Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԱՆԸ ՓՐԿՎԵՑ ԴԱՆԴԱՂ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ



1992թ.

ՆՈՅԵՄԲԵՐ

Նոյեմբերին 15-ին խլելով մեկ տանկ և ոչնչացնելով երկուսը, հայ մարտիկներն ազատագրեցին Չլդրանը և մոտեցան Քելբաճար-Միրբաշիր ավտոճանապարհին: Իսկ Երասխի ուղղությունում մարտերը շարունակվում էին:

Նոյեմբերի 16-ին Մարտակերտի ողջ ճակատով անցնելով հարձակման, թշնամին տիրացավ որոշ հենակետերի: Հայկական ուժերը Մարտունուց մտնելով թշնամու թիկունք, Դիլիղարդայում (Ֆիզուլի) 1 հենակետ ոչնչացրին: Չորս օր անց պատմությունը կրկնվեց, ու թշնամու շարքերում լուրջ խուճապ էր:

Նույն օրը հաստատվեցին ԼՂՀ օրհներգն (երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի, խոսք՝ Վարդան Հակոբյանի) ու զինանշանը (նկարիչ՝ Լավրենտ Ղալայան):

Նոյեմբերի 19-ին թշնամին լայնածավալ հարձակում ձեռնարկեց Կապանի ուղղությամբ, իսկ քաղաքը շարունակվում էր սաստիկ հրետակոծվել:

Նոյեմբերի 20-ին ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին նախորդ օրը հանձնված Կիչանն ու Սրխավենդը, ոչնչացվեց մեկ տանկ, իսկ Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվեց հակառակորդի երկու ինքնաթիռ: Լաչինի հյուսիսում հայերը ևս երկու բարձունք ազատագրեցին:

Նոյեմբերի 23-ին Աղդամից ուժգին հրետակոծվեցին Ստեփանակերտն ու Շուշին: Զոհվեց 10-ը, վիրավորվեց 60 խաղաղ բնակիչ:

Նոյեմբերի 24-ին ադրբեջանական ինքնաթիռը սխալմամբ ռմբակոծեց Ֆիզուլի քաղաքը: Արևմտյան մամուլը հաղորդեց, որ Իսրայելը Բաքվին է վաճառում «Սթինգեր» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ ու զինվորական կապի միջոցներ:

Նոյեմբերի 26-ին մարդասիրական միջանցքում Գյուլիբերդից դիմելով հարձակման, թշնամին 50 զինվոր կորցրեց, իսկ միջանցքի հյուսիսարևմտյան ճակատում հայերը անցնելով հարձակման, ընդհուպ մոտեցան թշնամական Դալիդաղ, Նուրադին և Վահադին խոշոր հենակետերին:

Նոյեմբերի 27-ին «Կրուգ» համալիրից արձակված հրթիռով, ըստ սարքերի տվյալների, ոչնչացվեց թշնամու ինքնաթիռը:

Նոյեմբերի 29-ին մարդասիրական միջանցքում հայկական ուժերը ոչնչացրին չորս խոշոր հենակետեր, և Բաքուն էլ խոստովանեց Տիգիկի ուղղությունում իրենց զորքերի կրած ծանր անհաջողությունը:

Նոյեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ կառավարությունը բանակի պահանջները բավարարում է առաջին հերթին, և անձնակազմը ձմռանն ապահովված կլինի տաք հագուստով, օրական 850 գրամ հացով, ջեռուցմամբ և լույսով:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Դեկտեմբերի 3-ին Ղոչազի հատվածում շրջապատման մեջ անհավասար մարտում մինչև վերջ կռվելով զոհվեց 12 ազատամարտիկ:

Դեկտեմբերի 4-ին ազատագրվեց Ասկերանի վերջին զավթված բնակավայրը՝ Խրամորթը:

Նույն օրը 4 զոհի գնով կասեցվեց Ղոչազի հատվածում թշնամու խոշոր հարձակումը: Վերջին շրջանում Քելբաջար-Միր բաշիր ավտոճանապարհի վրա հայկական ուժերի հաճախացած հարձակումների պատճառով (միայն վեց բենզատար պայթեցվեց), թշնամին կարողանում էր երթևեկել միայն Սարսանգի ջրամբարի հյուսիսային մասով անցնող շրջանցիկ ճանապարհով:

Դեկտեմբերի 6-ին «Ստրելա-10» և ԶՈՒ 23/2 կայանքների համաժամանակյա կրակով Մարտունու երկնքում խոցվեց ՍՈՒ-25 ինքնաթիռը: Նույն օրը, «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով Առաջաձորի մերձակայքում ոչնչացվեց թշնամու ուղղաթիռը:

Դեկտեմբերի 10-ին աննախադեպ հրթիռահրետակոծման ենթարկվեցին Գորիսն ու Կապանը: Քաղաքից սկսվեց բնակչության տարհանումը: Շուռնուխի հատվածում կռիվներ էին, և հայկական ուժերը գրոհով ոչնչացրին Զանգելանի շրջանի Աղքենդ, Ղազանչի ու Սեյիդլար հենակետերը:

Դեկտեմբերի 10-11-ի հակահարձակման արդյունքում Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններում ոչնչացվեց Կապանին անմիջականորեն սպառնացող 13 հենակետ: Քաղաքը փրկվեց, ինչպես նաև բացվեց Ծավի ենթաշրջանի գյուղերը շրջանին կապող ճանապարհը: Բաքուն միջազգային ատյաններում մեծ աղմուկ բարձրացրեց՝ հայտարարելով, որ Հայաստանը մարտական գործողությունները տեղափոխել է Ադրբեջանի տարածք:

Դեկտեմբերի 11-ին Վարդենիսի սահմաններում ոչնչացվեց թշնամու ՄԻԳ-25 ինքնաթիռը:

Դեկտեմբերի 13-ին թշնամու օդուժը ռմբահարեց Կրասնոսելսկի շրջանի Ջիլ ու Արտանիշ գյուղերը:

Դեկտեմբերի 14-ին հրետանային արկը դիպավ Էդիլլու գյուղի ավտոբուսին: 7 մարդ զոհվեց, հինգը վիրավորվեցին: Գյուղը պաշտպանող էջմիածնեցի կամավորների փոքրաքանակ հրետանին ծանր պատասխան տվեց:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԼՂՀ ԻՊԿ տվյալներով, Ադրբեջանը ղարաբաղյան ռազմաճակատներում հունիսի 12-ից կորցրել էր 115 տանկ, 19 ուղղաթիռ և 15 ինքնաթիռ, տվել շուրջ 5.000 սպանված, 15.000 վիրավոր ու 20.000 դասալիք: Հայկական կողմը կորցրել էր 1050 զինվոր ու 12 տանկ:

ԱՅԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ջալալաբադի վարչակազմի ղեկավարը Բաքվի հեռուստատեսությամբ խոստովանեց, որ շրջանում 100 հոգուց կազմված վաշտից կարողացել են ճակատ տանել 47-ին, նրանցից 27-ը առաջին իսկ մարտից հետո կորել կամ անհետացել են, իսկ 17-ը վերադարձել են տուն:

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ 1993-ին երկրի 200 միլիարդանոց բյուջեի 80 միլիարդը հատկացվելու է ռազմական ծախսերին:

Դեկտեմբերի 22-ին 3,5 կմ խորանալով ՀՀ տարածքում, թշնամու 500 հոգանոց ստորաբաժանումը նվաճեց Վահանին իշխող բարձունքը, սակայն օրվա երկրորդ կեսին, թողնելով մի քանի տասնյակ դիակ, 5 զրահամեքենա և 2 տանկ, հետ շպրտվեց:

Դեկտեմբերի 24-ին Կապանի շրջանի Ագարակ գյուղը գրոհեց Ֆիզուլուց այստեղ տեղափոխված մի ողջ գումարտակ, բայց հանդիպելով Ագարակի փոքրաթիվ պաշտպանների ուժգին դիմադրությանն ու մթության մեջ լավ չկողմնորոշվելով անծանոթ տեղանքում, սկսեց նահանջել: Սակայն մեկ այլ ստորաբաժանման ու մեկ զրահամեքենայի հաջողվեց մթության քողի ներքո շրջանցել հենակետերն ու մտնել գյուղ՝ անտեղյակ, որ իրենց հիմնական ուժերն անհաջողության մատնվելով արդեն նահանջում են: Հեռվում կրակադիրք դուրս եկած հայկական տանկի երրորդ կրակոցից զրահամեքենան խոցվեց, իսկ գյուղի փոքրաթիվ պաշտպանները հարձակման անցան շփոթված թշնամու վրա, որը խուճապահար նահանջեց` գյուղում թողնելով 26 դիակ:

Շրջանի հրամանատարությունը կարծելով, թե գյուղը գրավված է, թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու համար որոշեց հրթիռակոծել Ագարակը: Սակայն հրետանավորներից Գարուն Աբգարյանը (այսօր՝ գնդապետ, զորամասի հրամանատար), որ մարտական հարուստ փորձ ուներ, պնդելով, որ գյուղում դեռ կռիվ է, հրաժարվել էր կատարել հրամանը, որը երբ երկրորդվել էր, Կամո Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող Վանաձորի կամավորական ջոկատի հետ մեկնելով Ագարակ՝ մասնակցել էր հակառակորդի ջախջախմանը:

Դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան վերադառնալու կոչով դիմեց Ռուսաստանում, Ուկրաինայում ու Բելառուսում ծառայող 5.000 հայազգի սպաների, ինչպես նաև այլազգի սպաների, հստակ հայտարարելով, որ «Սպայական կազմի հրավիրման նպատակը կրելու է զուտ ուսուցողական բնույթ, նրանք չեն մասնակցելու ռազմական գործողություններին»:

Նույն օրը ՀՀ արտգործնախարարությունը նոտա ուղարկեց ՌԴ դեսպանատուն: Նշելով որ Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովո-Իվանովկա և Նովո-Սարատովկա գյուղերում տեղադրված հեռահար հրետանին նշանառու կրակ է տեղում հայկական գյուղերի վրա, իսկ հայկական կողմը, երկյուղելով ռուս բնակչության կյանքի անվտանգության համար, առ այսօր խուսափել է պատասխան կրակ բացելուց, արտգործնախարարությունը ռուսական կողմից խնդրում էր միջոցներ ձեռք առնել, քանի որ հայկական զինված ուժերն այսուհետև ստիպված են լինելու պատասխանել յուրաքանչյուր հրթիռահրետակոծման:

Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք մինչ այդ դադարեցրել էին Ամանորի առթիվ զինադադարի պահպանման նպատակով Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում մի քանի օր իրականացրած համատեղ հերթապահությունը, զրահատեխնիկայի աջակցությամբ դիմեցին անակնկալ ու խոշոր հարձակման:

Տավուշի շրջանում թշնամու տանկերից մեկը մտավ Այգեպարի գինու գործարանի տարածք, բայց հանդիպելով ուժգին դիմադրության՝ շուտով հեռացավ:

Պառավաքարում հակառակորդը գրավեց գյուղի վրա իշխող «Խաչի պոստ», «Կարմիրքար» դիրքերը, սակայն հրետանային դիպուկ կրակի աջակցությամբ երկու ուղղություններով բարձունքը գրոհող հայկական ստորաբաժանումները, համարձակ ու գրագետ գործողություններ իրականացնելով, կարողացան անցնել թշնամու թիկունք և երեքժամյա ծանր մարտից հետո, մեծ կորուստներ պատճառելով թշնամուն, ազատագրեցին հենակետերը:

Նույն օրվա լուսադեմին ադրբեջանական շուրջ 150 հոգանոց ստորաբաժանումը զրահատեխնիկայի աջակցությամբ դիմելով անակնկալ հարձակման և ճեղքելով հայկական պաշտպանական բնագծերը՝ հասավ Իջևանի շրջանի Վազաշեն գյուղի նորակառույց թաղամաս, որտեղից գյուղ բերող ճանապարհին, նրանց դեմ հանդիման սլացող հետևակի մարտական մեքենայի հրամանատար Ռազմիկ Ղլիջյանի անձնազոհ ու հմուտ գործողությունների շնորհիվ հաշվված վայրկյանների ընթացքում երկու զրահամեքենա ու մեկ տանկ կորցնելով՝ դիմեց փախուստի: Դրանից հետո սկսվեց հյուսիսարևելյան չորս շրջանների խելագար հրետակոծումը, իսկ թշնամու օդուժը գնդակոծեց Իջևանի շրջանի մի շարք բնակավայրեր:

Դեկտեմբերի 30-ին թշնամին որոշ հաջողության հասավ մարդասիրական միջանցքի հարավային սահմաններում, իսկ Վահան գյուղի ուղղությամբ ձեռնարկելով հերթական խոշոր հարձակումը՝ մարտադաշտում 5 տանկ թողեց:

ԼՂՀ գերագույն խորհուրդն ու Պաշտպանության պետական կոմիտեն դիմեցին արցախահայությանը. «Մենք հավատում ենք մեր կամքի ու ոգու ամրությանը: Ուղին, որ պետք է անցնենք, փշոտ է ու բարդ, բայց մենք այն կանցնենք մինչև վերջ:

Շնորհավորում ենք Ձեզ Նոր տարվա առթիվ և ցանկանում հիշեցնել մի հասարակ ճշմարտություն. ճանապարհը կհաղթահարի այն անցնողը:

Թող 1993 թվականը բեկումնային լինի Արցախի համար»:

Եվ այդպես էլ եղավ: Իսկ առայժմ ավարտվեց ծանր 1992 թվականը…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Պատմության էջերից


13/06/2012