ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԻ
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի զինված ուժերը պատրաստ են կիբեռպատերազմի: Բունդեսվերի համապատասխան ստորաբաժանումները գտնվում են նախնական պատրաստականության վիճակում: Գերմանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ներկայիս պայմաններում բանակը պետք է կարողանա պայքարել հակառակորդի դեմ նաև վիրտուալ տարածքում: Բոնն քաղաքի մերձակայքում տեղակայված զորքերի հիմնական խնդիրը այս փուլում սկզբնական ունակությունները զարգացնելն է:
Սկզբում Բունդեսվերի ղեկավարությունը ծրագրել էր ստեղծել մի ստորաբաժանում, որը հաքերային գրոհներից պաշտպանվելու մեթոդներ կմշակեր: Սակայն 2006թ. սկսեցին կազմավորվել «հաքերային զորքեր»` ինքնուրույն կիբեռգրոհներ իրականացնելու համար: Նոր կառույցում առավելապես ներգրավվում են երկրի ռազմական բուհերի ծրագրավորող շրջանավարտները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ նրանք առայժմ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու «ռազմական գործողությունների»:
Գերմանացի զինվորականները այս քայլով ցանկանում են հավասարվել ԱՄՆ-ի և Իսրայելի կիբեռպատրաստականության մակարդակին, պետությունների, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում հաքերային գրոհներից պաշտպանությունը զարգացնելու համար: Զինվորականների տվյալներով, այսօրվա տեխնոլոգիական զարգացման պայմաններում էլեկտրական ցանցերի կամ ջրային կայանների վրա համակարգչային գրոհները կարող են ունենալ ավելի լուրջ հետևանքներ, քան սովորական հարձակումները: Որպես օրինակ նշվում է ԱՄՆ փորձը, երբ ամերիկյան մասնագետները Stuxnet վիրուսի միջոցով խաթարեցին Իրանի ատոմային օբյեկտների աշխատանքը: Իսկ իսրայելական բանակը օրերս ընդունել է, որ վիրտուալ գոտին համարում է ռազմական թատերաբեմ:
ԱՄՆ նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի գծով նախկին խորհրդական Ռիչարդ Կլարկի տվյալներով, այժմ կիբեռպատերազմ վարելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունեն շուրջ 20-30 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ռազմական