«ԳՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ԽԱՂԱՂ ԱՊՐԻ»
Ավետիս Ալբերտի Օհանյանը ծնվել է 1963թ. մայիսի 9-ին, Ագարակ քաղաքում։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղտեխնիկումում։ 1986թ. ամուսնացել է, հետո տեղափոխվել Ղրիմի Կերչ քաղաք և բնակություն հաստատել: Սակայն երբ սկսվում է Արցախի ազատագրական պայքարը, ընտանիքով վերադառնում է ծննդավայր։ Իր եղբոր` Արայիկ Օհանյանի հետ ընդգրկվում է «Արևիք» ջոկատի կազմում, երկուսով մարտնչում են Զանգեզուր աշխարհի սահմանների տարբեր հատվածներում` Կապանից մինչև Մեղրի ու Ծիրանաձոր։ Հետո ընկերների հետ որոշում են մեկնել Արցախ` Մարտակերտի շրջան, որտեղ դաժան ու անհավասար մարտեր էին։ Մայրս փորձում էր նրան հետ պահել, բայց իզուր, չլսեց` պատճառաբանելով, որ այնտեղ ավելի շատ է զգացվում զինվորի կարիք. «Ես գնում եմ, որ իմ ընտանիքը խաղաղ ապրի»։ Մեկնեց պատերազմի դաշտ` մորս հույսին թողնելով երեք անչափահաս որդիներին։ Ես խնդրեցի, որ հորեղբայրս պատմի այնպես, ինչպես եղել է…
…Կեսօր էր։ Ավետիսը ստուգում էր` ականապատվա՞ծ է վայրը։ Հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց, Արայիկ հորեղբայրս վազեց այնտեղ։ Հայրս վիրավոր ընկած էր։ Վերքը շատ ծանր էր։ Հորեղբայրս ամուր գրկել էր նրան ու գոռում էր, բայց իզուր։ Հորս աչքերից արցունքի կաթիլներ հոսեցին, և կամաց-կամաց մարեց աչքերի լույսը։
Ես վաղ հասակից զրկվեցի հորից, այրիացավ մայրս, բախտի քմահաճույքին մնաց մեր ամբողջ ընտանիքը… Չեմ կարծում, թե տարիները կբուժեն այն վերքերը, որոնք քարացել, սպիացել են, բայց ինչ արած, մենք միակը չենք, և ոչ էլ կարելի է ետ շրջել պատմության անիվը…
Այս տարի մայիսի 9-ին լրացավ իմ հոր 49-ամյակը, իսկ մայիսի 26-ին՝ զոհվելու 19-րդ տարին։ Ցավում եմ, որ այսօր մենք իր ծննդյան օրը նշում ենք առանց նրա։ Իմ մայրը մեզ մենակ է մեծացրել, բայց այսօր նա հպարտ է, որ ունի լավ զավակներ և հերոս ամուսին։ Դժվարություններ շատ են եղել, բայց մայրս հաղթահարել է։
Ասեմ, որ մայրս զինծառայող է։ Ծառայում է զորամասում, ենթասպա Գայանե Գևորգյանն է: Օգտվելով առիթից` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զորամասի հրամանատար Ռ.Բեգլարյանին, նրանց, ովքեր ամեն կերպ ձեռք են մեկնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Ուզում եմ մաղթել մեր զինվորներին խաղաղ ծառայություն, իսկ մեզ բոլորիս` որ ապրենք անհոգ, երջանիկ, ունենանք ամուր ու հզոր պետություն։
Թող զինվորի ոչ մի մայր չտխրի, այլ հպարտանա իր զավակով, քանզի մեր հայրերն էլ իրենց կյանքը չխնայեցին իրենց որդիների ու դուստրերի, Հայոց աշխարհի խաղաղության համար։
Ես հպարտանում եմ իմ հայրիկով և խոստացել եմ նրա շիրիմի վրա, որ իր կիսատ գործը կհասցնեմ ավարտին և կանեմ ամեն ինչ, որ «կյանքի ծառից քաղած դառը պտուղները, որն ինքն է ճաշակել, մենք այլևս չտեսնենք…»:
ՍԻՐԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն