Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ` ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ



ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում այս անգամ հյուրընկալվածների հաղորդակցման հիմնական լեզուն արևմտահայերենն էր։ Նշվում էր Հայ դատի նվիրյալ, «ԱՍԱԼԱ»-ի զինվոր, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Կառլեն Անանյանի ծննդյան 50-ամյակը։ Այդ առթիվ հայրենիք էին ժամանել ԱՄՆ-ում ապրող հերոսի հայրը, հարազատներն ու մտերիմները, հայաստանցի ընկերները։ Հյուրերին ու հարազատներին հաճելի անակնկալ էր պատրաստել Կառլեն Անանյանի և Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերը` ընտանիքով հայրենիք տեղափոխված ու Արցախյան ազատամարտում անձնվիրաբար մարտնչած իրանահայ Վահե Շահմուրադյանը` մի խումբ նախանձախնդիրների օգնությամբ հրատարակելով Անանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող «Անհայտ էջեր հերոսի մասին» գիրքը, որի շնորհանդեսը համընկավ հերոսի 50-ամյակին։ Գիրքն անդրադարձ է Կառլեն Անանյանի անխոնջ պայքարին ու նվիրվածությանը հայրենիքին, հայոց պահանջատիրությանն ու դեգերումներին` Ուրմիայից մինչև Լիբանան, ապա աճյունի վերադարձը Եռաբլուր։ Հընթացս պատմվում է իրանահայության ներքին կյանքի, իրանական հեղափոխության և հայ գաղութի հիմնախնդիրների, հայապահպանության մասին։

Իրենց ելույթներում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետ, պատմաբան Ավագ Հարությունյանը, բանասեր Սամվել Սեդրակյանն ու մյուսներն արժեւորեցին այսպիսի հուշագրությունները, հիշատակի ցերեկույթներն ու հույս հայտնեցին, որ մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակները նույնպես կարժանանան նման ձևով ներկայացվելու պատվին։

Շնորհակալական խոսքում Կառլենի հայրը` Հովսեփ Անանյանը, նշեց այսպիսի ձեռնարկումների կարևորությունը սփյուռքում ապրող հայրենակիցների սրտերում հայրենասիրական զգացումները միշտ վառ պահելու, հայրենիքի հետ կապը սերտացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում, ինչու չէ, նաև զենքով հայրենիքը պաշտպանելու գործում։

Ցերեկույթին ու գրքի շնորհանդեսին առանձին շուք ու հանդիսություն էին տալիս ազատամարտիկ-երգիչ Արսեն Համբարյանի հայրենասիրական երգերի կատարումները, պատանի Մոնթեի` Վահե Շահմուրադյանի կրտսեր որդու արտասանությունները։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն


13/06/2012