Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԻՐԱՔԻՆ



Իրաքի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերը վերստեղծելու նպատակ ունի և հունվարի 26-ից բանակցում է Միացյալ Նահանգների հետ` 18 «F-16» ռեակտիվ կործանիչ գնելու շուրջ: Այս բանակցությունները դեռ չավարտված` Ֆրանսիան Իրաքին առաջարկել է իրենից գնել ֆրանսիական 18 «Միրաժ Ֆ-1» արդիականացված ինքնաթիռներ` վճարելով 1 մլրդ դոլար:
Առաջարկն ունի երկու հրապուրիչ կողմ. առաջինը գործարքի իրականացման սեղմ ժամկետն է. Իրաքն ինքնաթիռները կսկսի ստանալ արդեն այս տարվա վերջից: Երկրորդն այն է, որ իրաքցի օդաչուները ծանոթ են այս ինքնաթիռներին, քանի որ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք Իրաքի ՌՕՈՒ-ի զինանոցում էին հիմնականում ռուսական ու ֆրանսիական ինքնաթիռները:
Ֆրանսիայի առաջարկն ուշագրավ է նաև նրանով, որ դեռ 1990-ականներին Իրաքը ֆրանսիական արտադրության իր 18 ինքնաթիռներն ուղարկել էր Ֆրանսիա` տեխնիկական սպասարկման, բայց «Փոթորիկ անապատում» ռազմագործողությունից հետո իր դեմ կիրառված բեռնարգելքի (էմբարգոյի) հետևանքով այդպես էլ մինչև օրս հետ չի ստացել դրանք: Բացի դրանից, 1985թ. սեպտեմբերին Իրաքը 126 «Միրաժ Ֆ-1» ինքնաթիռների համար 800 մլն դոլար է վճարել Ֆրանսիային, բայց ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով 24 ինքնաթիռն այդպես էլ չի ստացել:
Այսօր Իրաքի կառավարությունը փորձում է հետ ստանալ ինքնաթիռները կամ գումարը, բայց քանի որ Ֆրանսիան էլ իր հերթին ներել է Իրաքի 4.8 մլրդ դոլար պարտքի մոտ 80%-ը, ապա քիչ հավանական է, որ Բաղդադը նրանից ձրի ինչ-որ բան կստանա (defencetalk.com):

Խորագիր՝ Նորություններ


07/02/2011