Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ



Ըստ հայտնի հոգեբան, փորձարարական հոգեբանության հիմնադիր Վիլհելմ Վունդտի` ազգային գիտակցությունը և ազգային կերպարը անհատական գիտակցությունների «ստեղծագործական միաձուլում» են, որոնք ստեղծում են նոր իրականություն, և որն իր արտահայտումն է գտնում տվյալ ժողովրդի ընդհանուր գործունեության մեջ: Կարելի է ասել, որ բոլոր անհատներն իրենց հոգեկանի վրա կրում են իրենց ազգին բնորոշ կնիքը, այսպես կոչվող «ազգային ոգին»: Մարդկանց սոցիալական ամբողջությունը պայմանավորված է այնպիսի որակներով, ինչպիսիք են ընդհանուր լեզուն և տարածքը, մշակույթը և պատմական զարգացումը:

Փաստ է, որ մարդիկ, որոնք պատկանում են տարբեր ժողովուրդների և էթնիկական խմբերի, տարբերվում են իրենց վարքով, մշակույթով, նորմերով և սովորույթներով: Այն որակները, որոնք մենք ընդունում ենք որպես ազգային բնավորության բնութագրիչներ, պատմության և մշակույթի ազդեցություն են: Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է ճանաչել մեր հարևան ժողովուրդներին, և առավել ես նրանց, որոնց հետ մենք թշնամական հարաբերություններ ունենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ադրբեջանական ժողովրդին:

Ադրբեջանցիները կազմում եմ Ադրբեջանի հիմնական բնակչությունը: Թեեւ ադրբեջանական էթնոսում ներառված են մի շարք էթնոխմբեր, որոնք տարբերվում են իրենց տարածքով, կենցաղային և մշակութային առանձնահատկություններով (օրինակ` այրումներ, ավշարներ, բայաթներ և այլն), մենք կանդրադառնանք նրանց առավել ընդհանուր հոգեբանական բնութագրին և կփորձենք «պատկերել» հիմնական էթնոհոգեբանական դիմագծերը:

Ժողովուրդների և առհասարակ ցանկացած խմբի ձևավորվածության և կայունության ցուցանիշ է այդ ընդհանրությանը անհատների պատկանելության զգացումն ու այդ հողի վրա ծագած «մենք»-ի գիտակցումը: Ադրբեջանցիներն այս առումով այդքան էլ «ամուր» չեն` չնայած իրենց ծայրահեղ ազգայնամոլության որոշակի դրսևորումներին: Ժամանակակից ադրբեջանցիների մեջ թույլ է զարգացած ազգային պատկանելության գիտակցումը: Ըստ երևույթին, նրանք իրենց ազգամշակութային դաշտում բավականին աղքատ են և դրանով պայմանավորված` ակտիվորեն ձգտում են այլ մշակույթների ասիմիլացիային (ձուլմանը) և արժեքների ձեռքբերմանն ու յուրացմանը: ժամանակին Բաքվում բնակված հայերը պատմում են, որ նախկին ԽՍՀՄ-ում ադրբեջանցիների համար այլ ազգի ներկայացուցիչների հետ ամուսնանալը բավականին պատվաբեր և ողջունելի է եղել: Իհարկե, հետագայում նրանք ընկան մյուս ծայրահեղության մեջ` բացասաբար հակազդելով օտարներին, գերակա նշանակություն տալով ավանդապաշտությանն ու իրենց սովորույթներին. «Ցավն անգամ անցողիկ է, իսկ սովորությունը` երբեք» ասացվածքի համաձայն: Հետաքրքրական է նաև ադրբեջանցիների` իրենց երեխաների անուններին հատուկ նշանակություն տալը. որպես կանոն` աղջիկների համար ընտրվում են այն անունները, որոնք արտահայտում են գեղեցկություն, նրբություն, բարություն, իսկ տղաների համար` քաջություն, համառություն, կամք և այլն: Հստակ երևում է նրանց ծայրահեղական կերպարը. մի կողմից, նրանց հոգեկերտվածքում ամրապնդված են ազգային արժեքներն ու ավանդապաշտությունը, մյուս կողմից` իրենց ազգին արդեն լուրջ վտանգ սպառնացող ազգային «մենք»-ի հիմքերի խարխլումը` այլոց արժեքները «կլանելու»` գուցե և չգիտակցված ցանկության միջոցով: Վերջինիս բազմիցս անդրադառնում են հենց ադրբեջանցի սոցիոլոգները, էթնոհոգեբանները, պատմաբաններն ու գրողները:

Ադրբեջանցիներին բնորոշ է բավականին ցայտուն արտահայտվող հուզական բռնկունությունը, «իրենցը», սեփականը ցուցադրելու մոլուցքը: Նման բռնկվողականությունը ադրբեջանցիների մեջ սերտորեն առնչվում է «պարտվածի բարդույթին» և երկրորդ անգամ պարտվելու, երկրորդ անգամ այդ նույն սխալը գործելու մտավախության հետ: Նման բացասական ապրումները քողարկելու համար է, որ նրանց մեջ արդեն հստակ ձևավորված ցուցամոլություն, ավելորդ հուզականություն և բռնկվողականություն է դրսևորվում` փաստորեն որպես պաշտպանական մեխանիզմ և փոխլրացում ավելի գաղտնի, քողարկված վախերին և մտավախություններին: Հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում նրանք ուղղակի անկառավարելի են դառնում: Բոլորիս քաջածանոթ են ադրբեջանցիների ագրեսիվ, շատ հաճախ ավելորդ նյարդայնության (հիստերիայի) հասնող սպառնալիքներն ու ապագային ուղղված ծայրահեղ կանխատեսումները: Այդպիսին է օրինակ՝ 2008 թվականի ապրիլի 18-ի Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Ադրբեջանը սպասել է 14 տարի, այլևս չի ցանկանում սպասել և պատրաստ է Ղարաբաղի խնդիրը լուծել պատերազմի ճանապարհով»: Նման հայտարարությունների հոգեբանական շարժառիթ է թերևս այն, որ այս կերպ կոմպենսացվում են իրենց թուլություններն ու դժվարությունները, և այն վախը, որն առաջ է գալիս «պարտված երկիր» համարվելու «խարանից» («կոմպենսացիա» տերմինը, ըստ Զիգմունդ Ֆրոյդի, նշանակում է հոգեկանի պաշտպանական մեխանիզմ, այսինքն` անգիտակցական փորձ` հաղթահարելու թերությունները, լրացուցիչ ջանքեր, որ գործադրվում են անհատի կողմից` ուղղված որևէ թերության լրացմանը):

Մյուս տեսակետի համաձայն` նմանատիպ հայտարարությունները ուղղակի ազդեցություն գործելու և սեփական երկրի հզորությունը ցուցադրելու միջոց են: Ըստ մի շարք հոգեբանների` ագրեսիան ադրբեջանցիների մեջ ժառանգական է, առկա է նրանց ասացվածքներում և դաստիարակության մեջ, ունի պատմական, մշակութային, տնտեսական խոր արմատներ: Ըստ Ալեքսանդր Մանասյանի` բնության պատրաստի արդյունքների յուրացումը ադրբեջանցիներին` իբրև քոչվոր ցեղի, բնորոշ կացութաձև է եղել, որից էլ ձևավորվել են նաև նրանց քաղաքական հոգեբանությունը, յուրացման մշակույթը, ամեն ինչ կողոպուտի ճանապարհով ձեռք բերելու գաղափարն ու մղումը: Սա վերաբերում է ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեքներին. ադրբեջանցիները փորձում են յուրացնել ուրիշի պատմությունը, հուշարձանները, երգերը, երաժշտական գործիքները, գեղեցիկ ավանդույթները և այլն:

Չենք կարող ասել, որ ադրբեջանցիները աշխատասեր են և պատրաստակամ` իրենց ներուժն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու: Սակայն, այնուամենայնիվ, եթե հանձն են առնում որևէ գործ, այն ամեն կերպ ավարտին են հասցնում. համառ են և հետևողական, հաճախ ոգևորվում են նույնիսկ աննշան հաջողությունից:

Թեպետ տարածված է այն տեսակետը, որ ադրբեջանցիներին բնորոշ է «կախյալի հոգեբանությունը»` պայմանավորված հարևան Թուրքիայի մշտական հովանավորությամբ, չենք կարող չմատնանշել նաև նրանց մտակերտվածքում առկա իրավիճակային ճկունությունը, հաշվենկատությունն ու խորամանկությունը. «Եթե անգամ վստահ ես իրավացիությանդ վրա, մի՛ վիճիր դատավորի հետ», – ասվում է նրանց ժողովրդական ասացվածքում:

Անձնային փոխհարաբերություններում, անգամ եթե դա հետապնդում է նյութական շոշափելի շահ, միևնույն է, ադրբեջանցիների մեջ գերադասելի է անկեղծ նվիրվածությունը, հավատարմությունը միմյանց նկատմամբ: Սակայն մի փոքր կասկածելի է՝ իրապե՞ս նման արժեքների կարևորումից է, թե՞ նյութականի գերարժևորման քողարկումից. «Շան փորի մեջ յուղ չեն պահում», ասում են նրանք:

Ու թեպետ ծայրահեղ արժևորում են ընկերությունն ու արյունակցությունը և նույնչափ ծայրահեղ էլ զգուշավոր են ցանկացած «օտար» տարրի հանդեպ, այնուամենայնիվ հաշվենկատ են նաև մերձավորի հետ հարաբերություններում` «Մի՛ շտապիր տալ և չես փոշմանի» կամ «Երկու բույն ունեցող մուկը չի մեռնում»: Չենք կարող ասել, որ վստահող են և միմյանց նկատմամբ անկեղծ, թեպետ նման որակները հաստատող բազմաթիվ ծիսական ավանդույթներ ունեն:

Ընդհանուր առմամբ, կարող ենք եզրակացնել, որ ադրբեջանցիները դեռևս հստակ չեն պատկերացնում ո՛չ իրենց անցյալը և ո՛չ էլ ներկան, բավականին ծայրահեղ են և հակասական` իրենց հոգեկերտվածքում և մտածողության մեջ:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


13/06/2012