ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի N 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին խրոխտ ու աներեր կանգնած քաջ տղաների մասին։ Շատ ժամանակ է անցել այն օրերից, շատ ջրեր են հոսել, բայց ոչինչ չեմ մոռացել, բոլորին հիշում եմ եւ կարոտում։ Հաճախ եմ թերթում օրագրային գրառումներս, հոգիս փոթորկվում է, ծառս լինում։ Որտե՞ղ եք դուք, ինձ հարազատ դարձած զինվորներ, կռվող տղերք։ Որտեղ էլ լինեք, մեր այս խելահեղ մոլորակի որ անկյունում, ես ձեզ երջանկություն եմ մաղթում։
Իսկ նրանք, ովքեր չկան, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին, նրանց ես ահագնացող կարոտով փնտրում եմ ներկաների մեջ…
«Վիլիսը» մեզ տանում է հարավարեւելյան ռազմաճակատի գիծ։ Հինգ հոգի ենք՝ զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Մարատ Բաբաջանյանը, զենիթային դիվիզիոնի հրամանատար Վիկտոր Խաչատրյանը, նույն դիվիզիոնի շտաբի պետի տեղակալ Բենիկ Մաշուրյանը, թիկունքի պետ Ազնիվ Առաքելյանը եւ ես։ Գարնանային թարմ երանգներն ու մաքուր օդը, բնության զարթոնքը բարձր տրամադրություն են խոստանում, բայց կամաց-կամաց պատկերը փոխվում է. կիսավեր գյուղեր, անմշակ հանդեր, ճղակոտոր, հատված ծառեր, հրետանային ու մարտական տարբեր զինատեսակների զանազան մնացորդներ. պատերազմի խորշակն է անցել այս վայրերով… Ա. Առաքելյանը զգուշությամբ է վարում ավտոմեքենան՝ աշխատելով դուրս չգալ ճանապարհի տրորված հատվածից։ Հակառակորդը նահանջելիս ամենուրեք ականներ է տեղադրել, ավելի շատ՝ բանուկ ճանապարհի ամբողջ երկայնքով։
Այն, ինչ տեսանք ճանապարհի աջ եւ ձախ կողմերում, սահմռկեցուցիչ էր։ Նախորդ 2-3 օրերի ընթացքում թշնամու Սու-25 եւ Սու-24 մարտական ինքնաթիռները ռմբակոծել ու հողին էին հավասարեցրել ամեն ինչ։ Կատաղի մարտ էր տեղի ունեցել։ Ճամփեզրին թուրքի դիակներ էին փռված։ Զարհուրելի տեսարան էր։
-Փակիր աչքերդ,- ասում են ինձ,- փակիր, թե չէ հետո վատ կզգաս։
-Ինչո՞ւ թուրքերը չեն հավաքում իրենց դիակները,- հարցնում եմ Մխիթարին։
-Մի քանի անգամ առաջարկել ենք, հրաժարվում են, ձեռք թափ տալիս…
FFF
Գումարտակի հրամանատարը Ներսես Եղյանն է։ Ալմա Աթայի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանն է ավարտել, ծառայել է Սանկտ Պետերբուրգի զորամասերից մեկում։ Նորանկախ Հայաստանի օրավուր վատթարացող վիճակը ստիպում է երիտասարդ զինվորականին վերադառնալ հայրենիք։ «Հայրենիքը վեր է ամեն ինչից, այն մարդու արյան, հեւքի մեջ է»,- զրույցներից մեկի ժամանակ ասաց Ներսեսը։ Նրան շատերն են ճանաչում, հարգում եւ սիրում։ Հաճախ են պատմում նրա գումարտակի անձնակազմի հերոսության մասին։
FFF
Ալավերդցի Արմեն Խաչատրյանը մարտերի մասին այնքան պատկերավոր է պատմում, թվում է՝ ինքդ ես անձամբ մասնակցում։
-Կռիվն այնքան էր թեժացել, որ շտաբից չէին կարողանում ուտելիք հասցնել։ Ծխախոտ էլ չկար։ Ձեռքներս ընկած թղթերը երկարությամբ ոլորում էինք, վառում, ագահությամբ ծուխը ներս քաշում։ Մեզ մի ուժ էր պահում՝ միմյանց զորավիգ լինելու անհրաժեշտությունը։ Մեզ համար ուրիշ աշխարհ գոյություն չուներ։ Բոլորս բռունցքվել էինք, մեկ էինք դարձել. թիկունքում մեզ հարազատ մարդիկ են, չպիտի թողնենք թշնամին առաջ գա։
-Պիտի հաղթենք,- մրմնջում, աղոթում, հրամայում էինք ու զենքը ձեռքներիցս վայր չէինք դնում։
FFF
Մարտական գործողություններից մեկի ժամանակ կոնտուզիա ստացած 19-ամյա Սուրեն Ներսիսյանին հիվանդանոց են տեղափոխել՝ ավտոմատը գրկին։ Զինվորը զենքն այնքան ամուր էր սեղմել խաչված ձեռքերի մեջ, որ միայն հաջորդ օրն էր հաջողվել նրանից խլել ինքնաձիգը։
FFF
Հրամանատարի՝ մայոր Եղյանի հետ դիրքերում ենք։
-Ուզո՞ւմ ես թուրք տեսնել, հրեն, խրամատ է փորում,- դիմում է ինձ Եղյանը։
-Քո տունը շինվի, ոնց որ կյանքումս թուրք չեմ տեսել,- ասում եմ ժպտալով։ Ու հեռադիտակը հարմարեցնում է, որ նայեմ հակառակորդի ուղղությամբ, որտեղից նշանառուի կրակոցը չի ուշանում։ Հողի եւ փոշու տտիպ համն եմ զգում բերանումս։ Թուրք տեսել էի, թրքությունն էլ տեսա։
FFF
Հրետանային մարտկոցի հրամանատար Տիգրան Ազիզյանին հանդիպեցի ականանետային մարտկոցի դիրքերում։ Նռնականետն ուսած՝ մեզ է մոտենում թուրքերի կողմից «Շեյթան» մականվամբ կնքված Տիգրանը։ Ասում են՝ մարդուց ստացած ճիշտ տպավորությունը լինում է առաջին մի քանի րոպեների ընթացքում։ Իմ զրուցակիցը սկզբից եւեթ լրջմիտ, բանակի հոգսուցավով ապրող մարդու տպավորություն թողեց։ Ափսոսում է հայկական բանակին կյանքի չափ անհրաժեշտ կադրերի, զենք ու զինամթերքի, հագուստի պակասի համար։
-Հիանալի ականանետորդ է։ Մինչեւ զինվորագրվելը պահեստի սպա է եղել։ Խորհրդային բանակում է սովորել ականանետորդի մասնագիտությունը,- նրա մասին ասում է Եղյանը։ – Խուդափերինի ազատագրման ժամանակ Տիգրանը գրոհին մասնակցել է վիրավոր եւ մինչեւ մարտական գործողությունների հաղթական ավարտը չի լքել դիրքերը։
Բազմազավակ հայր է Տիգրանը, եւ նրա զավակները հպարտանալու իրավունք ունեն իրենց քաջազուն հորով։
FFF
Գարուն է, լեռնային սառը քամին անհանգիստ սուրում է ամենուր։ Բլինդաժի ներսում նեղվածք է, բայց էլի զինվորներ են մտնում, եւ ոչ ոք նեղություն չի զգում, երգում են, կատակում։ Երգում են Մաքսիմը, Անաստասը, իսկ տղաները ձայնակցում են.
«Տերը հայերին մենակ չի թողնի,
Հիսուս հայերին պիտի ողորմի»։
-Ամենակարող Տեր, խնդրում եմ, պահապան եղիր մեր զինվորներին։
Խոսում են զինվորական կյանքից, պատմում են զոհված ընկերներից. վաշտի հրամանատար Գրիգոր Հմայակյան, դասակի հրամանատար Ալեքսանդր Սահակյան, գումարտակի առաջին զոհ՝ Դինջ մականունով Վարդան Մարտիրոսյան… Մեկը մյուսին լրացնելով՝ մանրամասներ են պատմում, ուզում են, որ ես էլ ճանաչեմ հերոսաբար զոհված տղաներին…
…Քիչ հետո հրաժեշտ կտամ զինվորներին՝ Շահենին, Ներսեսին, Մխիթարին, Արթուրին, Արմենին, Հայկին, Մուշոյին, «Ուրբաթին», Սաշային, Գրիգորին…, հրամանատարի բնորոշմամբ՝ արծիվներին։ Անկեղծ լինելով, ասեմ, որ երբ այցի էի գնում տղաներին, ինձ թվում էր՝ տեսնելու եմ մթամած ու մռայլ դեմքեր։ Բայց տղաների հայացքում աստվածային լույս կար միայն, կար հավատ հաղթանակի նկատմամբ։ Եվ ես ինքս ինձ ասացի՝ «այս տղերքի հետ կարելի է սարեր շուռ տալ»։
Հրաժեշտից առաջ դիմում եմ տղաներին.
-Ի՞նչ ցանկություն ունեք։
Ու պատասխանը միաբերան է հնչում՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։
Հ.Գ. -Մեր բանակի կազմավորման 19-ամյակի առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր ազատամարտիկներին, որոնցից շատերը դեռ այն ժամանակ մեր նորօրյա բանակի տարեկիցներն էին, բոլոր նրանց, որոնց շնորհիվ ստեղծվեց եւ կայացավ մեր բանակը։ Ուզում եմ ձեր հայացքում միշտ հաղթանակ տեսնել։
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԵԼՈՒՆՑ
N77 դպրոցի ուսուցչուհի