ԵՐԲ ՊԱՏԻՎԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ
Գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը 70 տարեկան է
-Պարոն գեներալ, դժվար է Ձեր 70-ամյա կենսագրությունը տեղավորել մեկ հոդվածի շրջանակում, որովհետև Դուք այնքան խիտ եք ապրել, այնքան շատ են արժանահիշատակ դրվագները, հույզերը, ապրումները… ձեռքբերումներն ու հաղթանակները։ Թերևս սկսենք սկզբից՝ մանկությունից… Ո՞րն է մանկության ամենաջերմ հուշը, ամենասիրելի, ամենաքաղցր պատկերը…
-Մորս պատկերը։ Աշխարհում ամենից շատ մորս եմ սիրել, Հեղինե մորս։ Ինձ համար ամենամեծ երջանկությունը մորս կողքին լինելն էր։ Ես իմ բոլոր արձակուրդները մորս մոտ եմ անցկացրել։ Մայրս լույս էր, սեր ու ջերմություն։ Ոտքից գլուխ բարություն էր։ Ով ասես հաց չի կերել մորս ձեռքից։ Մայրս իմ խիղճն է։ Նա չկա արդեն 30 տարի, բայց ես միշտ զգում եմ նրա ներկայությունը, նրա հայացքը ու երբեք այնպիսի արարք չեմ անում, որ վշտացնեմ մորս։ Երբ ծառայում էի Աֆղանստանում, ես ու մայրս նամակներ էինք գրում իրար։ Բավական է կարդաք այդ նամակները և կհասկանաք, թե որքան գթասիրտ ու ազնիվ էր մայրս։ Գրում էր՝ բալա ջան, մի թող զինվորներդ զոհվեն, փրկիր նրանց։ Ես ու մայրս շատ մտերիմ էինք։ Նա գնաց՝ թողնելով մի ահռելի դատարկություն, որ չլցվեց երբեք, ու մի ահագնացող կարոտ…
Հորս չեմ տեսել։ Թեև ես գեներալական ուսադիրներ եմ կրում, բայց մինչ օրս մեր գյուղի հնաբնակներն ինձ ճանաչում են որպես Հարութենց Թաթոսի տղա։ Ես միշտ զգացել եմ հորս պակասը, ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել հորը՝ հայրական սիրուն, խրատին, հովանուն։
Գիտեք՝ հոր կերպարը շատ կարևոր է տղայի համար։ Որդին պետք է հպարտանա հորով, այդ հպարտությունը նրան դարձնում է ուժեղ, ազնիվ, առաքինի։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է այնպես ապրի, որ բարի անուն թողնի իր որդուն, որ որդին չամաչի հոր համար։
-Ես Ձեր ինքնակենսագրությունն եմ կարդում, գրում եք, որ գերազանցությամբ ավարտել եք հանրակրթական դպրոցը, ապա ընդունվել եք Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ բաժինը, սակայն դասի չեք գնացել և սկսել եք աշխատել որպես խառատ։
-Ես ընտանիքիս կրտսեր երեխան եմ՝ տասներորդը։ Ես, իրոք, լավ երեխա էի, խելոք, մտածող, բարի։ Իմ եղբայրներից ու քույրերից չորսը մահացան սովի տարիներին։ Զրկանքը, վիշտը, հոգսը ստիպեցին, որ ես վաղաժամ հասունանամ։ Ես մանկուց աշխատել եմ։ Աշխատել եմ, որ օգնեմ ընտանիքիս՝ ճակնդեղ եմ մշակել, ջուր եմ կրել, ամեն գործ արել եմ։ Միևնույն ժամանակ, դասերս աչքաթող չէի անում, որովհետև հավատում էի, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պիտի տքնել, պայքարել… Հասկանում էի, որ մենակ եմ անցնելու իմ ճանապարհը, առանց աջակցության, առանց հովանու… Դպրոցում ինձ սիրում էին, ես մտերմություն փնտրող տեսակ եմ, կապվող, հարազատացող… Ես միշտ սիրո ու ջերմության կարիք ունեմ։ Ես միշտ թույլի կողմն եմ, խեղճի թիկունքին եմ։ Ընկերներս կատակով ինձ կոչում են նահապետ, որովհետև երբեք չեմ կորցնում մտերիմներիս, սիրում եմ հավաքել նրանց մի հարկի տակ, կապել իրար։
…Տասներորդ դասարանը Երևանում եմ սովորել։ Առաջին անգամ դուրս եկա գյուղից, շփվեցի մարդկանց հետ։ Նրանք նման չէին մեր գյուղի մարդկանց։ Դա յուրատեսակ ճամփաբաժան էր, նոր ճանապարհի սկիզբ։ Ու ես ընտրեցի ազնվության ճանապարհը։ Ես շատ դժվարությունների միջով անցա, որովհետև ինձ խորթ էին խորամանկությունը, սուտը, հաշվենկատությունը, խարդախությունը… Բայց կարողացա գլուխ հանել։ Ես հասկացա, որ կյանքում ամենակարևորը համարձակությունն է… Կյանքը խիզախում է, պիտի կարողանաս ուժեղ լինել ու հաղթահարել ցանկացած պատնեշ, հաղթել ցանկացած հակառակորդի, ստիպել, որ հարգեն քո սկզբունքներն ու արժեքները։ Գուցե այս մանրամասներն անկարևոր թվան, բայց ես՝ անհայտ, աղքատ, գյուղի տղա, երբեք չէի հաճոյանում հարուստների հագած-կապած տղաներին, չէի փնտրում նրանց բարեհաճությունը։ Ես ինքնաբավ էի։ Ու մեր դասարանի աղջիկների կեսը ինձ էին սիրահարված։
Բարեբախտաբար, ես շուտ հասկացա, որ մանկավարժությունն իմ կոչումը չէ։ Երբ գործարանում խառատություն էի անում, կեղտի, մրի ու ծանր աշխատանքի լուծը ինձ ստիպեց գիտակցել, թե որքան դժվար է այս արևի տակ սեփական տարածք նվաճելը։ Հետո զինկոմիսարիատից առաջարկեցին սովորել զինվորական ուսումնարանում։ Առանց երկար-բարակ մտածելու համաձայնեցի։ Բաքվի զինվորական բարձրագույն ուսումնարանում քննություն հանձնած 58 հայաստանցիներից ընդունվեցին 3-ը։ Մեկը ես էի։ Ինձ համար մի նոր փորձություն սկսվեց։ Ռուսերեն վատ գիտեի, դասերը դժվար էի յուրացնում, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն էլ՝ մյուս կողմից։ Սակայն ես սովոր չէի պարտվելու։ Հետագայում… Նկարս ուսումնարանի պատին էր՝ լավագույնների շարքում։
-«Ես միշտ ջանացել եմ առաջինը լինել»՝ գրում եք Ձեր ինքնակենսագրության մեջ։ Ինչո՞ւ, պարոն գեներալ, ի՞նչն է ստիպում մարդուն մղվել առաջ՝ փա՞ռքը, գովասանքի քաղցրությո՞ւնը, պաշտոնավարելու հաճո՞ւյքը…
-Աշխատելը, հաղթահարելը բնավորության գիծ է, ապրելու ձև։ Գիտեք, կյանքում ամենակարևորը ինքնահարգանքն է, որը ծնում է ինքնավստահություն, հպարտություն, համարձակություն։ Ես միշտ ցանկացել եմ դուր գալ ինքս ինձ։ Իմ ղեկավարած ստորաբաժանումները միշտ եղել են առաջինը և գերազանց արդյունքներ են արձանագրել։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև ես կարողացել եմ աշխատելու ցանկություն, եռանդ, տրամադրություն փոխանցել անձնակազմին։ Ինչպե՞ս… սիրելով, հարգելով, գնահատելով, բարձրացնելով, կարևորելով… Սիրիր մարդուն, ստիպիր, որ ինքը սիրի իրեն, ու նա կդառնա այնպիսին, ինչպիսին դու ես ուզում տեսնել նրան։
-Աֆղանական պատերազմից Ձեզ մնացին պատկառելի շքանշանները՝ «Լենինի շքանշան», «Կարմիր դրոշի շքանշան», 3-րդ աստիճանի «Աստղ», «Աֆղանական մարտական շքանշան» և բազում մեդալներ… Այսօր, երբ վերաարժեւորվել են անցյալի շատ դրվագներ, ի՞նչ կպատմեք Աֆղանական պատերազմի մասին։
-Երբեք չեմ մոռանա ապրումներս, երբ առաջին անգամ մարդ սպանելու հրաման տվեցի։ Գոռացի՝ «կրա՛կ» ու նույն պահին հասկացա… զգացի, թե ինչպես իմ հրամանով մարդկային կյանքեր սպանվեցին… Հոգեբանական պատնեշը հաղթահարված էր, ես մտա մի իրականություն, որտեղ ընկերոջդ կյանքը հավասար էր քո կյանքին, իսկ թշնամուդ կյանքը ոչինչ չարժեր… Հիշում եմ մեր առաջին զոհերին։ Ես միանգամից 6 զինվոր կորցրի։ Ու իմ աշխարհն ասես փլուզվեց։ Ինչ-որ բան անվերադարձ մեռավ իմ հոգու մեջ… Ես երբեք չեմ կարողացել հաշտվել կորուստների հետ, երբեք ցավը չի բթացել, արցունքը չի ցամաքել։ Ես հարյուր անգամ նայել եմ մահվան աչքերին, քանիցս իմ զոհվելու լուրը հասել է հարազատներիս։ Երբ մահը կողքիդ է, կյանքի միակ արժեքը պատիվդ է։ Ու պատիվը թանկ է կյանքից։ Հետո սա դարձավ ապրելու կերպ ու հավատամք։
-Պարոն գեներալ, Դուք 1986-ից մինչև 2007թ. ղեկավարել եք Հայաստանի զինվորական կոմիսարիատը։ 21 տարի… Սա փառահեղ, պատկառելի կենսագրություն է… Նույնքան փառահեղ են Ձեր պետական պարգևները՝ Հայաստանի երրորդ հանրապետության շքանշաններն ու մեդալները…
-Վազգեն Սարգսյանը մի առիթով ասաց՝ պատերազմը հաղթեցին զինկոմիսարիատները… Սա շատ բարձր գնահատական է։ Մենք ահռելի դժվարությունների միջով ենք անցել։ Հայկական բանակի սկզբնավորման տարիներին մի կողմից ձևավորվում էին պաշտպանական համակարգի կառույցները, մյուս կողմից բանակի համալրումը ուղեկցվում էր բազում խնդիրներով։ Ու ամենադժվարը առավոտից մինչև ուշ գիշեր տքնաջան աշխատանքը չէր, այլ հոգեբանական լարվածությունը. ստիպված էինք զինակոչիկին բանակ հասցնել երբեմն միջոցների մեջ խտրություն չդնելով՝ փողոցում շուրջկալ էինք անում, գիշերով մտնում էին զինակոչիկների տները, «խուզարկում էինք», որ գտնենք ապագա զինվորին ու զորամաս հասցնենք… Նույնը վերաբերում էր եռամսյա հավաքներին։ Մարդը գնում էր գործի, բայց տեղ չէր հասնում, այլ զենքը ձեռքին հայտնվում էր սահմանին… Հիմա տարիների հեռվից ես կարող եմ պատմել ճշմարտությունը։ Ուրիշ ճար չկար, պատերազմ էր, սահմանը պահել էր պետք, երկիրը, ժողովրդին պաշտպանել էր պետք։ Մենք վաստակում էինք ժողովրդի թշնամանքն ու ատելությունը։ Հետո երկար տարիներ պետք եղավ, որ ազատվենք «հրեշի» կերպարից, ժողովրդի հակակրանքից…
-Պարոն Հարությունյան, մտածում եմ՝ շուրջկալով սահման հասած զինվորն ու քաղաքացին ի՞նչ նվիրումով պիտի սահման պաշտպանեին… Նրա՞նք հաղթեցին պատերազմը։
-Այ եթե Դուք տղամարդ լինեիք, նման հարց չէիք տա։ Դուք, բնականաբար, ծառայած կլինեիք ու կհասկանայիք, թե ինչ անբացատրելի ուժ ու խորհուրդ ունի սահմանը։ Շուրջկալով, պարտադրաբար սահման բերված զինվորը սխրանք էր գործում, հերոս էր դառնում։ Նա տեսնում էր իր հողին, իր երկրին, իր ժողովրդին սպառնացող վտանգն ու դառնում էր հայրենիքի պաշտպան, ռազմիկ էր դառնում։
…Հարցրեք, թե որոնք են եղել ամենածանր պահերը այդ 21 տարիների ընթացքում, ու ես կպատասխանեմ՝ երբ իմ զորակոչած զինվորը զոհվել է խաղաղության ժամանակ։ Դու ես ծնողից վերցրել իր որդուն ու տարել բանակ։ Ու նա քեզանից է պահանջում։ Նա քեզնից ուզում է իր զավակին… Մենք պիտի օգնենք բանակին ինչով կարող ենք, մենք պիտի այնպես անենք, որ խաղաղ ժամանակներում մարդկային կորուստներ չունենանք։ Դա բարոյալքում է մեզ, ոգեզրկում, հուսահատեցնում, հանում իրար դեմ։ Դա մեր ամենամեծ պարտությունն է…
-Իսկ ո՞րն եք համարում Ձեր ղեկավարած կառույցի ամենամեծ ձեռքբերումը 21 տարիների ընթացքում։
-Իմ ծառայության վերջին տարիներին հայ զինակոչիկը զինկոմիսարիատի առաջին իսկ կանչով ներկայանում էր ու գնում բանակ։ Սա միայն զինկոմիսարիատների ձեռքբերումը չէ, սա ամբողջ բանակի հաղթանակն է։ Սրա հետևում տարիների տքնաջան աշխատանք կա, ձեռքբերումներ, նվաճումներ։
-Պարոն Հարությունյան, այժմ, երբ անցել եք խաղաղ, վաստակաշատ ու պատվարժան հանգստի, ինչպե՞ս եք ապրում, ինչո՞վ եք զբաղվում։
-Ես ընդգրկված եմ պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի կազմում։ Փորձում ենք օգնել բանակին։ Բանակը մեր հասարակության ու երկրի ամենազգայուն հատվածն է, ամենակարևորը, ամենասիրելին… Բանակը կարող է դառնալ բարոյական առաջնորդ հասարակության համար, բանակը կարող է չափանիշներ հուշել, գաղափարներ, բարոյախոսություն…
-Որպես վերջաբան, ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի մասին։
-Ես մեծապես պարտական եմ կնոջս՝ Արմիդային։ Մենք պատահաբար հանդիպեցինք, ես Սամարղանդում էի ծառայում այդ ժամանակ։ Որոշ ժամանակ անց ամուսնացանք, ու իմ կյանքը միանգամից փոխվեց։ Իմ կյանք մտավ մեկը, որն իր ուսերին առավ հոգսերիս զգալի մասը, խնամեց ինձ, մեծացրեց երկու որդիներիս։ Նա դարձավ իմ մարտական ընկերը՝ բառի ամենաիսկական իմաստով։ Արմիդան Աֆղանստանում ծառայող սպաների կանանց խորհրդի նախագահն էր ու ակտիվ գործունեությամբ էր զբաղվում։ Նրանք կազմակերպում էին զոհված զինվորների արարողակարգերը, այցելում էին նրանց ծնողներին, մխիթարում էին, օգնություն էին ցուցաբերում։ Առավոտյան որքան էլ վաղ տնից դուրս գամ, կինս որպես կանոն, մեկ ժամ առաջ արթնանում է ու ինձ ազատում բոլոր կենցաղային հոգսերից։ Ես միշտ կարողացել եմ անմնացորդ նվիրվել աշխատանքիս, որովհետև թիկունքս ամուր է եղել՝ ի պատիվ կնոջս։ Երկու որդի ունեմ։ Ավագս՝ Արմենը, դպրոցը ոսկե մեդալով ավարտեց, բժշկական համալսարանը և Ամերիկյան համալսարանը՝ կարմիր դիպլոմով։ Կրտսեր տղաս՝ Արսենը, ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի զինվորական ակադեմիան, ծառայում է ազգային բանակում, փոխգնդապետ է։ Որդիներս տարբեր են բնավորությամբ, բայց երկուսի հետ էլ ընկերություն եմ անում։ Երբեմն բանավիճում ենք։ Փորձում եմ հասկանալ նրանց՝ նոր սերնդին։ Մտածող, ինքնուրույն, կենսունակ սերունդ է բարձրանում։ Երեք թոռնիկ ունեմ։ Պաշտում եմ նրանց։
-Պարոն գեներալ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։ Լիուլի վայելեք այն փառքը, որ վաստակել եք։ Առողջ ու երջանիկ եղեք։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ճակատագրեր