ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱԽԸ
Թերևս վերջին օրերի ուշագրավ իրադարձություններից մեկն այն է, որ ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձև է ընդունել, որով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այդ բանաձևում նաև խրախուսվում են «որպես ազատ եւ անկախ հանրապետություն զարգանալու` ԼՂՀ ջանքերը» և դրական գնահատական է տրվում «երկրի կառուցողական ներգրավվածությանը միջազգային կառույցներում եւ տարածաշրջանային առկա խնդիրների արագ կարգավորմանը հասնելու նրա ջանքերին»:
Այժմ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այս իրադարձությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում: Հոգեգարություն, նյարդախտ կամ պարզապես հիստերիա: Իրավ, հասկանելի է նրանց անհանգստությունը. տեղի ունեցածը հանաք-մասխարություն չէ: Ռոդ Այլենդ նահանգն ԱՄՆ Կոնգրեսում ունի երկու սենատոր և երկու ներկայացուցիչ: Ինչպես երկրի նախագահ Օբաման, բոլոր չորսն էլ դեմոկրատներ են: Ադրբեջանցիները հասկանում են, որ կանգնած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման նախադեպի վտանգի առջև և նպատակադրվել են տապալելու սկսված գործընթացը: Ադրբեջանցիների վախին կարելի է ախտորոշում տալ մոտավորապես հետևյալ կերպ` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն այսօր միջազգային իրավական պրակտիկայում լայն կիրառում ունի (օրինակ` 2011 թվականին Հարավային Սուդանի Հանրապետության ճանաչումը ՄԱԿ-ի կողմից), ի տարբերություն միջազգային կիրառում չգտած տարածքային ամբողջականության սկզբունքի, որը ադրբեջանական դիվանագիտության միակ «զենքն» է: Վախը պայմանավորված է նաև նրանով, որ մի քանի տասնյակ երկրներ արդեն ճանաչել են հայերի ցեղասպանությունը (որոշ երկրներ նույնիսկ քրեականացրել են դրա ժխտումը)` չվախենալով Ադրբեջանի մեծ եղբոր` Թուրքիայի հետ լարված հարաբերությունների մեջ մտնելուց: Նույն ԱՄՆ-ում, որտեղ 50 նահանգից 42-ը ճանաչել են հայերի ցեղասպանությունը, կարող է դոմինոյի երևույթի նմանությամբ սկսվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, և այս սցենարի հավանականությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի քաղաքական վերնախավում:
Ադրբեջանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Մայիսի 18-ին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Հայկական կողմից Ռոդ Այլենդի օրենսդիր մարմնի միջոցով, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման բոլոր փորձերը կկանխարգելվեն ԱՄՆ-ում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության և այդ երկրի ադրբեջանական համայնքի ջանքերի շնորհիվ»: Նման ճամարտակությունը, ընդհանրապես, բնորոշ է ադրբեջանցի դիվանագետներին: Եվ որպեսզի Էլմանը դատարկախոսի տպավորություն չթողնի, և նրա պահվածքը համապատասխանի հին գողական «пацан сказал, пацан сделал» կարգախոսին, հաջորդ օրը` մայիսի 19-ին, հայերի «պորտը տեղը դրեցին» շատ «լուրջ» հակաքայլով: Ասել կուզի` Էլմանի սպառնալիքներն ի կատար ածվեցին:
Չգիտեմ, թե ինչ մեթոդներով է ադրբեջանական համայնքին կամ դիվանագիտական առաքելությանը հաջողվել ԱՄՆ Մեն նահանգի 65,000 բնակչությամբ Պորտլենդ քաղաքի քաղաքապետին համոզել (լավ է գոնե Օրեգոն նահանգի Պորտլենդի քաղաքապետին չեն համոզել, որը պաշտոնապես համասեռամոլ է. այդ դեպքում լուրջ կասկածներ կառաջանային «համոզման» մեթոդների վերաբերյալ) հանդես գալ «ոչ հայանպաստ» հայտարարությամբ: Փոքր բնակչությամբ քաղաքի քաղաքապետը (Ադրբեջանի հասցեին ջերմ արտահայտված և իրենց օգտին խոսքեր ասող այս աննշան մարդու անունը ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ զլացել են նշել) սուր քննադատությամբ հանդես եկավ մեկ միլիոն բնակչությամբ Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամների հասցեին` նշելով, որ նրանց ընդունած բանաձևը հակասահմանադրական է: Մեծ քաղաքականության այս փոքրիկ ամերիկացի վարձկանը, մոռանալով իր բուն գործառույթների և պարտականություններ մասին, ինչպես ասում են, քիթը մտցնում է իրեն բոլորովին չվերաբերող հարցերի մեջ: Այսպես, Ադրբեջանի Հանրապետության ձևավորման տարեդարձի նախօրեին Պորտլենդի քաղաքապետարանն ընդունում է «պատմական փաստի» մասին բանաձև, համաձայն որի՝ Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը մտնում են Ադրբեջանի` իսլամական աշխարհում առաջին աշխարհիկ խորհրդարանական հանրապետության կազմի մեջ: Այդ բանաձևում նաև նենգաբար նշվում է հայկական հարցի հայանպաստ լուծման ջատագով, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը: Վիլսոնի արտասանած` «Մենք ադրբեջանցի ջենթլմենների հետ խոսում էինք արդարության պատկերացումների մասին նույն լեզվով» բառակապակցությունը ներկայացվում է որպես ադրբեջանա-ամերիկյան ջերմ հարաբերությունների ծանրակշիռ վկայություն: Իմիջիայլոց, 20-րդ դարի հանրահայտ մոլագար, մոտ 60 հոգու գազանաբար սպանած Թեդ Բանդին շատ կիրթ և տաղանդավոր երիտասարդ էր: Նրան բոլորը սիրում էին և ջենթլմեն էին համարում: Նա խոսում էր արդարությունից և այլ բարոյական արժեքներից` որպես հոգեբան աշխատանքի ընդունվելով ինքնասպանությունների կանխարգելման ճգնաժամային կենտրոնում: Երբ ամեն ինչ բացահայտվեց, նրան մահապատժի ենթարկեցին էլեկտրական աթոռի միջոցով: Շատ ջենթլմեններ ասում են մի բան, անում մեկ այլ բան:
Պորտլենդի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներին արժե համառոտ հիշեցնել իրենց երկրի քաղաքական կառուցվածքը: Ըստ վերջինի` ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմինը Կոնգրեսն է` բաղկացած Սենատից և Ներկայացուցիչների պալատից: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի հիմնական իրավասությունը օրենքների վերանայումն ու ընդունումն է: Ներկայացուցիչների պալատում և Սենատում ամեն նահանգ ունի իր անդամները: Եւ եթե նրանք ուզում են Ադրբեջանի շահերը ամբողջական ծավալով պաշտպանել օրենսդրական դաշտում, ապա ստիպված են այդ հարցը քննարկել Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամների և սենատորների հետ, քանի որ օրենսդրական նախագծերի գլխավոր նախաձեռնողը կոնգրեսականներն են: Ի դեպ` Մեն նահանգի Սենատը 2012 թվականի ապրիլի 10-ին բանաձև է ընդունել հայերի ցեղասպանության ճանաչման մասին:
ԳՐԻՇԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ռազմաքաղաքական