ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մենք կանք»` այսպես է կոչվում կինովավերագրող Արմեն Խաչատրյանի հեղինակային նոր ֆիլմը, որի անդրանիկ դիտումը տեղի ունեցավ վերջերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում։
Արմեն Խաչատրյանը ծնվել է Երեւանում, 1961թ.։ N 100 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1979-84թթ. սովորել է Մոսկվայի կինոյի ինստիտուտում։ Ստեղծագործական աշխատանքն սկսել է «Հայֆիլմում», ապա տեղափոխվել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա, միաժամանակ դասավանդում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Նա ավելի քան տասը ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Հույս, հավատ, սեր», «Հեքիաթ թեւավոր ձիու մասին», «Ես ապրում եմ», «Երկաթե դարպասներ»… Շնորհաշատ վավերագրողի ֆիլմերը միջազգային կինոփառատոներում երեք անգամ արժանացել են «Գրան պրի» մրցանակի, «Հույս, հավատ, սերը»` մեկ անգամ, «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմը՝ երկու անգամ։
Նախապատրաստական տեւական շրջան՝ երեք ամիս, ապա եւ արարման յոթ օր թուրքական պետության տարածքում, կարելի է ասել՝ թշնամու ճամբարում։
«Մենք կանք» ֆիլմը Արեւմտյան Հայաստանի կամ ցեղասպանության հետեւանքով Թուրքիայի տիրապետության տակ անցած բուն հայկական հողերի վրա ծպտյալ ապրող, գոյատեւող հայերի մասին է։ Նրանք բռնի մահմեդականացած համշենահայեր են եւ այն հայերը, որոնք ցեղասպանության ժամանակաշրջանում թաքնվել են, հիմնականում փախչելով լեռները, հետագայում վերադարձել են եւ արդեն հարյուր տարի ապրում են պապենական հողերում՝ ներկայանալով որպես թուրք կամ քուրդ։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս ֆիլմով Արմեն Խաչատրյանին հաջողվել է խախտել լռությունը, համոզել մարդկանց խոսելու իրենց մասին, ցույց տալ իրականությունը, պատռել Եվրամիության դռները ծեծող իրական Թուրքիայի դիմակը։
«Մենք կանք» ավելի քան մեկ ժամանոց փաստավավերագրական կինոնկարի ստեղծման եւ հերոսների ամբողջական ու կիսատ թողնված խոսքի շուրջ էլ զրուցեցինք ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանի հետ։
-«Հայկ» կինոստուդիայում որոշվեց մոտ քսան րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ նկարել համշենահայերի մասին։ Մշակույթի նախարարությունը հավանեց նախագիծը և ֆինանսավորեց, բայց սկսված աշխատանքները ցույց տվեցին, որ խնդիրը շատ ավելի տարողունակ է, հետաքրքիր ու գայթակղիչ։ Բացի Համշենից, համշենահայերից, ցույց ենք տվել նաև մշեցիներին, վանեցիներին, Դերսիմի բնակիչներին ու սարսափով լի նրանց կյանքը։
-Պարոն Խաչատրյան, վավերագրական ֆիլմերի մեծ վարպետի՝ Արտավազդ Փելեշյանի հերոսները լուռ են, չեն խոսում։ Ձեր հերոսները, ընդհակառակը, անկեղծանում են կինոխցիկի առաջ։ «Մենք կանքի» պարագայում, արդյոք, դա վտանգավոր չէ՞ր իրենց՝ հերոսների համար։
-Փելեշյանի ստեղծագործության մեջ գլխավորը իրավիճակն է և երաժշտությունը, ավելի ճիշտ՝ ձայնը, և այս երկուսը միասին նա ներկայացնում է կատարյալ վարպետությամբ։ Մեր դեպքում խոսելու ռիսկը շատ մեծ էր։ Մենք Թուրքիա էինք գնացել որպես զբոսաշրջիկ։ Այնտեղ արգելում են նկարահանել գրեթե ամեն ինչ։ Մարդկանց խոսել համոզելու գործում մի տեսակ վարպետացել եմ։ Նկարահանման հաջորդ օրը խոսողները, երգողները գալիս խնդրում էին, որ ձայնագրությունը ջնջենք։ Նկարահանումների, ձայնագրությունների կեսը կատարել ենք թաքուն, հեռվից, ավտոմեքենայի միջից։ Կան հատվածներ, որոնք նկարահանել ենք փախչելով, որովհետև մեզ հետապնդում, հալածում էին։
-Ֆիլմում մի համշենցի դժգոհում է, որ Հայաստանում իրենց թուրք են անվանում։
-Այո՛, 400 տարի շարունակ բռնի մահմեդական դարձրած հայությանը Թուրքիան մինչ օրս էլ լավ չի վերաբերվում։ Չմոռանանք, որ միայն 1915թ. չէ, որ եղել է ցեղասպանություն, այն կրկնվել է անցած դարի 30-40-ական թվականներին։ Այդ տարիներին համշենցիներին լցրել են եկեղեցիները, անասնագոմերը և այրել։ Համշենցիների մեծ մասը չի կորցրել իր ինքնությունը։ Թեկուզև մահմեդականացած, բայց նրանք ուզում են հայ համարվել։ Նրանք կպած են իրենց հողին և պահպանել են որոշ ավանդույթներ։ Օրինակ՝ իրենց յուրօրինակ հայկական ճաշատեսակները։ Այստեղ մենք էլ անելիք ունենք, կրոնն ու ազգությունը չպետք է նույնացնել։ Չմոռանանք, որ, բացի մահմեդականներից, կան նաև կաթոլիկ հայեր։
-Ֆիլմի հերոսներից մեկը ցավով ասում է, որ հայտնի Մշո աղջիկը վերացել է Մշո դաշտից։
-Դա նրանց համար անսահման մեծ ցավ է։ Հայերը հարկադրված ամուսնանում են այլազգիների, մեծ մասը՝ քրդերի հետ։ Հերոսներից մեկն էլ ասում է, որ կինը Պարսկաստանից է, սակայն չգիտի, թե նա ինչ ազգության աղջիկ է։ Վանեցի տղամարդն էլ երազում է իր երեխաներին հայաստանցի հայերի հետ ամուսնացնելու մասին…
-Միջավայրը վտանգավոր է, թշնամական, բայց նրանք մաքառում են…
-Այո՛, նրանց համար դժվար է լքել հարազատ վայրերը։ Քսանյոթ տարի Գերմանիայում ապրող մայրը վերադարձել էր հայրենի տուն և երկրագործությամբ էր զբաղվում։ Ի դեպ, հողը շատ բերրի է, իսկական դրախտ, ավետյաց երկիր, և թուրքերի նպատակն էլ հենց այս դրախտին տիրանալն է եղել։
-Բայց այնտեղ հիմնականում քրդեր են ապրում: Փաստորեն, թուրքերը հայերին կոտորեցին ու ամայացած երկիրը նվիրեցին քրդերին։
-Քրդերը հայկական քաղաքներում, գյուղերում բնակություն են հաստատել անցած դարի 40-50-ական թվականներին։ Նրանք ոչինչ չեն կառուցել և ապրում են հայերի հարյուր տարի առաջ կառուցած տներում։ Ավելացնեմ նաև՝ նրանք մտահոգություն ունեն, որ վաղ թե ուշ հայերը վերադառնալու են։ Այսինքն՝ մեր հողերի վրա իրենց հաստատ և ապահով չեն զգում։ Նրանց թվում է, թե հայ զբոսաշրջիկները գնում են պապերի պահած ոսկիները բերելու։ Նրանք մեր բոլոր եկեղեցիները, բերդերը քանդել ու քանդում են` ոսկեղեն գտնելու հույսով։ Հիշենք, թե ինչպես 19-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիան սկսեց հարկերը գյուղացիներից վերցնել դրամով՝ ոսկով, իսկ գյուղում դրամ չկար, և հայ գյուղացին բռնեց պանդխտության ճանապարհը, որպեսզի դրամ վաստակի, որպեսզի հարկը տա։ Ինչն էլ հենց քայքայեց, թուլացրեց հայ գյուղի դիմադրողականությունը, որը 1915-ին արդեն հիմնականում մնացել էր կանանց, ծերերի ու երեխաների հույսին ու չկարողացավ դիմակայել թուրքական բանակին։ Այժմ էլ տնտեսական հալածանք է սկսվել քրդերի դեմ։ Անասնահարկն այնքան ծանր է, որ վերջիններս չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել, ինչը նրանց հիմնական զբաղմունքն է։ Թուրքերը նպաստավոր պահ են որոնում քրդերի հարցը լուծելու համար։
-Պարոն Խաչատրյան, ֆիլմի վերջում նշվում է, որ բուն հայկական տարածքներում ավելի քան երկու միլիոն հայ է ապրում։ Որքանո՞վ է իրական այս թիվը։
-Մի՛ զարմացեք, Արևմտյան Հայաստանը բավական մեծ տարածք է։ Մարդիկ հենց իմանում են, որ զբոսաշրջիկները հայեր են, Հայաստանից են եկել, միանգամից փոխվում են, հյուրասեր են դառնում, վաճառվող ապրանքների գներն են էժանացնում, իսկ աչքերը… խոնավանում, արցունքով են լցվում, միանգամից հասկանում ես, որ նրանք քո արյունակիցներն են, իսկ թե հետներն էլ մի բաժակ օղի խմեցիր, արդեն ոչ մի գաղտնիք չի մնում, գրկախառնվում են, խոստովանում… Հիշո՞ւմ եք՝ ֆիլմի հերոսներից մեկը ասում է. «Մենք փոքր էինք ու չէինք հասկանում, թե ինչու է տատս տարվա այդ մեկ օրը մեզ ներկած ձվեր բաժանում, իսկ պապս ամեն Ամանորի աղոթում էր ջրին կռացած ու ջուր էր ցողում մեզ վրա, իր վրա»։ Այնտեղ, որտեղ քիչ թե շատ կյանքն ապահով է եղել, մարդիկ պահպանել են ազգային ծեսերն ու ավանդույթները, իսկ մեծ մասամբ թաքցրել և թաքցնում են իրենց ինքնությունը։ Ծերերը հիմնականում մահվանից առաջ են խոստովանում, որ իրենք հայ են։ Երեխաներին հայերեն չեն սովորեցնում, որ փողոցում հայկական բառեր չօգտագործեն ու չբացահայտվեն։ Այդ երկրում արգելված է հայ լինելը, և ոչ ոք ոչ մեկին չի կարող վստահել։ Շատ հնարավոր է, որ քո հետևից վազող, քեզ «գյավուր» անվանող երեխաների ամբոխի մեջ շատերը հայեր լինեն։ Ասեմ՝ այն եկեղեցիները, որոնք պահպանվել են, պահպանվել են հայերի ջանքերով։ Զարմանում եք երկու միլիոն թվի վրա, սակայն իզուր։ Մի՞թե հնարավոր է ամբողջությամբ արմատախիլ անել անհիշելի ժամանակներից իր հայրենիքում ապրող ժողովրդին։
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ առնչություն եք ունեցել Արցախյան շարժման հետ։
-Շարժման և պատերազմի ընթացքում «Հայկ» կինոստուդիան ամենաակտիվներից էր։ Նկարահանումներ ենք կատարել առաջնագծի ողջ երկայնքով։ Ստուդիայում վավերագրական հսկայածավալ նյութ կա։ Այն ժամանակ հին, ծանր տեխնիկան էր, որը նկարահանելիս դժվարությամբ էինք տեղաշարժում։ 1992թ. մայիսի 10-ին Շուշիում էի, դեռ աչքերիս առաջ է անհամար արկերից բզկտված քաղաքը։ Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ասում են, թե Շուշիի համար լուրջ մարտեր չեն եղել։
-Ի՞նչ է լինելու ֆիլմի՝ «Մենք կանքի» հետ, ներկայացնելո՞ւ եք որևէ փառատոնում։
-Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Ֆիլմ նկարահանելը մի գործ է, պրոդյուսերական աշխատանքը` մեկ այլ։ Այս տարիների ընթացքում հրաժարվել եմ մասնակցել բազմաթիվ փառատոների, որովհետև գնալ-գալն իսկ արդեն խնդիր է, և միջոցներ չկան, աշխարհն էլ օր օրի փոխվում է, թանկանում։ Կարծում եմ, նմանատիպ դժվարության բախվում են մեր բոլոր ռեժիսորները, կինոստուդիաները… Հարկադրված ենք քչով բավարարվել։
-Կինոդիտման սկզբում Էմանուել Մանուկյանը ներկայացրեց ստեղծագործական խմբին՝ մոնտաժող Ռուզաննա Զաքարյան, թարգմանիչ Տիրան Լոլմագյոզյան։
-Ռուզաննան միշտ ինձ հետ է (կինս է), և բոլոր ֆիլմերս նա է մոնտաժում։ Անգնահատելի է Տիրանի ավանդը։ Նա երաժիշտ է և հրաշալի թուրքագետ։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր սիրելի Գուժ Մանուկյանին, նա պարզապես հրաշալի է ընթերցում թարգմանությունները։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում