն է յուրաքանչյուր տղամարդու համար։
-Մեր զրույցը համընկավ Հանրապետության տոնին։
-Ամեն ինչ անենք, որ մեր երրորդ հանրապետությունը լինի վերջինը, մշտնջենական, հզոր ու… մեծանա։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Բանակ և հասարակություն