Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ…



1963թ. նոյեմբերի 23-ին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում լույս աշխարհ եկավ մի մանկիկ, որին կնքեցին Լեւ անունով: Սանթուր Բալասյանի ուրախությանը չափ ու սահման չկար: Սակայն հայրական սերը տեղի տվեց եղբայրականին: Սիրասուն քույրը` Եպրաքսիան, զավակ չուներ և ամուսնու` Գերասիմ Հարությունյանի հետ որդեգրեց Լեւին: Փոքրիկին շրջապատեցին անմնացորդ սիրով ու հոգատարությամբ, մեծ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակությանը: Լեւը տարրական կրթությունն ստացել է մայր Հայաստանի Չարենցավան քաղաքում: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Միջնակարգ կրթությունն ստացել է թիվ 1 դպրոցում, ավարտել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցը: Սովորել է նաև Ստեփանակերտի առեւտրական ուսումնարանում:

Ուսման ծարավ երիտասարդը կյանքում իր տեղը գտնելու աշխույժ որոնումներում հասկացավ, որ գործնականում անհնար է հասնել երազանքներին` առանց Հայրենիքին իր քաղաքացիական ու հայրենասիրական պարտքը տալու, ուստի սիրահոժար մեկնեց ժամկետային ծառայության: Խորհրդային բանակից զորացրվելուց հետո աշխատեց Չարենցավանում: Վերադառնալով Ստեփանակերտ` աշխատեց Ղարաբաղի ժողգործիքների համույթում: 1980-ին ընտանիք կազմեց, ունեցավ աղջիկ ու երկու տղա:

Թվում էր` խորհրդային միլիոնավոր քաղաքացիների նման սովորական կյանք էր սպասում նաեւ Հարությունյանների ընտանիքին, սակայն մեր ժողովրդի ոխերիմ թշնամին վերջին ճիգերն էր գործադրում` արցախահայությանն իր բնօրրանից դուրս մղելու և Արցախը յուրացնելու համար: Ինչպես շատ-շատ հայորդիների, այնպես էլ Լեւի համար ինքնադրսեւորվելու լայն ասպարեզ բացեց Արցախյան շարժումը, որի հետ էին կապված Լեւ Հարությունյանի կենսագրության վառ էջերը: Դեռեւս 1987-ից ընդհատկյա կազմակերպության շարքերում կապեր է ունեցել Հայաստանի գաղտնի կազմակերպությունների մի խումբ հայրենասեր անդամների հետ, կատարել տարբեր առաջադրանքներ: Իսկ երբ 1988-ի փետրվարին սկսվում են համատարած հանրահավաքներն ու ցույցերը, Լեւը դառնում է ժողովրդի քաղաքական պայքարի կազմակերպիչներից եւ աշխուժորեն ներգրավվում համաժողովրդական շարժմանը: Միևնույն ժամանակ նա լավ էր հասկանում, որ վճռական խոսքը համաժողովրդական պայքարում, այնուամենայնիվ, պատկանելու է զենքին: Ուստի զուգահեռաբար զբաղվում էր զենքի ու զինամթերքի հայթայթմամբ: Իր սեփական մեքենայով, քանիցս վտանգի ենթարկելով կյանքը, զենք ու զինամթերք է տեղափոխել:

1990թ. սկզբներից նա ամբողջովին նվիրվում է զինված պայքարին, մարտական մկրտություն ստանում Երասխի պաշտպանության ժամանակ՝ Վազգեն Սարգսյանի կողքին: Թշնամին արդեն պատերազմ էր սկսել, ավերում էր հայկական բնակավայրերը, սպանում էր խաղաղ բնակիչներին, կողոպտում նրանց տարիների վաստակը: Լեւը ձեռնամուխ է լինում սահմանամերձ գյուղերում ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմանը և զինմանը: Նրա անմիջական նախաձեռնությամբ հայրենի Քոլատակը դառնում է մայր Հայաստանից առաջին անհրաժեշտության բեռների կարեւոր հանգրվան, որտեղից էլ առաքվում էին Արցախի բոլոր շրջանները: Իր ջոկատով մասնակցել է Ազատ, Կամո, Շահումյան, Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Շուշի եւ մյուս շրջանների բնակավայրերի համար մղված մարտերին: Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարք վերադարձել: Ուներ կապիտանի զինվորական կոչում:

1992-ին Լեւ Հարությունյանը նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության ուժերի զենքի պահեստավորման եւ բաշխման պատասխանատու: Իր գործը կատարում էր ամենայն պատասխանատվությամբ: 1992-ի հունիսի 12-ին հակառակորդը լայնածավալ հարձակողական գործողություններ էր սկսել Արցախի սահմանների երկայնքով: Օգտագործելով Ադրբեջանի տարածքում մնացած նախկին խորհրդային բանակի ռազմական տեխնիկան ու վարձու ռազմական մասնագետներին` թշնամին բռնազավթեց Շահումյանի շրջանը, Ասկերանի շրջանի որոշ տարածքներ: Կատաղի մարտեր ծավալվեցին նաեւ Խաչեն գետի կամրջի, Կիչան գյուղի ռազմավարական դիրքերի համար: Հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժի ու տեխնիկայի դեմ պայքարում անհրաժեշտություն էր առաջացել օդից աջակցել հայ մարտիկներին` հարվածելով հակառակորդի տեխնիկայի կուտակումներին: Ռազմական ուղղաթիռը մարտական գործողությունների կիզակետ առաջնորդելու պատրաստակամություն էր հայտնել Լեւ Հարությունյանը: Գիտակցելով իր ստանձնած պարտականության վտանգավորությունն ու կարեւորությունը, նա անվարան նստեց ուղղաթիռ, ասելով, որ տարածքը գիտի հինգ մատի պես: Առաջին թռիչքը ծառայեց նպատակին, սակայն երկրորդ պտույտը գործելու ընթացքում օտարազգի վարձկանի կողմից ուղղաթիռը խոցվեց: Ընդհատվեց Լեւ Հարությունյանի արծվենի թռիչքը:1992թ. հունիսի 13-ի մարտը Կիչան-Սրխավենդ հատվածում վերջինն էր նրա համար…

Լեւ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով եւ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով:

Հոր գործը շարունակել են որդիները` ծառայելով պաշտպանության բանակի շարքերում եւ փաստելով, որ հայրերի պատգամները միշտ ուղենիշ են երիտասարդ սերնդի համար:

ՄՀԵՐ ԱՀՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Ճակատագրեր


20/06/2012