ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

Ձախից աջ` ավագ սերժանտ Կարեն Հակոբյան, կապիտան Զավեն Հունանյան, ավագ սերժանտ Դավիթ Դավթյան, սերժանտ Ավետիս Խաչատրյան, Լուսինե Ավետիսյան
Մեր խումբը, որի մեջ ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը, հյուրընկալվեց զորամասում (հրամանատար` գնդապետ Ա. Միքայելյան):
Մեր առաջին զրույցը կայացավ զորամասի սպա կապիտան Զավեն Հունանյանի հետ, որի հայրը «Մուշեղ սպարապետ» երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարն է եղել:
Կապիտան Զ.Հունանյանն առաջնահերթ համարեց զինծառայողների հայրենասիրական դաստիարակությունը: Զինվորների մի մասը բանակ զորակոչվելով երբեմն հստակ չի պատկերացնում իր առջև դրված բարդ ու պատասխանատու խնդիրը: Այն դեպքում, երբ զորամասի մարտիկներն իրականացնում են մարտական հերթապահություն և երբեմն հարկադրված են լինում հակահարված հասցնել հակառակորդի ոտնձգություններին:
Հաջորդ խնդիրը, որ արծարծեց կապիտանը, որոշ զինծառայողների համեմատաբար վատ նախապատրաստությունն է զինվորական ծառայությանը: Խոսքը վերաբերում է մինչ զորակոչվելը ստացած գիտելիքներին: Դրանք լրացնելու համար նորակոչիկների մարտական պատրաստության վրա ծախսվում է լրացուցիչ ժամանակ, այնինչ հարցը կարելի էր լուծել մինչև զորակոչվելը:
Ստորաբաժանումներից մեկը պատրաստվում էր մարտական ծառայության` դիրքեր մեկնելու: Մենք՝ դասախոսներս, արդեն կարողանում ենք տարբերել «թիկունքային» զորամասը մարտականից: Առաջին հերթին աչքի է զարնում զինծառայողի` շարքայինից մինչև սպա, հանդերձանքն ու կեցվածքը, հատկապես՝ հայացքը: Չէի ասի, թե հայացքը լարված է, ավելի ճիշտ ուշադիր, կենտրոնացված, ուսումնասիրող և հետազոտող: Շարժումներում չես տեսնի փութկոտություն կամ շտապողականություն: Զարմացնում և միաժամանակ հիացնում է պատասխանների հստակությունը: Չկա որևէ ավելորդություն:
Զրուցում ենք զինծառայողների հետ:
Ավագ սերժանտ Կարեն Վոլոդյայի Հակոբյան, մասնագիտությամբ արևելագետ է:
Ավագ սերժանտ Դավիթ Դավթյան:
Սերժանտ Ավետիս Խաչատրյան:
Տղաների հետ զրույցը գլխավորապես վերաբերում էր ծառայությանը` զինվորական առօրյային, ինչպես նաև հարազատների հետ հաղորդակցվելու հնարավորություններին:
Մեզ առաջին հերթին հետաքրքրում է զորամասի մարտական պատրաստականության մակարդակը: Տղաները փաստեցին, որ 2011 թ. զորավարժությունների համեմատ 2012-ի զորավարժություններում ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել, ինչը նշանակում է, որ և՛ սպայական, և՛ սերժանտական կազմը կարողացել է զինծառայողներին ոչ միայն ուսուցանել համապատասխան գիտելիքներ, այլև կատարելագործել դրանք:
Տղաների համար կարևոր խնդիրներից է հարազատների հետ «անմիջական» կապի հաստատումը: Իմ այն հարցին, թե նամակագրական կապը կանոնավո՞ր է, նրանք նշեցին, որ դա արդեն անցյալի բան է: Դա ինձ ուղղակիորեն զարմացրեց, քանի որ իմ ծառայության տարիներին նամակը միակ շփման ձևն էր տնեցիների հետ: Պարզվեց նաև, որ չի բավարարում նաև հեռախոսազրույցը: Տղաների կարծիքով, հնարավոր է հաստատել ներքին ցանց` ինտերնետ կապով, որը հնարավորություն կտա ոչ միայն խոսել, այլև տեսնել հարազատներին, սակայն հրամանատարությունը չի ողջունում նման կապի հաստատումը:
Զրույցի ընթացքում տեղեկացա, որ ծառայությունն ավարտող մի քանի զինվոր դիմել է հրամանատարությանը` պայմանագրային կարգով ծառայությունը շարունակելու խնդրանքով:
Ավագ սերժանտ Կ. Հակոբյանը հայտնեց, որ ունեն լավ գրադարան, բացի այդ, պարբերաբար ստանում են «Հայ զինվոր» և «Մարտիկ» թերթերը, որոնցում տպագրվող և Հայաստանի պատմության տարբեր փուլերին վերաբերող հոդվածներն օգտագործում են զինծառայողների հետ տարվող պարապմունքների ժամանակ:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ, այսպես կոչված, «դիպուկահարների պատերազմին»: Այս խնդիրը չէինք կարող շրջանցել, քանի որ ռազմաճակատի տարբեր տեղամասերում, այս կամ այն հատվածում, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցավալի դեպքեր: Կապիտան Զ. Հունանյանի բնորոշմամբ, դիրքում գտնվող զինծառայողի անվտանգության 50%-ը կախված է հենց իրենից` զինվորից, 30%-ը` հրամանատարից և միայն 20%-ը` պատահականությունից:
Հասկանալի է, որ զորամասի հրամանատարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ի չիք դարձնի ցանկացած ողբերգական դեպք, սակայն, ցավոք սրտի, լինում են պահեր, երբ հնարավոր չէ ամեն ինչ կանխորոշել, և շատ ու շատ հանգամանքներ կախված են հենց զինվորից՝ նրա անձնական ունակություններից:
Մեր մամուլը և հեռուստատեսությունը, իմ կարծիքով, հիմնականում արագ «արձագանքում» են այսպես կոչված արտակարգ դեպքերին` ռազմաճակատի տարբեր հատվածներում տեղի ունեցած փախհրաձգություններին, սակայն հազվադեպ է, երբ հայտնվում են հոդվածներ կամ հաղորդումներ այս կամ այն զինծառայողի քաջագործությունների մասին:
Կապիտան Հունանյանը հայտնեց, որ ավագ սերժանտ Դավիթ Դավթյանը մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի հարձակումը հետ մղելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ահա այս և նման այլ փաստեր պետք է լրատվության միջոցները լայնորեն ներկայացնեն հասարակությանը, ցույց տալով, որ մեր զինծառայողն իր մարտական պատրաստվածությամբ գերազանցում է հակառակորդին:
Ամեն անգամ, հատկապես մարտական հերթապահություն կատարող զորամաս այցելելիս, շարունակ մտածում եմ, թե ինչ միջոցներով կարելի է բարձրացնել զինվորների մարտական պատրաստականությունը, և հասկանում եմ, որ շատ խնդիրներ կարող են իրենց լուծումը գտնել մինչև զորակոչվելը: Եվ խնդրի լուծման համար տղաները հետևյալն առաջարկեցին. մինչև բանակ զորակոչվելը 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել 10 -օրյա կամ 12 -օրյա ծառայություն զորամասում: Դա հնարավորություն կտա նրանց ոչ միայն ծանոթանալ զինվորական առօրյային, այլև մասնակցություն ունենալ զինվորական ծառայությանը: Տղաների առաջարկությանը հավանություն տվեց նաև կապիտան Զ. Հունանյանը:
Կարծում ենք, որ նման միջոցառման արդյունավետությունը պարզելու համար կարելի է մի քանի փորձնական այցելություններ կատարել, ապա միայն որոշում ընդունել:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն