ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է ԶԵՆՔԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԽՈՒՄԲ
Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու Չինաստանի իրավապահ մարմինների համատատեղ գործողության արդյունքում երկրում ձերբակալվել է 23, իսկ ԱՄՆ-ում` 3 կասկածյալ: Եվս երկուսի ձերբակալման վայրի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հանցավոր խմբի անդամներից մեկն ԱՄՆ ազգային գվարդիայի սերժանտ էր, որի մոտ դեռ մայիսին հայտնաբերվել էր 12 ատրճանակ: Ենթադրվում է, որ սերժանտը պատրաստվում էր դրանք անցկացնել Չինաստան:
Համատեղ գործողության ընթացքում առգրավվել է 105 միավոր հրազեն, շուրջ 50.000 փամփուշտ, ինչպես նաև տարբեր հրաձգային զենքերի հավաքման մեծաքանակ պահեստամասեր:
Մաքսանենգներն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին անցած օգոստոսին, երբ Շանհայի օդակայանում մաքսային ստուգման ժամանակ առգրավվեցին զենքի հավաքման համար անհրաժեշտ պահեստամասերը, որոնք երկիր էին բերվել Միացյալ Նահանգներից:
Պեկինում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ միջադեպի քննության համար Չինաստան ժամանած ամերիկյան քննիչներին «տրամադրվել էր աննխադեպ ծավալի քննչական տեղեկատվություն»:
Խորագիր՝ Նորություններ