ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԳՐՈՀԸ ԿԱՍԵՑՆԵԼ ՉԻ ԼԻՆԻ
Փոխգնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը 2011թ. ուստարվա մարտական պատրաստության արդյունքներով ճանաչվել է լավագույնը և պարգևատրվել փոխանցիկ պատվադրոշով։
-Ստորաբաժանումների` ստուգողական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ հենց հնարավոր եղավ հասնել նման բարձր արդյունքների, ինչի շնորհիվ զորամասը ճանաչվեց առաջինը,- մեզ հետ զրույցում շեշտեց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Ավանեսյանը։
Բոլորովին վերջերս զորամասը ենթարկվեց պլանային ստուգման և արժանացավ դրական գնահատականի։
-Նախորդ ստուգման ժամանակ նկատված բոլոր բացթողումներն ու սխալները լիովին շտկել էինք, ինչն էլ չվրիպեց նրանց աչքից։
Կարգապահության վիճակը նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել է։
-Հաջողություններն օրինաչափ են, և ձգտելու ենք մյուս տարի երկրորդ անգամ արժանանալ լավագույնի կոչմանը, որպեսզի պատվադրոշը պահենք մեզ մոտ,- մեր զրույցին է միանում հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Սաղյանը։
Զորամասն իր առաջին հրամանատար, այժմ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ անցել է փառավոր մարտական ուղի՝ Արցախից մինչև Քարվաճառ՝ ազատագրելով տասնյակ բնակավայրեր, ոչնչացնելով երեք տասնյակից ավելի ռազմական հենակետեր։ Վերջերս զորամասը մասնակցեց Ստեփանակերտում անցկացված Եռատոնի շքերթին՝ հիացմունքի անմոռանալի պահեր պարգևելով բոլորին։
Սույն թվականի հունիսի 4-ից զորամասը լիովին պատրաստ կլինի կիսամյակի հսկողական ստուգումներին։
♦♦♦
Զորամասում շատ են ազատագրական պայքարի վետերանները։ Մարդիկ, որոնք չունեցան երիտասարդական տարիքին բնորոշ անհոգ կյանք։ Նրանք, ստանձնելով հայրենիքի պաշտպանության պատասխանատվության ծանր բեռը, հրադադարի հաստատումից հետո էլ նվիրվեցին բանակաշինության ձեռքբերումներն ամրապնդելու կարևոր գործին։ Նրանցից մեկն էլ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Ավանեսյանն է։
Նա ծնվել է Շուշիում, մեծացել է բերդաքաղաքի հարևանությամբ գտնվող Շոշ գյուղում։ Ավարտելով դպրոցը, Գառնիկն ընդունվել է մեքենաշինական տեխնիկում։ 1983-85թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Գերմանիայում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Արցախ, մեկ տարի աշխատել Ստեփանակերտում, որից հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ։ Երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, և արդեն պարզ էր, թե այն հետագայում ինչ ընթացք է ունենալու, Գառնիկը դիմեց ինստիտուտի ղեկավարությանը` խնդրելով, որ իրեն տեղափոխեն հեռակա բաժին և համախմբելով Երևանում սովորող արցախցի տղաներին` շուրջ քսանհինգ հոգու, վերադարձավ ԼՂՀ և Արգամ Հարությունյանի հրամանատարությամբ գործող Շոշի կամավորական ջոկատի կազմում մասնակցեց պաշտպանական և ազատագրական մարտերին։ Նրա մարտական ուղին սկսվում է հայրենի գյուղից և անցնում ԼՂՀ ողջ տարածքով՝ Շուշի, Աղդամ, Ֆիզուլի, Հորադիզ, Մարտակերտ, Լաչին…
-Չեմ մասնակցել միայն Շահումյանի և Լաչինի վերին հատվածի մարտական գործողություններին։
Երբ սկսեցին կազմավորվել զորամասերը, իսկ դա 1992թ. էր, Գառնիկը Շոշի վաշտի հետ անդամագրվեց պաշտպանական շրջանում տեղակայված զորամասին։
-Ամբողջ վաշտով անդամագրվեցինք գումարտակին,- հիշում է նա։
Քանի որ նա պատերազմի ժամանակ հիմնականում մարտնչել էր տանկով, դարձել էր հմուտ տանկիստ և տանկային դասակ ղեկավարել, հրադադարի հաստատումից հետո գեներալ Ք. Իվանյանի առաջարկով նշանակվեց նախ տանկային վաշտի, իսկ շատ չանցած` գումարտակի հրամանատար։ 1997թ. մարտ ամսին Գառնիկ Ավանեսյանը նշանակվել է զորամասի հրամանատար, իսկ հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2011-ից նա արդեն այս զորամասում է, և ինչպես իմացանք՝ զորատեսակում զորամասի ունեցած հաջողության գործում նրա ներդրումը չափազանց մեծ է։
Հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար փոխգնդապետ Գ.Ավանեսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով։ Նա ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ, շատ է սիրում հայ գրականությունը, հատկապես պոեզիան և ազատ ժամերին երբեմն ստեղծագործում է։
♦♦♦
Զորամասը, որ ամբողջովին կենտրոնացել է մարտական պատրաստության խնդիրների վրա, պետք է մշտապես պահպանի մարտունակության ամենաբարձր աստիճանը։ Առաջադրանքների, ռազմական գործի ուսուցման առաջին պատասխանատուն էլ հենց փոխգնդապետ Գ. Ավանեսյանն է։
-Զորամասի ստորաբաժանումները, որոնք սպառազինված են ժամանակակից զենքերով ու ռազմական տեխնիկայով, աշխատում, իրենց հմտությունները զարգացնում ու կատարելագործում են օրնիբուն։ Հրաձգարաններում, ուսումնական կենտրոններում պարապմունքները չեն դադարում։ Մենք մեր փորձից շատ լավ գիտենք, որ լավ ռազմական տեխնիկա ունենալը մի բան է, դրա օգտագործելը՝ մեկ այլ։ Մեր զորամասում, ինչպես պաշտպանական բանակի մյուս բոլոր զորամասերում, բացառվում է, որ զինվորը լիարժեք չտիրապետի իրեն վստահված ռազմական տեխնիկային։ Հաջորդ ամենակարևոր գործոնը զինվորի, զինվորական ստորաբաժանման մարտական ոգին է։ Այն բարձր պահելու համար մենք տանում ենք համապատասխան աշխատանք, որպեսզի յուրաքանչյուր զինվոր շատ լավ իմանա, թե ով է ինքը (ով ենք մենք), որտեղից է գալիս և ուր է գնում ու ինչ առաքելություն ունի այս աշխարհում։ Եթե այս հարցերի պատասխանը հայ զինվորն իմացավ, նրան էլ կանգնեցնել չի լինի։
-Զորամասի զինվորները ճանաչում են Ձեզ և նրանց, ովքեր կրել են պատերազմի ծանրությունը և այժմ էլ շարքում են ու ռազմարվեստի գաղտնիքներն են բացահայտում, սովորեցնում իրենց…
-Վստահ եմ, որ զորամասը համալրող երիտասարդ զինվորները կարճ ժամանակում անհրաժեշտ տեղեկություններ են ստանում նրանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախի ազատության համար, նրանք տեղեկություններ են ստանում զորամասի կազմավորման և անցած փառավոր ուղու մասին, տեղեկություններ են ստանում և, կարծում եմ, լիովին վստահում են նրանց, ովքեր մարտական գործողությունների մեծ փորձ ունեն և այժմ էլ իրենց են ուսուցանում ու առաջնորդում։ Ասեմ, որ զորամասը համալրված է նաև երիտասարդ ու բանիմաց սպաներով, որոնք ձգտում են ու կարողանում են ստորաբաժանումները համախմբել ու առաջնորդել… Չզարմանաք, եթե ասեմ, որ մեր զորամասում չկան ծույլ, թերացող, վատ զինվորներ, իսկ լավագույնները շատ-շատ են։ Երբեմն ափսոսում եմ, որ նրանք չեն ձգտել զինվորական դառնալ, զինվորական կրթություն ստանալ…
♦♦♦
Փոխգնդապետ Ա. Մկրտչյանը դիվիզիոնի հրամանատար է։ 2011թ. ամենաբարձր մակարդակով անցկացված ստուգումների ժամանակ դիվիզիոնն ստացել է «լավ» գնահատական։
-Հանձնաժողովի ընտրությամբ՝ ստուգվեցին դիվիզիոններից երկուսը։ Առաջադրված ութ խնդրից չորսը գնահատվեցին «լավ», չորսը՝ «գերազանց»,- ասաց փոխգնդապետ Ա. Մկրտչյանը։
Ստուգվածներից մեկը կապիտան Հովհաննես Միրզոյանի մարտկոցն է։ Գործնական պարապմունքներն անցկացվում են ինչպես դաշտային պայմաններում, այնպես էլ զորամասի տարածքում՝ բացօթյա պայմաններում կամ շվաքարանների տակ։ Մեր ներկայությամբ մարտկոցի հրամանատարը անցկացրեց ցուցադրական պարապմունք` կայանքները գործարկելու, մարտի նախապատրաստելու առաջադրանքով։
Հրամանատար կրտսեր սերժանտ Գրիգոր Պապյանը, նշանառու շարքային Սամվել Մեհրաբյանը, լիցքավորող շարքային Գարիկ Ասատրյանը և մեխանիկ-վարորդ շարքային Մհեր Բարեղամյանը ցույց տվեցին նորմատիվային լավագույն արդյունքը։ Կարելի է ասել, որ նրանցից մի քանի ակնթարթ ուշ առաջադրանք կատարեց կրտսեր սերժանտ Արա Խաչատրյանի անձնակազմը՝ շարքայիններ Սարգիս Մխիթարյանը, Արեգ Հովհաննիսյանը և Յուրիկ Հակոբյանը։
♦♦♦
Հաջորդ մարտկոցի հրամանատարի պաշտոնակատարը լեյտենանտ Հայկ Պապոյանն էր։ Ծառայության կարճ ժամանակահատվածում իրեն դրսևորել է լավագույն կողմերով։
-Ուսման մեջ մեր չափանիշը «գերազանցն» է, ուրիշը չկա,- ասաց երիտասարդ սպան։ Նա նույնպես մարտկոցի տեխնիկան մարտի նախապատրաստելու հրաման տվեց, որի կատարման մասին առաջինը զեկուցեց կայանքի հրամանատար կրտսեր սերժանտ Դավիթ Բաղդասարյանը, իսկ նրա անձնակազմում էին նշանառու շարքային Գառնիկ Սարգսյանը, լիցքավորող շարքային Հայկ Շահինյանը և մեխանիկ-վարորդ շարքային Նարեկ Սևոյանը։
♦♦♦
Ցուցադրական պարապմունքին ներկա էր նաեւ զորամասի նախկին հրամանատար, այժմ ԼՂՀ զինվորական կոմիսար գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը։
-Գրազ ենք գալիս պաղպաղակի վրա։ Հաղթելը՝ ձեզնից, պաղպաղակը՝ ինձանից,- պայման դրեց գնդապետը։
Մրցույթի անցկացման պատասխանատվությունն ստանձնեց դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Ա. Մկրտչյանը։ Երեք փորձից երկուսում առաջինը մարտի պատրաստ լինելու մասին զեկուցեց կրտսեր սերժանտ Հովհաննես Աղաջանյանը։ Նրա անձնակազմում էին շարքայիններ Արթուր Աղայանը, Սերյոժա Ղազարյանը և եֆրեյտոր Մանվել Սարգսյանը։
Գնդապետը, գովեստի խոսքեր ասելով անձնակազմին, միաժամանակ նշեց, որ մրցույթում պարտվողներ չեն եղել։ Քիչ անց խանութ ուղարկված զինվորը վերադարձավ պաղպաղակներով լեցուն երկու մեծ տոպրակով։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ